RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 07-02-2020



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2020-02-07 12:49:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1947, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ. «ԱՓՍՈՍՈՒՄ ԵՄ, ՈՐ ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՑԵԼ ԱՐԴԱՐԱՑՆԵԼ ԲԱԶՄԱՀԱԶԱՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀՈՒՅՍԵՐԸ, ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ, ԵՎ ԵՂԵԼ Է ՄԵԾ ՀՈՒՍԱԽԱԲՈՒԹՅՈՒՆ»

Տպավորություն է, թե հանրային ուշադրությանը նետված յուրաքանչյուր նոր թեմա ՙ կենցաղային մակարդակի, թե ոչ, միտում ունի հանրային միտքը որոշակի ժամանակով զբաղեցնելու, ըստ որում, դեռ նախորդը չմարսածՙ նետվում է մեկ այլ թնջուկ, եւ այս շղթան բացում է դիսկուրսների մի շարք, սոցցանցերը ողողվում են զանազան մեկնաբանություններովՙ անլուրջ, թե լրջմիտ, թուլամիտ թե թունավոր, եւ սա հանրային պառակտման վտանգ պարունակող մի երեւույթ է: Այս ֆոնի վրա լինում են նաեւ կառուցողական առաջարկներ ու ծրագրերՙ միտված հանրային համախմբմանը, ներկա տրամադրությունների առողջացմանը:

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրավերով հանդիպումը տպագիր մամուլի խմբագիրների հետՙ երկու օր առաջվա, նույն օրը երեկոյան արդեն զանազան ենթադրությունների տեղիք տվեցՙ ո՞րն էր այդպիսի ընտրության պատճառը, ինչո՞ւ հենց տպագիր մամուլ եւ կամՙ ովքե՞ր էին ընտրյալները: Կարելի է ասել, որ ներկա իրականության քաոսային, անհասկանալի իրավիճակը ինչ- որ առումներով պայմանավորված է տեղեկատվության հակասական, իրարամերժ բնույթով ու դրա ծավալներով, երբ էլեկտրոնային տարածքը ուղղակի պայթում է այսպիսի քանակությունից ու որակից, որն անխոս ազդում է հանրային ոչ միայն տրամադրությունների վրա, նաեւ սպառնում է նրա հոգեկան առողջությանը, ինչը բնորոշ չէ տպագիր մամուլին: Տպագիր մամուլը, ըստ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, կարեւորվում է որպես ավանդական, առանցքային լրատվամիջոց, այս ասպարեզի հնաբնակները ինֆորմացիայի նման հոսքի պայմաններում դժվարությամբ, սակայն կարողանում են պահպանել տպագիր ընթերցանության մշակույթը, սա խրախուսելի է եւ պիտի ունենա աջակցություն: Նպատակըՙ հանդիպման, վերջիններիս միջոցով հանրության հետ երկխոսելու հնարավորությունն էր, պատասխանելու կուտակված շատ հարցերի, նաեւ խորհուրդ հարցնելու փորձառուներից եւ ներկայացնելու առաջիկա գործողությունների ծրագրեր:

Հիմնական նորությունը Արթուր Վանեցյանիՙ քաղաքական ասպարեզ մտնելու հայտն էր, բնականաբար նոր քաղաքական ուժի ձեւավորումով: Այս ճանապարհին նա կարեւորում է քաղաքացիական հասարակության զարգացումը, ինչը նախկին իշխանությունների օրոք անուշադրության էր մատնվել. դաշտը զբաղեցված է եղել հասարակական կազմակերպություններով, որոնք հիմնականում ֆինանսավորվել են դրսից: Հեղափոխությունից հետո այս դաշտը մնաց կիսադատարկ, քանի որ դրանց շատ ներկայացուցիչներ ներգրավվեցին օրվա իշխանությունների մեջ, եւ նաեւ առկա մենաշնորհը, որի դեմ որեւէ նկատառում չունենալով, նա ստեղծել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամըՙ սատարելու քաղաքացիական ակտիվ գործունեություն ծավալող հասարակական միավորումներին, ԶԼՄ- ներին, անհատներին, որոնք ոչ թե օտարերկրյա օրակարգ առաջ կբերեն Հայաստան, այլ կառաջնորդվեն ազգային օրակարգով: Անդրադառնալով ներկայում գործող հասարակական կազմակերպություններին, որոնց գործունեությունը նաեւ ուղղված է երկրի շահերին, չբացառելով այլ աղբյուրների կողմից ֆինանսավորումը, մտահոգություն կա, որ սա ինչ - որ պահի այստեղ կարող է ներմուծել օտար պետությունների օրակարգը:

Որեւէ հիմնադրամի ստեղծում բնականաբար ենթադրում է ֆինանսների առկայություն: «Հայրենիք» հիմնադրամի այդ աղբյուրը արտերկրում բնակվող մեր հայրենակիցներն ենՙ ԱՄՆ -ում, Եվրոպայում, Ռուսաստանում: Նրանց ներկայացուցիչների հետ այս ընթացքում կայացած հանդիպումների արդյունքում ստացվել են աջակցության հավաստիացումներ: Հիմնադրամի ծրագրերում չկա բարեգործական նպատակ, այն ուղղված է լինելու բացառապես որոշակի խնդիրների լուծմանը: Տարածքն արդեն հատկացված է, որտեղ մի առանձին եւ ընդարձակ մաս տրամադրվելու է մեդիա հարթակինՙ ժամանակակից տեխնիկական եւ մնացած կահավորումով կոնֆերանս սրահներով, որտեղ ասուլիսներ, քննարկումներ, հանդիպումներ կարող են կազմակերպել ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, հանրային միավորումներ, կազմակերպություններ, անհատներՙ անվճար հիմունքներով: Նպատակային այս ծառայություններն ուղղված են լինելու քաղաքացիական հասարակության զարգացմանը: Ինչ վերաբերում է իր քաղաքական գործունեությանը եւ կուսակցության ստեղծմանը, ապա այն ձեւավորման ընթացքի մեջ է: Հարց է առաջանումՙ հայաստանյան քաղաքական դաշտում առկա կուսակցությունների բազմաքանակության պարագայում եւս մեկի ստեղծումը ունի՞ արդյոք պահանջարկ: Հանրային տրամադրությունների ուսումնասրիրությունները հանգեցնում են պարզ ընդհարացման. ակնհայտորեն, հեղափոխության վերափոխիչ ուժով ոգեւորված մի հատված, իր ակնկալիքների, սպասումների արձագանքը չստանալով, այս էլ որերորդ անգամ հայտնվելով հուսախաբության մեջ, աստիճանաբար կորցնում է վստահությունը նոր իշխանությունների նկատմամբ, այս մարդիկ մերժում են նաեւ հինը եւ հասարակության մեջ փորձում են գտնել մեկ այլ հենարանՙ վստահելի, գործուն ծրագրեր ներկայացնող:

Դեռ ավելի վաղ ներմուծված սեւ ու սպիտակի հակադրությունը իրավացիորեն կեղծ է համարվում եւ վտանգներ պարունակող. ըստ Վանեցյանի, սա գործող իշխանությունների ստեղծած այլընտրանքն է նախկիններին: «Այսպիսի բան, վստահեցնում եմ ձեզ, չկա: Վերադարձ անցյալին երբեք չի լինելու: Ես այն մարդն եմ, որ պայքարել եմ, որ նման բան չլինի: Նաեւ այն մարդն եմ, որ դեմ է հասարակության վերաբաժանումներին, բոլորս հայ ենք, ՀՀ քաղաքացի:

Կան մարդիկ, ովքեր մեկ քայլ առաջ են տեսնում, եւ լռելը սխալ է, հատկապես մեկի կողմից, որը 1,5 տարի զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը եւ վերջին 20 տարին աշխատել է այդ կառույցում: Այսօրվա զարգացումներըՙ Հայաստանի, ոչ բարենպաստ հետեւանքներ են ունենալու երկրի համար»:

Ձեւավորվելիք քաղաքական նոր ուժի գաղափարախոսությունը կհստակեցվի եւ կնչեցվի հիմնադիր ժողովի ժամանակ: Իր հիմնական գաղափարական ուղղվածությունը աջ կենտրոնամետության մեջ է. քաղաքացինՙ երկրի բարձրագույն արժեք, ժողովրդավարության առաջնահերթություն, ազգային ավանդույթների պահպանում եւ առաջընթացՙ ընդհանուր այսպիսի կոնտեքստում:

Մնացյալը հանրային լայն քննարկման նյութ դարձած ամենատարբեր տեղեկությունների, լուրերի, ասեկոսների, փաստերի առնչությամբ ԱԱԾ նախկին տնօրենի տված պարզաբանումներն էին, որոնք մամուլում արդեն եղել են: Այդուհանդերձ, ներկայացնենք մի քանիՙ մեր կողմից նկատված ուշագրավ դիտարկումներ.

Տեղեկատվական արշավանք

Հրապարակ նետված կեղծ ու ստահոդ հոդվածներ, պետական հեղաշրջում կազմակերպելու վարկած: Այսպիսի գործողության մեջ մեղադրվող մարդը պետք է նստած լիներ համապատասխան վայրում: Հակասահմանադրական ճանապարհով կատարված որեւէ քայլ, ինչ նպատակ էլ հետապնդի, պիտի արժանանա համապատասխան վերաբերմունքի:

(Մի շարք պարզաբանումներով հերքվեցին Ա. Վանեցյանի հոր բիզնես գործունեությանն առնչվող լրատվություններով տարածված կեղծ տեղեկությունները):

Մարտի 1-ի գործի բացահայտում

Մարտի 1-ի գործ ասելիս, առաջնահերթությունը պետք է տրվի տասը զոհերի սպանության բացահայտմանը: Այդպե՞ս է արդյոք,- ես կարծում եմՙ ոչ: Որքան էլ հանրության մեջ սա տարբեր մեկնաբանությունների տեղիք տա, պետք է ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, իմ կարծիքով, կալանավորման միջոցը ընտրված է սխալ: Նա երբեւիցե քննությունից չի խուսափել, եւ ճիշտ կլինի խափանման միջոցը վերանայել, որը կթուլացնի լարվածությունը հանրության որոշակի շրջանակներում եւ կնպաստի գործի լիարժեք քննությանը:

Տարաձայնություններ, ափսոսանքի զգացում, դավաճանի սինդրոմ

Այն տեղը, որ ես էի զբաղեցրել, եւ իմ կատարած աշխատանքի շնորհիվ նաեւ, բոլորդ տեսաք, թե ինչ ահռելի վստահություն ձեռք բերեց ԱԱԾ-ն եւ ինչ վերաբերմունքի արժանացավ: Բարոյական չէր լինի, եթե կոմֆորմիզմից ելնելով, զբաղեցնեի այդ պաշտոնը եւ չբարձրաձայնեի մտահոգիչ հարցեր. Իմ եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ եղել են տարաձայնություններ, որոնց մասին բարձրաձայնել եմ հրաժարականի տեքստով: Տարաձայնությունները եղել են քաղացիական հասարակության եւ պետության ընկալումների ու վերաբերմունքի մեջ:

Հրաժարականի հետ կապված ափսոսանքի զգացում չունեմ: Ափսոսում եմ, որ չենք կարողացել արդարացնել բազմահազար քաղաքացիների հույսերը, սպասումները, եւ եղել է մեծ հուսախաբություն:

Ինչ վերաբերում է դավաճան կոչվելու գնահատականին, թող վախենան նրանք, ովքեր դավաճանեցին հեղափոխության գաղափարները, իրենց անձնական շահը վեր դասեցին հանրայինից, եւ ովքեր կարճ ժամանակ անց սթափվելու են, երբ չեն հասկացելՙ ինչ են արել:

Տարօրինակ հանձնարարություններ. սեւազգեստ մարդկանց տեղորոշում, Սատանայի հետ կապ...

Կան հորինված կերպարներ, թե իբր ահաբեկում են ժողովրդին, վտանգ են հասարակությանը: Ես ափսոսում եմ, որ նման ցածր մակարդակի է հասցվում մեր ողջ իրավական համակարգի գործունեությունը: Անլրջացնում են. մարդուն բերման են ենթարկում, դուրս է գալիս, ծիծաղում եւ հարցազրույց է տալիս եւ նաեւ անթույլատրելի հայտարարություններ անում. Ի՞նչ է ստեղծվածը, նպատակը մարդկանց վախեցնելն է:

ԱԱԾ գործառույթներ, ներքի՞ն խնդիրներ

ԱԱԾ -ն բարդ եւ բազմաշերտ կառույց է, օրենքով իրեն վերապահված գործողություններ է իրականացնում, նաեւ հակակոռուպցիոն եւ տնտեսական բնույթի հանցագործությունների բացահայտումներ, որոնք իմ պաշտոնավարության ընթացքում եղան:

Մեր աշխատանքի ընթացքում եղել են լրջագույն հաջողություններՙ հետախուզական, հակահետախուզական, ռազմական հակահետախուզական ոլորտներում: Լուրջ համագործակցություն ենք ունեցել օտարերկրյա հատուկ ծառայությունների հետՙ ահաբեկչության դեմ պայքարին ուղղված, որի մասին զեկուցվել է վարչապետին եւ արժանացել է բարձր գնահատանքի: Եվ այն պնդումները, որ եղան իմՙ աշխատանքից ազատվելուց հետո, թե ԱԱԾ-ն թերացել է աշխատանքի մեջ, եւ սա է իմ պաշտոնանկության պատճառը, այդպես չէ: Ինձ ոչ ոք չի ազատել աշխատանքից, ինքս եմ ներկայացրել դիմում:

Անցած տարվա դեկտեմբերի 20-ին ԱԱԾ օրվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը ծավալուն ելույթ ունեցավ եւ ամենաբարձր գնահատականի արժանացրեց կառույցի գործունեությունը: Ես այդ ընթացքիՙ ընդամենը 2 ամիսը չէի աշխատել:

Բանկային գաղտնիք

Միշտ ունեցել եմ բացասական կարծիք, բանկային գաղտնիքը պետք է պահպանվի, սա պետության գրավչությունն է: Բացառիկ դեպքերում պետք է այն բացվի:

Ոստիկանության գաղտնալսում

Աշխարհում գործում են տարբեր պրակտիկաներ: Հայաստանի պես փոքր երկրում սա շռայլություն է, որ ոստիկանությունը ունենա առանձին նման ստորաբաժանում: Ոստիկանությունը ԱԱԾ-ի միջոցով է այդ գաղտնալսումն իրականացրել. կենտրոնացված է եղել մի տեղ, հետո տեղաբաշխվել է:

Իջեւանի ծառահատումներ, անտեղի ոգեւորություններ

Խորքային պրոցեսների մասին տեղյակ չեք. Հնարավոր է ունենայինք մեծ բախումներ ուտիկանության ուժերի եւ քաղաքացիների միջեւ: Դա էր պատճառը, որ գնացել էի Իջեւան, հանդիպել եմ մարդկանց, բացատրել եմ ստեղծված իրավիճակը, ժողով ենք հրավիրել մարզպետարանում, լուծումներ ենք գտել: Իմՙ Իջեւան չգնալով, կարող էին լինել անբաղձալի հետեւանքներ:

Գաղտնալսումներ

Գաղտնալսումը մոնտաժված է, դա մեկ խոսակցություն չէ, մի քանի խոսակցությունների մոնտաժված տարբերակ է, որ տպավորություն ստեղծվի, թե ես ազդեցություն եմ ունեցել դատարանի վրա, սակայն եւս որեւէ դատավորի հետ քրեական գործի դեպքում զրույց չեմ ունեցել:

Սահմանադրական դատարանի շուրջ. ուղղակի հանձնարարականներ

Այն զարգացումները, որ ՍԴ շուրջ վերջին շրջանում են տեղի ունենում, ես չէի կարող մասնակից լինել: Ուղղակի հանձնարարական եղե՞լ է, թե՞ ոչ. չեմ անդրադառնալու սրան: Եղել է անհամաձայնություն. ես հայտարարել եմՙ Կանգ առե՛ք, սթափեցնող կոչը:

Սորոս. Բաց հասարակության հիմնադրամի վտա՞նգ

Կարճ պատասխանն էՙ ոչ:

Հնարավոր վտանգներ. Քաղաքացիական հասարակության մասին խոսելիս, կարեւորեցի օտարերկրյա օրակարգի ներդրման մասին Հայաստանում, որը կարող է ստորադասել ազգային եւ պետական շահը: Կան այնպիսիք, որ խրախուսում են պացիֆիստական շարժումները, կանանց ասում ենՙ դուք երեխա չեք ունենում, որ բանակ գնան:

Սովորական քաղաքացին սթրես է ապրում Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված, եթե ընդունվի, ի՞նչ է լինելու իր երեխայի հետ:

Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ տարվող հակաքարոզչությունը, ազգային մի կառույցի, որը մեր ժողովրդի պատմության ընթացքում եղել է հայությունն իր շուրջը համախմբողը:

Արցախի հարց

Արցախի հարցի շուրջ իրարամերժ հայտարարություններ են արվում, մի կողմիցՙ իշխանություններն ասում են, որ չենք բանակցում, բայց տեսնում ենքՙ որոշակի շփումներ, բանակցությունների նման գործընթացներ են տեղի ունենում: Ոչ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է: Մեր երկրին պե՞տք է այսօր պատերազմը, թե՞ ոչ. մեր երկրի անվտանգությանը սպառնո՞ւմ է, թե՞ ոչ, անկախ նրանիցՙ կհաղթենք, թե կպարտվենք: Իշխանությունները պարտավոր են անել ամեն ինչՙ ապահովելու խաղաղ գործընթացները: Իսկ եթե կան բանակցություններ, որի մասին իշխանությունները չեն հայտարարում, դա էլ այլ վտանգ է պարունակում: Իհարկեՙ բանակցությունները պետք է ունենան գաղտնի մաս նաեւ:

Կարեւոր երեք սկզբունքներ

Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անքակտելի է:

Կոնֆլիկտի լուծման միայն փաթեթային տարբերակ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 07-02-2020

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ