Արամ Վարդեւանյան. «Տպավորություն է՝ Բրյուսելում եռակողմ հանդիպմանն Իլհամ Ալիեւն ու Շառլ Միշելն են մասնակցել միայն»

54

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, հանուն Արցախի փրկության ու Հայաստանի պետականության պահպանման ընդդիմության՝ «Դիմադրության» շարժման ցույցերը երեւանյան փողոցներում ու հրապարակներում շարունակվում են: Շարժումը, ընդլայնելով հանրահավաքների աշխարհագրությունն, այս օրերին արդեն ոչ միայն Ֆրանսիայի հրապարկում, այլեւ Երեւանի այլ հրապարակներում է հավաքվում, ցույցեր իրականացնում: Առավոտներն էլ ցուցարարները հավաքվում են պետական նշանակության այս կամ այն շենքի մոտ ու փորձում շրջափակել այն: Այդպիսի մի ակցիայի ժամանակ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի հետ զրուցեցինք, որ մի քանի այլ պատգամավորների հետ արտաքին գործերի նախարարության շենք էր մտել ու փոխնախարարներից մեկին հարցեր ուղղել: Փորձեցինք պարզել՝ պատգամավորներն ի՞նչ հարցեր ունեին արտաքին գերատեսչության ղեկավարությանը:

— ԱԳՆ-ից պահանջ ու ակնկալիքներ չունեինք, պարզապես ուզում էինք հասկանալ՝ մեր իրապես արժանապատիվ քաղաքացիներից այդ պահին քանիսի՞ն էին արտգործնախարարության շենքում գտնվում ու ովքե՞ր են կիսում մեր այն կարծիքը, որ Արցախն Ադրբեջանի կազմում երբեք չի լինելու: Ու գտանք նման հայրենակիցների:

— Եվ ի՞նչ տվեց այդ հանդիպումը:

— Բրյուսելյան հանդիպումից հետո հրապարակված չարաբաստիկ այդ հայտարարությունն, ըստ էության, ասաց ամեն ինչ՝ է՛լ նշաձողի իջեցում, է՛լ Հայաստանի ինքնիշխանության վտանգում, է՛լ Արցախի ինքնորոշումից հրաժարում եւ այլն:

— Անսպասելի՞ էր, անակնկա՞լ էր ձեզ համար, որ կարող է նաեւ այդպիսի հայտարարություն լինել:

— Ես միշտ լավատես եմ փորձում լինել: Պատեկերացնում էի, որ վատ է լինելու, բայց ոչ այս աստիճան: Մեր հայրենակիցներից շատերը նույնպես , համոզված եմ, չէին պատկերացնում, որ այսքան վատն է լինելու այդ հայտարարությունը: Տպավորություն է, որ այնտեղ նստած է եղել Եվրոպական խորհիդի նախագահ Շառլ Միշելը, միջազգային մի շարք հանցագործություններ թույլ տված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն, ու վերջ: Հայաստանի շահի մասին այդ հայտարարության մեջ որեւէ բան գրված չէ:

— Լավ, հիմա դուք ի՞նչ եք առաջարկում անել:

— Պետք է հասնել առանց Փաշինյան Հայաստանի:

— Ե՞վ:

— Եվ վերջ տալ այս խայտառակ վիճակին: Չի կարող այնպես լինել, որ Հայաստանի շահերը ներկայացնողը չներկայացնի Հայաստանի շահերը: Այդպես լինել պարզապես չի կարող, հասկանո՞ւմ եք: Մենք կա՛մ պետականություն ենք ու միջազգային իրավունքի սուբյեկտայինություն ունեցող երկիր ենք, կա՛մ՝ չգիտեմ՝ ինչ ենք:

— Մեկ ամիս է՝ «Դիմադրության» շարժումը հրապարակից նույն տեքստերն է ասում, նույն քննադատություն է անում: Հապաղում եք կարծես:

— Չենք հապաղում ու ասում ենք՝ ունենալու ենք առանց Նիկոլ Հայաստան: Սկսել ենք ու գնալու ենք մինչեւ վերջ:

— Ենթադրենք՝ Փաշինյանն այլեւս իշխանության չէ, բայց այդ ժամանակ մենք արդեն կարող ենք պետականության խնդիր ունենալ: Հապաղումը դրա հետ է կապված:

— Չեմ կարծում, թե այնպիսի հապաղում կլինի, որ ձեր բարձրացրած մտահոգությունը կիրականանա: Իհարկե, այնպես չէ, որ մերկապարանոց բան եք հարցնում: Իրականում՝ այդ ռիսկերի առաջ ենք կանգնած, բայց մենք հապաղում չենք տեսնում, վստահ եղեք: Ամեն օր ավելի ուժեղանում ու հզոր ենք դառնում:

— Շարժումը գուցե ուժեղանում է, բայց ոչ պետությունն ու պետականությունը:

— Շարժումից ուժեղանալու է պետությունն ու պետականությունը, որովհետեւ միասնական գաղափար ու տեսլական ունենք: Այն տեսլականը, որ երազում, պատկերացնում ու պահանջում է յուրաքանչյուր հայ: Նիկոլ Փաշինյանը կարողացավ այնպիսի պառակտում բերել, որ անգամ համահայական գաղափարի շուրջ մարդիկ դժվարությամբ են այսօր միասնական հանդես գալիս: Այդ պառակտվածությունն այս 4 տարվա ընթացքում քայքայել է մեր երկիրը, բայց դրան էլ ենք վերջ տալու: 

Զրույցը՝ ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ