RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

«ԱԶԳ»ի խմբագրությունը ողջունում է իր բոլոր ընթերցողներին՝ Հայաստանում, թե Սփյուռքում։ Եվ երկու շաբաթ տեւած պարապուրդից հետո հայտնում, որ մեր թերթը անցնում է բացառապես համացանցային տիրույթ՝ առցանց (on-line) ռեժիմի, ներկա դժվարին օրերին կրկին լինելու իր ընթերցողների հետ՝ տեղական, տարածաշրջանային ու համաշխարհային լրատվությամբ, քաղաքական, սոցիալական ու մշակութային նորություններով, կարծիքների ու տեսակետների մատուցմամբ։ Մեր թղթակիցները ոչ միայն Հայաստանից, այլեւ Մոսկվայից, Գերմանիայից, Չեխիայից, Բելգիայից, Լիբանանից, Միացյալ Նահանգներից, Կանադայից եւ այլ վայրերից տեղյակ կպահեն ձեզ կորոնավիրուսի համավարակի հետեւանքների, դրա դեմ պայքարի միջոցների ու կերպերի մասին։ Հետեւեք www.azg.am կայք-էջին, մեր լուրերին, մեր տարաբնույթ նյութերին, գրեք մեզ։
#044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 07-12-2018



Տեղադրվել է` 2018-12-07 14:53:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 3404, Տպվել է` 210, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԱՐՈԶԱՐՇԱՎՆ ԱՎԱՐՏՎԵՑ...

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավն այսօր կեսգիշերին ավարտվում է: Եվՙ փա՛ռք Աստծո: Որովհետեւ անցած շաբաթները դասական առումով քարոզարշավ չէինՙ ամեն մեկը ոչ թե սեփական գաղափարախոսությունն ու ծրագրերն էր ներկայացնում հանրությանը, այլՙ քար էր նետում մյուսների բոստանը: Ասես մեկը մյուսին վարկաբեկելու, վիրավորելու, հրապարակավ իրենց անցանկալի մրցակիցների հասցեին թույն ու մաղձ թափելու մրցակցություն էր: Այդ գայթակղությունից ոչ ոք, նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զերծ չմնացՙ հրապարակային հայտարարություններում դարձյալ իջնելով մինչեւ սրան-նրան ասֆալտին փռելու սպառնալիքների մակարդակը: Վարչապետը պիտի կարողանա՛ր ինքն իրեն ավելի լավ տիրապետել, չէ՞ որ նա հիմա երեկվա ընդդիմադիր գործիչը չէ՛, համահայկակա՛ն դեմք է, բոլորիս, ե՛ւ իրեն սիրողների, ե՛ւ չսիրողների ղեկավարը: Մինչդեռ առանձին դեպքերում նրա որոշ խոսքեր կարող էին ընկալվել որպես ուղղակի քաղաքական ուղղորդում:

Օրինակ, քարոզարշավի հենց առաջին օրը վարչապետը հրապարակեց թվեր, թե իրենք, ըստ սոցիոլոգիական հարցման տվյալների, կարող են հավակնել 67 տոկոս ձայների: Ո՛ւմ շուրթերին ասեսՙ այսպիսի թիվ հրապարակելը կարելի էր ընդունելի համարել, իսկ ահա վարչապետի շուրթերինՙ ո՛չ: Որովհետեւ երկրի 1-ին դեմքի կողմից այդպիսի բան ասելը ակամա կարող էր ընկալվել որպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովին իջեցված բացահայտ պատվեր, որ իրենց ձայները այդքա՛ն ցույց տան: Չգիտեմ, թե ընտրություններից հետո ԿԸՀ-ն կառավարող կուսակցության օգտին տված ձայների ի՛նչ թիվ կհրապարակի, սակայն անձամբ իմ հոգում միշտ կմնա մի մութ կասկած, որ ներկա ընտրությունները նո՛ւյնպես չի կարելի բացարձակ ազնիվ, մաքուր եւ անխարդախ համարել: Առաջին հերթինՙ հենց անմաքուր ու անհավասար քարոզարշավի պատճառով *):

Աններելի էր հատկապես ՀՀԿ-ի եւ նրա գործիչների շուրջ ստեղծված անհանդուրժողականության, եթե չասեմՙ բացահայտ թշնամանքի մթնոլորտը: Անկախ նախկին կառավարող կուսակցության ու նրա գործիչների նկատմամբ յուրաքանչյուրիս մասնավոր վերաբերմունքից, չէր կարելի չնկատել, որ այնպես էին բոլորը հարձակվել ՀՀԿ-ի վրա, կարծես հայ ժողովուրդը նրանցից ավելի մեծ թշնամի... երբեւէ չէ՛ր ունեցել: Սոսկալի էր, երբ այդ չակերտյալ հարձակմանը ակտիվերեն մասնակցում էին նաեւ այնպիսիները, ովքեր Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին առավոտից երեկո խնկարկում էին ՀՀՇ-ական իշխանություններին... Իբրեւ թե պաշտպանելով ներկա կառավարողներին, այդպիսիները ասում էին, թե հո չէ՞ր կարող նոր իշխանությունը... 20 տարվա ծուռն ու թերին կես տարում շտկել: Սրա ենթատեքստը ոչ այնքան նոր իշխանություններին սատարելն էր, որքանՙ ՀՀՇ-ական կառավարման դժոխային տարիները լռելյայն շրջանցելը:

ՀՀԿ-ից ապաշխարանք կամ քավարանով անցնել պահանջողները ինչո՞ւ նույնը չէին պահանջում... ՀՀՇ-ից: Չէ՞որ մեր նոր պետականության հիմքերը ծուռ դրվեցին հենց ամենասկզբի այն համընդհանուր ալան-թալանի ժամանակներից: Հին թալանը մոռանալովՙ միայն նոր թալանի մասին խոսելը ծագումնաբանականորեն արդար չէ՛: Կամՙ վկայում է այն մասին, որ նոր հեղափոխականները մի կու՜շտ խմել են ՀՀՇ-ական ակունքներից եւ չեն ուզում իրենց խմած ջրին... քա՛ր գցել:

Ելնելով ղեկավար մարմիններում իմ նախկին աշխատանքի շուրջ 15-ամյա, ինչպես նաեւ դրան հաջորդած քաղաքական լրագրության ե՛ւս մոտ 40-ամյա փորձառությունից, կուզենայի մի քանի բարեկամական խորհուրդ տալ վարչապետի՛ն էլ, կառավարությա՛նն էլ: Հարգելինե՛րս, զգուշացե՛ք ձեր նախորդների սխալները կրկնելուց, վախեցեք ոչ թե ձեր փորձի պակասից (ինչն անցողի՛կ է), այլՙ ավելորդ ինքնավստահությունից, ինքներդ ձեզ Աստծո ընտրյալները համարելու մոլորությունից: Մի՛ աստվածացրեք ոչ մեկին, ձեր մտքերը մի՛ վերագրեք ժողովրդին: Միշտ հիշեք, որ ժողովուրդները նո՛ւյնպես սխալվում են, ինչպես սխալվեց գերմանական ժողովուրդըՙ 1933-ին միանգամայն ժողովրդավարական ընտրություններով իշխանության բերելով Ադոլֆ Հիտլերի նացիստական կուսակցությունը: Այնպես ապրեք ձեր կյանքի յուրաքանչյուր նոր օրը, որ հետագայում ժողովուրդը չասի, թե ձեզ ընտրելովՙ ինքը կրկի՛ն սխալվեց: Իսկ երբ վաղ թե ուշ անխուսափելիորեն վրա հասնի պետական առանձնասենյակներից հեռանալու պահըՙ կարողանաք այդ առանձնասենյակները թողնել... մաքո՛ւր խղճով, արժանապատվորեն:

*) Ի դեպ, այդ թիվը, քարոզարշավի նախորդ օրերին առաջինը հրապարակել է Gallup-ըՙ ըստ իր անցկացրած հարցախույզի արդյունքների: Ծ.Խ.:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 07-12-2018

AZG Daily #12, 02-04-2020

AZG ONLINE

2020-04-06 04:59:55
Սմարթֆոններ` Քաշաթաղի դպրոցների երեխաներին

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ