RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 17-01-2020



ՖԻՆԱՆՍՆԵՐ

Տեղադրվել է` 2020-01-16 22:43:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 2191, Տպվել է` 192, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՅՈՒՋԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԽՈՍՏԱՑՎԱԾ ԱՃԸ...

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Անցնող տարվաՙ 2019 թ.ի պետական բյուջեի եկամուտների մասին խոսելիս, վարչապետ Փաշինյանն այնքան միմյանց հակասող տվյալներ է հայտնում, որ դժվար է լինում տարբերել իրականությունն ու կեղծիքը: Դրանցից վերջինը դեկտեմբերի 31-ին ամանորյա ուղերձում հրապարակված ցուցանիշն էր, ըստ որի «2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները գերակատարվել են ավելի քան 100 միլիարդ դրամով»: Սա այն դեպքում, երբ դրանից ընդամենը մեկ շաբաթ առաջ գրառում էր կատարել, որ «դեկտեմբերի 23-ի դրությամբ, 2019 թվականի պետական բյուջեն գերակատարվել է 89 միլիարդ դրամով»: Հարց կարող է առաջանալ, թե մի՞թե հնարավոր չէ մեկ շաբաթվա ընթացքում 11 մլրդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտ հավաքել: Պատասխանը միանշանակ էՙ եթե ամեն ինչ լինի օրինականության սահմաններում, ապա միանշանակ ո՛չ:

Բանն այն է, որ բոլոր հարկերի վճարումները կատարվում են մինչեւ հաջորդ ամսվա 20-ը: Այսինքն, դեկտեմբերի 23-ինՙ Նիկոլ Փաշինյանի գրառման օրը, այլեւս բոլոր հարկերը մուծված պետք է լինեին: Սա նշանակում է, որ կա՛մ տարեվերջին մի քանի խոշոր հարկատուներից պահանջելու են մի քանի միլիարդ դրամ փոխանցել բյուջեՙ հետագա ամիսներին վերադարձնելու համար, ինչպես դա արվեց նախորդ տարվա վերջինՙ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ, կա՛մ Նիկոլ Փաշինյանը պարզապես կլորացրել է գումարըՙ «11 մլրդ դրամ այս կողմ կամ այն կողմ, էական չէ» տրամաբանությամբ:

Մեկ այլ հետաքրքրական հանգամանք, որ տարեվերջին ոչ մի կերպ չի նշել վարչապետը: Տոկոսային առումով որքա՞ն են ավելացել հարկային եկամուտները: Չէ՞ որ տարվա առաջին կեսի տվյալները ներկայացնելիս, նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր հարկային եկամուտների 25 տոկոսից ավելի գերազանցման մասին, ասելով, որ դա համապատասխանում է իր այն խոստմանը, որ բյուջեի եկամուտները մեկ-երկու տարում կավելացնի մեկ երրորդով: Մոռացե՞լ է իր հերթական խոստման եւ մի քանի ամիս առաջ կատարած գրառման մասին Նիկոլ Փաշինյանը: Ոչ իհարկե, պարզապես նրա համար խոստումներ շռայլելն ու դրանք «մոռանալը» կենսակերպ է: Եվ քանի որ առայսօր ոչինչ չի ասել, թե քանի՞ տոկոսով են այս տարվա եկամուտները գերազանցել անցած տարվա եկամուտներին, ներկայացնենք այս պահին հրապարակված վիճակագրական կոմիտեի տվյալները 2019 թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսների վերաբերյալ:

Համաձայն այդ հրապարակման, 2019 թ.-ի հունվար-նոյեմբերին հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 304 մլրդ դրամ, 2018 թ.-ի նույն ժամանակահատվածումՙ 1 տրլն 104 մլրդ դրամ: Աճը կազմել է 19 տոկոս, այլ ոչ թե 25 տոկոս կամ մեկ երրորդ, ինչպես խոստացել էր վարչապետը: Ուշագրավ է նաեւ, թե ինչո՞վ է պայմանավորված այս աճը:

Հիշեցնենք, որ այս տարի Հայաստան է ներմուծվել աննախադեպ քանակությամբՙ մոտ 200 հազար ավտոմեքենա, քանի որ ավարտվում է նախկին մաքսատուրքերով ներմուծելու այն արտոնությունը, որ Հայաստանը ձեռք էր բերել ԵԱՏՄ մտնելիսՙ 2015 թ.ին: Բյուջեի եկամուտների գերակատարումը բացառապես նախկին իշխանության շնորհիվ ձեռք բերված ավտոմեքենաների ներմուծման արտոնության արդյունք է: Ըստ ՊԵԿ նախագահի, երբ Հայաստան ներմուծված մեքենաների թիվը մոտ 114 հազար էր, դրանից պետական բյուջե գանձվել էր մոտ 51 մլրդ դրամ: Համապատասխանաբարՙ 200 հազարի դեպքում գանձվող գումարն էլ ավելանում է մոտ 43 մլրդ դրամով: Արդյունքում, միայն մեքենաների ներմուծման շնորհիվ բյուջե է մտել մոտ 94 մլրդ դրամ հավելյալ գումար:

Այսինքն, ստացվում է, որ բյուջեի գերակատարում կոչվածը գրեթե ամբողջությամբ տեղի է ունեցել մեքենաների ներմուծման կտրուկ աճի շնորհիվ, որի հետ այս իշխանությունն առչություն չունի, բայց հպարտանում է դրանից ստացվող բյուջետային եկամուտներով: Մյուս կողմից էլ նախորդ տարվա համեմատ 210 մլրդ դրամ ավելի հարկային եկամուտների հավաքման գրեթե կեսը, մոտ 45 տոկոսը, պայմանավորված է դարձյալ այս գործոնով: Մնացած հավելյալ մուտքերի վերաբերյալ պետք է նշել, որ նմանատիպ աճեր գրանցվել են նախկինում եւս, եւ տարեց տարի պետական բյուջեի եկամուտները տասնյակ միլիարդավոր դրամներով, իսկ երբեմն նաեւ 100 մլրդ դրամը գերազանցող գումարներով ավելացել են: Օրինակ 2007-ինՙ 148 մլրդ դրամով, 2008-ինՙ 198 մլրդ դրամով, 2011-ինՙ 100 մլրդ դրամով եւ այլն:

Ինչպես արդեն նշեցինք, ներկա պահին հայտնի են միայն անցած տարվա 11 ամիսների պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքման ցուցանիշները: Տարեկան ցուցանիշները կհրապարակվեն մեկ ամսից: Սակայն ակնհայտ է, որ դրանց խոստացված մեկ երրորդ աճը այդտեղ չի լինելու, իսկ եղած աճի մոտ կեսը պայմանավորված է մի գործոնով, որտեղ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որեւէ դերակատարում չունի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ