Մայրաքաղաքի սրտից մտավոր եւ ուսանողական ողջ ներուժի աքսոր, միջավայրի համատարած առեւտրայնացում, հոգու անապատ
1970-ական թվականները՝ անցյալ դարակեսին ծնվածների իմ սերնդի ուսանողության ու երիտասարդության տարիները, մեր հրաշալի մայրաքաղաքի լավագույն, ծաղկուն շրջանն էին: Անխառն ազգային ոգով, մշակութային մթնոլորտով ապրող թամանյանական այդ վարդագույն քաղաքի գլխավոր հրապարակն, օրինակ, համաշխարհային չափանիշով ճարտարապետական գլուխգործոց էր որակել ամերիկացի նշանավոր նկարիչ, գրող եւ հասարակական գործիչ Ռոքուել Քենտը: «Եթե այսօր հազարավոր խստապահանջ մասնագետներ կազմելու լինեն աշխարհի յոթ հրաշալի հրապարակների ցուցակը, երեւանյանը կմտնի այդ ցուցակի մեջ»,- ասել էր նա: Իսկ այսօր, կանգնելով նույն հրապարակում ու հայացքով ընդգրկելով նրա համայնապատկերը, ուղղակի լացդ գալիս է, երբ աչքիդ զարնում են նրա շենքերի թիկունքից այստեղ-այնտեղ գռեհկորեն վեր ցցված, այդ համայնապատկերն աղարտող բետոնակուռ եւ ապակեպատ բարձրահարկերի անճոռնի, միտք ու զգացմունք վիրավորող պատկերները: Որոնց պատճառով հրապարակի շենքերն իրենք էլ ասես ամոթահար ցածրացել, մի տեսակ կուչ են եկել;
Նյութի տիրապետության ու պաշտամունքի ժամանակաշրջանի մի տխուր արտահայտությունն է, երբ ամեն ինչ դառնում է շուկա եւ առեւտուր: Երբ մեզանում շատ բան ստորադասվում, կուլ է գնում իշխանատեր, փողատեր անհատների կամ նրանց խմբերի անհագ նյութական շահին, տրորելով, ոտնատակ տալով ամեն իրական արժեք ու բարոյականություն: Այդպես ժամանակին ազգային հարստության բաժան-բաժան անելուց ու թալանից հետո Երեւանում եւ հանրապետության մյուս քաղաքների հանրային տրանսպորտում սկսվեց նորաբույս «գծատերերի» գազելների տիրապետությունը՝ խոչընդոտելով տրանսպորտային համակարգի, նաեւ մայրաքաղաքի մետրոյի հետագա զարգացումը, վերացնելով Երեւանի տրամվայի, Գյումրու տրոլեյբուսի համակարգերը, այստեղ՝ նաեւ ավտոբուսները: Քանդեցին Երիտասարդական պալատի հսկա համալիրը՝ մեր մայրաքաղաքի դիմագծի բնորոշ տարրերից մեկը: Օտարվեցին, վերացան գրախանութները, կինոթատրոնների շենքերը դարձան շուկաներ ու էլի չգիտես ինչեր: Ներկայիս Հյուսիսային պողոտայի նախկին տարածքում՝ մայրաքաղաքի կենտրոնում սերնդեսերունդ ապրած ընտանիքները չնչին փոխհատուցման դիմաց հաճախ կոպտորեն դուրս շպրտվեցին իրենց քանդվող սեփական տներից՝ հանուն այդ մի տեսակ խորթ թվացող պողոտայի, նրա շենքերի կառուցման: Էլ ո՞րն ասես…
«Երբ մի երկրում… ամեն ինչ ընթանում է տնտեսական ազդակների հրամայականով, տիրում է կենդանաբանական ժամանակը»,- ասել է մեր անվանի գրող, արվեստաբան, գրականագետ Կոստան Զարյանը: Մեր ժողովրդի փրկությունը նրա հոգեկան զարգացման մեջ է, նրա մտավոր վեհության եւ մեծության մեջ, նկատել է ականավոր մտածողը: Մինչդեռ հենց այս առումներով մեր ներկա հավաքական ահավոր անկումն է իր հերթին ծնում կյանքի չափազանցված, վայրի շուկայացման տրամաբանությունը:
Ներկա կառավարության հռչակած «Ակադեմիական քաղաք» հսկայածավալ ծրագիրը, գուցե բոլոր թեր ու դեմ կողմերով, շերտերով հանդերձ, թվում է խորքում նաեւ այս տրամաբանությամբ թելադրված: Ասում ենք՝ նաեւ: Չնայած ժամանակին հնչած բոլոր տարակույսներին, քննադատություններին ու փաստարկված առարկություններին, Փաշինյանի կառավարությունը համառորեն առաջ է տանում այդ «քաղաքի» իր գաղափարը: Ավելին, դատելով մերթ-մերթ հայտնվող լուրերից, դա իրագործելու համար ակտիվ նախապատրաստական աշխատանք է կատարվում: Այն էլ՝ միջազգային տարբեր գործընկերների օգնությամբ, որոնցից ամեն մեկը, պետք է կարծել, դեռ խորհրդատվությունների փուլից իր մատուցած ծառայության դիմաց շոշափելի գումարներ է տանելու:
Ըստ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական տեղեկատվության, հուլիսի 16-ին նախարարուհու գլխավորությամբ տեղի է ունեցել ծրագրի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որտեղ Ժաննա Անդրեասյանը նաեւ կարեւոր է համարել պահպանել աշխատանքների դինամիկան՝ հաշվի առնելով «սեղմ ժամկետները» եւ ծրագրի հանդեպ, ուշադիր, «հանրային մեծ հետաքրքրությունը»…
Հանրային, այն էլ մեծ հետաքրքրության առումով թույլ տվեք լուրջ տարակուսանք հայտնել, բայց որ որոշակի դրամատեր խմբի, շրջանակի ակադեմիական քաղաքի իրագործման գաղափարը (որի հղացմանը չբացառենք որ իրենք էլ «օգնած» լինեն) կարող է ոգեւորված սպասումի առիթ տալ, չենք կասկածում: Խոսքը վերաբերում է գիտական ու բուհական հաստատությունների այնտեղ տեղափոխումից հետո մայրաքաղաքի թանկ կենտրոնում դրանց ազատվող մեծ թվով ներկա շենքերը, տարածքները ձեռք գցելուն… Հանաք բան չէ. 2022-23 ուստարվա հայտնի տվյալներով միայն Երեւանում՝ պետական, մասնավոր եւ այլ 43 բուհ, ակադեմիական, գիտահետազոտական 35 ինստիտուտներ ու կազմակերպություններ՝ իրենց շենք-շինություններով, կառույցներով: Քանիսը կարող ես՝ վարձակալիր, գնիր, քեզնով արա, ռեստորան, հյուրանոց, այլ «օբյեկտ» դարձրու, կուզես քանդիր, տեղը երկնաքեր սարքիր…
Գիտակրթական հնամենի ավանդույթներ ունեցող մեր երկրում վերջին ավելի քան մեկդարյա ժամանակաշրջանում մայրաքաղաքի եւ առանձին այլ քաղաքների ամենակենտրոնում ստեղծվել, կառուցվել են բուհեր, գիտական, կրթական ու մշակութային հաստատություններ, դրանց տրամադրվել են միշտ լավագույն շենքերը, լավագույն պայմանները: Այդ շենքերում ավանդույթներ են ստեղծվել, սերունդներ դաստիարակվել, դրվել է երկրի տնտեսական ու հոգեւոր զարգացման, վերըթացի հիմքը: Եթե նայենք մայրաքաղաքում այդ բոլոր կառույցների տեղակայվածությանը, պետք է նկատենք, որ քաղաքի կենտրոնում բուհերի, ակադեմիական հաստատությունների իրարից ոչ հեռու դասավորվածությունը տարածական առումով մի սերտ, ամբողջական համալիր է կազմում, մի իրական ակադեմիական կենտրոն, եթե կուզեք՝ ակադեմիական քաղաք՝ առկա բոլոր ենթակառուցվածքներով, համապատասխան մթնոլորտով եւ ուսանողական-երիտասարդական ամենօրյա աշխույժով, անգամ մետրոյի՝ տեղին անվանակոչված «Երիտասարդական» կայարանով: Եվ մանավանդ ուսանողության թվի ընդհանուր նվազման այս պայմաններում ոչինչ նոր կառուցել, ապահովել, այդքան ծախսեր անել պետք չէ: Հիմա պատկերացրեք այս ամենը իր անցուդարձով դատարկված, լռած, քաղաքի այդ վեհաշունչ, արժանապատիվ կենտրոնը անհոգի առուծախի շուկայական միջավայրի վերածված…
Որքան էլ տեսականորեն գեղեցիկ թվա ու նույնիսկ ամենաբարի մտադրությունների արգասիք լինի հայտարարված ակադեմիական քաղաքի գաղափարը, դրա այժմյան ու այսկերպ իրագործման դիրքորոշումը, ներառյալ նաեւ պահանջվելիք վիթխարածավալ ծախսերի խնդիրը, հասկանալի եւ մանավանդ ընդունելի դժվար է համարել: Դա ըստ էության կնշանակե մայրաքաղաքի սրտից, նրա կյանքից մտավոր եւ ուսանողական ողջ ներուժի աքսոր ու վտանգալից համակենտրոնացում առայժմ անապատ մի ծայրամասում, իսկ բուն մայրաքաղաքային միջավայրի աստիճանական համատարած առեւտրայնացում, հոգու անապատ… Ու գուցե նաեւ՝ իշխանության ավելի հանգիստ կյա՞նք:
Էլ չենք ասում «մարզային» բուհերի ու մասնաճյուղերի մասին, որոնց գոյությանը, ըստ նաեւ հայտարարված օրենսդրական նախատեսումների, այս ապագան սպառնալիք է: Ու նաեւ այս ու տարբեր այլ առումներով՝ ներկա իշխանության սույն գեղեցի՜կ փաթեթավորմամբ ներկայացվող նախաձեռնությունն ավելի շատ մարտահրավերի է նման:
Մանավանդ որ, ըստ նաեւ «Ազգին» կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հայտնած տեսակետի, ակադեմիական քաղաքը բուն կրթական խնդիրներ չի լուծելու, այլ ընդամենը բեռնաթափելու է Երեւանի կենտրոնը: Իսկ թե օրվա իշխանությունը մեր ուսանող սերնդին ինչպիսի կրթական հիմք է հետայսու էլ տալու այստեղ, թե այդ առանձնացված տարածքում, դա էլ արդեն հայտնի է:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ