Փետրուարի 24-ին, Երեւանի տարէցների տներից մէկում 81 տարեկան հասակում վախճանուել է իրաքահայ դերասանուհի Ազատուհի Սամուէլը (Լաչինեան): Նա առաջին աղջիկն էր, որ ուսանել էր Բաղդադի Գեղարուեստի ինստիտուտի դրամատիկական արուեստի բաժնում: Տակաւին սովորելու տարիներին Ազատուհին մասնակցել է մի քանի թատերախաղերի, աչքի ընկել «Օթելլո» եւ «Էդիպ արքայ» ներկայացումներում: Աշխատել է իրաքեան բազմաթիւ խմբերի, մասնաւորապէս՝ «Ժամանակակից գեղարուեստական թատերախմբի» հետ: Տասնեակ թատերական բեմադրութիւններում գլխաւոր դերեր ստանձնած Ազատուհին, որը յայտնի էր որպէս «իրաքեան թատրոնի սրբուհին», մասնակցել է իրաքցի հեղինակների թատերախաղերի բազմաթիւ բեմադրութիւնների («Լապտերները», «Բանալին», «Փոթորիկը», «Արմաւենին եւ հարեւանները», «Մեռելների յեղափոխութիւնը»): Վերջին անգամ բեմ է բարձրացել 2006 թուականին՝ «Պատերազմի կանայք» թատերգութեան մէջ: Նաեւ նկարահանուել է «Երկու դէմք նկարի մէջ» (1989), «Տխուր առաւօտ» (1991), «Կարանտին» (2010) շարժանկարներում, «Ստուերի մարդը» (1993), «Տիկին Վահիդէի աշխարհը» (1997), «Գործ 238» (2001) հեռուստաշարքերում:
2015 թուականին արաբալեզու «Ալ Ախպար» օրաթերթը գրել է, որ Ազատուհի Սամուէլն անկողնային հիւանդ է եւ օգնութեան կարօտ: Հաւանաբար այդ ահազանգից յետոյ հայրենակիցները նրան տեղափոխել են Հայաստան:
Իր կեանքը հայկական շրջանակներից հեռու ապրած, սակայն Հայաստանում իր վախճանը գտած Ազատուհի Սամուէլն իր անունն է թողել Իրաքի արաբալեզու թատրոնի եւ շարժանկարի պատմութեան մէջ:
Ա. Բ.