«ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները, ու մենք պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը: Հույս ունեմ, որ Ադրբեջանի արձագանքը եւս դրական կլինի»,- սա հատված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա՝ դեկտեմբերի 22-ի կառավարության նիստի ժամանակ հայտարարությունից: Փաշինյանը, փաստորեն, մի կողմից հայտարարում է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի պահպանում 2020-ի նոյմեբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մյուս կողմից Ադրբեջանին նորից խաղաղության պայմանագրի կետեր առաջարկում, ավելին՝ հույս հայտնում, թե ադրբեջանական կողմից դրական արձագանքներ կլինեն: Փաշինյանի հայատարարությունների մեջ ինքնին հակասություն կա, ու անկախ հանգամանքից, թե ինչ բովանդակությամբ տեքստ է Երեւանը Բաքվին փոխանցել (այն չի հրապարակվել), ապա պարզից էլ պարզ է՝ Իլհամ Ալիեւն այն չի ընդունելու: Եթե անգամ ընդունի էլ, ապա կարճ ժամանակ անց խախտելու է դրա դրույթները, քանզի նա իր հարցերը լուծելու համար բոլորովին այլ մեթոդներով է առաջնորդվում: Հետեւաբար՝ սին հույսեր տածելու փոխարեն՝ բանակի վերազինմամբ ու պետության կոտրած մեջքն ուղղելով պետք է զբաղվել:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ