RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 05-10-2018



Տեղադրվել է` 2018-10-05 14:03:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 4495, Տպվել է` 550, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՈ՛Ւ... ՀՈ՛Ւ... ՀՈ՛Ւ...

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Միգուցե կրկնեմ ուրիշներին, բայց այլ բառով, քան գլխապտույտն է, հնարավոր չէ բնորոշել այս շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները, որոնք առարկայական դարձրին դեկտեմբերի սկզբին խորհրդարանի արտահերթ ընտրություն կազմակերպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտադրությունը:

Ամեն ինչ սկսվեց Շառլից: Էդ տնաշենը վեր կացավ ու մեռավ` չնայած ողջ ազգը հույս ուներ, որ մի երկու տարի էլ դեռ Շառլը կերգի ու ազգին հայրություն կանի աշխարհով մեկ:

Ու մինչ ազգովին ստատուս էինք գրում` ամեն մեկս անսպասելի կյանքին հրաժեշտ տված Շառլ Ազնավուրի հանդեպ մեր ուժգին սերն արտահայտելով` ՀՀԿ-ն եւ մերձ կուսակցությունները բռնեցին- մի ափալ-թափալ փոփոխություն ընդունեցին, էն էլ գիշերադեմին, առանց նախապես հայտարարելու, այն մասին, թե արտակարգ հանգամանքների պատճառով ընդհատված Աժ նիստը չի հաշվվում չկայացած: Այսինքն ավելի պարզ`վարչապետի հրաժարականից հետո ժողովուրդը եթե շրջափակի ԱԺ շենքը, որ նիստ չգումարվի եւ նոր վարչապետ չընտրվի (որ ԱԺ-ն ցրվի), դա այլեւս հնարավոր չի լինի նոր փոփոխությամբ: ԱԺ կանոնակարգ-օրենքի նոր փոփոխություն նախատեսող օրինագծով` ԱԺ նիստը չկայացած չի համարվում, եթե խոչընդոտվում է նրա ընթացքը, այն կարող է ընդհատվել ու հանգիստ պայմաններում հետո վերսկսվել`այդպիսով ԱԺ լուծարումը բացառելով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայծակի արագությամբ արձագանքեց նախագծի հապճեպ ընդունմանը, նիստից անմիջապես հետո իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում դա անվանելով հակահեղափոխություն, ու տուր թե կտաս` կոչ անելով ժողովրդին գալ ԱԺ մոտ եւ պաշտպանել հեղափոխությունը: Դե հեղափոխության ակտիվիստների ուսապարկերը պատրաստ էին վաղուց, քանի որ ԱԺ հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստն այնքան էլ, փաստորեն, գաղտագողի չէր, հենց Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասաց, թե մի օր առաջ ասել էին «Ելքին» էլ, վարչապետին էլ, որ նման բան են առաջարկում, վարչապետն էլ ասել էր` պետք չի, տղերք ու աղջիկներ:

Բայց տղերքն ու աղջիկները չէին լսել, ու արագ, երեկոյան հանգստի սկսման պահին արտահերթ նիստ էին արել, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «ԱԺ կանոնակարգ-օրենքի» 50-րդ հոդվածում փոփոխություն էին առաջարկել ու հուպ տվել-ընդունել վաթսունյոթ ձայնով: Դե վարչապետն էլ բարկացավ ու live արեց` կանչեց ժողովրդին ԱԺ-ի մոտ: Պատկերացրեք` ժողովուրդը ուսապարկավորներից շուտ հասավ: Մինչ Նիկոլը մի ոտքը դրեց ասպանդակին (առաջին live-ին), ու մյուս ոտքն էր բարձրացնում (երկրորդ live-ն էր անում մի կես ժամվա մեջ), ժողովուրդը ուսապարկավորներից շուտ հասավ Բաղրամյան փողոց, ու պատգամավոր տղերքին ու աղջիկներին սկսեց «Հո՛ւ» անել: Դե էդ «Հու»-ի տակ վարչապետն էլ հանդիպեց խմբակցությունների հետ, որոնք ըստ նրա ասելու` «ընկալել» են ժողովրդի ուղերձը (ո՞ւմ «Հու» անես` չընկալի) եւ չեն առաջադրի վարչապետի թեկնածու, երբ վարչապետը հրաժարական տա, որ ԱԺ-ն լուծարվի, քանի որ քաղաքական ճգնաժամ է, եւ այն պետք է հաղթահարվի: Այդ գիշեր ժողովրդին այդ բոլորը պատմող վարչապետին ժողովրդի միջից արձագանքեցին` «խաբում են»: Հիշեցնենք, որ խորհրդարանի լուծարման մեկ տարբերակ է գտնված Սահմանադրությամբ` երբ վարչապետի հրաժարականից հետո տասնչորսօրյա ժամկետում երկու անգամ խորհրդարանը վարչապետ չի ընտրում:

Համենայնդեպս` դրանից հետո ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն պաշտոնական հայտարարություններ են արել, որոնցից առանձնապես չի երեւում, թե նրանք հակված են հուշագիր ստորագրել մինչեւ դեկտեմբերի սկզբին կայանալիք (ըստ վարչապետի) արտահերթ ընտրություն, որոշակի քայլերի վերաբերյալ պայմանավորվածություններով: ՀՀԿ գործիչներն իրենց հարցազրույցներում ասում են, որ ղազագիր չեն ստորագրի: Խաբում են թե ոչ, հուշագիր կստորագրեն, թե ոչ` ԱԺ դռները Նիկոլը բացել տվեց, ու հիմա դրանք բաց են մինչեւ ԱԺ կենտրոնական մուտքի աստիճանները: Ժողովուրդը ճեմում է այնտեղ, իսկ հաջորդ անգամ, երբ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո վարչապետը հրաժարական տա ու կանչի նրան` կրկին կգա ու կկանգնի, ու միգուցե ներս մտնի` «եթե քսան րոպեից չգամ` եկեք իմ հետեւից» տարբերակով, որ հանկարծ ոչ մեկի մտքով չանցնի մի ուրիշ թեկնածու դեմ տալ: Հո՛ւ:

Լուրջ-լուրջ

Հետաքրքրական է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի`Հայաստանի հարցերով զեկուցող Յուլյա Լեվոչկինայի վերջին հայտարարությունը, թե կարեւոր է, որ բոլոր քաղաքական ուժերի համար խորհրդարանական ընտրություններն ընկալվեն արդար եւ ժողովրդավարական: Հավանաբար այժմ եվրոպական կառույցներում ներկա մեր պատվիրակների հետ ընկերական կապերը եւս այսօրինակ հայտարարության համար տեղ ունեն, մանավանդ հայտարարության մեջ հատուկ ուշադրություն է հրավիրվում արտահերթ ընտրություններին բոլոր ուժերի պատրաստ լինելու համար ժամանակ ունենալու, կոնսենսուային Ընտրական օրենսգրքի առկայության պարագային: Ու դեռ համազեկուցողները պիտի այցելեն ու ամեն ինչ իրենց աչքով տեսնեն: Ինչ պատահեց հանկարծ, եվրոպացիք ինչպես միշտ իրենց շահասիրության ամպլուայո՞ւմ են:

Ո՞ւմ է հարկավոր մինչեւ մայիսը

Բոլորին, իհարկե: Առաջ, երբ քաղաքական դաշտը գծագրվում էր, շատ ուժեր այնտեղից անարդարորեն դուրս էին մնում, հիմա բոլոր նրանց հարկավոր է ժամանակ` նոր քաղաքական դերակատարներից արդարություն ակնկալելով ու նոր տրամաբանության մեջ ինչ-ինչ բաներ հասցնելով:

Սակայն ինչի համար է պետք ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին ժամանակը, որ նրանք անընդհատ հիշեցնում են կառավարության ծրագրում ֆիքսած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ացկացման համար ամրագրված մինչեւ մայիս ժամկետը: Եթե կարծում են , թե իրենց վարկանիշը կավելանա, վարչապետի թիմի վարկանիշի անխուսափելի նվազելուն զուգահեռ, ապա իշխանափոխություններին հաջորդող այս սովորական օրինաչափությունը Երեւանի ավագանու ընտրությունից հետո, ու մանավանդ` գիշերային վերջին օրինաստեղծությունից հետո, լրիվ այլ կերպ է աշխատելու, այնքանՙ որ անէացրին այս բոլոր ուժերի հանդեպ այս երկու իրադարձությունները թերեւս ընտրազանգվածի որոշակի շերտերի շատ նվազ, բայց , այնուամենայնիվ, մնացած աննշան աջակցությունը: Հիմա արդեն լրիվ այլ գործոն կաշխատի, եթե ընտրության անցկացումը ձգվի մինչեւ մայիս` ուղղակի կավելանա ընտրության չգնացող հիասթափվածների թիվը, իսկ վերը թվարկյալ ուժերի հնարավորությունները չեն ավելանա: Ոչ մեկին դեռ չի հաջողվել նույն ռելսերով հետ վերադարձնել մեկնած գնացքը` հետ-հետ եկող գնացքը կարող է ընդհարվել հետեւից եկողի հետ: Նրանց բոլորի, այդ թվում` ՀՀԿ-ի հնարավորությունը կախված է զանգվածների հետ աշխատել իմացող վարչապետից, որի կառավարությունն այժմ կարող է դեռ ձախողումները կամ աշխատանքի անարդյունավետությունը բարդել հակահեղափոխության վրա, իսկ իշխանության օրենսդիր թեւն ունենալուց հետո արդեն պարտադրված կլինի ողջ ծավալով պատասխան տալ ամեն ինչի համար:

Արդեն իսկ ՀՅԴ-ական ու բարգավաճական նախարարներին ու մարզպետներին տուն ուղարկելուց հետո Փաշինյանը չփակեց դուռը ՀՅԴ-ի համար, ասելով, թե վերջինս բազմաշերտ կուսակցություն է, նրա մի շերտով այդ կուսակցության մասին դատել չի կարելի: Երեւի լավ տեղեկացված է այդ կուսակցության ներսի անցուդարձից , եւ, ու միգուցե Սփյուռքի խաթեր այդ կուսակցությանը գործուղում է ընդդիմություն: Մյուսների ներկայացվածության աստիճանը նույնպես, եթե առաջ կախված էր փողից ու ըստ այդմ խորհրդարանի նախնական քարտեզագրումից, հիմա փողին փոխարինելու է փաշինյանական տրամադրվածությունը, բավական կլինի նրա խոսքն ուղղված ժողովրդին` այս ու այն ուժին խորհրդարան թողնելու վերաբերյալ: Ընդ որում` նրա համար ավելի հարմար ընդդիմություն են տարիներով ուսումնասիրված ու կանխատեսելի ուժերը, քան անկանխատեսելի «Սասնա ծռերը»: Չէինք ասի, որ սա լավ տարբերակ է, երբ մեկ հոգուց կախված է ամեն բան, դա սովորաբար դիկտատուրա տանող առաջին աստիճանն է, հոկտեմբերի 2-ը վկա, սակայն առայժմ այդ վիճակն է:

Կլինի՞ դեկտեմբերյան արտահերթը

Շատ վերլուծաբաններ են հիմա հակվում այն տեսակետին, որ արագ ընտրությունները ճիշտ են, քանի որ կավարտվի ձախողումները հակահեղափոխությանը վերագրելու գործադիրի ներկայացուցիչների սովորությունը, իսկ եթե խորհրդարանում լավ ընդդիմություն լինի, ապա իշխանության եկած ուժերին հանգիստ կյանք չի սպասվի (չենք կարծում, որ ԲՀԿ-ն կուզենա ընդդիմություն լինել, քանի որ քվոտային ապրելակերպը նրա սովորույթն է ստեղծման օրից, իսկ հիմա ոչ թե պետք է ձեւական ընդդիմություն լինել, այլ` իրական, իր հետեւանքներով ու փափուկ կյանքից հրաժարվելու դժբախտությամբ հանդերձ: Գումարած` որ այս ուժի ներսում հիմա ինքնության որոնման փնտրտուք է):

Այնպես որ` անկախ նոր ընդունված օրենքից ու մյուս քաղաքական ուժերի ցանկություններից ու շահերից, արտահերթ ընտրության անցկացումը դեկտեբերին պետության շահից է բխում. վերջապես` այս իշխանությունը, որի թիկունքում ժողովրդի զգալի հատվածն է, թող աշխատի առանց զգալու ոչ բարեկամ խորհրդարանի շնչառությունը, միգուցե մինչեւ մայիս տեսնենք, թե նա ինչի է ընդունակ: Հիմա Հայաստանին հարկավոր է ուժեղ ընդդիմության ձեւավորում, որը մեկ-երկու տարում կկարողանա ընդդիմախոսել, ու միգուցե փոխարինել այս իշխանությանը, եթե նա չկարողանա աշխատել: Ոչ այն ձեւական ընդդիմությունը, որի մասին «Ազգի» հարցին պատասխանելիս ասում էր վարչապետը, թե որեւէ ընդդիմություն, եթե զրո ամբողջի ինչ- որ տասնորդական տոկոս հավաքի իրեն ընդդիմություն անվանած ուժը, Սահմանադրությամբ արդեն խորհրդարանի երեսուն տոկոսն է ծածկելու, այլ` իսկական, ուժեղ ընդդիմության:

Ինչի համար էր պետք ԱԺ կանոնակարգի փոփոխությունը

Չենք կարծում նաեւ, թե երկրի նախագահը արագ կստորագրի ԱԺ կանոնակարգ օրենքի` վերը նշված փոփոխությունը, եւ դա կսկսի գործել` կտրելով վարչապետի դեկտեմբերյան սցենարը: Իրավական առումով խնդիրը դիտարկել էր փաստաբան Վահե Գրիգորյանն իր էջում` փոփոխության ստորագրման եւ ուժի մեջ մտնելու իրավական կողմը մեկնաբանելով: Նախագահը 21 օր ժամանակ ունի` ստորագրելու օրենքի փոփոխությունը:Այս ժամկետի ընթացքում նա ունի Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունՙ հիշյալ օրենքի սահմանադրականության ստուգման նպատակով: Սահմանադրական դատարանն այս դիմումը կարող է քննել եւ որոշումը կայացնել մինչեւ 3 ամիս ժամկետում: Օրենքի` Սահմանադրության համապատասխանության մասին որոշումից (սա ֆանտաստիկայի ոլորտից է-Վ.Գ.) հետո Հանրապետության նախագահն ունի ընդամենը 5 օր` օրենքը ստորագրելու եւ հրապարակելու համար: Կարող է եւ ընտրել չստորագրելու տարբերակը, որի դեպքում օրենքը ստորագրվում եւ հրապարակվում է ԱԺ նախագահի կողմից, 5 օրում.

«Ունենք 4 ամիս ժամանակ, մինչեւ այս «գիշերային» օրենքը ուժի մեջ կմտնի ընդունողների համար լավագույն սցենարի դեպքում: Այսինքն, սրա ընդունողները չեն կարող չհասկանալ այս ամենը: Ուրեմն, այսպիսի բեմականացման նպատակը կարող է լինել սադրանքըՙ բռնությունն ու քաոսը, որ կարող է պղտորել հայաստանյան քաղաքական դաշտի ջրերը», գրել է փաստաբանն իր էջում:

Այսպիսով` օրենքի արագ ստորագրումը նշանակելու է քաղաքական ճգնաժամ եւ ամենօրյա իրադարձություններ` նման հոկտեբերի 2-ին տեղի ունեցածին, չստորագրումը ժամանակ է տալու բոլոր կողմերին` յուրաքանչյուրին իր արածն անելու: Սա նշանակում է` սկսվեց բոլորիս համար բավական տեւական անհանգիստ կյանք: Առայժմ պատրաստվում ենք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, որի առիթով նաեւ կառավարությունը հոկտեմբերի 11-12-ը ոչ աշխատանքային կհայտարարի` հետագայում շաբաթօրյա աշխատանքով լրացնելով այդ օրերը եւ սպասելով հազարավոր հյուրերի, պետությունների ղեկավարների` Հայաստանյան գագաթաժողովի մասնակցությանը: Սա էլ մի քննություն կլինի Փաշինյանի կառավարության համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 05-10-2018

AZG Daily #47, 14-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ