Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այցը Թեհրան

36

Արդյո՞ք   Թեհրանի ու Բաքվի միջեւ թյուրըմբռնումների փուլը հաղթահարված է

Ադրբեջանի ԱԳ նախարարի Թեհրան կատարած այցելության առիթով, որը տեղի է ունեցել հուլիսի 4-ին, Իրանի ԱԳ նախարար Ամիր-Աբդոլլահիանն իր թվիթերյան  էջում գրել  է. «Եղբորս՝ Ջեյհուն Բայրամովի հետ զրուցել ենք  կարեւոր ու բարեկամական հարցերի շուրջ:  Քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային բնույթի հարցեր: Ընդգծվել է տարածքային ամբողջականության սկզբունքի ու ինքնիշխանության նկատմամբ հարգանքի հիման վրա Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցը»:

Սակայն մեզ հայտնի չէ, թե Արցախյան հարցը լուծված համարող երկրի արտգործնախարար Բայրամովն ինչպե՞ս է արձագանքել տարածքային ամբողջականության սկզբունքի ու ինքնիշխանության նկատմամբ հարգանքի հիման վրա Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը վերաբերող նախարար Ամիր-Աբդոլլահիանի թվիթերյան գրառմանը:

Ամիր-Աբդոլլահիանը նաեւ հայտնել է՝  «անցնող տասն  ամիսների ընթացքում Թեհրանն ու Բաքուն կարողացել են հաղթահարել թյուրըմբռնումների

փուլը եւ թեւակոխել  բազմակողմ  հարաբերությունների հարաճուն զարգացման փուլ»: 

Տպավորությունն այնպիսին է, որ իրոք, Թեհրանն ու Բաքուն կարողացել են հաղթահարել 44-օրյա պատերազմի հետեւանքով  երկկողմ  հարաբերություններում ի հայտ եկած  թյուրըմբռնումների փուլը, որի վկայություններից է համարվում Ջեյհուն Բայրամովի համար ԻԻՀ նախագահ Ռայիսիի եւ մեջլիսի խոսնակ Ղալիբաֆի հետ նախատեսված արարողակարգային  բարձր մակարդակի հանդիպումները:  Եվ  քանի որ Թեհրանը Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում մշտապես փորձել է պահպանել արարողակարգային էթիկայից բխող հավասարակշռությունը,  հնարավոր չէր չնկատել  2021 թվականի հոկտեմբերի 4-ին Թեհրան այցելած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի օրակարգում ԻԻՀ նախագահ Ռայիսիի  հետ հանդիպում չնախատեսելու փաստը: 

Թյուրըմբռնումների  փուլը հաղթահարված համարելու մասի՞ն է արդյոք վկայում  նաեւ   ԱԳ  նախարարների մակարդակով Թեհրանում անցկացվող  Թուրքիա-Իրան-Ադրբեջան եռակողմ հանդիպում անցկացնելու  շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը:

Հիշեցնենք, որ այս ձեւաչափով վերջին՝ հինգերորդ հանդիպումը տեղի է ունեցել 2017 թվականի դեկտեմբերի 17-ին Բաքվում, իսկ առաջինը՝  30 տարի առաջ` 1992 թվականի ապրիլի 16-ին, Իրանի Արեւմտյան Ատրպատական նահանգի վարչական կենտրոն Ուրմիա քաղաքում՝ արտգործնախարարներ Ալի Աքբար Սալեհիի, Էլմար Մամեդյարովի եւ Ահմեդ Դավութօղլուի  մասնակցությամբ: 

1992թ. տեղի ունեցած Իրան-Հայաստան-Ադրբեջան ձախողված եռակողմ հանդիպումից հետո իրանական կողմը մշտապես ցանկություն էր հայտնում  հարեւան երկրների մասնակցությամբ  տարբեր ձեւաչափերի եռակողմ եւ բազմակողմ հանդիպումներ կազմակերպել, ինչը, սակայն,  տեղի չէր ունենում կողմերի անհամաձայնության պատճառով: Առաջին եռակողմը կազմակերպվել էր ԷԿՕ-ի` տնտեսական համագործակցության տարածաշրջանային կազմակերպության շրջանակներում, հետեւաբար այն համարվում էր տնտեսական բնույթի եռակողմ համագործակցություն: Սակայն, տնտեսական ծրագրերի իրագործման համար ձեւավորված այդ  եռակողմը հետագայում իր բովանդակությունը հարստացրեց նաեւ քաղաքական հարցերով: Եվ քանի որ Ամիր-Աբդոլլահիանն իր գործընկերոջ՝ Բայրամովի հետ կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թեհրանում  նախատեսվող Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ  հանդիպման լուրը հայտնելուց անմիջապես հետո անդրադարձավ նաեւ Իրանում անցկացվելիք 3+3 ձեւաչափով հանդիպմանը, առիթ տվեց ենթադրելու, որ Թուրքիա-Իրան-Ադրբեջան եռակողմի օրակարգային հարցերից մեկը վերաբերելու է Իրան-Ադրբեջան- Թուրքիա-Վրաստան-Ռուսաստան-Հայաստան ԱԳ նախարարների մասնակցությամբ 3+3 ձեւաչափին, որի կապակցությամբ, ինչպես հայտնել է ԻԻՀ ԱԳ նախարարը, ներկայումս մասնակից պետությունների ավագ փորձագետների մակարդակով Իրանում տեղի են ունենում քննարկումներ:   

Թե ովքեր են 3+3 ձեւաչափի առնչությամբ Իրանում ընթացող քննարկումներին մասնակցող  հայկական կողմի ավագ փորձագետները,  մեզ հայտնի չէ: Հայտնի չէ նաեւ նշված ձեւաչափում  ներառված մյուս երկրների ավագ փորձագիտական խմբերի մակարդակը: Անորոշ է մնում նաեւ այս ձեւաչափի  հարցում վերապահ մոտեցում որդեգրած Հայաստանի ու  Վրաստանի կեցվածքը:

 Արդյո՞ք երկկողմ  հարաբերություններում թյուրըմբռնումների հաղթահարումն ազդարարող վկայություններից  էր նաեւ Բայրամովի՝ Թեհրանում գտնվելու ժամանակ Ադրբեջանի նախագահ  Իլհամ  Ալիեւի Իրան այցելելու մասին ձեռք բերված պայմանավորվածությունը:

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այցի մասին Իրանի ԱԳ նախարարության ոչ պաշտոնական ամբիոնի համարում ունեցող   Iranian diplomacy էլեկտրոնային թերթը «Թեհրանյան այցն ու հայացք Անկարայի ուղղությամբ» վերտառությամբ իր հոդվածն սկսում է «Իսկապե՞ս Իրանն ու Ադրբեջանը հաղթահարել են թյուրըմբռնումների փուլը»  հարցադրումով:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանում ՀՀ նախկին դեսպան