Լինում ն պահեր, երբ անհրաժեշտ է խոսել կամ` ուղղակի լռել։ Սակայն մտածել ու օրվա հիմնախնդիրը` անկախ ժամանակից ու իրավիճակից, անհրաժեշտ է լուծել։ Հայրենիքը, ժողովրդին, նրա դիմագիծն եւ մշակույթը պահպանելու ամենաարդյունավետ միջոցն ու գործիքը պետությունն է։ Պետության գերագույն խնդիրը ժողովրդի եւ նրա ստեղծած մշակույթի պահպանությունն է եւ ապագային միտված զարգացումների արդյունավետ ուղիների որոշումը։ Հայաստանի այսօրվա իշխանությունները լավ չպատկերացնելով խնդիրը` ցանկանում են Հայ ժողովրդի անվտանգության կորստի եւ տարածքների զիջումների գնով պահպանել պետությունը։ Հայրենիքը, կամ կենսատարածքը եւ մշակույթը բացարձակ արժեք են տեղաբնիկ ու տեղածին էթնոսների համար։ Իսկ այսօրվա իշխանությունները մեր հայրենիքի կարեւոր մասերը պատրաստ են կորստի մատնել՝ իբրեւ թե հանուն պետության։ Հետաքրքրական է, ո՞ւմը կամ ի՞նչն է պահպանելու պետությունը, եթե կենսատարածքը, լեզուն, մշակույթը եւ Հայ ժողովուրդն իր հայեցի դիմագծով վերանա։
Դարերի ընթացքում բյուրեղացել է այն կարծիքը, որ հայը հաղթանակներ է ունեցել, երբ միակամ է եղել։ Այսօր էլ, եթե իսկապես ցանկանում ենք մեր ազգի միասնականությունը ապահովել, ամուր պետություն եւ ապագա ունենալ, ապա դա, իմ կարծիքով, կարելի է արմատական լուրջ ինքնաճանաչողութեամբ ապահովել։ Այդ գործընթացը դարձնենք համազգային, ամենօրյա ու ամենժամյա` անկախ տարիքից ու սեռից։ Եթե մեզանից յուրաքանչյուրը չի կարողանում զանազանել գիրն ու տառը, ապա անհուսալի են մեր բոլոր ճիգերը։ Ըստ իս, այստեղից է պէտք սկսել, ինչը այնքան էլ դժվար չէ։ Ընդամենը ծանրակշիռ հոդվածներ են հարկավոր եւ այն, որ երկար-բարակ ճառեր ասողներն իրենց նեղություն պատճառեն ու դրանք ընթերցեն։ Վերջապես հարկավոր է հստակ պատկերացնել, թե մինչեւ ե՞րբ ինքնախաբեությամբ ու կեղծիքների մեջ բարուրված պիտի ապրենք։ Մինչեւ ե՞րբ միմյանց տոներ շնորհավորելիս լավագույն բառերն ընտրենք, իսկ երբ անհրաժեշտ լինի իրար օգնել` մատը մատին չտանք։
Հավանաբար պատմաբանի մասնագիտությանս պարտադրմամբ 1988-ի փետրվարից` Արցախյան շարժումից սկսած, մասնակցել ու մասնակցում եմ երեւանյան կենցաղի անբաժանելի մաս դարձած միտինգ-ցույցերին, որպեսզի ինքս տեսնեմ ու հասկանամ, թե ներսում ինչ է կատարվում։ Երբ ժամանակ եմ ունենում, երբեմն լինում եմ Ֆրանսիական հրապարակում։ Հանդիպում, զրուցում եմ ծանոթներիս հետ, մտքեր փոխանակում։ Վերջին այդտեսակ հանդիպման ընթացքում էլ զրուցեցինք։ Երբ փորձեցի իմ մոտեցումներն արտահայտել եւ նշել իրենց թերացումներն ու բացթողումները, ինձ համար պարզ դարձավ, որ նրանք այնքան էլ հակված չեն որեւէ մեկի (կապ չունի՝ որքան է նա հասկանում ու պատկերացնում հիմնախնդիրները) խոսքը լսելու։ Կարեւոր չէ, լավ բան ես ասում, թե վատ, ձեռնտու է իրենց, թե ոչ։ Երբ ասացի, որ իրենց շարժումն ավել արդյունավետ կլինի, եթե նրանում ներառնվի նաեւ սոցիալական բաղադրիչը, պատասխանեցին` դու գիտնական ես, գրի, բացատրի դա։ Իսկ երբ ասացի, որ արդեն գրել ու մամուլում հրապարակել եմ, պատասխանը եղավ… գրողները շատ են, իսկ գործ անող չկա…
Շփոթված էի։ Անիմաստ էր նույնիսկ բանավիճելը։ Անկասկած, անհրաժեշտ է պայքարել, որ օրվա իշխանությունները զսպաշապիկի մեջ լինեն, սխալներ թույլ չտան։ Բայց տվյալ պահին դեռ չկողմնորոշվածներին, օրվա հացի խնդիր լուծողներին իրենց կողքին չլինելու համար վիրավորական որակումներով բնորոշելը հեռուն չի տանի։ Պարզ, նույնիսկ պարզունակ մի ճշմարտություն կա. եթե իրավացի ես, ուշ թե շուտ հաղթանակը քոնն է լինելու, իսկ այդ դեպքում հարկավոր է ընդամենը աշխատել ու մարդկանց բացատրել քո իրավացիությունը։ XIX դարի կեսերին դարավոր ընդարմացումից դուրս բերելու համար սկզբում հատուկենտ, իսկ հետո մեծ թվով նվիրյալներ բուք ու բորանին, շոգ ու տապին դիմանալով, չոր ու ցամաք հաց կրծելով վտանգելով իրենց կյանքը շրջում էին Հայաստանում, անցնում գավառից-գավառ ու բացատրում-համոզում էին, որ այլեւս անհնար է ստրուկի հոգեկերտվածքով գոյատեւել։ Արդյունքում նրանք ոչ միայն կարողացան դարավոր թմբիրից դուրս բերել, այլեւ ոտքի հանեցին հային ու անզիջում գոյապայքարի տարան։
Այնպես որ, ինքնաճանանչողության, մշակույթի, մեր սկզբնային գիտելիքի վերհանման, ճիշտ եւ հայեցի դաստիարակության շնորհիվ, այսինքն` մեր պատմական արմատներից սնվելով մենք միայն կարող ենք բարձրանալ։ Բայց կարծում եմ, որ նախ պետք է արթնանանք թմբիրից, դուրս գանք շեղվածությունից։ Սովորաբար այդպիսի իրավիճակներից մարդը դուրս է գալիս երբեմն ապտակի միջոցով։ Կարծում եմ, որ մեր դեպքում էլ դա պիտի օգներ, բայց 44-օրյայի, այդքան մատաղված ու խեղված տղաների, տարածքային ահռելի կորուստների ցավը մեզ պիտի որ հաներ խորը քնից, գիտակցության բերեր, բայց, ցավոք, այնքան էլ այդպես չէ։
Դեռ ավելին, ամերիկացիները, որ հաջողեցին հանուն Ռուսաստանի դեմ անհաշտ պայքարի նացիզմն օրինականացնել Եվրոպայում, անուղղակի սպառնալիք է նաեւ մեզ համար։ Քանի որ գաղտնիք չէ, որ Ռուսաստանի պարտությամբ աշխարհը կփոխվի, իսկ նոր ձեւավորվող աշխարհակարգում մենք կհայտնվենք շփոթված ու անօգնական վիճակում։ Ականատես եղանք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երբ եկավ Մոսկվա ու հանդիպեց Պուտինին, նրա միակ դարդուցավը «Ազով» նացիստական գնդի փրկությունն էր Մարիուպոլում։ Այսինքն, էլ ուրիշ պրոբլեմ չկար ո՛չ Ուկրաինայում եւ ո՛չ էլ աշխահի այլ մասում, որ ամենակարեւոր միջազգային կառույցի ղեկավարը Մոսկվայում ռուս առաջնորդի հետ քննարկում է նացիստների փրկության հարցը։ Ավելին, Հռոմի պապն էլ էր աղոթում նրանց համար եւ երբ պրն Ֆրանցիսկոսը ընդունեց նացիստ տեռորիստների կանանց եւ իր հիացմունքն հայտնեց նրանց ամուսինների գործունեության համար, մեզ մնում էր միայն հիանալ։ Պատկերացնո՞ւմ եք ուր են հասել իրենց սրբապիղծ քաղաքականությամբ ամերիկացիները։ Էլ մաքուր բան, ինչ-որ սրբություն չեն թողել Եվրոպայում, Հռոմի պապին են լծում իրենց կեղտոտ գործերի մեջ, նա էլ լծվում է… Խայտառակություն է սա եւ ոչ այլ բան։
Ընդհանրապես, ուզում եմ ընդգծել, որ մեկընմիշտ պարզ լինի. Մոհամեդի աշխարհում հայտնվելուց հետո, ովքեր կասկածում են, որ առանց Ռուսաստանի այս մուսուլմանաշատ տարածաշրջանում կարող էր Հայաստան գոյություն ունենալ, թող ընդմիշտ հիշեն, որ այսօրվա Հայաստանի տարածքում երբեք ոչ մի քրիստոնեական երկիր չէր կարող լինել, դա բացառվում էր։ Քրիստոնյա ազգ այստեղ կարող էր գոյություն ունենալ միայն ու միայն հզոր Ռուսաստանի ներկայության դեպքում։ Այդպես էլ եղավ 1828 թ.։ Նիկոլայ առաջին ցարի, Ներսես Կաթողիկոսի, Պասկեվիչի ու Գրիբայեդովի մեծ ջանքերով տարածաշրջանի հայերը վերաբնակեցվեցին այս տարածքում, որը գրավել էին ռուսները պարսիկներից։ Նախկինում եւ այսօր էլ Հայաստանը գոյություն ունի զուտ ռուսական ռազմական բազաների շնորհիվ։
Պատմական բոլոր շրջափուլերում որեւէ հողի վրա ապրելու իրավունքը ձեռք է բերվել բնիկ լինելով, իսկ հետագա դարերում ավելի հաճախ` միայն ուժով։ Եթե ցանկանում եք տիրանալ տվյալ հողակտորին, ապա նախ պետք է այն գրավել ուժով, հետո կգտնվեն համապատասխան թվով իրավաբաններ ու պատմաբաններ, որոնք կապացուցեն ձեր արդար եւ բնական իրավունքները տվյալ հողակտորի նկատմամբ։ Հետո էլ կհայտնվեն «միջազգային հանրություն», «համամարդկային արժեքներ», «պատմական արդարություն» եւ նմանատիպ այլ տերմիններ, որոնք ընդամենը սրբագրում են ուժի իրավունքի կատարածը։ Սա է եղել, կա եւ կլինի իրականությունը։
Հայերից իրենց ունեցածը միշտ խլվել է հենց այս սցենարով, որովհետեւ մեր հավաքական ես-ի մեջ նստած կասկածամտության եւ չկամության պատճառով չենք ստեղծել մերը, մեր ուժի իրավունքը։ Իսկ ուժի իրավունքի սնուցման կենարար երակը պատմությունից դասեր քաղելն ու հավատն է սեփական պատմության եւ արմատների նկատմամբ։ Այսօր կրկին ակտիվացել է «անկլավների» թեման։ Խոսքը վերաբերում է Տավուշի մարզի մի քանի բնակավայրերին՝ Բաղանիս Այրում, Ներքին Ոսկեպար (Աշաղի Աքսիպարա), Վերին Ոսկեպար (Յոխարի Աքսիպարա), Խեյրիմլի, Սոֆուլու, Բարխուդարլու, Կըզըլ Հաջիլի, ինչպես նաեւ Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի), որոնք Հայաստանի կազմում հանդիսանում էին Ադրբեջանի անկլավներ։ 1990-1991 թթ․ ի վեր դրանք հայկական վերահսկողության տակ են։ Ներկայումս ադրբեջա-նական կողմը հանդես է գալիս նշված բնակավայրերն իրեն հանձնելու պահանջով։ Տարբեր մասնագետներ, հասարակական, մշակութային, գիտական գործիչներ վերջին ամիսներին հանդես եկան հրապարակումներով եւ հիմնավորեցին ադրբեջանական կողմի պահանջների անհեթեթությունը եւ մեր պատմական իրավունքներն այդ բնակավայրերի նկատմամբ։ Մենք էլ փորձենք հակիրճ ներկայացնել պատմական հիմնավորումներ.
ա)1804-1813թթ. եւ 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմներից հետո Արեւելյան Հայաստանը փուլ առ փուլ միացվեց Ռուսաստանին։ Արեւելահայկական հողերի մի մասը նախ ընդգրկվեց Հայկական մարզում, ապա 1849թ. հիմնված Երեւանի նահանգի կազմում։ Արեւելահայկական հողերի մի մասն էլ ներառված էր Թիֆլիսի եւ Ելիզավետպոլի նահանգների կազմում։ 1918թ․ մայիսից Այսրկովկասում ձեւավորվեցին երեք անկախ հանրապետություններ, որից հետո Հայաստանի հյուսիս-արեւելյան եւ արեւելյան սահմանագծի բնակավայրերի նկատմամբ հարեւանները հանդես եկան տարածքային պահանջներով։ Շուրջ մեկ դար տեւած անհամաձայնություններից ու թշնամանքից հետո, մեր օրերում Ադրբեջանը հավակնություններ ունի Տավուշի մարզի Բաղանիս Այրում, Ներքին Ոսկեպար, Վերին Ոսկեպար եւ այլ մի քանի գյուղերի նկատմամբ, որոնք մինչեւ 1990 թ. անկլավների ձեւով հանդիսացել են Ադրբեջանի մաս։ Նշենք, որ Ոսկեպար գյուղը ձեւավորվել է առնվազն 6-7-րդ դարերում եւ երբեմն-երբեմն տեղափոխվել է։ Ոսկեպարի թողնված տարածքներում 19-րդ դարի վերջից սկսել են բնակություն հաստատել նստակյաց անասնապահությամբ զբաղվող թուրքեր-թաթարները։ Իսկ Բաղանիս Այրում, Խեյրիմլի, Սոֆուլու, Բարխուդարլու, Կըզըլ Հաջիլի գյուղերը հիշատակված չեն 1932 թ. Երեւանում Զավեն Կորկոտյանի հեղինակությամբ հրատարակված «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)» աշխատության մեջ։ Կնշանակի, որ դրանք մինչեւ 20-րդ դարի սկիզբ եղել են ուղղակի սեզոնային բնակատեղիներ եւ ընդգրկվել են այլ գյուղական համայնքների կազմում՝ չունենալով տեղական ինքնակառավարման մարմին։ Պատճառը ոչ միայն եղել է թուրք-թաթարական տարրի սակավությունը, այլեւ նրանց՝ տվյալ վայրում ոչ մշտական բնակության հանգամանքը։ 1920թ․ հունվարին Հայաստանի Առաջին Հանրապետությունը երբ ճանաչվեց Դաշնակիցների կողմից, ՀՀ կառավարության իրավազորությունը տարածվել է նաեւ այս տարածքների վրա։ 1920թ․ դեկտեմբերի 2-ի Երեւանի համաձայնագրի (ՀՀ եւ խորհրդային Ռուսաստանի միջեւ) կնքման պահին ու դրանից հետո վերոնշյալ գյուղերը հանդիսացել են խորհրդային Հայաստանի մաս։ Այդ մասին գիտականորեն ապացուցված է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի կողմից 2020թ․ հրատարակած «Հայկական տարածքների բռնակցումը Թուրքիային եւ խորհրդային Ադրբեջանին 1920-1930-ական թվականներին» աշխատության մեջ, որի հավելված հանդիսացող քարտեզում ներկայացված է խորհրդային Հայաստանի տարածքը մինչեւ 1922 թ. սկիզբը։ Ընդ որում, հատուկ նշելի է, որ Հայաստանի տարածքը 1920 թ. դեկտեմբերի 2-ին պետք է կազմեր 43․000, որից 1922 թ. սկզբին մնացել էր 32,000-33,000, իսկ 1936-ին՝ մոտ 29,800 քառակուսի կիլոմետր։ Խորհրդայնացումից հետո՝ 1920-30-ական թթ. խնդրո առարկա գյուղերի պատկանելության հարցը բազմիցս քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության, ինչպես նաեւ Անդրկովկասյան ֆեդերացիայի կենտրոնական մարմինների կողմից։ Այսինքն, մինչեւ 1929 թ. Տավուշի մարզում ադրբեջանական անկլավներ գոյություն չեն ունեցել։
Ինչ վերաբերում է Արծվաշենին, ապա Անդրֆեդերացիայի կենտգործկոմի 1927 թ. հունվարի 11-ի որոշմամբ Շինիխ-Այրումի շրջանի ամբողջ տարածքը (11,659 դեսյատին) ճանաչվեց Ադրբեջանի Ղազախի շրջանի մաս։ Բայց, քանի որ այդ որոշման արդյունքում Արծվաշենը կտրվելու էր Հայաստանից, դրա փոխարեն Ղազախի շրջանում առանձնացվեց մի հողաշերտ՝ ամառային արոտավայր, որի շնորհիվ Արծվաշենը ցամաքային ճանապարհով կկապվեր Հայաստանի հետ։ Հետագայում այդ նեղ հողաշերտն էլ անցավ Ադրբեջանին։ Այսպիսով, մինչեւ 1930-ական թթ. Տավուշի մարզի տարածքում անկլավներ գոյություն չեն ունեցել, իսկ Արծվաշենը Հայաստանի հետ ունեցել է ցամաքային ուղիղ կապ։
1936 թ. ԽՍՀՄ կազմում Հայկական ԽՍՀ անմիջականորեն ներառվելու պահին անկլավներն արդեն գոյություն ունեին։ Կնշանակի, որ մեզ համար ճակատագրական դարձած փոփոխություններն ամենայն հավանականությամբ տեղի են ունեցել 1932-1936 թվականներին։ Ինչ վերաբերում է Տիգրանաշենին, ապա 1921թ. հոկտեմբերի 13-ին Կարսում ստորագրված թուրք-անդրկովկասյան պայմանագիրը չնչին փոփոխություններով հաստատեց նույն թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի դրույթները։ Չնչին բացառություններից մեկն էլ այն էր, որ Երեւանի գավառի հարավում գտնվող, շուրջ 260 քառակուսի կիլոմետր կազմող եռանկյունին, որը ներառում էր Տիգրանաշենը (նախկինում` Քյարքի), ինչպես նաեւ Ջաֆարլու-Գենուտ գյուղերը, ընդգրկվեցին խորհրդային Հայաստանի սահմաններում։ Այսինքն, թե՛ ծագումնաբանության եւ թե՛ իրավական տեսակետից այդ տարածքները հայկական են, մնում է դիմանալ այս պահին «ուժն է ծնում իրավունքը»-ի ճնշմանը եւ ամեն ինչ լավ կլինի։
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պրոֆեսոր