RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-09 17:53:05Գյումրի-Կարս հին կամուրջը՝ հուշարձան
2020-08-09 15:17:18Գյումրի-Կարս հին կամուրջը՝ հուշարձան
2020-08-09 15:16:02Պարզաբանում է Վլադիմիր Գասպարյանի փաստաբանը
2020-08-08 19:18:26Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ սկսվեցին բախումներ
2020-08-08 17:45:01Բեյրութում հրդեհ է բռնկվել հիվանդանոցի մոտ
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 10-01-2020



«ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ»

Տեղադրվել է` 2020-01-09 23:23:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 2222, Տպվել է` 177, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԿՈՆՖԼԻԿՏԸ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ Է»

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության հարցերով փորձագետ

Գեներալ Սոլեյմանիի լիկվիդացիան

«Ազգ» շաբաթաթերթի 39-րդ համարում (առ 18 դեկտեմբերի 2019 թ.) Իրանի «Ստվերի ասպետը» հոդվածումս գրել էի «Ալ-Քուդս» (Երուսաղեմի ուժեր) Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) հատուկ ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մասին:

Հոդվածը գրելու շարժառիթն այն էր, որ 2019թ. հոկտեմբերի 3-ին, ըստ ԻՀՊԿ հետախուզության պետ` Հուսեին Թաիբի հայտարարության, Իրանի հատուկ ծառայություններին հաջողվել էր խափանել իսրայելա-արաբական գաղտնի ծառայությունների փորձը` ֆիզիկապես վերացնել գեներալ Ղասեմ Սոլեյմանիին: Ձերբակալվել էին կասկածյալներ: Մահափորձը պետք է կազմակերպվեր Իրանի Քերմանի նահանգում: Նույն օրը երեկոյան, գեներալ Սոլեյմանին հանդես եկավ Իրանի «Ալ-Ալամ» հեռուստաալիքով, ցույց տալով, որ ինքը ողջ-առողջ է, նաեւ պատմեց իսրայելական «Մոսսադ» հետախուզական ծառայության եւ արաբական որոշ հատուկ ծառայությունների համատեղ, բայց ձախողված օպերացիայի մասին: Իրանի հատուկ ծառայությունների համար դա իրոք հաջող գործողություն էր...

2020 թ. հունվարի 3-ին հայտնի դարձավ, որ ամերիկյան զինված ուժերի կողմից Բաղդադի շրջակայքի եւ օդանավակայանի հրթիռակոծման հետեւանքով սպանվել են գեներալ Ղասեմ Սոլեյմանին եւ շիական խմբավորումների այլ բարձրաստիճան զինվորականներ: Սպանված գեներալին ճանաչել են ըստ նրա մատին մեծ կարմիր քարով արծաթե մատանու:

Դրան հաջորդեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե ոչնչացվել է աշխարհի N1 ահաբեկիչ գեներալ Սոլեյմանին: Իրանում հայտարարվեց եռօրյա սուգ: Երկրի ղեկավարությունը հայտարարեց, որ Թեհրանը իրավունք է վերապահում իրեն հասցնել պատասխան հարված:

Եվ այսպես, ով էր «ստվերի ասպետ», Իրանի հոգեւոր առաջնորդի մտերիմ եւ ամենավստահելի մարդ, ռազմա-դիվանագիտական հատուկ հանձնարարություններ կատարող, Իրաքում, Սիրիայում, Եմենում, Լիբանանում, Մոսկվայում եւ մի շարք այլ երկրներում յուրային համարվող, բազմաթիվ բարդ հարցեր լուծող «Ալ-Քուդսի» հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին:

Կարծես թե վերոհիշյալ տողերով նրա մասին ամեն ինչ ասվում է, միգուցե եւ ոչ: Փորձենք գտնել նրա կենսագրության մեջ այլ ուշագրավ եւ բնորոշ մանրամասներ:

Ղասեմ Սոլեյմանին ծնվել է 1957 թ. Իրանի արեւելքում, Ռաբոր քաղաքում, աղքատ ընտանիքում: Զինվորական կարիերան սկսել է իրանա-իրաքյան պատերազմի տարիներին (1980-1988 թթ.): Պատերազմի առաջին երեք տարիների ընթացքում նա դարձավ 41-րդ դիվիզիայի հրամանատարը: 41-րդ դիվիզիան մտնում էր ԻՀՊԿ կազմի մեջ (իմիջիայլոց, ԻՀՊԿ-ի կազմում գործում են Ռազմա-օդային ուժեր, հրթիռային զորամասեր, հետախուզություն եւ հակահետախուզություն եւ ամենամարտունակ ստորաբաժանումը` «Ալ-Քուդսը», որը կազմավորվել է 1979 թ.): Ավելի ուշ, Սոլեյմանին մասնակցեց ռազմական գործառույթներին արտերկրում, որտեղ օգնում էր հակասադդամական շիաներին եւ քրդական խմբավորումներին Իրաքում, հետո նա աջակցում էր «Հեզբոլլահին» («Ալլահի ծառաներին») Լիբանանում եւ «Համասին» Պաղեստինում: 2012 թվականից սկսած («Արաբական գարունը» սկսվել էր 2011թ.) գեներալ Սոլեյմանին մեծ աջակցություն էր ցուցաբերում Բաշար Ասադի կառավարությանը Սիրիայում` քաղաքացիական պատերազմում եւ «Իսլամական պետության» դեմ պայքարում: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ Իրաքում կառավարական ուժերի եւ շիական միավորումների պայքարում ընդդեմ «Իսլամական պետության» ահաբեկիչների 2014-2015թթ.:

Սակայն ամենահետաքրքրականն այն է, որ ինչ-որ ժամանակահատվածում Ղասեմ Սոլեյմանին եւ ամերիկացիները օբյեկտիվորեն գտնվում էին բարիկադների նույն կողմում: Ավելի ճշգրիտ` 2001 թ. սեպտեմբերի 11-ին Նյու-Յորքում տեղի ունեցած ահաբեկչական ակտից հետո, ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Ռայան Քրոքերը ժամանեց Ժնեւ` հանդիպելու իրանցի դիվանագետների հետ, որոնց ղեկավարում էր Ղասեմ Սոլեյմանին: Բանակցությունների թեման էր համատեղ պայքարը աֆղանական «թալիբների» դեմ: Սակայն, արդեն 2002 թ. ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը իր զեկույցում Իրանն անվանեց «Չարի առանցքի» մաս եւ վերջ դրեց համագործակցությանը:

1998 թվականից Ղասեմ Սոլեյմանին հանդիսանում էր ԻՀՊԿ «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատարը: Ստորաբաժանումը եւ նրա հրամանատարը անմիջականորեն ենթարկվում էին Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Ինչպես նշվեց, այդ ստորաբաժանումը աջակցում է «Հեզբոլլահին» Լիբանանում, «Համասին» Գազայի հատվածում, Եմենի հուսիդներին, Իրաքի, Աֆղանստանի շիաներին, Սիրիայի գործող կառավարությանը: Համաձայն տարբեր ռազմական փորձագետների եւ հետախուզական ծառայությունների տվյալների, «Ալ-Քուդսի» մարտիկների թիվը տատանվում է 2000-ից 20000-ի միջեւ:

Եվ այսպես, Իրաքի տարածքում 2020 թ. հունվարի 3-ին, ամերիկյան զինված ուժերի դրոնները (անօդաչու թռչող սարքերը) կամ, ըստ այլ աղբյուրների, ուղղաթիռները ռմբակոծել եւ հրթիռակոծել են Բաղդադի օդանավակայանում շարժվող ավտոշարասյունը: Ըստ չճշտված տվյալների, պայթեցվել են մի քանի մեքենաներ եւ զոհվել են վեցից ավելի ուղեւորներ: Այդ ուղեվորների թվում եղել են գեներալ Ղասեմ Սոլեյմանին, Աբու-Մահր Մուհանդիսը`«Քաթաիբ Հեզբոլլահ» շիական խմբավորման հրամանատարը (կազմավորվել է 2007թ.), եւ այլ շիական աշխարհազորայիններ «Ալ Հաշդ ալ Շաաբի» խմբավորումից:

Հիշեցնենք, որ 2019 թ. ապրիլից ԱՄՆ վարչակարգը ԻՀՊԿ ամբողջ կազմը ներառել է արտասահմանյան ահաբեկչական խմբավորումների «սեւ ցուցակում»:

Գնահատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանըՙ ոչնչացնել գեներալ Սոլեյմանիին, որի անձը թեկուզ եւ համարվում էր խիստ անցանկալի եւ անհանդուրժելի ԱՄՆ-ի համար, կարելի է արձանագրել, որ ողջ աշխարհում, այդ թվում ԱՄՆ-ում ստեղծվեց սկանդալային իրավիճակ: Դոնալդ Թրամփը այդ որոշումն ընդունել է առանց ԱՄՆ Կոնգրեսի հետ համաձայնեցնելու: Կոնգրեսի դեմոկրատները այդ որոշումն անվանեցին սադրիչ` անկանխատեսելի հետեւանքներով: Հանրապետականների մեծ մասը խրախուսեցին այդ հրամանը: Պենտագոնը հայտարարեց, որ ԱՄՆ-ը վրեժխնդիր եղավ Իրաքում եւ ողջ տարածաշրջանում սպանված ամերիկյան զինծառայողների եւ դիվանագետների համար, որոնց ետեւում կանգնած էր ինքը` գեներալը:

2019 թ. դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակվեցին մի խումբ ցուցարարներ եւ այրեցին դեսպանատան պահակակետն ու կենտրոնական դարպասները` ի նշան բողոքի ընդդեմ ամերիկյան օդուժի կողմից իրաքյան շիական հենակետի ռմբակոծման: Ցուցարարների այս գործողությունների մեջ, ամերիկյան հատուկ ծառայություններն, իհարկե, կասկածում էին նույն գեներալ Սոլեյմանիին:

Գեներալ Սոլեյմանիի փոխարեն արդեն նշանակվել է նրա տեղակալը` բրիգադի գեներալ Իսմայիլ Քաանին:

Տարածաշրջանում, մեր հարեւանությամբ, խիստ լարվում է օպերատիվ-քաղաքական իրավիճակը, որը կարող է սպառնալ նաեւ Հայաստանի ներքին կայունությանը, եթե ինչ-որ գործառույթներ տեղափոխվեն մեր տարածք:

Հատուկ ծառայությունները, հատկապես` հետախուզությունն ու հակահետախուզությունը պատերազմի մեջ են նաեւ խաղաղ պայմաններում: Սա հիշեցնում ենք ի միջի այլոց, որպեսզի մեր իրավապահները չկորցնեն իրենց զգոնությունը:

Ծանոթագրություն

Մինչեւ հոդվածս լույս կտեսներ, 2020թ. հունվարի 7-ի գիշերը, լույս 8-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռակոծեց Իրաքում 2 ամերիկյան ավիաբազաներ: Օպերացիան անվանվեց «Տառապյալ Սուլեյմանի»:

Արձակվեց 22 հրթիռ, որոնցից նպատակին հասել է 15-ը: Իրանական կողմը հայտարարում է 80 զոհերի եւ 200 վիրավորների մասին: Ամերիկյան կողմը հերքում է այդ տեղեկատվությունը:

Օպերատիվ-քաղաքական իրավիճակը բարդանում է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 10-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ