Ադրբեջանի՝ հայկական քրիստոնեական ժառանգությունը ոչնչացնելու ծրագիրը, ավաղ, առայժմ միայն քրիստոնյաներին է մտահոգում

103

«Ազգ»ի նախորդ համարում իրազեկել էինք, որ Գերմանիայի եւ Ավստրիայի կաթոլիկական գործակալությունները մտահոգություն էին հայտնել Ադրբեջանի՝ Արցախի հայկական քրիստոնեական մշակութային քարե իրողությունները ոչնչացնելու՝ ակնհայտ բարբարոսական գործողությունների կապակցությամբ:

Փետրվարի 19-ին կաթոլիկական «Դի թագեսփոստն» անդրադարձել է հույժ կարեւոր այս խնդրին՝ ծավալուն հարցազրույց հրապարակելով Յասմին Դում-Թրագութի հետ: Հիշյալ հարցազրույցում վերջինս հիանալի ներկայացնում է հայ ժողովրդի քրիստոնյա ժառանգությունը, Արցախ աշխարհում դրա վաղնջական գոյությունը: «Շատերը չգիտեն, որ Ղարաբաղը վաղ քրիստոնեական՝ 5-7-րդ դարերի եկեղեցիներ ու վանքեր ունի, որ օտար նվաճողների դեմ դիմադրության կենտրոն է եղել, որ Հայաստանի մշակութային, ինքնիշխան փոքր տարածք է եղել՝ լեռնային, կանաչ, տեղ-տեղ կուսական բնաշխարհով», նկարագրում է ավստրիացի հայագետը:  «Ղարաբաղի հազարամյա մշակութային ժառանգությունը չպետք է ոչնչանա», իր պահանջն է ձեւակերպում վերջերս Սուրբ Էջմիածնում այդ արժեքների պաշտպանությանն կոչված, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արեւելքի հետազոտական կենտրոնի հայկական ուսմանց բաժնի ղեկավար Դում-Թրագութը: Փետրվարի 21-ին «Ադրբեջանցիները մշակութային ցեղասպանություն են ծրագրում» վերնագրով հրապարակում է զետեղել նաեւ գերմանական Վեցլար քաղաքում նստավայր ունեցող idea ավետարանական անկախ լրատվական գործակալությունը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ