Արթուր Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսը
Ժամանակակից հայ կերպարվեստի զարգացման, հայ նկարիչների գործերը հանրայնացնելու, միջազգայնացնելու մեջ մեծ ներդրում է ունեցել Հենրիկ Իգիթյանը: Որպես արվեստաբան նորին միտված, նորի որոնող, օժտված էր նախաձեռնողական, կազմակերպչական տաղանդով, ինչը լավագույնս դրսեւորվեց մշակութային մեր կյանքում կարեւորագույն դեր ունեցող երկու հաստատության` Գեղագիտության ազգային կենտրոնի հիմնադրումով` 1978 ֊ին ՝ իր նշանակությամբ, տեսակով առաջինը խորհրդային տարածքում եւ Ժամանակակից արվեստի թանգարանի բացումով, 1972 թվականին:
Հենրիկ Իգիթյանի 90 -ամյակին նվիրված Գեղագիտության ազգային կենտրոնի ցուցասրահում բացված գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսը նաեւ խորհրդանշական էր: 1997 թվականին, 25 տարի առաջ այդ նույն օրը, նույն վայրում հիմնավերանորոգված սրահի առաջին ցուցահանդեսը Հենրիկ Իգիթյանը վստահեց 13 -ամյա Արթուրին՝ տեսնելով իր սանի տաղանդը եւ կանխազգալով հաջող ընթացք:
Արթուր Հովհաննիսյանը այսօրվա մեր կերպարվեստում առանձնանում է հաստատուն ձեռագրով, ասելիքի հստակ ուղղվածությամբ: Արվեստագետ, որ, ինչպես Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը բնութագրեց` համեստ, զուսպ, նպատակային եւ որպես դասախոս նույնպես պատասխանատու, գտել է մեր այս դժվար, խառը օրերին բովանդակություն, իմաստ հաղորդող թերեւս եզակի միջոցը`ստեղծագործելը, երբ նկարիչը, արվեստագետը ինքն իր հետ է, երբ միջավայրի, աշխարհի ազդակները շոշափում է չմիջնորդված, անմիջականորեն: Մխիթարական միակ բանը, որով հնարավոր է հաղորդակցվել, կամրջվել ուրիշներին, օտարին, դուրս գալ մտքի սահմանափակությունից, որը լճացնում, կանգնեցնում է ամեն առաջընթաց, մեկուսացնում մեզ համընդհանուրից: Ցուցահանդեսի համադրող, արվեստաբան Օվսաննա Քարամյանը նկարների եւ դիտորդի միջեւ հաղորդական ջերմության ստեղծողն էր. «Արթուր Հովհաննիսյանի հանդարտ, բայց եւ սաստիկ հուզող վրձինը տանում է մարդկային խառնվածքի տատանվող ճամփաներով եւ ամեն անգամ մտորումների նոր ալիք է բարձրացնում՝ ստիպելով գտնել նոր պատասխաններ եւ մոտեցումներ:
Արտաքուստ կտավը լուռ է, սակայն ամեն պատկերի մեջ լսելի է գործողության աղմուկը, մարդկանց շնչառության շշուկը եւ նույնիսկ չերեւացող քամու ձայնը: Յուրաքանչյուր աշխատանք ճակատագրի պատմություն է, կյանքի չդադարող ընթացք, որ մի ակնթարթ հագեցրել է նկարչի կտավը», ֊ գրում է նա:
Պարտքի, պատասխանատվության, երախտագիտւթյան զգացումը փնտրված ու միշտ գնահատված որակներից են մարդու, ինչպիսին էլ որ լինեն ժամանակները, որքան էլ սորուն, կեղծ լինի իրականությունը: «Երբ ինձ հարցնում են, ո՞րն է եղել իմ ամենակարեւոր ցուցահանդեսը, ես պարտադիր նշում եմ Գեղագիտության ազգային կենտրոնի իմ առաջին ցուցահանդեսը, որ կազմակերպեց Հենրիկ Իգիթյանը: 90 ֊ ականների ծանր տարիներին նրա ներկայությունը, քաջալերանքը, վստահությունը իմ եւ մեր ընտանիքի համար շատ կարեւոր էր:
Երբեւէ որտեղ էլ ցուցադրվեմ, ինչպես մինչեւ օրս, գիտեմ, որ մի օր վերադառնալու եմ այս կենտրոն` հիշելով, վերհիշելով Հենրիկ Իգիթյանի կերպարը, նրա ներդրումը իմ` որպես արվեստագետի ձեւավորման գործում»:
Արթուր Հովհաննիսյանի նախասիրություններից մեկը` կտավի մասշտաբայնությունը հնարավորություն է տալիս կերպարային առավել ծավալումների, նրանց ընդգծված արտահայտությունների: Ցուցադրության ` «Աղմուկի միջով» խորագիրը նկարների համար խիստ բնութագրական է: Աղմուկը կյանքն է՝ դուրսը, փողոցը, մարդիկ՝ իրենց առտնին հոգսերի, սովորական զբաղվածությունների մեջ: Հարթ տարածությունների վրա նրա կտավների հերոսները՝ հիմնականում պարզ մարդիկ, երիտասարդներ, գործողությունների մեջ են: Աղմուկ է, կյանքն է մարդկային` անընդհատ շարժման մեջ: Նկարիչն անդրադառնում է քաղաքային միջավայրի տարբեր երեւույթների, իրերի, առանձին մարդկանց ու մարդկանց խմբերի միջոցով փորձում զգալ իրականությունը, որտեղ ապրում ենք մենք, փորձում այնտեղ տեսնել նաեւ իրեն, հասկանալ ու արտահայտել կյանքն ինչպես որ է: Այս տպավորությունների մեջ ամբողջանում է աղմուկը, այսինքն կյանքը. այն կարող է լինել հասարակ մի դերձակ կամ վարսահարդար, լքված մի տրամվայ, որի դատարկ վագոնները, անթափանց ապակիները մի շրջանի ավարտի նշան են, փարիզյան տաճարի որեւէ ֆրագմենտ, մի փողոց, սրճարան:
Իմ ուշադրությունն առավել գրավեց երկու աշխատանք, կողք կողքի՝ որտեղ նկարիչն իր մտորումները, վերաբերմունքն արտահայտելու համար ընտրել է պարը որպես շարժում, որպես գործողություն, որպես կյանքի` միմյանցից շատ տարբեր ձեւեր: «Ազգային պար» եւ «Հանգստության պար»` միմյանց որքան հակադրվող, նույնքան լրացնող աշխարհներ: Երկուսն էլ` մոնոխրոմային՝ մուգ կարմրի, կապույտի գերակայությամբ: Երկրորդի ֆիգուրայնությունը հակադրության մեջ է առաջինի աբստրակտ, խառը վիճակներին: Տրամադրությունների ակնհայտ տարբերությամբ այս երկու գործերը ասոցացվում են մարդու զգայական աշխարհի շարունակական փոփոխություններին, նրա ներքին բնույթի` մի կողմից հանդարտության, ներդաշնակության ձգտումին, մյուս կողմից ` ընդվզում- պայքար- իրարամերժությանը, քաոտիկ վիճակների. գուցե նաեւ այսօրվա մեր իրականության արտացոլա՞նքն է:
Դուրսը` արտաքին աշխարհը, հակադրության մեջ իր բնական վիճակով հանդարտության ձգտող ներքին իրականությանը. այսինքն` ենթագիտակցական պայքար ներսի ու դրսի:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Հ.Գ. – Արթուր Հովհաննիսյանը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Հայաստանում եւ արտերկրում (Նյու Յորք, Փարիզ, Վենետիկ, Բեյրութ, Ստամբուլ, Կիեւ, Սինգապուր, Աստանա, Բոստոն, Թբիլիսի, Մոսկվա, Քուվեյթ, Պեկին), համագործակցել է աշխարհի տարբեր ցուցասրահների հետ, համատեղ նախագիծ ունի գերմանացի նշանավոր կինոռեժիսոր Թոմ Թիքվերի հետ:
2006 ֊ին նա արժանացել է ՀՀ նախագահի «Երիտասարդական» մրցանակին: