Անորոշությո՞ւն

37

Այս տարվա սեպտեմբերի 1-13-ին, Երեւանի ՀայԱրտ մշակութային կենտրոնում կայացավ ամերիկահայ արվեստագետ Րաֆֆի Մուսախանյանի «Անորոշություն» ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին ներկայացված էին նկարչի վերջին տարիների (2016-2022) աշխատանքները:

Արվեստագետի ձեռագիրը յուրահատուկ ու ինքնատիպ է, փոփոխական: Եթե 2016-2018 թվականների աշխատանքներում մենք տեսնում ենք աղավաղված մարդկային պատկերներ, որոնք արտացոլում են մերօրյա խեղաթյուրված իրականությունը, ապա նկարչի վերջին գործերում հաղորդակից ենք դառնում որոշակի հանդարտության: Գունային լուծումները մերթընդմերթ փոփոխվում են, նկարիչն օգտագործում է թե՛ վառ ու խոսուն, եւ թե՛ ավելի պասիվ գույներ: Եթե վերը նշված վաղ շրջանի գործերը «մարմնական» են եւ ունեն որոշակի պատմություն, ապա հետագայում նկարչի աշխատանքները դառնում են ավելի եթերային եւ կորցնում են կապը առօրյա աշխարհի հետ: Այդ եթերային գործերը, սակայն, նույնպես զուրկ չեն ֆիգուրատիվ լուծումներից՝ երկրաչափական պատկերների տեսքով (խորանարդ, գունդ, բրգաձեւ ֆիգուրներ): Հենց այդ երկրաչափական ֆիգուրներն են, որ ապահովում են բալանսը եթերայինի եւ մարմնականի միջեւ:

Արվեստագետի քանդակները նրա կտավների խոսուն շարունակությունն են, այդտեղ ծավալն արվեստագետի միտքն է՛լ ավելի արտահայտիչ է դարձնում, եթերին տալիս է զանգվածայնություն՝ տարածության մեջ ու այդ տարածության շնորհիվ: Երկրաչափական ֆիգուրներն առկա են նաեւ քանդակում:

Հայաստանում Րաֆֆի Մուսախանյանն առաջին անգամ է ցուցադրվում: Հուսանք, որ այն կկրի շարունակական բնույթ, քանի որ հայրենիք-արվեստագետ երկխոսությունը դեռ ավարտված չէ…          

ՀՐԱՉՅԱ ԳԱԼՍՏՅԱՆ