RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-07-2019



Տեղադրվել է` 2019-07-19 00:33:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2449, Տպվել է` 237, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄՔԸ. ԱՐՓԻ

ՆԱԻՐ ՅԱՆ

Շիրակը մեր երկրի ամենացուրտ մարզն է համարվում: Ասում ենքՙ ամենացուրտ, ու թվում էՙ դրանով ամեն ինչ ասված է, բոլոր թերություններն ու բացթողումներն արդարացված են: Ցուրտ է, մայրաքաղաքից կտրված, ուրեմն մի սպասեք, որ ճանապարհները պետք է բարեկարգված լինեն, մարդիկՙ կուշտ, տներըՙ տաք, երեխաներն էլ դպրոց գնան:

21-րդ դարի մեր իրականության մեջ այսպիսի բան կա. երբ Շիրակի մարզի Արփի խոշորացված համայնքի Եղնաջուր գյուղ ավտեմեքենա է գնում, բնակիչները դուրս են գալիս իրենց տներից ու ապշահար նայում փոշոտ ու քարքարոտ ճանապարհին. իսկապե՞ս խաբկանք չէ, իրենց գյուղ ավտոմեքենա՞ է եկել: Տեսնես ո՞վ է, ինչացո՞ւ է, համագյուղացիներից ո՞ր մեկի տուն է եկել: Ու հետաքրքրասիրությունից վառվող դեմքերով եղնաջուրցիները խմբով ուղեկցում են ավտոմեքենան, մինչեւ վերջապես իմանան, թե եկվորն ով է, ու որ քամին է նրան իրենց կողմերը բերել: Եղնաջուրում տներն իրարից բավականաչափ հեռու են. սակավ բնակեցված գյուղում դատարկ, խարխլված տներն ավելի շատ են, քան բնակեցվածները: Եղնաջուրը Հայաստանի վերջին գյուղն է, որ սահմանակից է Վրաստանին ու Թուրքիային: Այստեղից երեւում է չեզոք գոտին, երեւում են սահմանը գծող մետաղալարերը:Եթե հովիվների ուշադրությունը մի քիչ շեղվի, հոտն ու նախիրը սահմանը կանցնեն: Եղնաջուրում ադրբեջանցիներ են ապրել. հայ-ադրբեջանական հակամարտությունը սկսվելուն պես նրանք հեռացել են: Տներն այդպես դատարկ ու լուռ էլ մնացել են:

Եղնաջուրում Վիշապաքար կա, որի մասին ասք ու լեգենդ է հյուսվել: Ասում ենՙ Վիշապաքարն ամոքիչ հատկություն ունի. բավական է հիվանդին բերել մոգական ուժ ունցող քարի մոտ, աղոթել, ու նա կբուժվի: Եղնաջուրցիները պատմում են, որ ժամանակ առ ժամանակ Ռուսաստանից օտար մարդիկ են գալիս, Վիշապաքարի շուրջը պտտվում, ծիսական արարողություններ կատարում, աղոթք մրմնջում, որ իրենց հիվանդն ապաքինվի: Նրանք տեղաբնակներից խուսափում են, խեթ-խեթ նրանց են նայում, նորից աղոթում Վիշապաքարին ու հեռանում:

Բայց եղնաջուրցիներին հաջողվել է պարզել, որ օտար եկվորներն իրենց գյուղի նախկին բնակիչ ադրբեջանցիներն են, որ տեղափոխվել են Ռուսաստան, ազգանունները փոխել, բայց սրտներում ամենազոր Վիշապաքարը դեռ մխում է: Ռուսական անձնագրերով գալիս են Հայաստան, Եղնաջուրՙ ուխտի. իրենց հիվանդին բերում են, Վիշապաքարի շուրջը պտտեցնումՙ հավատալով, որ կբուժվի:

Սարերով շրջապատված, քարքարոտ, անանցանելի ճանապարհներով երիզված Եղնաջուրն Արփի լճի ափին է: Գյուղի դաշտերով առվակներ են հոսումՙ զուլալ, անապակ, մաքուր: Մարդիկ աթարով են տաքանում, իսկ տաքանալ պետք է. Եղնաջուրում 9 ամիս ձմեռ է: Տարի է եղել, երբ հունիսին ծնկաչափ ձյուն է դրել: Երբ Հայաստանի բոլոր կողմերում շուշանն ու ավելուկը դախանում են ու ծաղկում, Եղնաջուրում շուշանն ու ավելուկը նոր-նոր ծիլ են տալիս: Այդ ժամանակ էլ Եղնաջուրի երկնքում արեւը ծիկրակում է, տներում վառարանները հանգչում են, երդիկների ծուխը մարում է: Եղնաջուրցիներն 9 ամիս ձյուն ու ցուրտ տեսնելուց հետո տան դուռը բաց են անում, կկոցած աչքերով արեւին նայում ու քթի մեջ անսովոր խուտուտից փռշտում: Եղնաջուրցիներն իրենք իրենց ապրուստն ստեղծում են, իրենք էլ սպառում. լավագույն դեպքում կարող են իրար մեջ ապրանք փոխանակել:

Եղնաջուրից Ծաղկուտ 8 կմ է, բայց ո՞վ ռիսկ կանի մեքենայով գնալ. կես ճամփին կմնա: Դրա համար էլ բոլորը ոտքով են գյուղից գյուղ գնում: Շուշան, ավելուկ, ուրց, դաղձ, այլ դեղաբույսերՙ ինչքա՜ն ասես. սարերն ու դաշտերը պայթում են, բայց քաղողն ո՞վ է ու ինչո՞ւ քաղեն: Իրացնող չկա, սպառող չկա: Թարմ, անարատ խոտաբույսերը, որ մայրաքաղաքում ձեռք ձեռքից կխլեն, այդպես դաշտ ու հանդում էլ մնում են, դախանում, փչանում: Եղնաջուրից Գյումրի եթե ավտոմեքենա գնա, 10 հազար դրամ կուզի. մի այդքան էլՙ վերադարձի համար: Շուշան-ավելուկի վաճառքից ստացված գումարը ճանապարհածախսին էլ չի հերիքի: Դրա համար էլ Եղնաջուրում բնության պարգեւածը բնության գրկում է մնում, եղնաջուրցիներն էլՙ աղքատության գրկում: Քաղաքից Եղնաջուր գնացածին այնպես են նայում, ասես այլմոլորակային տեսած լինեն. քաղաքաբնակն էլ է նույն հայացքով նայում եղնաջուրցիներին: Որովհետեւ երբ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ կոճակի մի սեղմումով ամբողջ աշխարհը մի ակնթարթում հայտնվում է ափիդ մեջ, երբ երկնքում ճախրող ռեստորաններում են մարդիկ արդեն ընթրում, Եղնաջուր ոտք դնելուց հետո մտածում եսՙ Եղնաջուրի երկինքը երկի՞նք չէ, որ այնտեղ ոչ թե ռեստորան, այլ անգամ փուչիկ չի թռչում: Եղնաջուրը Հայաստանի ու աշխարհի ծիրից դո՞ւրս է, որ մինչեւ հիմա ոչ մի նախագահի ու վարչապետի, ոչ մի նախարարի ու պատգամավորի համակարգչում այդ անունը չկա, ոչ մեկի մտքով չի անցել գնալ, սեփական աչքերով տեսնել մեր վերջին սահմանային գյուղը, հարցնելՙ մարդի՜կ, ո՞ղջ եք, թե մեռած:

Ընդհանրապես Հայաստանի բոլոր գյուղերում յուրաքանչյուր բնակչի սեփականություն հանդիսացող հողատարածքը, տնամերձ հողակտորը, տան սահմանները հստակ գծված ենՙ ըստ որոշակի չափորոշիչների: Եղնաջուրում ջունգլիների օրենք է տիրում: Ամեն մեկն ինքն է որոշումՙ ինչքան ու որն է իր սեփական տարածքը: Ու հաճախ բանը հասնում է լեզվակռվի ու ծեծկռտուքի: Ոչ մի սահմանաբաժան, ցանկապատ չկա. ամեն ինչ աչքաչափով է. եթե հարեւանի հավն աչքաչափով գծված սահմանն անցնի, մյուս հարեւանն իրավունք ունի հավի վիզը ոլորի ու դեն շպրտի: Սարերն էլ են նույն սկզբունքով բաժանվածՙ Անդոյի սար, Ենոքի սար... Հոտն ու նախիրը սարերը շփոթելու իրավունք չունեն, եթե հանկարծ շփոթեն, կյանքով կվճարեն:

Եղնաջուրցիներն աղքատ են, բայց հիմար չեն. լավ գիտեն, եթե խելքը գլխին մեկը լինի, իրենց գյուղում էքստրեմալ, լեռնարշավային տուրիզմը մեծ թափ կառնի: Դահուկային սպորտի համար բարձր ու հարթ լանջերով սարեր կան. տարին 9 ամիս էլ ձյուն-ձմեռ է: Արփի լճի հմայքը, Եղնաջուրի անձեռակերտ բնաշխարհը, մաքուր օդը, ալպիական ծաղիկները յուրաքանչյուրին խելքահան կանեն: Էկոտուրիզմ, բացառիկ զգացողություններ, անսովոր միջավայր խոստացող հազար ու մի գաղափար կարելի է իրականացնել այստեղ, միայն թե ոչ ոք այս վայրի տեղը չգիտե: Ամենակարեւոր խոչընդոտը ճանապարհների անանցանելիությունն է, որ բոլորին խրտնեցնում է:

Արփի համայնքի գյուղերում մրգատու ծառեր չկան. ցուրտ է, չեն աճում: Հիմնական եկամուտը կարտոֆիլը, կաղամբը, անասնապահությունն է: Եղնաջուրից հետՙ դեպի Ծաղկուտ ու Բերդաշեն, ճանապարհները նույնպես բարեկարգ չեն: Ժամերով գնաս, ճանապարհին ոչ մի մեքենա չի հանդիպի: Մոռացված գյուղերում մոռացված ընտանիքներն ու մարդիկ շատ են: Նրանց ոչ պետությունն է հիշում, ոչ էլ միջազգային կառույցները: Ամասիայից վերեւՙ ջնջված է, անտեսված, լուսանցքում է: Մարդիկ 20-30 տարի ապրում են առանց անձնագրի, հաշմանդամ երեխաները չափահաս են դառնումՙ առանց նպաստ ստանալու, որովհետեւ անձը հաստատող փաստաթուղթ չունեն: Ծնողների համար անլուծելի խնդիր է, գլխացավանք. փաստաթուղթ չունեն, ուրեմն իրենց այդպիսի ճակատագիր է վիճակված: Մի օր սոված, մի օր կուշտՙ ընտանքներ, երեխաներ են ապրում, կյանք մաշեցնում Շիրակի գյուղերում: Նրանց կերակրացանկը հիմնականում ձու է, մածուն, հացՙ այն, ինչը հնարավոր է հարեւանների հետ փոխանակել: Միրգ, բանջարեղեն, աղանդեր, քաղցրավենիք. շատերի համար անհասանելի ու երանելի բաներ են: Խոտ ու կանաչի մեջ կորած տները սարվորի կացարան են հիշեցնում, որտեղ սովորաբար միայն ամռանն են բնակվումՙ անասուն պահելու համար: Իսկ աշնան գալուն պես նորից տեղափոխվում են իրենց հիմնական շեները: Բայց ոչ, դրանք սարվորների հոլիկներ չեն, այդտեղ ամառ-ձմեռ ընտանիքներ են ապրումՙ մշտական: Մեկի կտուրը չկա, մյուսի պատերն են խարխլված, երրորդի պատուհաններին ապակու փոխարեն թուղթ ու փալաս է փակցված: Երեխաները տասնյակ կիլոմետրեր ոտքով գյուղից գյուղ են գնումՙ դպրոց: Համայնքների խոշորացումից հետո մի քանի գյուղի մեկ դպրոց է սպասարկում:

Մարմնովդ սարսուռ է անցնում, երբ պատկերացնում ես, թե ամեն օր ինչ դժվարություններ են կրում այս հող ու ջրի մարդիկ: Ի՜նչ քաղաքակրթություն, ի՜նչ թատրոն ու կինո, գրադարան ու ինտերնետ:

Հողածածկ հատակով կիսախարխուլ սենյակ է, պատերին հին պաստառների պատառիկներ: Մահճակալներին անկողինները կոկիկ հավաքված են, կուրացնելու չափ ճերմակ երեսներով բարձերը դիք շարված են: Արեւի շողերի մի փունջ բաց պատուհանից ներս է մտել: Սենյակի բոլոր անկյուններից մաքրություն է բուրում, որ խեղդում է անգամ աղքատության հոտը: Հնամաշ ու մաքուր շորերով տանտիրուհու տարիքը գուշակելը դժվար է: Թոշնած մաշկը խոր ակոսներով է ծածկված, բայց համակ լռություն արտահայտող նրա աչքերը մատնում են, որ ծեր չէ, երիտասարդ է: Տան պատն ի վեր չորացած աթարի կույտ է բարձրանում, շեմն ու դուռը մաքրությունից փայլում են: Սենյակի մի անկյունում դրված մահճակալի անկողինն արդեն 15 տարի չի հավաքվում, միշտ բաց է. այնտեղ մանկական ուղեղի կաթվածով Աշոտն է պառկած: Արեւ օրերին մայրը նրան գրկում, բակ է տանում, երեխան խոտ ու ծաղիկ, երկինք ու սարեր է տեսնում: Տեսնում է, հասկանում է, զգում է, խռովում է, սիրում է, բայց չի խոսում: Աշոտի ընտանիքը հազիվ է ծայրը ծայրին հասցնում: Աշոտն անգամ նպաստ կամ հաշմանդամության թոշակ չի ստանում, որովհետեւ ինչ-ինչ պատճառներով ոչ մի փաստաթուղթ չունի:

Մեկ այլ ընտանիք.17-18 տարեկան երկու քույրերը բակում կանգնած են. սպասում են, որ մի բանով կզբաղվեն, բայց նրանք կանգնած են: Հայացքով մի կետ են որսում, երկար նայում, հետո մեկ այլ կետ որսում, մինչեւ որ մայրը ձայն է տալիս, թեՙ տուն մտեք: Երկու քույրերը երկու եղբայր էլ ունեն. 4-ն էլ աուտիզմով են, բայց ոչ մի բժիշկ նրանց հիվանդությունը չի հետազոտել, հիվանդության իրական գնահատականը չի տվել: 4 երեխաների մայրը նրանց մենակ է մեծացնում: Սարերի փեշերին ապրող ընտանիքին ինչքա՞ն գումար է պետք, որ գոնե Գյումրի հասնի, հիվանդանոց գնա: Հետազոտություն, բուժում, դեղորայք... ու արդեն 18-20 տարի երեխաներն այդպես ապրում ենՙ խուսափելով մարդկային շփումներից, ներփակված, իրենց պատյանի մեջ մտած:

Մարդու սիրտը քիչ է մնում ճաքի կամ տեղից դուրս թռչի. մեր կողքին, մեր մեջ, մեր երկրում, մեզնից ընդամենը 200-300 կմ հեռու ապրում են մարդիկ, որոնց կյանքը նկարագրելու համար ոչ մի բառարան քեզ չի օգնի: Նրանք անզոր են, խեղճ են, ծռված ու բեկված են: Մեր կյանքի զուգահեռ եւ հակադիր իրականությունները ընթանում ենՙ մեկը մյուսին անտեղյակ, անհաղորդ ու կույր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-07-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ