Արգենտինահայ շարժանկարչի նոր ֆիլմը

45

Բուենոս Այրեսի միջազգային կինոփառատոնում կայացել է Էռնան Խուրյանի «Պոպուրրի» շարժանկարի առաջնախաղը: «Ֆիլմն ինքնակենսագրական վավերագրության, անձնական օրագրի եւ, միեւնույն ժամանակ, Հայոց ցեղասպանությունը վերապրած իմ պապի` Վասիբի դիմանկարի խառնուրդ է,- ասել է Խուրյանը «Դիարիո Արմենիա» կայքէջին:- Նախագիծը հիմնված է իմ նախորդ՝ «Այստեղ եւ այնտեղ» (2018) վավերագրական ֆիլմում սփյուռքի խնդիրն արծարծելու փորձառության վրա»: «Այստեղ եւ այնտեղ» ֆիլմի առաջնախաղը տեղի է ունեցել 2018 թվականին, Մար դել Պլատայի միջազգային կինոփառատոնում: Գաղափարն առաջացել էր բեմադրիչի նախնիների կողմից Ցեղասպանության շուրջ ընտանեկան լռությունը բացահայտելու անհրաժեշտությունից: Ֆիլմն ընդարձակ երկխոսություն է ռեժիսորի եւ գրող Անա Արզումանյանի միջեւ եւ արդյունք է Խուրյանի կողմից 2015 թվականին Բուենոս Այրեսի Խրիմյան դպրոցում կազմակերպված կինոսեմինարի:

Էռնան Խուրյանը հայազգի արգենտինացի հետազոտող, կինոռեժիսոր եւ դասախոս է: Լա Պլատայի համալսարանում ստացել է արվեստի դոկտորի կոչում: Նա արժանացել է տարբեր մրցանակների եւ կրթաթոշակների արգենտինական եւ միջազգային մակարդակներում: Նկարահանել է «Նորբերտոյի սավանները» (2003), «Պունա» (2006), «Հիշողություն» (2010), «Լռություններ եւ ձեռքեր» (2014) եւ այլ կինոֆիլմեր: Որպես ուսուցիչ եւ կինոռեժիսոր՝ Խուրյանը գործակցել է Արգենտինայի եւ Լատինական Ամերիկայի տարբեր հաստատությունների հետ: Դասավանդում է Բուենոս Այրեսի Սինե համալսարանում եւ Մար դել Պլատայի Ազգային համալսարանի արվեստի բաժնում:

Ա. Բ.