Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում (ՀՌՀ) տեղի ունեցած հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության արդյունքում Հայկական երկրորդ հեռուստաալիքը դարձյալ արտոնագիր չստացավ։
Մրցույթին մասնակիցում էին «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն եւ «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն։ Ինչպես եւ սպասվում էր, Հանրային հեռուստաընկերությունը 78 միավորով հաղթեց մրցույթում։
Հայկական երկրորդ հեռուստաալիքի փոխտնօրեն Լեւոն Սուլթանյանի հետ «Ազգ»ի հարցազրույցը թեմային առնչվող մանրամասներ, խնդիրներ է վեր հանում, որոնք առանցքային նշանակություն ունեն եւ մատնանշում են համակարգային ապօրինություններ։
-Պարոն Սուլթանյան, ՀՌՀ-ի հերթական մերժումն ի՞նչ նախադրյալներ ունի եւ ինչի՞ շարունակությունն է։
-Հայկական երկրորդ հեռուստաալիքի ղեկավարությունը պնդում է , որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի որոշումները պետք է լինեն հիմնավորված ու պատճառաբանված։ Մենք չենք ասում՝ ինչո՞ւ հ2-ին լիցենզիա չեք տալիս, այլ պնդում ենք՝ պատճառաբանումն ու հիմնավորումն օրենքին չեն համապատասխանում։ Այս հարցերով ենք դիմել դատարան, եւ դատարանը հաստատել է, որ այդ հարցերում գրանցվել են ապօրինություններ։
Եթե մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, ժողովրդավար հանրության մեջ, իսկ Հանրային մուլտիպլեքսի հաճախականությունն էլ հանրային ռեսուրս է, ուստի երբ հանրային ռեսուրսը տրամադրվում է այս ընկերությանը, իսկ մյուսին չի տրամադրվում, պետք է թափանցիկ ու հասկանալի կերպով նույն հանրությանը պարզաբանվի՝ ՀՌՀ-ի որոշումն օբյեկտի՞վ է, թե՞ խտրական վերաբերմունք։
Դատարանի համար էլ պետք է հասկանալի լինի՝ ՀՌՀ-ն ինչի՞ վրա հիմնվելով է մերժման որոշումը կայացրել։
Գոյություն ունեն հեռուստաընկերություններին գնահատելու չափորոշիչներ՝ սեփական արտադրության հաղորդումների գերակայություն, ֆինանսական ու տեխնիկական հագեցվածություն, հայերեն հաղորդումների գերակայություն, աշխատակազմի մասնագիտական պատրաստվածություն, բազմակարծությունը խթանելու կարողություն եւ այլն։ Նախկինում այս չափորոշիչներն առանձին-առանձին պետք է գնահատվեին եւ հիմնավորվեին՝ ո՞ր կետին ինչո՞ւ են այսքան միավոր նշանակել, ինչը հնարավորություն կտար հետագայում ցածր միավոր ստացած չափորոշիչներն ուժեղացնել ու հաջորդ մրցույթին այդ թերությունները շտկած ներկայանալ։ Այս կարգն այլեւս չի գործում։ Դատարաններում մեր հաղթանակներից հետո ՀՌՀ-ն գնահատման մեթոդն ու ձեւը փոխել է։
Հիմա ՀՌՀ-ն ներկայացված հայտին տալիս է մեկ գնահատական՝ թերեւս մտքում հաշվի առնելով 6 չափորոշիչները։ Այսինքն՝ եթե մեր հայտին 20 միավորից հատկացնում են 10-ը, մեզ համար հասկանալի չէ՝ 6 չափորոշիչներից որին՝ քանի՞ միավոր է տրվել, որո՞նք են մեր հայտի ուժեղ եւ թերի կողմերը։ Երկու մայրաքաղաքային մրցույթներն այս տրամաբանությամբ, այս մեթոդով են անցկացվել, հանրապետականը, կարծում եմ, դարձյալ նույնկերպ կանցկացվի։
-Գնահատման մեթոդի փոփոխությունից բացի հայտարարություն եղավ, թե փակ քվեարկությունը դեռ չի նշանակում, որ այն գաղտնի է։
-ՀՌՀ-ն շարունակաբար փորձում է թափանցիկ, պատշաճ, հիմնավորված որոշում կայացնելուց ամեն կերպ խուսափել։ Այդ կառույցի հետ մեր մյուս վեճը գնահատման բաց-փակ ձեւաչափի հետ է կապված։ Անվիճելի է, որ արդար, ազնիվ ընտրություն կատարելու համար պետք է գնահատման գործընթացը լինի փակ։ Չէ՞ որ ՀՌՀ անդամներն անկախ են, հետեւաբար, որպեսզի նրանց վրա ազդեցությունը բացառվի, օրենքը նախատեսել է, որ քվեարկությունը պետք է լինի փակ։ Զավեշտալի է, որ ՀՌՀ-ն փորձում է համոզել, թե փակը չի նշանակում գաղտնի։
Կարգն այսպես է՝ հայտին ծանոթանալու համար ՀՌՀ անդամներին տրվում է մինչեւ 60 օր։ Գալիս է քվեարկության օրը։ Հանձնաժողովի անդամները վիճակահանությամբ իրենց համարները ստանում են, ձեւաթղթի վրա գնահատականները նշում ու հանձնում։ Քվեարկության փակ լինելն, ըստ նրանց, տեւում է 3 րոպե, որից անմիջապես հետո քվերակության արդյունքները դառնում են բաց։ Հիմա հարց է առաջանում՝ օրենսդիրը փակ քվերակության ձեւականությունը ի՞նչ նպատակով է սահմանել, եթե 3 րոպե անց բոլորին պարզ է դառնում, թե ով՝ ի՞նչ գնահատական է նշանակել։ Կասկածի տեղիք է տալիս, որ գնահատման այս ձեւը ՀՌՀ յուրաքանչյուր անդամի վրա ճնշում գործադրելու լայն հնարավորություն է տալիս։
Եթե ՀՌՀ-ն լիցենզիան տրամադրում է օրենքի խախտումով, անկախ այն բանից՝ հ2-ը լիցենզիա ստանո՞ւմ է, թե ոչ, երեւույթն ինքնին անընդունելի է, որովհետեւ դա խոսքի ազատության, ժողովրդավարության դեմ ուղղված քայլ է։ Այդ պատճառով էլ մենք, օրենքի այսպիսի խախտումներ տեսնելով, շարունակաբար, առանց հուսահատվելու, համառորեն պայքարում ենք ու դիմում դատարան։ Մեզ նորից լիցենզիայից զրկելու համար մենք նորից դատարան ենք դիմելու։
-Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ հոկտեմբերի 28-ին, «Հրապարակ» թերթի հարցին, թե հ2-ին լիցենզիա չտալու՝ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի որոշումն օբյեկտի՞վ էր, քաղաքական չէ՞ր` թելադրված գործող իշխանություններից, նա պատասխանել է՝ «Մենք չենք գնահատում, թե ով է իշխանական եւ ով՝ ընդդիմադիր: Դուք հ2 նայո՞ւմ եք: հ2-ը ցուցադրում է «Հայելի» ակումբ, թշնամանք եւ տեռոր: Ո՞վ ասաց, որ ընդդիմադիր լինելն է այս ամենի պատճառը: Հանրությանը պետք է իրազեկել, այլ ոչ թե ատելություն տարածել»։ Փաստորեն, հ2-ին լիցենզիայից զրկելու պատճառը «Հայելի» ակո՞ւմբն է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։
-Այսօր պատճառը «Հայելի» ակումբն է։ Եթե այն չցուցադրենք, ի՞նչ երաշխիք կա, որ վաղն էլ չեն ասի՝ «Լրաբերի» քաղաքական թեւը մի քիչ թուլացրեք, մի քիչ կոլոտ լինեիք, աչքներդ էլ ուրիշ գույնի, ձեզ լիցենզիա կտայինք։ Այսինքն՝ մոտեցումն անընդունելի է։ «Հայելի» ակումբը ցուցադրել-չցուցադրելը հանրային մուլտիպլեքսում լինել-չլինելու երաշխիք չի կարող ու չպետք է լինի։
ՀՌՀ-ն իր ելույթներով ու արարքներով ապացուցում է, որ փորձում է գրաքննություն հաստատել։
Եթե մենք ցուցադրում ենք մի բան, որն օրենքից դուրս է, օրենք ենք խախտում, ուրմեն մենք պետք է պատժվենք օրենքը խախտելու համար։ Բայց եթե վարչական, քրեական իրավախախտում թույլ չենք տվել, օրենքով սահմանված չափորոշիչները պահպանում ենք, բայց մեզ զրկում են լիցենզիայից, ուրեմն սա ուղղակի գրաքննություն է։
ՀՌՀ-ն սխալ ընկալում ունի՝ կարծելով, թե «Հայելի» ակումբը հաղորդում է։ Ես բազմիցս նրանց բացատրել եմ, որ այն մամուլի ակումբ է, որտեղ տարբեր բանախոսներ իրենց կարծիքն են արտահայտում, իսկ Հայկական երկրորդ հեռուստաալիքը լուսաբանում է այն բանախոսների ելույթները, որոնք գտնում է, որ հետաքրքրում են հեռուստադիտողներին։
Երկար բացատրելուց հետո հասանք նրան, որ ՀՌՀ-ն հիմա էլ ասում է՝ ճիշտ է, բանախոսները տարբեր մարդիկ են, բայց նույն տեսակետն են հայտնում, այսինքն՝ բազմակարծություն չկա։ Ստացվում է, որ ինչ-որ մեկը նստած որոշում է, որ քաղաքական տարբեր ուժեր ներկայացնող գործիչները, հանրային դեմքերը, զոհված զինվորների հարազատները բոլորը նույն բանն են ասում, իսկ իրենք ուզում են բոլորովին ուրիշ բան լսել, փաստորեն։ Եթե ՀՌՀ-ն բազամակարծության մասին այլ պատկերացում ունի, քան, օրինակ, ԱՄՆ-ն իր դեմոկրատական, խոսքի ազատության, բազմակարծության մասին օրենքներով, ես ցավում եմ ՀՌՀ-ի համար, իսկ եթե ՀՌՀ-ն այս ամենն անում է ուրիշ դրդապատճառներով, ես ցավում եմ մեր պետության համար, որովհետեեւ մի շատ կարեւոր կառույց, որը կոչված է պաշտպանել եւ ամրապնդել ժողովրդավարական նորմերը, իրականում աշխատում է ուղիղ դրանց դեմ։
-Այսինքն՝ հ2-ի պայքարը սկզբունքների համար է ու համակարգային աղճատումների դեմ։
-Մեր պայքարը գաղափարի համար է, ոչ թե լիցենզիայի։ Ես բազմիցս եմ ասել։ Քանի դեռ չենք հասել այն բանին, որ որոշումները լինեն օրենքի պահանջներին համապատասախան, մենք շարունակելու ենք պայքարել։
Եթե ապօրինությամբ մե՛նք ստանանք լիցենզիա, իսկ մեր գործընկերներից մեկին այս նույն «խախտումների», օրինակ՝ «Հայելի» ակումբ ցույց տալու պատճառով լիցենզիայից զրկեն, արդյունքում մենք, միեւնույն է, ունենալու ենք համակարգային խնդիր՝ երբ ինչ-որ լրատվամիջոց դարձյալ եթերից կզրկվի ապօրինաբար։
-Այն, ինչ կատարվում է Հայկական երկրորդ հեռուստաալիքի հետ, շարունակո՞ւմ եք պնդել, որ քաղաքական հետապնդում է։
-Այո, մենք համոզված ենք, որ այն, ինչ տեղի է ունենում Հայկական երկրորդ հեռուստաալիքի հետ, Սամվել Մայրապետյանի նկատմամբ կատարվող քաղաքական հետապնդման շրջանակում է։ հ2-ի տնօրեն Սամվել Մայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհիմն ու ապօրինի է եւ այն մտել է նրա հետ առնչություն ունեցող այլ տնտեսվարող սուբյեկտների դաշտ, նաեւ հեռուստաընկերություն։ Երբ համադրում ես պետության քայլերն՝ ուղղված Սամվել Մայրապետյանի դեմ, եզրահանգումը մեկն է՝ այս ամենը քաղաքական հետապնդում է։
-Ձեր կարծիքով՝ հ2-ին լիցենզիայից զրկելը միայն ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի՞ որոշումն է, թե ամբողջ ՀՌՀ-ի։
-Ըստ օրենքի՝ հանձնաժողովի անդամներն անկախ են ու հայտերը պետք է գնահատեն սեփական կարծիքի, կամքի վրա հիմնված։ Ես ուղիղ հիմնավորում չունեմ, որ ՀՌՀ անդամներն անկախ չեն, բայց անհերքելի փաստեր կան, օրինակ՝ երբ մայրաքաղաքային սփռման մրցույթ եղավ, որին մասնակցում էին հ2-ը, Հանրային հեռուստաընկերությունն ու «Փաստինֆոն», հաղթեց Հանրայինը։ Որոշ ժամանակ անց նույն Հանրայինի ռեպորտաժից պարզ դարձավ, որ ՀՌՀ-ն քվեարկությունն անում է բաց։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՌՀ-ից պահանջել էր քվեարկության արդյունքները, եւ պարզվել էր, որ հանձնաժողովի անդամներից երկուսն «այնքան էլ լավ չէին քվեարկել»։ Այսինքն՝ արդյուքնում Հանրային հեռուստաընկերությունն էր հաղթել, բայց միավորների տարբերությունները պիտի շատ ավելին լինեին, քան քվեարկության արդյունքն էր ցույց տվել։
Եթե կարող ես իմանալ, թե ով՝ ինչպես է քվեարկել, հետո քվեարկության արդյունքը կարող ես օգտագործել այդ մարդուն հանրային պարսավանքի ենթարկելու համար, նշանակում է՝ ա) փակ քվեարկություն չի եղել, բ) փորձում ես ճնշում գործադրել՝ ըստ քո նախատեսածի չքվեարկած անձի վրա, ինչի իրավունքը չունես, գ) պնդում ես, որ նա սխալ է քվեարկել։
Վերջում դատարանում պարզվեց, որ հանձնաժողովի որոշումն առհասարակ ապօրինի էր։
-Որքան հայտնի է, եթերից հնչեցվող խոսքի անթույլատրելիության սահման, բառամթերք, նկարագրություն, բանաձեւ չկա, ՀՌՀ-ն ինչպե՞ս է չափում այդ սահմանը, եւ հեռուստաընկերություններն ինչպե՞ս են կողմնորոշվում «կարելի է-չի կարելի» հարցում։
-Եթե այսինչ բանախոսը «Հայելի» ակումբում չխոսի, այլ մեկ այլ տեղ նույն կարծիքը հայտնի, ընդունելի՞ է, կամ եթե նույն «Հայելիում» խոսի իշխանական ներկայացուցիչ, այս նույն ակումբի նկատմամբ ՀՌՀ-ն նույն դիրքորոշումը կունենա՞. պետք է այստեղից սկսել։ Եթե օրենքի խախտում է, օրինակ՝ օրենք է խախտել տվյալ միտքը հնչեցնողը, նրան պատժեք, եթե խախտել է մամուլի ակումբը, պիտի պատժվի մամուլի ակումբը, եթե զլմ-ն, ուրեմն զլմ-ն պիտի պատժվի։ Բայց օրենքի խախտում արձանագրված չէ։ ՀՌՀ-ն խոսում է էթիկայի նորմերի խախտումներից ու դիմել է էթիկայի դիտորդ-մարմնին։ Որպես ինքնակարգավորվող մարմին՝ այս կառույցում գոյություն չունեն հստակ չափորոշիչներ, թե ինչն է համարվում ատելության խոսք կամ վիրավորանք կամ բռնության կոչ կամ անընդունելի գործողության քարոզ։ Չկա սահման, բառամթերք, նկարագրություն։ Ինչպե՞ս իմանանք՝ ինչն է կարելի, ինչը՝ ոչ։
Եթե մեկի քաղաքական հայացքներն ինձ համար անընդունելի են, դեռ չի նշանակում, որ նրա ասածը վիրավորանք կամ ատելության խոսք է պարունակում կամ ժխտում է ինչ-որ մեկի գոյությունը։ Քանի որ այդ գիծը չկա, էթիկայի դիտորդ մարմինը, կամա թե ակամա, ստիպված դառնալու է գրաքննության գործիք։ ՀՌՀ-ի կողմից այդ մարմնին ներկայացված նամակ, որում լինի ատելության խոսքի, վիրավորանքի օրինակ՝ ուղղված ընդդիմությանը, չկա։ Այսինքն՝ նրանք ուզում են պնդել, որ իշխանությունների կողմից որեւէ ատելության խոսք, վիրավորանք չի՞ հնչել։ Իսկ «ասֆալտին կփռենք», «վնգստացող դատավորներ», «թաթիկները կկտրենք», «պատերին կծեփենք», մուրճն օդի մեջ ճոճելով քարոզարշավ անելը ոչ ոք չլսե՞ց կամ չտեսա՞վ, թե՞ դրանց մեջ ատելության խոսք, բռնության կոչ, վիրավորանք չկա՞։ Եթե դատապարտելի ոչինչ չկա այս արտահայտություններում, ուրեմն ՀՌՀ-ն պետք է նշաձողն այլեւս չիջեցնի, այլապես մենք ժողովրդավարությունից գնում ենք դեպի բռնապետություն։ Եթե քաղաքական դաշտում խաղի կանոններն անհավասար են, ուրեմն պայքարն արդար չի կարող լինել։ Եթե խաղի այս կանոնը մեկին չի կարելի, ուրեմն մյուսի համար էլ պիտի անթույլատրելի լինի։ Առանց այն էլ իշխանության ռեսուրսներն, այսպես, թե այնպես, շատ ավելի շատ են, քան մյուսներինը։ Ժողովրդավար երկրներում խոսքի ազատությունը, բազմակարծությունը ստեղծվել են, որպեսզի իշխանությունների ունեցած մեծ ռեսուրսներին հակակշիռ լինեն, որ ազատ քննադատություն, բանավեճեր, ցույցեր լինեն, եւ, ի վերջո, ընտրություններ կազմակերպվեն, եւ հանրությունն այդկերպ արտահայտի իր կարծիքն իշխանությունների մասին։ Եթե վերջին նշվածները չկան, իշխանություն ստացածը վերածվում է բռնապետի։
-Ձեր քայլերը. ի՞նչ եք անելու։
-Նախ՝ ինչքան ազատ սլոթ լինի, էլի մասնակցելու ենք։ Բնականաբար, մասնակցում ենք նաեւ հանրապետական մրցույթին։
Մայրաքաղաքային մրցույթում մերժվելու որոշումը ստացել ենք, որը նորից ապօրինի է, հետեւաբար, դատական կարգով նորից շարունակելու ենք մեր իրավունքները պաշտպանել, որովհետեւ այսկերպ խախտվում է ոլորտի եւ պետության իրավունքը նույնպես։ Մենք ներպետական ատյաններում հաջողության ենք հասել, ինչը շատ կարեւոր նախադեպ է: Եթե ապագայում ինչ- ինչ պատճառներով ներպետական ատյաններում հաջողության հասնել չստացվի, պարտադիր դիմելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Զրուցեց ՆԱԻՐ ՅԱՆԸ