Հերթական օրն էր, երբ համալսարանից դուրս գալուց հետո գնացի գրադարան (մի փոքր ժամանակ ունենալու դեպքում միշտ առիթը բաց չեմ թողնում մի բան կարդալու): Ինչ-որ բան կարծես ուրիշ լիներ: Նայեցի կողքերս, բայց ամեն ինչ նույնն էր: Մազերը միշտ բարձր հավաքած, ուղղանկյունաձեւ ակնոցով ու մուգ շրթներկով կինը էլի նույն տեղում ու նույն դիրքով նստած էր, շարունակում էր անշտապ ու ջղային հայացքով սպասարկել ուսանողներին: Անգամ սպասասրահի գրապահարանի գրքերն իրենց տեղերը չէին փոխել, բայց մի բան ուրիշ էր անցուդարձ չկար: Եթե նախկինում ուսանողների հոսքը թույլ չէր տալիս անգամ աշխատակցուհու սեղանին հասնել, ապա հիմա «ճանապարհն» այնքան ազատ էր, որ զարմանալի էր այդ դատարկությունը:
Փորձեցի մտածել այդ «դատարկության» հնարավոր պատճառների մասին: Եկա այն եզրահանգմանը, որ մեծամասամբ «մեղավորը» նորաստեղծ արհեստական բանականությունը կարող է լինել: Ընթերցանությունը դարեր շարունակ եղել է մարդկային զարգացման հիմնական աղբյուրներից մեկը՝ նպաստելով գիտելիքի փոխանցմանը, հուզական ինտելեկտի ձեւավորմանը եւ աշխարհայացքի ընդլայնմանը: Սակայն թվային դարաշրջանի եւ այդ նույն՝ արհեստական ինտելեկտի զարգացումը կարծես փոխել է ընթերցանության ավանդական մշակույթը: Արհեստական բանականությունը հիանալիորեն առաջարկում է նորարար լուծումներ՝ վիրտուալ գրադարաններից մինչեւ գրքերի բովանդակության վերլուծություն եւ նույնիսկ անհատականացված ընթերցանության առաջարկներ: Սակայն երբեւէ մտածե՞լ եք՝ արդյոք այս փոփոխությունները նպաստո՞ւմ են ընթերցանության հանդեպ հետաքրքրության աճին, թե՞ վտանգում դրա խորքային արժեքը՝ կրճատելով փոխհարաբերությունները գրքերի հետ:
Անդրադառնամ դրական եւ բացասական կողմերին: Դրական կողմերից մեկն այն է, որ արհեստական բանականությունը կարող է օգնել գտնել գրքեր՝ հիմնվելով մեր նախասիրությունների կամ ընթերցումների պատմության վրա: Այն նաեւ կարող է հայտնաբերել արժեքավոր բովանդակությամբ գրքեր, որոնք գուցե ավելի քիչ որոնվածներն են: Նաեւ այն կարող է մեզ օգնել իր անհատականացված խորհուրդներով, որոնք եւս հիմնված են մեր ժանրային նախասիրությունների վրա:
Ըստ իս, բացասական կողմերից գլխավորն այն է, որ լինում է մարդու սեփական փորձի եւ զգացմունքների բացակայություն: Գրականությունը հաճախ խորը զգացմունքներ է առաջացնում, ինչը դժվարությամբ կփոխանցվի նորագույն տեխնոլոգիաների միջոցով: Հիմնվելով արհեստական բանականության վրա՝ սկսում ենք նաեւ կորցնել մեր անձնական հիշողությունները կամ այն մասնագիտական ճանաչումը, որը մեզ տանում է ավելի խորը մտածելու եւ վերլուծելու: Ի վերջո լինում է նաեւ արտադրողականության եւ մշակույթի խանգարում:
Այսպիսով, արհեստական ինտելեկտը ընթերցանության մշակույթին նոր հնարավորություններ է առաջարկում, սակայն մեզ՝ որպես ընթերցողներ, կարեւոր է հասկանալ, որ տեխնոլոգիաները պետք է օգտագործվեն որպես լրացում, այլ ոչ թե փոխարինող: Մենք պետք է շարունակենք գնահատել ու խորցնել մեր կապը գրքերի հետ՝ զգալու դրանց ազդեցությունը եւ ստանալու այն ոգեշնչումը, որը միայն իսկական ընթերցանությունը կարող է տալ: Իսկ գրադարաններն էլ, հուսանք, երբեք ընթերցողի պակաս չեն ունենա:
ԷԼԵՆ ՄԻՐԶՈՅԱՆ
ՀՊՄՀ հեռուստալրագրության 3-րդ կուրսի ուսանող