«Բրանիսլավ Մանե Շակիչ» հիմնադրամը 1998 թվականից ի վեր անընդմեջ շնորհում է համանուն մրցանակներ հաղորդավարներին եւ լրագրողներին՝ Սերբիայի, տարածաշրջանի եւ սփյուռքի էլեկտրոնային լրատվամիջոցներում սերբերեն լեզվի պահպանման եւ խոսքի մշակույթի խթանման համար:
2017 թվականից սկսած՝ հիմնադրամը մրցանակ է շնորհում նաեւ այն օտարերկրացիներին, ովքեր ապրում են Սերբիայում, տիրապետում են սերբերենին նախանձելի մակարդակով եւ հանդիսանում են համագործակցության կամուրջ իրենց հայրենիքի եւ Սերբիայի միջեւ:
Վեցերորդ հատուկ մրցանակի արժանացած օտարերկրացին Անուշ Բալայանն է (ծնվ. 1965 թ.)՝ ազգությամբ հայ: Նա ծնվել է Երեւանում, ավարտել է Դավիթ Անհաղթ հումանիտար համալսարանը: 1995 թվականից բնակվում է Բելգրադում, որտեղ նաեւ ընտանիք է կազմել: Անուշը գրականությամբ եւ թարգմանությամբ զբաղվում է 1990-ակններից: 1995 թ.-ին մասնակցել է Գրողների միջազգային 32-րդ հանդիպմանը, իսկ 2019-ից Սերբիայի Գրողների միության անդամ է: 2014-ին եւ 2019-ին հրատարակել է բանաստեղծությունների երկու ժողովածու՝ «Իմ աստվածուհի» եւ «Կարոտի ծառ»՝ սերբերեն եւ հայերեն լեզուներով: Սերբիայի գրողների տանը հանդես է եկել մի շարք շնորհանդեսներով եւ դասախոսությամբ՝ նվիրված հայ մշակույթի մեծերին: Նա թարգմանում է ինչպես հայերենից սերբերեն, այնպես էլ սերբերենից հայերեն՝ կամուրջ կառուցելով Սերբիայի եւ իր հայրենիքի միջեւ: Նրա սերբերենից հայերեն կատարած թարգմանություններից են՝ Վեսելին Պ. Ջելետովիչի «Յոհանի սերբական սիրտը» վիպակը, Միլյուրկո Վուկադինովիչի բանաստեղծություննեըը, Լուկա Յոկսիմովիչ Բարբաթի պատմվածքները, բանաստեղծությունները եւ աֆորիզմները, Յասմինա Յանկովիչի բանաստեղծությունները, հայերենից սերբերեն՝ Մկրտիչ Սարգսյանի «Քաջ Նազար» վեպը, ինչպես նաեւ Արծվի Բախչինյանի եւ Լուկա Յոկսիմովիչ Բարբաթի հեղինակած «Հայերն ու սերբերը պատմության քառուղիներում» երկլեզու աշխատությունը: Նա զբաղվում է նաեւ բարեգործական աշխատանքով՝ «Ակցիա կույրերի համար» կազմակերպության կազմում:
ՅԱԴՐԱՆԿԱ ՆԻՉԻՆ
լրագրող
«Բրանիսլավ Մանե Շակիչ» հիմնադրամի հիմնադիր
Բելգրադ, հունիսի 3, 2025 թ.
Լուսանկարում՝ ԱՆՈՒՇ ԲԱԼԱՅԱՆ