Աշխարհի ո՞ր քաղաքն է ձեզ ամենաշատը դուր գալիս, կամ որո՞նք: Ինձ օրինակ, միշտ դուր է եկել Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենը, չնայածՙ չի բացառվում, որ եթե գոնե մեկ անգամ այնտեղ լինեմՙ կհիասթափվեմ արեւի բացակայությունից, ինչեւէ: Իսկ աշխարհի ո՞ր քաղաքում ազգականներ ունեք, ավելի ճիշտ, քանի որ հայ եք, աշխարհի ո՞ր քաղաքում ազգականներ չունեք: Ենթադրենք ընտրում եք Լոս Անջելես քաղաքը, հիմա պատկերացրեք, որ դառնում եք Հայաստանի ղեկավար, ու քանի որ Լոս Անջելեսում ազգականներ ունեք, Կոպենհագենն էլ ամենաշատն եք սիրում, հայտարարում եք, որ եթե համապատասխանաբար ԱՄՆ-ն ու Դանիան Հայաստանին չտրամադրեն միջանցքՙ դեպի Լոս Անջելես ու Կոպենհագեն, ապա ձեր համբերության բաժակը կլցվի ու Հայաստանը նորից ցույց կտա իր երկաթյա բռունցքի ուժգնությունըՙ հարցը լուծելով պատերազմի միջոցով:
Գրեթե նույն բանն այսօր անում է Ադրբեջանի նախագահը, եթե իհարկե Ադրբեջանի նախագահը չգիտի մի այնպիսի բան, որից մենք տեղյակ չենք: Դե օրինակ, Հայաստանի ղեկավարը նրան թեկուզ բանավոր չի խոստացել այն, ինչն այսօր պահանջում է Իլհամ Ալիեւը:
Լավ, այս որքա՞ն ենք խեղճացել: Ուշադրություն, Ադրբեջանը չի պահանջում ճանաչել Լեռնային Ղարաբաղըՙ որպես Ադրբեջանի մաս, ինչը գոնե միջազգային հանրության խավիարասեր կամ խավարասեր հատվածի համար հասկանալի կլինի, Ադրբեջանն այսօր պահանջում էՙ տվեք միջանցք, որ մենք հասնենք Նախիջեւան (իմիջիայլոցՙ Նախիջեւան- Հ.Ա.), իսկ եթե ոչՙ ապա պատրաստվեք պատերազմի, ինչի արդյունքում մենք ձեզ կճզմենք, ինչպես ճզմեցինք 44-օրյա պատերազմի ժամանակ: Ու կարեւորն այն չէ, որ Ալիեւը սա է ասում. կարեւորն այն է, որ Հայաստանը ոչինչ չի պատասխանում: Կարո՞ղ ենք դիմել միջազգային լուսավոր հանրությանը, օգտագործենք ՄԱԿ-ի ամբիոնը, հիշենք բարեկամ երկրներին ու բարձրաձայնենք, նույնիսկ բղավենքՙ դարավոր ռազմավարական դաշնակից ջան, սիրելի միսթերներ ու մսյոներ, տարածքային ամբողջականություն դրոշակն արդեն 30 տարի ծածանող Բաքուն այսօր Հայաստանին տարածքային պահանջ է ներկայացնում: Մեզ կհավատան, քանի որ Սյունիքը, որից էլ միջանցք է ուզում Հեյդարի որդին, միջազգային հանրությունը ճանաչում է որպես Հայաստանի մաս, առայժմՙ անքակտելի: Եւ ամենեւին կարեւոր չէ այն, որ Փաշինյանն ու նրա հետ քաղաքացիական պայմանագիր կնքածները միաբերան ասում են, թե Բաքվի հետ միջանցքի հարց չի քննարկվում, կարեւորն այն կլինի, որ այս նույն կազմն օգտագործի պետական, լոբբիստական ու նաեւ անձնական (եթե այդպիսիք կան- Հ.Ա.) բոլոր կապերըՙ աշխարհին հայտնելուՙ Բաքուն Հայաստանի սուվերեն տարածքն է պահանջում ու սպառնում այն ուժով ստանալ:
Ինչո՞ւ Հայաստանը չի անում այս պարզ բանը: Հայաստանի խեղճացած մնալը ե՞ւս եռակողմ համաձայնագրի դրույթ է, Հայաստանը կորցրե՞լ է իր բոլոր բարեկամներին աշխարհում, էլ չունի՞, աշխարհում բոլորի՞ն է ձեռնտու, որ Էրդողանն իր հարազատ Ստամբուլում նստի մեքենա ու բաց, անարգել ճանապարհով հասնի Կասպից ծով, այնտեղից էլՙ համարյա Չինաստան: Ընդ որում այս վերջին հարցը, թերեւս ամենակարեւորն է, քանի որ եթե Հայաստանը որոշել է այլեւս խեղճ մնալ, ապա հաստատ կգտնվի օրինակ մի չինացի, որը կարգելի Թուրքիային իրագործել Մեծ Թուրան ծրագիրըՙ սեփական շահից ելնելով:
Իմիջիայլոց, չինացին պատահական չասացի. աշխարհի ամենամարդաշատ այդ երկրի ղեկավարի հետ Փաշինյանը պատրաստվո՞ւմ է հանդիպելՙ քննարկելու Մետաքսի ճանապարհի վերագործարկումըՙ հատկապես մեր տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու պատրաստակամության ֆոնին ու մանավանդ թյուրքական սուլթանության ստեղծման կանխարգելումը: Բայց երեւի այս հարցը տանք Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, չէ՞ որ նա հրաշալի տեղյակ է Փաշինյանի ցանկություններից ու հենց նա է Թուրքիայի նախագահին հայտնել, որ Հայաստանի ղեկավարն ուզում է հանդիպել նրա հետ:
Ամեն դեպքում հայտարարում եմՙ եթե մինչեւ այս տարվա վերջ Դանիան միջանցք չտրամադրի, որով Երեւանից կարողանամ հասնել Կոպենհագեն, ապա… կհասկանամ, որ Դանիան ամենեւին էլ խեղճացած երկիր չէ, ավելինՙ պետություն է:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ