Ֆրանսիական medialot.fr կայքէջը տեղեկացրել է, որ նոյեմբերի 8-ից 16-ը ֆրանսիական «Անհայտ դեմքեր» միությունն իր հերթական փառատոնը Ֆրանսիայի հարավի Լալբենք եւ Լիմոնժ քաղաքներում նվիրել է Հայաստանին՝ «Վերադարձ Հայաստան» խորագրով: Ծրագիրը ներառել է ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ, պատմական եւ մշակութային քննարկումներ, թատերական ներկայացումներ ու համերգներ՝ միավորելով հիշողությունը, ճանաչողությունը եւ արվեստը:
Փառատոնի բացումը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին, Լալբենքի քաղաքապետարանում՝ Մուսա Լեռան թեմայով ցուցահանդեսով եւ լուսանկարիչ Քրիստիան Լատրեյի «Հայկական քրոնիկա» լուսանկարների ցուցադրությամբ:
Նոյեմբերի 9-ին ցուցադրվել է Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը (2020, Հայաստան-Ֆրանսիա):
1915 թվականին Մուսա Լեռան հայերի տարհանությունը կենտրոնական թեման էր Լալբենքի սրահում բացված ցուցահանդեսի և պատմական երեկոյի, որը վարել են Դանիել Արաբյանը եւ Ժան Կորդելը նոյեմբերի 10-ին: Հայտնի է, որ 1915 թ. սեպտեմբերին ֆրանսիացի ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեն փրկել է Մուսա Լեռան բարձունքներում պատսպարված 4092 հայերի: Ծովակալն առանց վերադասների հրահանգի որոշել է ընդունել փախստականներին իր հրամանատարության ներքո գտնվող հինգ նավերի վրա, որոնցով նրանց անվնաս տեղափոխել է Պորտ Սաիդ (Եգիպտոս): Ցուցահանդեսում ներկայացվել են բնօրինակ փաստաթղթեր եւ լուսանկարներ, որոնք հավաքել է Ժան Կորդելը՝ թոռը ծովակալ Ժան Լը Մեի: Վերջինս, լինելով ֆրանսիական նավատորմի լեյտենանտ, ականատես է եղել այս փրկարար գործողությանը 1915-ի սեպտեմբերի 12-13-ին Սիրիայի ափերին:
Այս բացումը ոչ միայն հարգանքի տուրք է պատմական մի բացառիկ փրկարարական գործողության հանդեպ, այլեւ հիշեցում Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ եղբայրական կապերի պատմական խորության մասին:
Նոյեմբերի 12-ին համայնքային դահլիճում ցուցադրվել է Սերժ Ավետիքյանի «Վերադառնալ Սոլոզ» վավերագրական ֆիլմը, որը խորհում է հիշողության, հաշտեցման եւ ինքնության թեմաների շուրջ: Նոյեմբերի 14-ին, պատմաբան Ռեյմոն Գեւորգյանը կարդացել է դասախոսություն՝ «Համեմատական մոտեցումը ցեղասպանությունների քննության մեջ. հայերից մինչեւ հրեաներ եւ թութսիներ»: Իսկ նոյեմբերի 15-ին Լիմոնժում ներկայացվել է «Որովհետեւ նրանք հայ են» երաժշտախաղը՝ ըստ թուրք սոցիոլոգ եւ գրող Փընար Սելեքի գրքի: Հեղինակը, որն այժմ ապաստանել է Ֆրանսիայում, ներկա է եղել՝ հանդիսատեսի հետ զրույցի համար:
Այսպիսով, «Վերադարձ Հայաստան» փառատոնը մի ամբողջ շաբաթ Ֆրանսիայի հարավում դարձել է հայ մշակույթի, պատմական հիշողության եւ մարդկային երկխոսության եզակի մի տոն:
Ա. Բ.





