Ասֆալտի վրա ո՛չ կրթում, ո՛չ էլ հայրենասիրություն են դաստիարակում

140

Թե ինչու այսպես եղավ

Երեւանյան փողոցներում այս օրերին հաճախ կարելի է ազգային երգ երաժշտություն, հայրենասիրության ու հանուն հայրենիքի կյանքը չխնայելու մասին ճառեր լսել։ 1988-ի Ղարաբաղյան շարժումից ի վեր հայրենասիրական երգերի այդչափ շարք չի հնչել, որքան այս՝ Հայաստանի համար խառնիփնթոր, բայց պատմական օրերում։ Հանրապետական կուսակցության ներակայցուցիչներն անպատմելի ու աննկարագրելի խանդավառությամբ են ձեռք ձեռքի տալիս ու փորձում ազգային «Յարխուշտան» բեմադրել։ Ցավոք, դա էլ չեն կարողանում լավ ու գրագետ մատուցել, ճիշտ այնպես, ինչպես ավելի քան 20 տարի չեն կարողացել դպրոցներում իրական հայրենասիություն սերմանել ու այնպես անել, որ ամեն մի շրջանավարտ հայրենիքը սիրի հոգով, գիտակցության մեջ, սրտի ամենավեհ անկյունում, ոչ թե սեղանի գլխին նստած ու բաժակաճառ ասելով սոսկ։ Կրթության քաղաքականություն մշակողները դպրոցներում բացի «ուսուցչի արտոնյալ երեխա» ինստիտուտն ուրիշ ոչինչ, կարելի է ասել, չեն ներդրել։

Որպես 2000-ականների սերնդի ներկայացուցիչ՝ փաստեմ՝ կիսապատերազմական երկիր համարվելով՝ չենք իմացել՝ ո՛չ Արցախյան ազատամարտի պատմությունը, ո՛չ էլ՝ ինչ է ասել է Արցախյան հիմնախնդիր, այնինչ՝ այն մեզ պարտադրելով, եթե կուզեք՝ ծեծուջարդով պետք է սովորեցնեին, ստիպեին հասկանալ ու մտածել դրանով։ «Յարխուշտան» ու «Քոչարին», «Զարթիր լաո»-ն ու «Ելիր դաշնակ Դրոն» կրթության դաշնակցական բազմապիսի նախարարները կրթական քաղաքականության ամենակարեւոր ու առաջնային հենասյունը, ցեմենտբետոնե շաղախը պետք է դարձնեին։ Բայց յուրաքանչյուրը մտածեց իր շահի, հարազատին ու բարեկամին նախարարությունների տարբեր հատվածներում ու ՊՈԱԿ-ներում աշխատանքի տեղավորելու, ոչ թե պետության, պետականության, իքնության ու նման հարցերի մասին։

Պատերազմների թե՛ հաղթանակի, թե՛ պարտության հարցերի պատասխանը կրթությունն է. հայրենասեր սերունդ կրթեցիր, հայրենիք էլ կունենաս։ 44-օրյա աղետաբար պատերազմից հետո օդում կախված թիվ մեկ հարցը «ինչու պարտվեցինք» է, պատասխանն առավել քան պարզ է՝ չկրթված, բավարար գիտելիքներ չունեցող կառավարիչները պատերազմ ղեկավարել ու այն հաղթել ուղղակի չէին կարող։ Չկրթված քաղաքացին կրթված ղեկավար չէր ընտրի, քանզի մարդ արարածն իրենից ավելի խելացիին ու կարողին դժվարությամբ է հանդուրժում, հետեւաբար այնպիսի մեկին պետք է վերադաս կարգի, որ նրա մեջ իր արտացոլանքը տեսնի։ Չէինք կարող հաղթել, որովհետեւ Խորհրդային Միության փլուզումից ու Հայաստանի անկախացումից հետո գիտելիքահեն հասարակությունը պարտվել էր սկզբից մեքսիկական «Հարուստները նույնպես լացում են», իսկ ավելի ուշ հայկական «Դժվար ապրուստ» անբովանդակ ու էժանագին սերիալներին։ Արցախյան առաջին ազատամարտն, այո, հաղթել ենք բացառապես խորհրդային կրթության շնորհիվ։ ԽՍՀՄ-ի «За родину» կարգախոսը, որ խորհրդային ամեն մի քաղաքացու հոգում ու գիտակցության մեջ էր, «Ղարաբաղ կոմիտեի» լիդերների աշխատանքի շնորհիվ ճիշտ ժամանակին սկսեց գործել ու տեղայնացվեց մի վայրում, որի մասին խորհրդային հսկայական կայսրության ղեկավարները գուցե առհասարակ չէին էլ մտածել։ Այնուամենայնիվ, խորհրդային  «Հանուն հայրենիքինը» դարձավ «Միացում», ու Արցախյան առաջին ազատամարտը հաղթանակով պսակվեց։

Հետո եկավ «լավ տղաների» ժամանակը։ Ուսուցիչը, որ գյուղական ինտելիգենցիայի ամենավառ ներկայացուցիչն էր, աշակերտի համար ծաղրի առարկա դարձավ։ Նրա փոխարեն դպրոցահասակ թե՛ տղաները, թե՛ աղջիկները, սկսեցին ավելի շատ գյուղի խանութպանին հարգել, որ ավելի լավ էր ապրում, միջոցներ ուներ, իրենց էլ երբեմն-երբեմն մաստակ էր հյուրասիրում։ Կարդացող, սովորող աշակերտին համադասարանցիները սկսեցին «գիրք կրծող» անվանել, հասարակությունն սկսեց հարմարվել, այնուհետ հարգել քրեական բարքերի հարող ու «գողականով» հարցեր լուծող անձանց։ Մշակութային հաղորդումների փոխարեն եթերը հայհոյախառն բառապաշարով, անբովանդակ ու հասարակությանը դեգրադացնող հաղորդումներով ողողվեց։ Հայրենիքն այնքան երկրորդվեց մարդկանց մեջ, որ հայաստանյան ամեն մի ընտանիք մոլի ու անկոտրում պայքար սկսեց, ինչ է թե իր զավակը, հանկարծուհանկարծ, Արցախում չծառայի։ 30 տարի բոլորը՝ թե՛ պաշտոնյաները, թե՛ նրանց փոխկապակցած անձինք, թե՛ հասարակ քաղաքացիները, ծանոթ խառնելով, կաշառք տալով, խնամակալության ու միակողմանի ծնողազրկության կեղծ փաստաթղթեր հանելով, արեցին հնարավորը, որ իրենց՝ բոլորից «առավել  կարմիր» արյուն ունեցող տղան Արցախում չծառայի։ Իսկ եթե, Աստված չանի ու «բախտը չբերի» էլ, գոնե դիրք չտանեն ու սահմանը չհսկի։ Արցախը, փաստորեն, այդպես էինք սիրում՝ նրան չպաշտպանելով կամ նրա պաշտպանությունը բացառապես աղքատ, չունեւոր, հարստահարված խավի ներկայացուցիչներին թողնելով, որոնք էլ, իրականում, բոլորից լավ էին պահում ու շարունակում են պահել հայկական երկու պետությունները։ Արցախն, այո, մեծախոս ու ճոռոմաբերան պաշտոնայները չեն պահել ու պահում, փողոցներում իրենց ոստիկանական ուժի տակ գցող ու բերման ենթարկվող ուսխորհրդի նախկին նախագահներն ու միլիոնների հասնող կարողությունների տեր, քաղգործիչներն ու «օդիոզ» դեմքերը չեն պահել։ Գյուղացի, շիտակ, անմեղ ու աշխարհի վարքուբարքն ուղիղ հասկացող տղաներն են սահմանապահները, որոնց մեջ հայրենիքը ձեւավորվում է դեռ մանկուց՝ սարուձոր անելով, անտառից բերք-բարիք բերելով ու սարերի մոգական ուժը զգալով։

Ասֆալտի վրա, հավատացեք, ո՛չ կրթում, ո՛չ էլ հայրենասիրություն են դաստիարակում։

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ