ԵՐԵՎԱՆ-ՆՅՈՒ ՅՈՐՔ Ալեքս Մինասյանը (ծնվ. 1984) ամերիկացի դաշնակահար, մանկավարժ եւ իմպրեսարիո է, որը հայտնի է տարբեր երաժշտական ժանրերում իր բազմակողմանի դրսեւորումներով: Իր կարիերան սկսել է երիտասարդ տարիքում եւ ունի Նյու Յորքի համալսարանի երկու դիպլոմ: Աշակերտել է հանրահայտ ջազ դաշնակահարներ Հենք Ջոնսին, Դոն Ֆրիդմանին, Ժան-Միշել Պիլկին եւ Ջեյմս Ուիլյամսին: Հանդես է եկել այնպիսի նշանավոր բեմերում, ինչպիսիք են «Բըրդլենդը», «Բլյու նոութը», «Ջազ աթ Լինքոլն սենթրը» եւ «Ապոլլո» թատրոնները: Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Ջեյմս Ինգրեմի, Արտուրո Սանդովալի, Շիլա Ջորդանի եւ Հյու Մասեկելայի նման արվեստագետների հետ: Եղել է լեգենդար ջազ երգիչ Ջիմի Սքոթի վերջին դաշնակահարը, նաեւ Մարք Մըրֆիի եւ Բիլի Վերայի դաշնակահարն ու երաժշտական ղեկավարը: Ակտիվորեն ելույթներ է ունենում՝ մասնակցելով խոշոր ջազ փառատոների եւ պարբերաբար հանդես գալով Նյու Յորքում:
Ալեքսի մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս նրա կայքէջը՝ alexminasian.com
–Ալեքս, ի՞նչ երազանքներ ունեիք, երբ սկսում էիք ձեր կարիերան, եւ որքանո՞վ է իրականությունը մոտեցել այդ սկզբնական սպասումներին:
-Ես պարզապես ուզում էի կարողանալ ապրուստ վաստակել երաժշտությամբ, ինչը մեր օրերում բավական դժվար բան է: Ուզում էի նաեւ նվագել այն մարդկանց հետ, որոնց երաժշտությունը լսելով եմ մեծացել: Մինչ այժմ շատ բախտավոր եմ եղել՝ կարողանալով ամբողջովին աշխատել որպես երաժիշտ եւ միաժամանակ հնարավորություն ունենալ սովորելու եւ նվագելու իմ հերոսների հետ:
–Ջազային մեկնաբանություններն ու հանկարծաբանումները երբեմն կարող են չափազանց երկար տեւել: Երբեւէ ամբողջությամբ տարվե՞լ եք այնքան, որ նույնիսկ չեք իմացել, թե ինչպես է ավարտվել ստեղծագործությունը:
-Այս երաժշտությունը կատարելիս պետք է շատ կենտրոնացած լինել: Երբեմն ես իսկապես «կորչում» եմ երաժշտության մեջ, բայց միշտ գիտեմ, թե որտեղ եմ գտնվում ստեղծագործության կառուցվածքի մեջ:
–Ի՞նչ եք բացահայտել ձեր մասին ձեր գործիքի միջոցով, որը այլ կերպ չէիք կարող բացահայտել:
-Սովորել արտահայտել ինքդ քեզ գործիքի միջոցով: Կարողանալ ինքդ քեզ հասկանալ եւ երաժշտության միջոցով ուսումնասիրել, թե ինչ ես զգում տվյալ պահին: Բացի այդ, բացահայտել եմ համառություն, որովհետեւ առաջ շարժվելու եւ զարգանալու ճանապարհին շատ դժվարություններ կան:
–Դուք համագործակցել եք բազմաթիվ հայտնի մարդկանց հետ…
-Այո՛, նվագել եմ լեգենդար ջազ երգիչ Ջիմի Սքոթի հետ, հայտնի որպես Լիթլ (Փոքրիկ) Ջիմի Սքոթ: Նա բեմում շատ արտիստիկ էր եւ ուներ բազմաթիվ երկրպագուներ դերասանական աշխարհից: Նա նաեւ եղել է դերասան-երգիչ Ջո Փեշիի հովանավորն ու ընկերը՝ վերջինիս դեռահասության տարիներին Նյու Ջերսիի Նյուարք քաղաքում: Ջոն հիանալի ջազ երգիչ է եւ երբեմն նույնիսկ մեզ հետ բեմ է բարձրացել:
–Եվ իմ ավանդական հարցը. ձեր հայկական արմատները գալիս են…
-Արեւմտյան Հայաստանից, որն այսօր կոչվում է Արեւելյան Թուրքիա: Սակայն թե որոշակի որտեղից են՝ չգիտեմ, իսկ ով գիտեր՝ այլեւս ողջ չէ: Մեծ տատիկս փրկվել է Ցեղասպանությունից: Նա տեսել է, թե ինչպես են իր ամբողջ ընտանիքին սպանել աչքի առաջ, որից հետո նա հայտնվել է Սիրիայի որբանոցում եւ ի վերջո տեղափոխվել է Ամերիկա:
Մայրական կողմից ես ֆրանսիական կանադական եւ իռլանդական ծագում ունեմ: Թեպետ դրանք տարբեր են հայկականից, երկու կողմս էլ օժտված են ուժեղ հավատով եւ բարոյական արժեքներով: Ցավոք, հայերեն չեմ խոսում, միայն մի քանի բառ գիտեմ: Երբեմն մասնակցել եմ Նյու Ինգլանդ նահանգի հայկական «քեֆ թայմս» կոչվող միջոցառումներին: Շատ եմ սիրում հայկական խոհանոցը, հաճախ գնում եմ Ուոթերթաուն՝ տեղի հայկական հացատներից իմ սիրելի չյորեկը գնելու: Ունեմ նաեւ շատ հայ ընկերներ, եւ երբ ելույթ եմ ունենում, հատկապես Լոս Անջելեսի շրջանում, շատ հայեր են գալիս ինձ աջակցելու:
–Առհասարակ, ովքե՞ր են ձեր սիրելի հայ երաժիշտներն ու արվեստագետները:
-Սիրում եմ ավանդական հայ երաժիշտներից Ռիչարդ Հակոբյանին, Ջոն Բերբերյանին, Մել Բարսամյանին: Կան նաեւ հրաշալի հայ ջազ երաժիշտներ, որոնց հետ նվագում եմ՝ կոնտրաբասահարներ Նոա Կարապետյանը եւ Յան Էշբին եւ թմբկահար Զաք Մալյանը:
–Հայաստանը ջազ սիրող երկիր է. երբեւէ եղե՞լ եք ձեր նախնիների հայրենիքում:
-Չեմ եղել, բայց շատ կուզենայի: Այնտեղ կան հրաշալի ջազ երաժիշտներ, օրինակ՝ իմ ընկեր, հիանալի դաշնակահար Վահագն Հայրապետյանը…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ









