Ժամանակակից աշխարհում միջուկային էլեկտրաէներգիան չափազանց կարեւոր է երկրների տնտեսական ներուժն իրացնելու համար: Դրա օգնությամբ է ապահովվում մարդու կողմից սպառվող ողջ էներգիայի 2,6%-ը: Ներկայում աշխարհի 31 երկրներում գործում են ավելի քան 190 ատոմակայաններ, որոնք տարբերվում են ռեակտորի տեսակով եւ էներգետիկ հզորությամբ: Գործարկման են պատրաստվում նոր էներգաբլոկներ եւ ատոմակայանների միջուկային ռեակտորներ, ինչպես նաեւ կառուցվող տասնյակ նոր էլեկտրակայաններ:
Աշխարհի ամենամեծ ատոմակայանը, որը կառուցվել է 1985 թվականին, գտնվում է Ճապոնիայում՝ Կաշիվազակի քաղաքում: Ատոմակայանն ունի 5 BWR (եռացող ջրի ռեակտոր) եւ 2 ABWR (3-րդ սերնդի եռացող ջրի ռեակտոր) միջուկային ռեակտորներ՝ 8212 ՄՎտ ընդհանուր հզորությամբ: Սա ամենաբարձր ցուցանիշն է ամբողջ աշխարհում: Այս կայանում են առաջին անգամ տեղադրվել ABWR ռեակտորները: Միայն այս ամենամեծ կայանի հզորությունը գրեթե կրկնակի գերազանցում է Չեխիայում կամ Հնդկաստանում տեղակայված գործող բոլոր ատոմակայանների ընդհանուր հզորությանը եւ ավելի քան 4 անգամ Հունգարիայի ատոմակայանների հզորությանը: Սակայն հաճախակի երկրաշարժերի պատճառով Կաշիվազակի-Կարիվա պարբերաբար դադարեցնում է իր աշխատանքները՝ վերականգնողական միջոցառումների համար:
Հայկական ԱԷԿ-ը ներառում է երկու էներգաբլոկ VVER-440 ռեակտորներով (V-270 արտադրանք): ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականին, երկրորդը՝ 1980 թվականին: Էներգաբլոկների դրվածքային հզորությունը 407,5 ՄՎտ, նախագծային ժամկետը՝ 30 տարի:
Առաջին բլոկը երկարատեւ անջատման ռեժիմում է: Էներգաբլոկի վերագոր-ծարկում չի նախատեսվում:Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման վերսկսմամբ Հայաստանը էներգետիկ ծանր ճգնաժամից հետո անցավ էներգամատակարարման շուրջօրյա գրաֆիկի: Շահագործման վերսկսմամբ ձեռք է բերվել հանրապետության բավականին բարձր էներգետիկ անկախություն ներկրվող վառե-լիքից: 1995 թվականի նոյեմբերին ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործումը վերսկսվեց ավելի քան 6,5 տարվա դադարից հետո:
Ներկայում աշխատանքներ են տարվում ծառայության ժամկետը հիմնավորելու եւ մինչեւ 2026 թվականը երկարացնելու ուղղությամբ:
Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ
Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր