«Ազգ»ի հարցազրույցը Ավստրիայում եւ Գերմանիայում ՀՀ նախկին դեսպան ԱՇՈՏ ՈՍԿԱՆՅԱՆԻ հետ
– Պարոն Ոսկանյան, Դուք երկար տարիներ դիվանագիտական աշխատանք եք կատարել Ավստրիայում, Գերմանիայում, բնականաբար ճանաչում եք այդ երկրները «ներսից»: Ձեր գերմանախոս լինելն էլ նպաստում է, որ այդ երկրներում ծավալվող խոսույթին (դիսկուրս) մասնակից լինեք:
Հոկտեմբերի 16-ին Ավստրիայի պառլամենտում միաձայն ընդունվեց ԼՂ հարցով առաջարկ միջնորդությունը (Միջնորդության հիմնական դրույթները վերաբերում են հրադադարին ուղղված Ավստրիայի եւ ԵՄ ջանքերին, Թուրքիայի միջամտության եւ զենքի մատակարարման դատապարտմանը, Վիեննայում խաղաղ բանակցություններ անցկացնելուն): Հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգի օրենսդիր մարմինը միաձայն դատապարտեց Ադրբեջանի ագրեսիան: Ձեր կարծիքով, ի՞նչն է խանգարում Բունդեսթագին, որ նման քայլ ինքն էլ անի: Մանավանդ հայության անվտանգության հարցի մասին անուղղակի ակնարկ կա հենց նրաՙ 2016 թվականի հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի տեքստում:
– Անկասկած տեղյակ եք, որ այսօրվա Ավստրիայի հասարակության մեջ իշխող տրամադրությունները փոքր- ինչ տարբերվում են «եվրոպական միջինից»: Ավստրիական իշխանություններն ավելի են կենտրոնացած ազգային խնդիրների, օտարների ներգաղթի, ավստրիական ավանդական կենսակերպի պահպանման եւ նման այլ հարցերի վրա: Նաեւ թուրքերի հետ ունեցած պատմական փորձառությունն է խաղում իր դերը: Բնական է, որ իրենց արձագանքն ավելի սուր եւ անմիջական էր լինելու:(*)
Այնինչ Գերմանիան, որպես ԵՄ առաջատար երկիր շատ ավելի մեծ պարտավորություններ ունի եւ շատ ավելի բարդ եւ զգուշավոր քաղաքականություն է վարում: Թուրքիայի հետ նրա հարաբերությունները ծայրահեղ խճողված են, նույնիսկ բեւեռացվածՙ մի կողմից կարող ենք հիշել ոչ վաղ անցյալի բացահայտ կոնֆլիկտը Էրդողանի հետ, որը փորձում էր մոբիլիզացնել Գերմանիայում բնակվող թուրքական տարրը իր քաղաքական նպատակների համար, մյուս կողմիցՙ Թուրքիայի շանտաժը, կապված պատերազմական շրջաններից եկող գաղթականների ահռելի հոսքը չարգելակելու եւ այն դեպի Եվրոպա ուղղորդելու սպառնալիքի հետ: Չեմ ուզում ծանրաբեռնել պատասխանս, թվարկելով բոլոր գործոնները, բայց դրանք իսկապես շատ են: Ինչ վերաբերում է «անուղղակի ակնարկներին», դրանք այսօր էլ արվում են, բավական է հիշել ԳԴՀ արտգործնախարարի զգուշացումըՙ չեզոքությունից հնարավոր հրաժարման մասին:
– Եվրոպական մի շարք երկրներում, այդ թվումՙ Գերմանիայում, Արցախի հանդեպ Ադրբեջանի նախահարձակ պատերազմի, Թուրքիայի ներգրավվածության մասին քննադատական խոսք ասացին ձախերն ու աջերը: Ձեր կարծիքով, ի՞նչն է, որ ծայրահեղ ուժերին «ստիպում» է անտարբեր չմնալ: Ինչո՞ւ քրիստոնյա բառ բաղադրիչն անվան մեջ ընդգծած կուսակցությունները ձեռնպահ են:
– Կուսակցական սպեկտրի հիմնական մասը զբաղեցնող «ժողովրդական կուսակցությունները» (Volksparteien) չափազանց զգուշավոր են, երբ խոսքը գնում է ազգային խնդիրների մասին, քանի որՙ ելնելով նացիստական անցյալի հաղթահարման հրամայականից, հաճախ նույնացնում են ազգայինը ազգայնականի հետ: Եզրերը զբաղեցնող ուժերըՙ աջ կամ ձախ, ավելի ազատ են իրենց դիրքորոշումների մեջ եւ կարող են ավելի որոշակի խոսել: Այդպես եղել է եւ, կարծում եմ, այդպես լինելու է ապագայում:
Ինչ վերաբերում է «քրիստոնեական» եզրին, կարեւոր է նկատի ունենալ, որ այն Գերմանիայի կառավարող կուսակցության անվանման մեջ բոլորովին այլ իմաստ ունի: Այն արձանագրում է, որ կուսակցության քաղաքական սկզբունքները հենվում են քրիստոնեական արժեքների վրա, բայց չի նշանակում, որ այդ քաղաքական ուժն ընդունում է քրիստոնեական կրոնի գերակայությունը այլ կրոնների նկատմամբ: Ես հիշում եմ իմ գերմանացի գործընկերների անկեղծ վրդովմունքը, երբ Լեհաստանն առաջարկեց ԵՄ խարտիայի մեջ դրույթ մտցնել Եվրոպայում քրիստոնեության նշանակության մասին: Դա դատապարտվեցՙ որպես քսենոֆոբիայի եւ քարանձավային ազգայնականության դրսեւորում:
Այլ բան է, որ գերմանական հասարակության լայն շերտերում այլ մտայնություն է իշխում եւ վերաբերմունքը թուրքերի նկատմամբ կենցաղային մակարդակով դրական չէ: Դրա յուրահատուկ դրսեւորումն էր հանրահռչակ ֆուտբոլիստ Օզիլի վրդովմունքըՙ թե ինչու Գերմանիայի հավաքականի լեհական ծագում ունեցող ֆուտբոլիստներինՙ Պոդոլսկուն եւ Քլոզեին ոչ ոք չի ասում «գերմանական լեհ» (Deutshpole), այնինչ իրեն անվանում են «գերմանական թուրք» (Deutschturke), եւ որ դա նշանակում է, թե իրեն օտար են համարում: Դե հա, այդպես էլ կա: Եվ Օզիլը վերջին օրերին դրսեւորած կատաղի հակահայկական իր պահվածքով դա լիովին ապացուցեց: ( Ոսկանյանը նկատի ունի Ղարաբաղի դեմ ագրեսիայի առիթով Մեսութ Օզիլիՙ հոկտեմբերի 13-ին թվիթերում գրանցած հետեւյալ հայտարարությունըՙ «Ադրբեջանի ցավը մեր ցավն է, Ադրբեջանի ուրախությունը մեր ուրախությունն է»: Տեղադրելով երկու պետություններիՙԹուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները, գրել էրՙ «մեկ ազգ, երկու պետություն»: «ԼՂ-ն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, բայց որն ապօրեն զավթված է», գրել էր ֆուտբոլիստը: Գերմանական ԶԼՄ-ներն ընդգծեցին, որ Օզիլը նորից Էրդողանի խոսնակն է դառնում- Ան.Հ ):
– Բունդեսթագի եւ Բրանդենբուրգի Լանդթագի AfD խմբակցության մի շարք պատգամավորներիՙ Շտեֆֆեն Կոտրեի, Շտեֆան Կոյթերի, Անդրեաս Գալաուի, Անդրեաս Կալբիցի Արցախ այցը, Արցախը ճանաչելու մասին հստակ արտահայտությունը, ինչպես սպասվում էր, երկուշաբթիՙ հոկտեմբերի 19-ին քննադատվեց Բաքվում: Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա հղեց Բունդեսթագին ու Լանդթագին: Ծայրահեղ աջ AfD-նՙ (Այլընտրանք Գերմանիայի համար) ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը Բունդեսթագում ունի նաեւ անդամներ, որ պաշտպանում են Ադրբեջանի շահերը: Սակայն սրա մասին որեւէ մեկը հիմա չի խոսում, ընդհակառակը, Գերմանիայում վերոհիշյալ պատգամավորների այցի քաղաքական շահարկումը դեռ նոր է սկսվում: Իսկ երեքշաբթիՙ հոկտեմբերի 20-ին Բեռլինում գերմանական ԶԼՄ- ներից մեկի ներկայացուցիչը հստակ հարց ուղղեց ԳԴՀ-ում ՀՀ դեսպանին, պարզելու համար, թե արդյոք Հայաստա՞նն է հրավիրող կողմը: Գերմանաբնակ հայերը երբեմն շատ սուր ու զգայուն են, մերժում են այս կուսակցությանՙ Հայաստանին ու հայերին ի նպաստ արված յուրաքանչյուր քայլ ու արտահայտություն: Ակնարկածս նկատելի է սոցցանցերում: Պարոն Ոսկանյան, հատկապես մեր լսարանին, մեր հայրենակիցներին Հայաստանում, Արցախում, Գերմանիայում ի՞նչ պիտի հուշել: Ինչպե՞ս պատասխանել, երբ գերմանացիներն են սա թեմա դարձնում:
– Արդեն ասացի, որ գերմանական հանրության կարծիքները միշտ չէ, որ համընկնում են դասական կուսակցությունների եւ մամուլի չափազանցված «քաղաքական կոռեկտության» հետ: Կան ավանդական խնդիրներ, կան եւ նոր անհանգստություններ:
Առաջինների կապակցությամբ ուզում եմ հիշատակել Գերմանիայում դեսպան աշխատած ժամանակ տեղի ունեցած իմ հանդիպումը ՔԴՄ (քրիստոնյա դեմոկրատական) կուսակցության անդամ, Բունդեսթագի պատգամավոր Էրիկա Շթայնբախի հետՙ իր խնդրանքով, որպես «Արտաքսվածների միության» այն ժամանակվա նախագահի: Այդ միությունը ցանկանում էր Գերմանիայում հիմնել թանգարանՙ նվիրված Եվրոպայում տեղի ունեցած էթնիկ զտումներին եւ արտաքսումներին, իհարկե նախ եւ առաջ նկատի ունենալով այն մի քանի միլիոն գերմանացիներին, որոնք արտաքսվել էին երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Չեխիայի եւ Լեհաստանի տարածքներից: Բայց նա առաջարկում էր թանգարանի մուտքի առաջին դահլիճը տրամադրել Օսմանյան կայսրությունից հայերի արտաքսման պատմությանը: Իհարկե, իր կուսակցության ղեկավարությունը երջանիկ չէր Շթայնբախի գործունեությամբ, բայց ոչ ոք կասկածի տակ չէր դնում նրա գործողությունների լեգիտիմությունը: Ցավոք, այդ ծրագիրը չիրականացվեց, բայց տրամադրություններն առկա են:
Մյուս օրինակը Թիլո Սարացինի «Գերմանիան ինքնաոչնչացվում է» (Deutschland schafft sich ab) աղմկահարույց գիրքն էր, որը հրատարակվեց 2010-ին: Սրանում հեղինակը վերլուծում էր Գերմանիա կատարվող զանգվածային ներգաղթի հետեւանքները ամենատարբեր ոլորտներումՙ սոցիալականից մինչեւ կրթական: Թեեւ հեղինակը հասարակական կարծիքի ճնշման տակ նույնիսկ ստիպված եղավ հրաժարական տալ բանկային համակարգում զբաղեցրած իր բարձր պաշտոնից, բայց հարցադրումները մնացին, եւ դրանք նկատելի են նաեւ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության դրույթներում:
Արդեն առիթ եմ ունեցել նշելու, որ այդ կուսակցությունը թեեւ արմատական աջ հայացքներ ունի, բայց ոչ մի դեպքում ֆաշիստական չէ, այլապես նա իր շոշափելի տեղը չէր ունենա Բունդեսթագում: Իրենց քարոզած «այլընտրանքը» ԵՄ-ից դուրս գալն է, որը վերջերս իրականացրեց Մեծ Բրիտանիանՙ առանց ֆաշիստական համարվելու: Հասկանալի է, որ ավանդական կուսակցությունները, որոնք AfD -ի պատճառով ընտրազանգված են կորցնում, շահագրգռված են այն դիվայնացնելու: Սակայն, այդ կուսակցությունն ավելի ծայրահեղ չէ, քան ասենք Մարի Լը Պենի կուսակցությունը Ֆրանսիայում, այսօրվա կառավարող կուսակցությունը Հունգարիայում եւ շատ ուրիշներ: Չեմ կարող ասել, որ ինքս նման հայացքների համակիր եմ, բայց համարում եմ, որ պետք է համագործակցել բոլոր լեգիտիմ ուժերի հետ, որոնք կարող են օգնել մեր ազգային շահերի պրոպագանդմանը կամ լուծմանը:
Ցավով պետք է արձանագրեմ, որ ընթացող պատերազմը նաեւ մեզանում զգալի չափով հանգեցրեց «բոլոր արժեքների վերարժեւորմանը»: Հայ հասարակությունը համոզվեց, որ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության խոսույթները շատ դեպքերում օգտագործվում են որպես դատարկ կարգախոսներ եւ չեն ծառայում իրենց նպատակին: Իհարկե, պետք է բոլոր ջանքերը գործադրել դրանք աշխատեցնելու համար, բայց եւ պետք է նկատի ունենալ, որ մենք պետք է աշխատենք բոլոր լեգիտիմ ուժերի հետ, որոնցից կարող ենք իրական օժանդակություն ստանալ: Մենք պետք է զգույշ լինենք չանցնելու համար գերմանական հասարակության մեջ գոյություն ունեցող «կարմիր գծերը», բայց եւ բավականաչափ պրագմատիկՙ օգտագործելու համար բոլոր շանսերը, որ տալիս են այդ դաշտի լեգիտիմ խաղացողները:
*) Խոսքը վերաբերում է 1526 եւ 1632 թթ.ին Վիեննայի պատերի տակ թուրքական զորքերի ջախջախման փաստին, որը Արեւմտյան Եվրոպան փրկեց թուրքական ներխուժումից: Ծ.Խ.: