RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#005, 2021-02-13 > #006, 2021-02-19 > #007, 2021-02-26 > #008, 2021-03-05 > #009, 2021-03-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2021



Տեղադրվել է` 2021-02-25 22:22:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 3445, Տպվել է` 406, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԿԻՐԸ ՄՏՆՈՒՄ Է ՆԵՐՔԻՆ ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ՓՈՒԼ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայաստանը, որ վերջին շաբաթներում մտել էր դիմակա հարցազրույցներով եւ սոցիալական կեղծ էջերով առճակատման փուլ, երեկ նոր ցնցում ապրեց:

Ռուսական հրթիռային զենքիՙ «Իսկանդերի» վերաբերյալ Սերժ Սարգսյանի հարցադրմանը, թե պատերազմի ընթացքում ինչու չէր կրակել, հնչել էր վարչապետ Փաշինյանի պատասխան հարցադրումըՙ այդ զենքի տասը տոկոսով պայթելու մասին, որի մեջ փաստորեն ակնարկ կար ռուսական այս տեսակի զենքի անորակությանը: Դա նախ թունդ շարունակություն ունեցավ ռուսական շրջանակներից ՙ իրենց զենքի պատիվը պաշտպանող ու Հայաստանի վարչապետին տարբեր որակումներ պարունակող հարցազրույցների մակարդակով, իսկ հետո արդեն հնչեց ԶՈՒ ԳՇ շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի ծիծաղըՙ կոնկրետ շրջանակ ներկայացնող լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան, «Իսկանդերի» տասը տոկոսով պայթելու առումով: Ծիծաղը տիրաժավորեցին ԶԼՄ-ները, վարչապետը կայծակնային արագությամբ ծիծաղին արձագանքեցՙ ԳՇ շտաբի պետի տեղակալն ազատվեց պաշտոնից:

Սա, իհարկե, կարելի է համարել վարչապետի մեծագույն սխալը, որին չհակադրվեց երկրի նախագահըՙ ստորաագրելով ազատման հրամանի տակ: Իսկ ում համար էր գաղտնիք, որ դրանով կլցվեր զինվորականության համբերության բաժակը. Քիչ է , որ նրանց պատերազմի ժամանակ բանի տեղ չեն դրել, հիմա էլ գրչի մեկ հարվածով հերթական զինվորականին են թռցնում պաշտոնից: Այդ կարգի որոշումներն այդ արագությամբ ընդունելը պարզապես անընդունելի է:

Հաջորդիվ ԳՇ գեներալիտետը հայտարարությամբ պահանջեց վարչապետի հրաժարականը:Գլխավոր շտաբն իր հայտարարությամբ վճռական բողոքն էր արտահայտել անհեռատես եւ չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատելու առնչությամբ, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային եւ պետական շահերը հաշվի առնելուՙ հիմնվելով միայն անձնական եւ հավակնոտ զգացմունքների վրա, երկրի համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական եւ անպատասխանատու քայլ էր անվանված հայտարարության մեջ: Նշվում էր, որ վարչապետը եւ կառավարությունն այլեւս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներՙ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային եւ ճակատագրական իրավիճակում, իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները» մինչեւ այժմ հանդուրժվել են, սակայն ամեն ինչ ունի իր սահմանները, իսկ անարդյունավետ կառավարումը եւ արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:

Ստեղծված իրավիճակով պայմանավորվածՙ ՀՀ զինված ուժերը պահանջել էին վարչապետի եւ կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրելՙ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, որի զավակները զոհվել ենՙ պաշտպանելով հայրենիքն ու Արցախը:

Հայտարարությունը ստորագրել էին բարձրաստիճան բամաթիվ զինվորականներՙ ներառյալ մինչեւ այդ պահը ԳՇ պետն ու տեղակալը, ԶՈՒ կառույցների ղեկավարներ (մի երկար ցուցակ):

Հաջորդեցին վարչապետիՙ ակնհայտորեն հապշտապ, էմոցիայի տակ արված մի շարք գրառումներ, ուղիղ եթեր, ըստ որոնց նա ավելի վաղ է որոշում ստորագրել ոչ միայն ԳՇ պետի տեղակալին, այլեւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ, չնայած որ Հայաստանի նախագահիՙ Օնիկ Գասպարյանին վերաբերող հրամանագրի ստորագրության մասին դեռ ոչինչ հայտնի չէր. Սահմանադրությամբ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը, վարչապետի առաջարկությամբ, նշանակում-ազատում է Հանրապետության նախագահը:

Վարչապետ Փաշինյանը տեղի ունեցածը զինվորական հեղաշրջում անվանեց ու իր կողմնակիցներին կանչեց հրապարակՙ նշելով հրապարակում ելույթ ունենալու մտադրությունը, իսկ ժամը երկուսի կողմերն իր կողմնակիցներով հայտնվեց Երեւանի փողոցներում, ընդդդիմադիրների հանդեպ, այնուամենայնիվ, թշնամանք չդրսեորելու եւ հանգստություն պահպանելու պարբերական կոչերով, ժողովրդին էլ շարունակելով կանչել հրապարակ, թեՙ ինչ որոշեք, այն էլ կանենք, եկեք տեր կանգնեք ձեր իշխանությանը:

Զուգահեռ հայտնի դարձավ, որ իրավիճակի հետ կապված ԱԺ ընդդմադիր խմբակցությունները նախաձեռնում են նույն օրվա երեկոյան արտահերթ նիստ հրավիրելՙստեղծված իրավիճակը եւ ռազմական դրությունը չեղարկելու հարցեր քննարկելու համար:

«Իմ քայլը» քաղաքական հայտարարություն տարածեց ու ԳՇ հայտարարությունը քաղաքական որակեց, ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն զսպության կոչեր էին անումՙ միաժամանակ վարչապետի հրաժարականի կոչին հավատարիմ:

Քաղաքական ուժերի միջեւ անհապաղ խորհրդակցություններ գումարելու կոչեր էլ հնչեցին: Նույնիսկ Արցախի նախագահը կոչ արեց հաղթահարել քաղաքական ճգնաժամըՙ նաեւ իր օգնությամբ:

Մինչ Հանրապետության հրապարակում հավաքվում էին իշխանության կողմնակիցները, եւ նրանք քիչ չէին, Ազատության հրապարակում հանրահավաք սկսեցին Տասնյոթ պլյուսի քաղաքական ուժերը, էլի բավական մարդաշատ, նախՙ ԱԳՆ-ից պահանջելով դատապարտել վարչապետ Փաշինյանի, Իշխան Սաղաթելյանի խոսքով, խելագարի գործելաոճը, եւ ապա խոստացանՙ ըստ իրենց սցենարների շարունակել կազմակերպել իրենց օրակարգը, գործը հասցնելով ավարտին: Այդ հանրահաքին նույնիսկ Յուրի Խաչատուրովն էր ներկա եւ խոսեց: Ընդդիմությունը, արձագանքելով մյուս հրապարակում վարչապետիՙ ավելի ուշ հնչած խոսքին, թե քաղաքական խորհրդակցություններ պետք է սկսել առկա իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ, նշեց իր միակ պայմանը.«Մենք պատրաստ ենք Նիկոլ Փաշինյանի արագ, անցնցում հեռացման պահանջի օրակարգով հանդիպել, քննարկել իր հեռացման հարցը: Մենք այդ միջանցքը թողնում ենք: Երեւանում քաղաքացիական բախում չպետք է լինի»

Այդ ընթացքում հայտարարություն արեց Հայաստանի նախագահը, որ հիշեցնելով տարածաշրջանային պայթունավտանգ իրավիճակն ու մեր երկրին ուղղված սպառնալիքները, եւ նշելով, որ զինադադարի հայտարարությունը խաղաղության պայմանագիր չէՙ ուժային կառույցներին, պետական մարմիններին, քաղաքական ուժերին կոչ արեց զսպվածություն եւ ողջախոհություն դրսեւորել, չտրվել սադրանքների եւ մնալ Սահմանադրության շրջանակում:

Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հնչեցրած իր ելույթում ԳՇ հայտարարությունը կրկին ռազմական հեղաշրջման փորձ անվանեցՙ ենթադրելով, որ այն ստորագրողների մեծ մասը իրենցից վեր գտնվող հրամանատարների ճնշմամբ են ստորագրել այն: Ըստ նրաՙ բանակը պետք է ենթարկվի ժողովրդի ընտրած քաղաքական ղեկավաությանը, որի դեմ գործողն ընդդեմ ժողովրդի է գործում: Բարձրաստիճան սպաներին , որոնք լքել են իրենց ծառայությունը, նա խնդրեց վերադառնալ եւ իրականացնել իրենց ծառայությունը: Նախորդ իշխանությունները դեռ կամակատարներ ունեն զինված ուժերում, ասաց, եւ նրանք պետք է հեռանան: «Ինձ դավաճան են անվանումՙ ի՞նչ գործ ունի այսքան մարդ դավաճանի կոչով հրապարակում» : Դավաճանություն նա որակեց Վազգեն Մանուկյանի այն խոսքը, թե նա դեռ հոկտեմբերին զանգել է բանակի հրամանատարությանը եւ ասելՙ իշխանությունը վերցրեք: Իրավիճակի հանգուցալուծման մասին նշեց. թե քաղաքացիական պատերազմի եւ անկայունության մեջ ներքաշելու բոլոր փորձերը պետք կասեցվեն ԱԱԾ, իրավապահ մարմիննեի եւ ժողովրդի կողմից: Իր հրաժարականի մասին էլ նշեցՙ ժողովուրդն է իրեն բերել ու ժողովուրդը պետք է որոշի դա, անգամ եթե պետք էՙ հրապարակում որոշի գնդակահարել: Անդրադառնալով առավոտյան իր այն խոսքին, թե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին հեռացնելու հրաման է ստորագել, նկատեց,«Հայաստանի նախագահն իմ միջնորդությունը չի ստորագրումՙ ինչ, ուրեմն, միանում է հեղաշրջմա՞նը»: Նա ասաց, թե Օնիկ Գասպարյանին հարյուր տոկոսով վստահել է ու սխալ արել.«Օնիկ ջան, հրաժարական գրի, գնա»:

Ի վերջո նա առաջարկեց քաղաքական խորհրդակցություններՙ հանգուցալուծման վերաբերյալ. Ժողովուրդը, արձագանքելով բղավեց, թե չի ուզում նոր ընտրություններ, վարչապետը հիշեցրեցՙ մյուս հրապարակն ուզում է ու մյուս հրապարակի ցավն էլ տարավ, միաժամանակ այդ հրապարակը գենարացնողներին խոստանալով. «Դուք հանրահավաք անեքՙ մենք էլ կանենք, չափերն անցնեքՙ կձերբակալենք, մենք չենք զիջելու մեր իշխանությունը կոռումպացված ռեժիմին, թավիշին էլ վերջ է տրվելու»: Պատերազմում պարտության պատճառն էլ ժողովրդին թալանածներն են:Բա:

Երկու հրապարակների, ասել է թեՙ հանրության երկու հատվածների դիմակայությունն այս պահին ամենավատ բանն է, որ կարող էր պատահել հետպատերամյան Հայաստանին:

Մի խոսքովՙ երեկ, զորավար Անդրանիկի ծննդյան օրը, Երեւանը եռում էր, եւ չի կարելի ասել, թե հանգուցալուծումը մոտ է, բայց որ կրքերը շիկացած են եւ էլի կշիկանանՙ դա հաստատ:

Հ.Գ.- Գերիներին մոռացաք, անհայտ կորածներին, վշտի տակ ճզմված ծնողներին, երկու հրապարակներ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ