Թեեւ ընդդիմադիր խմբերը փետրվարի 20-ին էին մեծ հանրահավաքի օր հռչակել, սակայն մի շարք իրողություններ «Հայրենիքի փրկության շարժման» կողմից վարչապետի թեկնածու նախանշված Վազգեն Մանուկյանին ստիպել էին երեկ Ազատության հրապարակ կանչել վերջին նոր զարգացումներով մտահոգ մարդկանց: Խոսքը համացանցում ի հայտ եկած այն հուշագրի մասին է, որով Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ հայտնվել են ռուսների պարեկության գոտում, չբացառելով նաեւ ադրբեջանցի զինյալների առկայությունը: Սյունիքը վտանգված համարելովՙ Վագեն Մանուկյանը նախաձեռնում է մոտակա ժամանակի մեջ մեքենաներով երթ դեպի Սյունիք, որպեսզի դիմացինն իմանա, թե մեր ժողովուրդը կանգնած է Սյունիքի համար.«Եկեք այս հրապարակը դարձնենք մեր շտաբը, ես ինքս գոնե երկու ժամՙ 5-ից 7-ը ամեն օր կլինեմ այստեղ: Եկեք հավաքվենք, քննարկենք: Պարտադիր չի հանրահավաք անենք»: Նրա խոսքովՙ այսուհետ ատելության դեմ լինելու է ատելություն, ագրեսիայի դեմՙ ագրեսիա: Նա բոլորին առաջարկում է փոքր խմբեր, կոմիտեներ, ջոկատներ կազզմել, որոնք բնակավայրերում կնախապատրաստեն մարդկանց փետրվարի 20-ի հանրահավաքին: |