Սկիզբը` նախորդ համարում եւ վերջ
– Ասպարեզ նետված լուրերը մարգարեությունների պես ինչ-որ առումով իրականանում են: Տարածվող լուրերի զոհը գործում է ինքն իրեն պաշտպանելու համար: Հայերի պարագային ինքնապաշտպանական գործողությունները տպավորություն են ստեղծել, թե նրանք զինված ու վտանգավոր են եւ մտադիր են եղել ագրեսիայի: Ձեր ցնցող նարրատիվում ես զգացել եմ այդ տագնապալի էներգիայի կուտակումը: 1800-ականների վերջին Աբդուլ Համիդ II-ի ձեռքով հայերը ենթարկվեցին անասելի սպանդի: Տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին: Հայերը ոգեշնչված էին 1908 թվականի հեղափոխությամբ եւ սահմանադրության մշակմամբ, որը նրանց պաշտպանություն, ներկայացվածություն եւ ձայնի իրավունք էր տալիս: Բայց խոցելի լինելու մաշեցնող զգացումն առկա էր հայկական մեծ կամ փոքր համայքներում: Նրանք չէին պատրաստվում նստել ու սպասել նորից ու նորից կոտորվելուն: Ուրեմն՝ նրանք զինվեցին եւ այդպիսով ամրապնդեցին օսմանյան այն գաղափարը, թե հայերը մտադիր են սպանել իրենց:
– Իմ հետազոտություններում ես ոչ մի ապացույց չգտա հայերի կողմից Ադանայի տարածաշրջանում թագավորություն հիմնելու մեծ ծրագրի վերաբերյալ: Նրանք գնո՞ւմ էին զենք: Այո: Նրանք այդ զենքերը կիրառում էին մոբիլիզացված խուժանի դեմ իրենց եւ իրենց ընտանիքներին պաշտպանելո՞ ւ համար : Այո, այդպես է: Այդ ժամանակաշրջանի, հայկական գաղտնի փաստաթղթերում այդուհանդերձ դժգոհություն կար, որ զենքի ձեռքբերումը շատ դանդաղ էր ընթանում: Համիդյան կոտորածները (1894-1896) խոր արմատներ էին գցել հայության հավաքական հիշողության մեջ: Զենք ունենալու նպատակը ռեակցիոն ուժերի անսպասելի հարձակումից իրենց համայնքները պաշտպանելն էր: Փաստացիորեն, այդ զենքերը ջարդերի առաջին ալիքի ժամանակ օգտագործվել են պաշտպանական նպատակներով: Ինչեւէ, զենք գնող եւ վաճառող հայերը լուրջ անհանգստություն առաջացրին մահմեդական բնակչության շրջանում, որոնց համար զենքն ու հայերը ասոցացվում էին միայն հայ հեղափոխական մարտիկների (ֆեդայիներ) հետ: Մինչ թուրքական պատմագրությունը, թե՛ անցյալում եւ թե՛ ներկայում, մեղադրում է հայերին զենք գնելու համար, նրանցից որեւէ մեկը չի քննարկում, այն, որ մահմեդական բնակչությունն ինքն էր մոլագարորեն զենք գնում եւ վաճառում , գուցե 4-5 անգամ ավելի, քան հայ բնակչությունը:
– Ես հաճախ եմ մտածել, որ թուրքերն իսկապես չէին կարող հանդուրժել հայերի ներկայությունը իրենց մեջ: Հայերի ներկայությունն իսկ անհանգստացնող հանգամանք էր հայրենիքի՝ թուրքական ընկալման համար: Ի տարբերություն հույների կամ հրեաների, որոնք եւս կայսրության ակտիվ էթնոսներից էին, հայերը՝ թուրքի այստեղ ոտք դնելուց հազար տարի առաջ այս հողերն իրենց տունն էին անվանել: Նրանց վանքերը, եկեղեցիները, գեղարվեստական եւ ճարտարապետական ներդրումները անհնար էր անտեսել. նրանք գործունյա էին եւ ամենուրեք էին վաճառականության, արհեստների, հողագործության մեջ: Թուրքերի համար գրեթե անհնարին էր հավատալ, որ այդ մարդիկ մի օր չեն պոռթկա , չեն հարձակվի եւ չեն փորձի վերատիրել կորցրածին, իրենցից թալանվածին՝ պատմությանը, արժանապատվությանը եւ ինքնությանը: Ես կարծում եմ, որ ամերիկացիների ենթագիտակցության մեջ եւս նմանատիպ մի բան կա՝ անհանգստության եւ հուսահատության զգացում, բռնության հանդեպ հակվածություն՝ կապված բռնազավթման, բնիկ ժողովուրդների ոչնչացման եւ ստրկատիրության մեծ խայտառակության հետ: Հայկական իրականության փաստը խցանվել է թուրքական ենթագիտակցության մեջ: Կոտորածների պատրվակը արձանագրված է, հոգեկանի մեջ է. որպեսզի թուրքական ինքնությունն ու հայրենիքը լիովին իրագործվեին, պետք էր վերացնել այդ մարդկանց, հիմնահատակ ավերել նրանց կոթողները, ջնջել նրանց ներկայությունը: Նույնիսկ մինչ օրս թուրքերի համար ընդունել Ցեղասպանությունը նշանակում է ընդունել, որ այն, ինչ նրանք տուն են անվանում, իրականում նաեւ ուրիշ ժողովրդի տունն է:
– Կարեւոր հարցեր եք բարձրացնում, բայց ես կպատասխանեմ որպես պատմաբան, ոչ որպես հոգեբան : Այնուամենայնիվ, 1878-ի Բեռլինի պայմանագրից հետո Հայկական հարցի միջազգայնացման հետ մեկտեղ իրար հաջորդող օսմանյան կառավարությունները եւ իշխող վերնախավերը ստիպված եղան առերեսվելու իրականության հետ: Ի տարբերություն բալկանյան նահանգների, որոնք աշխարհագրորեն գտնվում էին Օսմանյան կայսրության արեւմտյան մասում, հայերը Անատոլիայի սրտում էին, որի մեծ մասը համարվում էր պատմական Հայաստան: 1912-1913 թվականների Բալկանյան պատերազմներից հետո, երբ բալկանյան պետությունները օսմանցիներից կարողացան անկախությունը ձեռք բերել, օսմանյան կառավարությունը տագնապած էր, որ նման մի սցենարը կկրկնվի Անատոլիայում, որն այդ ժամանակ թուրքական ազգայնականության կենտրոնն էր: Միմյանց հաջորդող օսմանյան կառավարությունները (համիդյան եւ երիտթուրքական վարչակարգերը) հակված չէին լուծում գտնել Հայկական հարցին: Նրանց համար Հայկական հարցի արմատը առկախված խնդիրների եւ օսմանյան գործերին եվրոպական տերությունների անընդհատ միջամտությունն էր: Անգամ 1914 թ. Հայկական բարենորոգումների նախագիծը, որը որոշակի հույս էր ներշնչել գավառների հայությանը, փոփոխության չհանգեցրեց: Այն չեղարկվեց «Միություն եւ առաջադիմություն» կոմիտեի կողմից, երբ օսմանցիները կենտրոնական ուժերի կազմում ներգրավվեցին Առաջին համաշխարհային պատերազմի մեջ: Հանդիպելով իրական արտաքին թշնամիների եւ երեւակայական ներքին (հայկական) թշնամիների, Միություն եւ առաջադիմություն կոմիտեի միջուկը որոշեց վերջնականապես լուծում գտնել Հայկական հարցին` կազմակերպելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Հայերի բնաջնջմանը հաջորդեցին հազարավոր հայկական եկեղեցիների, դպրոցների եւ այլ վկայությունների ավերումը, որ երբեւէ կարող էին փաստել այնտեղ հայերի ներկայության մասին:
– Մինչեւ ցեղասպանությունը Թուրքիայում կային մոտ 2600 հայկական կրոնական վայրեր, այդ թվում՝ եկեղեցիներ եւ վանքեր: Արվեստի հիասքանչ գործեր , մասունքներ, գրադարաններ ու ձեռագրեր, որոնցից շատերը թվագրված էին վաղ քրիստոնեական շրջանից, գրեթե ամբողջությամբ կողոպտվել են կամ մոխրի վերածվել: Բայց այսքանով չի ավարտվում մեր մշակույթի ավերումը: Ադրբեջանցիները Ջուղայում փոշու վերածեցին մոտ 5000 հնագույն խաչքարեր (նուրբ փորագրություններով հայկական տապանաքարեր), ընդամենը մի քսան տարի առաջ: Հենց աշխարհի աչքի առաջ:
– Այո՛, այս հրեշավոր արարքների վերջին արարը թուրքական հավաքական հիշողությունից հայկականության մասին գիտելիքի ջնջումն էր : Տասնամյակներ շարունակ շրջանառվող այն տեսությունը, թե Մուստաֆա Քեմալի կողմից ստեղծված թուրքական հանրապետությունը օսմանյան անցյալի հետ ընդհատել է կապը, այլեւս որեւէ հիմք չունի: Պատմաբանները ցույց են տվել, որ հաստատությունների, իշխանությունների, ցեղասպանողների եւ փոքրամասնությունների նկատմամբ խտրական քայլերի առումով երկու վարչակարգերի միջեւ կա հստակ ժառանգականություն: Այսպիսով, անհերքելի է, որ այսօրվա Թուրքիայի Հանրապետությունը ցեղասպան պետության իրավահաջորդն է եւ պատասխանատու է Հայոց ցեղասպանության զոհերի եւ նրանց սերունդների առջեւ:
– Գիրքը վեր է հանում մի շարք սոսկալի փաստեր, որոնք կարծես ծաղր լինեն եւ կարծում եմ, արժե ուշադրություն դարձնել դրանց վրա: 1908-ի հեղափոխությունից հետո հին ռեժիմը մի կողմ մղվեց եւ ըստ էության հեռացվեց ու ստեղծվեց լիբերալ էգալիտար սահմանադրություն: Գրեթե անմիջապես հասարակական դաշտը ողողվեց հրապարակումներով, ներկայացումներով, ժողովրդական տոնախմբություններով՝ որպես առհավատչյա մշակույթի ծաղկման: Նման բան տեղի ունեցավ նաեւ Ռուսաստանում ցարի գահընկեց լինելուց հետո. գրողներ, նկարիչներ, քաղաքական կուսակցություններ, բոլորն ազատագրվեցին՝ հեղեղելով հանրային ոլորտը հետհեղափոխական Ռուսաստանի ապագայի մասին կարծիքների եւ հայացքների արտասովոր բազմազանությամբ: Նմանապես, երկու մեծ պատերազմների միջեւ ընկած ժամանակահատվածում Վայմարյան Գերմանիան, որը նույնպես զրկված էր գահից, կարծիքների եւ տեսակետների բազմազանության արտահայտման օջախ էր: Փաստորեն, հենց այս ամենաթողության միջավայրում էր, որ նացիստական կուսակցությանը արտոնություն տրվեց զարգանալ եւ թափ հավաքել: Արեւմտյան տեսանկյունից, իրադարձությունների նման շրջադարձը չէր կարող կանխատեսել ոչ այլ ինչ, քան դրականը: Ինչպե՞ս կարող է հավաքների եւ կարծիքների արտահայտման ազատությունից վատ բան դուրս գալ: Բայց բոլոր երեք դեպքերում էլ տեղի է ունեցել վատթարագույնը. Հայոց ցեղասպանությունը, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմը եւ հրեական Հոլոքոստը:
– 1793 թվականին ֆրանսիացի մտածող եւ հակահեղափոխական Ժակ Մալլե դյու Պանը աքսորից գրել է. «Ինչպես Սատուրնը, հեղափոխությունը խժռում է իր զավակներին»: 19-ը եւ 20-րդ դարի սկզբին ամբողջ աշխարհում հեղափոխականները չէին կանխատեսում ֆրանսիական հեղափոխության բացասական հետեւանքները: Նրանք տարված էին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» սկզբունքներով եւ ձգտում էին վերարտադրել դրանք իրենց հասարակություններում: Սահմանադրականության եւ պառլամենտական համակարգի ընդունմամբ էին նրանք փորձում բարելավել սեփական հասարակությունները եւ փրկվել ավտորիտարիզմի ճիրաններից: Սակայն շատ դեպքերում այդ փորձերը ակնկալվող արդյունքներ չտվեցին: Գաղափարական հակասություններով եւ անհստակությամբ, առավել՝ տարբեր խմբերի միջեւ շահերի բախումներով՝ սահմանադրական կարճատեւ «ժողովրդավարության» փորձերն անմիջապես ձախողվեցին կամ ընդհատվեցին:
Փաստ է, որ շատ հասարակություններ քննության չենթարկելով եւ հաշվի չառնելով պատմական համատեքստը, Ֆրանսիական հեղափոխությունը դիտարկելով որպես ընդօրինակման մոդել, լուրջ խոչընդոտներ ստեղծեցին նորելուկ սահմանադրական կարգերի հաջողության ճանապարհին:
Հեղափոխություններն իրագործվում են գաղափարապես տարբեր հայացքներ եւ շահեր ունեցող խմբերի կողմից, որոնք, թվում է թե , մեկ ընդհանուր նպատակ ունեն ՝ սասանել ավտորիտար ռեժիմը: Նպատակին հասնելուն պես, սկսվում է էյֆորիկ փուլը: Կրոնական, էթնիկական եւ դասակարգային տարբերություններն անմիջապես ի չիք են դառնում, թեեւ ժամանակավոր, եւ երեւան է գալիս նոր, ազատ եւ էգալիտար հասարակություն ունենալու փխրուն երազանքը: Բայց, էյֆորիան շատ կարճ ժամանակահատվածում մարում է , եւ հասարակության ներսում կուտակված լարվածությունը, որը կար նախահեղափոխական շրջանում, անսպասելիորեն դուրս է ժայթքում: Խմբավորումներն՝ օգտվելով նոր ձեռք բերած ազատությունից, իրենց գոհունակությունն ու դժգոհությունն են արտահայտում նոր ռեժիմին եւ դրա ներկայացուցիչներին : Հետհեղափոխական շրջանում ձեւավորված հանրային դաշտը ոչ միայն դառնում է նոր սկիզբը ջատագովելու միջոց, այլ նաեւ չբավարարված տարրերն այն օգտագործում են որպես գործիք՝ հեղափոխության, դրա հեղինակների եւ համախոհների դեմ իրենց բողոքն արտահայտելու համար: Ի վերջո, մոբիլիզացնում են իրենց սեփական մարդուժը նոր ռեժիմը տապալելու նպատակով:
– Կարճ ասած, հեղափոխությունները շատ արագ կարող են շեղվել շավղից:
– Ինքնին ազատությունն երկսայրի սուր է: Այն օրհնություն է, եթե օգտագործվում է ճիշտ կերպով եւ անեծք է, եթե չարաշահվում է: Ինչպես դուք ենթադրում եք, Ադանայի ջարդերին հանգեցնող գործոններից մեկը 1908-ի հեղափոխությունն էր եւ նրա կողմից բերված անզուսպ ազատությունը, որը խաթարեց տարածաշրջանում կարգավորված հավասարակշռությունը: Շատ մտավորականներ 1908-ի երիտթուրքական հեղափոխությունից հետո զգուշացրել են ազատության չարաշահումների մասին: Հեղափոխությունները ավարտվում են քաղաքական համակարգի արմատական փոփոխություններով, որոնք հանգեցնում են դժգոհ տարրերի ի հայտ գալուն:
Փոփոխությունն այստեղ աստիճանական չէ: Ինչպես պնդում էր այդ ժամանակաշրջանի գրողներից մեկը՝ «Հայերը կարծում էին, թե Ֆրանսիայի կենտրոնում են»: Հայերն իրենց մշակութային ազգայնականությունը դրսեւորում էին հանրայնորեն՝ հաշվի չառնելով հետհեղափոխական շրջանի քաղաքական փխրուն կացությունը: Սրան բացասաբար արձագանքեցին նախկին ռեժիմի կողմնակիցները: Ադանայի ջարդերից հետո օսմանյան պետությունը չցանկացավ բարելավել հայերի վատթարացող վիճակը Արեւելյան նահանգներում: Հաջորդիվ՝ բռնության ամենամեծ փուլն էր՝ Հայոց ցեղասպանությունը (1915-1923 թթ.): Ինչպես նշեցիք, դեմոկրատական կամ կիսադեմոկրատական հասարակությունները հետհեղափոխական շրջանում դժգոհ զանգվածների համար դառնում են դավադրությունների պարարտ հող:
– Դուք, կարծես, թերահավատ եք հեղափոխությունների վերջնական ձեռքբերման առումով: Տեսականորեն եւ հեռվից դրանք ռոմանտիկ են թվում, բայց, եթե մոտիկից նայես, կպարզվի, որ կարող են հասարակությանը նետել դաժան հորձանուտի մեջ:
– Թույլ տվեք հակիրճ մեկնաբանել ձեր բերած օրինակները, բացատրելու համար, թե ինչու եմ ավելի հակված վստահելու հասարակարգերի աստիճանական փոփոխություններին: Երիտթուրքական հեղափոխության նման, Վայմարի Հանրապետությունը (1919-1933) ի հայտ եկավ 1919 թվականի հեղափոխությունից հետո, երբ իշխանությունից հեռացվեց կայզեր Վիլհելմ II-ը: Իր գոյության 14 տարիների ընթացքում Վայմարի Հանրապետությունը բախվեց բազմաթիվ մարտահրավերների՝ մեծ ճգնաժամից եւ հիպերինֆլյացիայից մինչեւ նացիստական կուսակցության նման ծայրահեղական խմբերի գլուխ բարձրացնելը: Վայմարի Հանրապետության արտոնած անզուսպ ազատությունը հանգեցրեց ռադիկալ քաղաքական խմբերի բյուրեղացմանը, որոնք ի զորու էին մոբիլիզացնել մեծ զանգվածների: 1920-ի դժգոհների փոքր խմբից, մեկ տասնամյակից էլ քիչ ժամանակահատվածում նացիստական կուսակցությունը դարձավ մի ուժ, որի հետ պետք էր հաշվի նստել, որը հանգեցրեց Երրորդ Ռեյխի վերելքին եւ ճանապարհ հարթեց դեպի Երկրորդ աշխարհամարտ, ավերումներ եւ Հոլոքոստ:
1905 թվականի ռուսական հեղափոխությունն ազդեցություն է թողել երիտթուրքերի վրա: Վերջիններս հասկացան, որ հնարավոր է սանձել միապետի իշխանությունը եւ հաստատել սահմանադրականություն եւ պառլամենտարիզմ: Նույնիսկ Վլադիմիր Լենինը՝ 1917 թվականի հեղափոխության առաջնորդը, չխուսափեց ասել, որ 1905 թվականի ռուսական հեղափոխությունը 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության «մեծ փորձն» էր: 1905 թվականի հեղափոխության նման, երիտթուրքական հեղափոխությունը հանգեցրեց երիտթուրքերի եւ նրանց հիմնական արմատական քաղաքական կուսակցության՝ «Միություն եւ առաջադիմություն»-ի վերելքի, որի ղեկավար միջուկը հեղինակեց Հայոց ցեղասպանությունը: Խորհրդային դեպքն այլ էր: 1917 թվականի բոլշեւիկյան հեղափոխությունը սահմանադրական հեղափոխություն չէր: Այն, գոնե տեսականորեն, իշխանությունը փոխանցեց բանվոր դասակարգին: Իրականում խորհրդային մոդելը, ինչպես եւ իր չինական կոմունիստական նմանակը, մարքսիստական ուտոպիստական մոդելի չեղարկումն էր: Վարչախումբն առաջին իսկ օրվանից դավաճանեց հեղափոխության իդեալներին: Մինչ որոշ հասարակություններ 20-րդ դարում հետեւում էին ֆրանսիական մոդելին, մյուսները կրկնօրինակում էին բոլշեւիկյանը: Ֆրանսիական մոդելը շարունակեց ազդել տարբեր հասարակությունների վրա, անգամ քսանմեկերորդ դարում՝ ներառյալ «արաբական գարունը», որն արագ վերածվեց «արաբական ձմռան»:
– Ուկրաինայում պատերազմի, Բուչայի եւ այլ քաղաքների ջարդերի լույսի ներքո, ենթադրում եմ, որ ընթերցողներին հետաքրքրում է, թե ինչ է սպասվում ապագայում: Գոյություն ունի հիմար, պառակտող եւ սպառնալից կարծիքների եւ տեսակետների աննախադեպ աճ, ինչպես նաեւ մեծ ապատեղեկատվություն: Եվ հիմա սոցիալական մեդիա ընկերություններն ենթարկվում են ճնշումների ՝ հրահրող խոսքի համար հաշվեհարդարի: Բայց ո՞վ կարող է որոշել, թե ինչն է հրահրող եւ ինչը՝ ոչ:
– Սրանք կարեւոր հարցեր են, հատկապես, երբ սադրիչները միշտ մեկ քայլ առաջ են: Երբեմն մարդիկ թերագնահատում են սադրիչների դերը, որոնք անզեն աչքով տեսանելի չեն: Պատմության ընթացքին զանգվածային գրեթե բոլոր կոտորածներում սադրիչները կարեւոր դեր են խաղացել կրակի վրա յուղ լցնելու գործում՝ գրքում արծարծված Ադանայի կոտորածի, 1905 թվականի Ուկրաինայում Օդեսայի ջարդերի եւ 1984 թվականի սինկխերի կոտորածի ժամանակ: Քանի դեռ վճռական միջոցներ չեն ձեռնարկվել, զանգվածային սպանությունները կլինեն մարդկային էության անքակտելի մասը: Անշուշտ, անցյալի իրադարձություններից դասեր քաղելը կարեւոր է եւ մարդկանց կրթելն անհրաժեշտություն է, բայց լինելով հոռետես՝ վախենամ, որ եթե երբեւէ օրենքն ու կարգը խախտվեն, այլեւս ոչինչ հնարավոր չի լինի անել: 20-րդ դարի ընթացքում ամենասարսափելի բարբարոսությունները Գլոբալ Հարավում չեն տեղի ունեցել, այլ, ավելի շուտ Եվրոպայում, որն, ըստ ընդունված կարծիքի, լուսավորության ջահակիրն է: Սա շատ բան է ասում մարդու էության մասին:
ԱՐԻՍ ՋԱՆԻԿՅԱՆ
Թարգմանություն անգլերենից
*) Խոսքը վերաբերում է «Թանզիմաթ »անվանմամբ հայտնի՝ կարգուկանոնի կամ բարեկարգությունների հաստատմանը, որ երբեք էլ տեղի չունեցավ: «Ազգ»: