Էս տարի եղանակը կառավարության կողմից է` ջուրն էնքան շատ է լինելու, որ ինչ վիշապ էլ խմի, մեկ է, հասարակ գյուղացուն հասնելու է, ջրառից հետո էլ դեռ Սեւանի մակերեսը մի 5-10 սանտիմետր բարձր է լինելու անցած տարվա համեմատ: էլ ինչ է ուզում կառավարությունը` բնությունն իր եւ մեր դաշնակիցն է, մնում են խելացի որոշումները`գյուղատնտեսությունը զարգացնելով սոցիալական վիճակը մեղմելու եւ արտահանման մեծացող պահանջարկը բավարարելու համար: Առհասարակ` կառավարության նիստին հետեւողներն ամեն շաբաթ հակասական զգացումներով են համակվում` նայած քննարկվող հարցերին վարչապետ Փաշինյանի վերաբերմունքի ուղղվածությանը, որը մեկ ոգեւորվում է ծրագրերի նպատակադրումներից, մեկ բարկանում` պատժի ենթակա նոր հասցեատեր հայտնաբերելով: Այս իմաստով կառավարության նիստը կոլիզիա, միզանսցեններ ու դրական կամ բացասական ֆաբուլա պարունակող մի ներկայացում է հիշեցնում սովորաբար:
Ուրեմն` գարունն ու հալոցքը որ ուշացել են`գետերը բավական երկար առատ ջուր կունենան, ջրամբարները 80-90 տոկոսով կլցվեն, բնությունն ու կառավարությունն էլ ձեռք-ձեռքի տված այս տարի կփրկեն մեր գյուղատնտեսությունը: Ու մի բանաստեղծություն էլ այս մասին պետք կլինի վարչապետից:
Դե լավ, կատակելու տրամադրությունը պահելու համար շատ ուրիշ գործոններ էլ են պետք: Այնպես որ` լրջանանք ու կառավարության մի նախաձեռնության մասին պատմենք` պետությունը «խելացի անասնագոմեր» ծրագիր է սկսում` որով գյուղացին մեքենայացված ու հարմարեցված գոմերում պետք է տասնհինգ կով պահի, դեռ ուսուցման ծրագիր էլ անցնի` ինչպես այդ բոլորն անել:
Ծրագիրը երեկ հաստատվեց, այդ ծրագրով նոր տեխնոլոգիաներով անասնագոմերի կառուցման ծախսերը պետությունը բոլորի համար 50 տոկոսով կփոխհատուցի, զինված ուժերի որոշ կոնտիգենտի եւ սահմանամերձ գյուղերի տնտեսավարողների համար` 70 տոկոսով: Մոտ 230 անասնագոմ պետք է կառուցվի ծրագրի շրջանակում: Նվազ տոկոսով վարկերի տրամադրման որոշումն էլ մինչ այս էր ընդունվել, գյուղացիների մի զգալի շերտի վարկային պատմություններն էլ մաքրվել են: Եթե այս ծրագրի իրագործումը հեռու մնա բյուրոկրատական քաշքշուկներից, տեղական իշխանությունների կամայական մոտեցումից եւ չվերածվի հասարակ գյուղացու անվամբ գրանցված խոշոր տնտեսավարողների ստվերային բիզնեսի, կամ մերոնքական եւ ձերոնքական տնտեսավարողների արհեստական բաժանման, ապա, իրոք, սա կարող է դառնալ գյուղը որոշ չափով ոտքի կանգնեցնելու ծրագիր: Դե գիտեք` հայերս մի առանձին շնորհք ունենք` «ուզում էինք լավ, բայց ստացվեց ինչպես միշտ» տարբերակով ապրելու:
Կառավարության վերջին նիստն ուշադրություն գրավեց նաեւ վարչապետի մի շատ սուր արձագանքով` գազի թանկացման վերաբերյալ որոշ նախկին օլիգարխների կողմից սոցիալական ցանցերում եւ ԶԼՄ-ներում առկա, իր խոսքով`մանիպուլյացիաներին: Նա խիստ տոնով ասաց, թե վերջին անգամ է զգուշացնում կեղծ լուրեր տարածողներին. «Որեւէ մեկը թող չտրվի գայթակղությանըՙ ժողովրդի վստահության կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին է զգալու…»: Չպետք է լինեն գազալցակայաններ, որ ՀԴՄ չխփեն, եւ դա չի կարող գազի գնի բարձրացման գործոն լինել, նշեց նա: Ըստ նրա` թեեւ մեր երկրում խոսքի եւ տեղեկատվության ազատությունը երաշխավորված է, բայց ազգային անվտանգության հարց է դառնում կեղծ լուրերով տրամադրությունների ստեղծումը: Նա ավելի առաջ գնաց, թե` անգամ հեղափոխական դրոշով ֆեյք (կեղծ) օգտատերեր կան, որ բռնության կոչեր են անում նախկին իշխանությունների ներկյացուցիչների հասցեին, որպեսզի ցույց տան, թե դա կապ ունի հեղափոխության հետ: Նա հանձնարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին զբաղվել դրանով : Հիմա ինչ` ԱԱԾ-ը, բանուգործը թողած, երկրի գլխավոր մարտահրավերներով զբաղվելու փոխարեն` պետք է թափառի ու խոշորացույցն առնի սոցիալական ցանցերի վիրտուալ տարածքնե՞րը: Որքան էլ` Վանեցյանը լրագրողներին ասում էր, թե` զգույշ, մտածված ու խոսքի ազատությանն առանց վնասելու են անելու դա: Է, մի՞թե վարչապետի կոչերը բավարար չեն, որ նրա կողմնակիցները սոցիալական ցանցերում ատելություն չբուծեն, իսկ դե նախկինների «աբիժնիկությանը» մի կերպ կդիմանանք: Թե չէ` ԱԱԾ-ը պետք է լրտե՞ս որսա, կոռուպցիոների, ստվերային սուբյեկտի բացահայտի, թե՞ սոցիալական ցանցերի կեղծ օգտատերերի հետեւից ընկնի:
Վիեննայի հանդիպումից հետո
Այս բոլորն, իհարկե, չի կարող մոռացնել Փաշինյան-Ալիեւ վերջին հանդիպումն ու դրան հետեւած անորոշությունը, մանավանդ` որոշող երկրների ներկայացուցիչների, ինչպես նաեւ հարեւան երկրից հնչող տարատեսակ մեկնաբանությունները դա թույլ չեն տալիս: Հենց երեկ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան լղոզեց` ողջունում ենք Վիեննայի բանակցություններում գերիշխող կառուցողական մոտեցումը` նորից մատնանշելով, թե հակամարտությանը վերջ դնելու պատասխանատվությունն ընկած է կողմերի վրա, դրա համար քաղաքական կամք է պետք: Հա, տեղ հասանք, ո՞ր քաղաքական կամքը, էն որ Ալիեւը բանակցելուց հետո իր երկիր է հասնում ու նորից հոխորտում ռազմական լուծման մասին, տարածքային ամբոջականության երգը կապում մի ձայնի, իսկ Մեհրիբանն էլ հարթմնի զառանցում է` Արցախի ամեն գյուղում ադրբեջանական դրոշ պետք է ծածանվի՞: Դե բա Զախարովայի` ադրբեջանական կայքի զրույցում ասած ակտիվ քաղաքականությունը ղարաբաղյան հարցում ինչի՞ն է վերաբերում`«հայտնի արտատարածաշրջանային ուժերի` իրենց քանոնններով ԱՊՀ տարածքը վերաձեւելու անպատկառ ձգտումը», Անդրկովկասի ռազմական յուրացման ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գործողությունները հրատապ կասեցնելու ռուսական խնդիրը չի թողնում, հա՞, տեսնել խնդրի արդար կողմը: Տեսնենք, թե ինչպես է պահելու համանախագահ ու մեզ բարեկամ այս երկիրը ղարաբաղյան կարգավորման իր «ակտիվ» դերը տարածաշրջանային կայունության պահպանման ռուսական քաղաքականության համատեքստում, Ադրբեջանի ռազմականացման ավելացման ֆոնին:
Փաստորեն` ապրիլյան քառօրյա պատերազմը զրոյացրեց տասնյակ տարիներով իբր բանակցային գործընթացի խաբկանքը, դրանից հետո կարելի էր առ ոչինչ համարել բոլոր տեսակի պայմանավորվածությունները, տարբեր առաջարկները, բայց Մինսկի խմբի անդամ երկրները շարունակեցին ձեւ անել, թե ջանք են թափում խաղաղ կարգավորման ուղղությամբ, հայկական կողմն էլ հանրությանը խաղաղության պատրաստելու պատրաստակամությունը չմերժեց, եղավ Վիեննայի հանդիպումը:Ու ահա այն հարցի պատասխանը, որ մենք տվեցինք վարչապետ Փաշինյանին, թե ի՞նչ կհաջորդի եթե Ադրբեջանն ու Մինսկի խումբը դեմ լինեն Արցախի վերադարձին բանակցային սեղան, Փաշինյան-Ալիեւ հանդիպումով, ավելի ստույգ`դրանից հետո հնչող երկկողմ մեկնաբանություններով այս պատասխանը ստացան` ոչ մի բան էլ չի լինելու, տես` անցած քսան տարին: Այսինքն`նույն զրոյական կետը:
Մյուս կողմից էլ, ասել ենք, Հայաստանի շահերից է բխում ժամանակ շահելն ու ստատուս-քվոն:
Ու Վիեննայից հետո Ալիեւի մեկնաբանություննեից ու ռազմաշունչ հայտարարություններին ի պատասխան շատ բնական է կորուսյալ երկրի անձնվեր պաշտպանների մասին լեգենդների գիրքը գրած Խաչիկ Դաշտենցի շառավիղ Դավիթ Տոնոյանի արձագանքը ԱՄՆ-ում` «նոր պատերազմ, նոր տարածքներ»: Բայց նաեւ` այսուհետ այս կարգի արտահայտություններն ավելի լավ համադասված պետք է լինեն, քանի որ դա հայերս հասկանում ենք` եթե Ադրբեջանը նոր պատերազմ հրահրի, նոր տարածքներ կկորցնի, իսկ Ադրբեջանն առիթից օգտվելով կարող է շուռ տալ այս պատասխանն իր ուզած ձեւով: Դիվանագիտությունը նույնիսկ ռազմական գործչին է շատ հարկավոր: Այլ դեպքում վաչապետի լրացուցիչ մեկնաբանության հարկը չէր լինի. «Դավիթ Տոնոյանն ասել էՙ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է հաղթել այդ պատերազմում:Սա որեւէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակըՙ շեշտում է խաղաղ կարգավորման կարեւորությունը»:
Պատերազմ լինելու է, ասում է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն, Արցախի պաշտպանության նախկին նախարար Լեւոն Մնացականյանը ` նկատի ունենալով օր-օրի նորանոր ռազմատեխնիկայով Ադրբեջանի զինուժի համալրումը, որը խաղաղության սպասման տեղ չի թողնում.«Պետք է պատրաստվենք մարտական գործողությունների, վաղ թե ուշ դրանք կլինեն»:
Վարչապետն այցելում է «Բաղրամյան» զորավարժարան ու դիտում Հայաստանի ԶՈՒ նոր ռազմական տեխնիկան, հետեւում դրանց ցուցադրական փորձարկումներին, առիթի դեպքում ասում այս կարգի մտքեր.«Բանակցային խաղաղ գործընթացը պետք է շարունակվի, բայց պետք է հասկանանք նաեւ, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, մենքՙ որպես պետություն եւ ժողովուրդ, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման»:Հայաստանի ու Արցախի նախագահները իրենց հանդիպման մտահոգ դեմքերով լուսանկարներն են տարածում:
Վիեննայի հանդիպումից հետո Փաշինյանի մեկնաբանություններն էլ չնայած լույս չեն սփռում երեքուկես ժամ տեւած խոսակցության միկրոթեմաների ուղղվածության մասին, բայց շեշտադրում են, այնուամենայնիվ, բանակցությունների շարունակման դրական փաստի վրա, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում բանակցող մյուս կողմի այն հին կեցվածքի շարունակման վրա, որով բանակցություններին խոսվում է մի բան, սեփական ժողովրդին մատուցվում այլ բան: Ալիեւի` իր երկիր մեկնելուց հետո արած մեկնաբանությունները (թե` մենք հաղթեցինք, Ղարաբաղը չդարձավ բանակցային կողմ) Փաշինյանը ոչ կոռեկտ, հին ու իներցիոն էր անվանել, նշելով, որ պետք չէ անցյալի նման վարվել ու բանակցություններից հետո իր երկիր վերադառնալով` դիմացինին վատ վիճակի մեջ դնել: Ալիեւի հայտարարությունները համատեղ հայտարարությունների շրջանակից դուրս էին, ու փաստորեն` Փաշինյանի ակնկալածՙ հանդիպումների նոր մշակույթը չի ստացվում:
Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից էլ շատ բան չիմացանք` այնտեղ մինչեւ հանդիպումը վարչապետ Փաշինյանի ներկայացրած նախապայմաններից ոչինչ չէր ակնարկված, այլ պարզապես անորոշ դիվանագիտական սովորական տեքստ էր` դրական, կառուցողական եւ այդ կարգի հին տերմիններով:
Այնուամենայնիվ` Նիկոլ Փաշինյանը դեռ չի վարվում Ալիեւի պես ու ցուցադրաբար չի հրաժարվում հանրություններին խաղաղության պատրաստելուՙ հիմա արդեն միակողմանի կարգախոսից: Միգուցե արժեր բացել փակագծերը եւ ավելի մանրամասն ներկայացնել բանակցությունների ընթացքը, համենայնդեպս` Ալիեւի պահվածքը խորհրդապահության պարտավորություն կատարելու տեղ չի թողնում:
Փաշինյանն առայժմ մանրամասներ ներկայացնելու է Ազգային ժողովում իր կողմից ձեւավորած պատգամավորական խմբակցությանը: Սպասենք արտահոսքերի: