Անկանխիկ առեւտուրն ամբողջ աշխարհում է տարածված, ու Հայաստանում էլ միգուցե ճիշտ է դրան նպաստելը: Սակայն պետք է հաշվի առնվեն տեղական առանձնահատկությունները եւ մարդկանց գնողունակության սահմանը:
Դիցուք՝ թոշակառուներին հրամցվող անկանխիկ առեւտրից որոշ տոկոս վերադարձնելու խայծը իրեն չի արդարացնում, քանի որ միջին թոշակն այն աստիճանի փոքր է, որ եթե թոշակառուն ընկնի խոստացվող թակարդային պանրի, այսինքն՝ անկանխիկ եղանակով առեւտրի ծախսի տասը տոկոսի չափով վերադարձի հետեւից, ապա թոշակը ավելի թանկ գնումների վրա կծախսի, ու այդ վերադարձը ավելի քիչ կլինի, քան խանութների թանկ սննդամթերքի վրա հավելյալ ծախսն է լինելու:
Ու դուրս կգա, որ պետությունը լուծում է երկու խնդիր՝ բանկերի շրջանառության ու դիվերսիֆիկացիայի եւ սուպերմարկետներում առեւտրի աշխուժացման, միգուցե նաեւ՝ չֆիքսված ՀԴՄ-ների բացահայտման: Բայց ո՛չ թոշակառուի համար մի բան ավելացնելու՝ հայտարարվող ու փողհարվող նպատակի խնդիրը:
Օրինակով տեսանելի ցուցադրեմ ասածս: Ասենք՝ գոլդեն տեսակի խնձորը Նոր Գեղիից գյուղացին բերում է իմ թաղամաս ու 5 կիլոգրամը հազար դրամով վաճառում, ես նույնպես գնում եմ այդ հիանալի խնձորները: Բնականաբար՝ Նոր Գեղիի գյուղացին հնարավորություն չունի անկանխիկ եղանակով վաճառելու իր խնձորը, այդ որակի հիանալի խնձորը կողքի սուպերմարկետում վաճառվում է կիլոգրամը 5-6 հարյուր դրամով: Նույնը կարտոֆիլ, ստեպղին (գազար), այլ բանջարեղեն գնելիս է տեղի ունենում, սուպերմարկետում, որտեղ կարելի է անկանխիկ առեւտուր անել, թոշակառուին անհրաժեշտ պտուղբանջարեղենն ու այլ ապրանքներ շատ ավելի, հաճախ կրկնակի թանկ են, քան թե թոշակառուն դա ձեռք կբերեր անմիջապես գյուղացուց գնելիս: Ահա եւ նա ընտրություն է անում՝ ստանա՞ անկանխիկ առետրի դեպքում առաջարկվող չորս-հինգ հազար դրամ վերադարձը, թե՞ խնայողաբար ու կանխիկ ծախսի իր սուղ թոշակը՝ գոնե մինչեւ ամսվա կեսը փող ունենալու համար:
Ես հասկանում եմ, որ քաղաքակիրթ առեւտուրն անկանխիկ եղանակով է, սակայն մինչեւ դրա համատարած անցմանը՝ պետք էր այնպես անել, որ գյուղացին եւս ուզի օգտվել անկանխիկ առեւտուրը ֆիքսող սարքերից, դրանից նրա ապրանքը չթանկանա, կամ եկամուտը չպակասի, ու նա չպարտվի սուպերմարկետին: Երկրորդ՝ թոշակն այնքան պիտի լինի, որ թոշակառուն անկանխիկ առեւտրով ավելի շատ գումար կորցնելու հաշվարկներով չմտատանջվի, եւ երրորդ՝ օրենքն ընդունելիս պետք էր հաշվարկել՝ պատրաստ ե՞նք այդ օրենքն իրոք ըստ նշանակության կիրառելու: Թե չէ՝ ջուրտուրքշի ենք արել որ ի՞նչ: Դեռ փողոցային առեւտուրը վերացնելու անվան տակ էլ գյուղացուն ու օրվա հացը վաստակողին անկյուն եք քշում, Մալաթիայի ու Գնունու շուկաները փակում,մարդկանց ուղղորդելով իբր քաղաքակիրթ, իրականում հաճախ չհիմնավորված թանկ սուպերմարկետային առեւտրի կենտրոններ: Հիմա դուք սուպերմարկետների ու բանկերի կառավարությո՞ւնն եք, թե՞ նաեւ խեղճուկրակ ժողովրդինն էլ, ինչպես որ սարեր էիք խոստանում նախապես:
Պարզ է, եվրոպական պարտավորությունների շրջանակում է անկանխիկ շրջանառության պահանջը, բա ՝ այդպես էլ ասեք, թե չէ՝ անկանխիկ շրջանառության ծավալների մեծացում, ֆիսկալ նպատակներ, թաշակառուների եկամուտների ավելացում, գիտահետազոտական-միտահետազոտակա՜ն, լավ, էլի…
Էլ չասած, որ քո թաղամասի բանկն, օրինակ, կոմունալ վճարները կարող է անկանխիկ չընդունել, իսկ տերմինալով վճարելիս էլի ահագին միջնորդավճար է կլանվում, համ էլ՝ խեղճ թոշակառուները ո՞նց են տերմինալով վճարելու բարդ օպերացիան իրականացնելու…
Մ.Խ.