RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2018-06-22 00:34:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 5268, Տպվել է` 546, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՐՈՍԸ, ՆՐԱ ԱՆՑԱԾ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻՆ ՈՒ ՊԱՏՎԻ ՀԱՐՑԸ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, ՌԱԿ ԿՎ անդամ

Տարիներ առաջ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում լուսահոգի Վազգեն Սարգսյանը անդրադառնալով այն հարցին, թե ինչու Արցախյան պատերազմից հետո Ազգային հերոսի կոչում շնորհեցին միայն զոհված ազատամարտիկներին, տվել էր մոտավորապես հետեւյալ պատասխանը, Ազգային հերոսը ՀՀ բարձրագույն պարգեւն է, որին արժանացող անձը պետք է այն վաստակի ոչ միայն ռազմի դաշտում կատարած հերոսությունների համար, այլ նրա հետագա ողջ կյանքը եւս արժանի ապացույց պետք է լինի այդ բարձր պարգեւին: Վազգենը ասել էր, որ ինքը համոզված չէ, որ կենդանի մնացած հերոսները հետագայում, արդեն քաղաքացիական կյանքում իրենց պահվածքով չեն վարկաբեկի այդ կոչումը, հետեւաբար ընտրվել է այդ մոտեցումը եւ հերոսի կոչում տվել են միայն զոհված վեց տղաների: Շարունակելով հարցազրույցը, լրագրողը հարցրել էր, իսկ եթե մի պահ հեռանանք այս սկզբունքից, ձեր կարծիքով կենդանի մեր ազատամարտիկներից իր անցած մարտական ուղիով ո՞վ էր արժանի ազգային հերոսի կոչման, Վազգենը պատասխանել էրՙ Մանվել Գրիգորյանը:

Այս հարցազրույցը հիշեցի ոչ միայն Մանվել Գրիգորյանի շուրջ ստեղծված իրավիճակի առիթով, այլեւ ազգային հերոս բառակապակցության շահարկման փաստի առիթով. արդյոք ամե՞ն ոք է արժանի այդ կոչմանը եւ արդյոք ռազմական ուղի անցած լինելը բավարա՞ր է հերոսի կոչման արժանանալու համար: Հիշենք, որ Արցախյան ազատամարտին մասնակցել է մոտ երեսուն հազար կամավոր, որոնցից վեց հազար վեց հարյուրը զոհվել են այդ պատերազմի ընթացքում: Հետագայում այդ տղաների 99%-ը իրենց կյանքով ու վարքով, իրենց համեստությամբ եւ առաքինի կերպարով բարձր են պահել Արցախյան ազատամարտի մասնակցիՙ ժողովրդի կողմից հերոսի կոչմանը արժանի լինելու իրենց տեսակը:

Այդ տղաների 99%-ը չպահանջեցին իրենց համար ոչինչ ավելին, քան մյուսները: Վերադառնալով քաղաքացիական կյանք, նրանք չձգտեցին ռազմի դաշտի իրենց վաստակը վերածել անձնական հարստության, չձգտեցին պաշտոնների կամ ինչ-որ առավելության մյուսների նկատմամբ: Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջանում նրանք ընդհանրապես արհամարհված էին ու չէին օգտվում ոչ մի արտոնությունից, իսկ զոհվածերի մայրերը եւ կանայք ամսական ընդամենը 560 դրամ օգնություն էին ստանում Պաշտպանության նախարարությունից: Ու չնայած այդ ամենին, զրկանքներին ու տառապանքներին` սկզբում ռազմի դաշտում եւ ապա քաղաքացիական կյանքում, նրանց ճնշող մեծամասնությունը շարունակում էին համեստությամբ ու առանց տրտնջալու իրենց աշխատանքը իրականացնել եւ միայն տարին մեկ անգամ, մայիսի 9-ին, հավաքվելով եւ ընկերներով հիշում անցած գնացած օրերը:

Իրավիճակը որոշ չափով փոխվեց Վազգեն Սարգսյանի վարչապետության օրոք, երբ վիրավոր եւ հաշմանդամ զինծառայողներին ու ազատամարտիկներին պետական օգնություն սկսեց տրամադրվել, իսկ զոհվածների ընտանիքների օգնությունը 560-ից բարձրացվեց 2500 դրամի: Սակայն, չնայած այս ամենին, այդ տղաների ճնշող մեծամասնությունը հասարակության ու իշխանությունների կողմից շարունակվում էր մոռացված ու լքված մնալ: 2002թ. նախագահ Ռոբերտ Քոչարյանը հիշեց, որ զոհված տղաների ճնշող մեծամասնությունը նույնիսկ հետմահու ոչ մի պարգեւի չի արժանացել եւ նրանց բոլորին տրվեց Արիության համար մեդալ:

Ինչեւէ, չնայած այս ամենին, մինչ օրս էլ մեկ հարց է մնում, թե ինչու միայն վեց հոգու տրվեց պետության բարձրագույն պարգեւը, արդյոք զոհվածների մեջ չկայի՞ն այլ արժանիներ: Շատ հաճախ է բարձրացվում հատկապես Լեոնիդ Ազգալդյանի անունը, որ իսկապես իր ռազմական ճանապարհով եւ ռազմական գործի կազմակերպման հազվագյուտ տաղանդով արժանի էր այդ կոչման:

ՀՀ Ազգային հերոսի կոչման են արժանացել Մովսես Գորգիսյանը: Հիշեցնենք, որ նա Հայաստանի անկախական շարժման մեջ սիմվոլիկ, բացառիկ անուն է: Նա առաջինն էր, որը խոսեց անկախության մասին Թատերական հրապարակի հարթակից, նա առաջինն էր, որը եռագույնը ծածանեց եւ, վերջապես, նա առաջինն էր, որը դուրս եկավ մարտի դաշտ դառնալով առաջին զոհը Երասխավանի մոտ ընթացող մարտի ժամանակ:

Ջիվան Աբրահամյան, այս բացառիկ երիտասարդի ու պրոֆեսիոնալ զինվորականի անունը, չնայած ազգային հերոսի կոչման, ցավոք սրտի քիչ է հայտնի մեր հասարակությանը ու հատկապես երիտասարդությանը: Իսկ նրա մասին գրելը ու նրա ռազմական ուղին ներկայացնելը շատ կարեւոր էՙ Ջիվանը Հայաստանում ստեղծված առաջին պրոֆեսիոնալ ռազմական կառույցիՙ Հատուկ գնդի առաջին վաշտի հրամանատարն էր, զոհվեց Շահումյանի շրջանի Վերնաշեն գյուղում ընթացող մարտերի ժամանակ:

Թաթուլ Կրպեյան. մարդ, որն արդեն իր կենդանության օրոք լեգենդ էր դարձել, սակայն քչերը գիտեն, որ Թաթուլը ԵՊՀ պատմության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող էր, միաժամանակ Շահումյանի շրջանի բարդագույն ուղղությանՙ Գետաշենի ու այդ ենթաշրջանի պաշտպանության կազմակերպիչն ու ղեկավարը: Թաթուլը զոհվեց խորհրդային զորքերի «Կոլցո» կոչվողՙ հայության դեմ կազմակերպված գործողության ընթացքում, Գետաշենի պաշտպանության մարտերի ժամանակ:

Գեղազնիկ Միքայելյանը եւ Վիտյա Այվազյանը, ՀՀ սահմաններին ու Արցախում սկսված պաշտպանական գործողության կազմակերպման ակտիվ մասնակիցներն էին ու ղեկավարը: Ցավոք սրտի նրանք զոհվեցին ոչ թե մարտի դաշտում, որտեղ նրանք լինում էին ամեն օր, այլ Երեւանումՙ հայտնի ՀԱԲ-ի զինաթափման գործողության ընթացքում: Այդ զինաթափումը իր ավարտին հասցրեց Վազգեն Սարգսյանը (ինչին ես անձամբ եմ ականատեսը եղել): Այդ գործողության արդյունքում երկիրը կարելի է ասել փրկվեց քաղաքացիականՙ եղբայրասպան պատերազմի արյունահեղությունից:

Եվ վերջապես Մոնթե Մելքոնյան. մարդ, ում կյանքը եւ մարտական ուղին շատ-շատերի ու հատկապես մեր երիտասարդության համար օրինակ է ծառայում, մարդՙ ում շատերն են ցանկանում նմանվել: Մոնթեն հայ մտավորականի ու միաժամանակ ռազմիկի իսկական կերպար է, որը պետք է այսօրվաՙ նոր տիպի ռազմական գործչի` հայրենանավիրության ու հայրենասիրության, ռազմիկի կերպարի կերտման հարցում ուղենիշային լինի:

Ես բախտ եմ ունեցել այս տղաներից շատերինՙ Վիտյա Այվազյանին, Ջիվան Աբրահամյանին եւ Թաթուլ Կրպեյանին անձամբ ճանաչելու եւ կարող եմ հավաստել, որ այդ տղաները, համեստ ու հզոր էին ոչ միայն ռազմի դաշտում, այլեւ քաղաքացիական կյանքում: Ես համոզված եմ, որ եթե նրանք կենդանի մնային, ապա նույն համեստությամբ կշարունակեին իրենց կյանքը առանց այն ի ցույց դնելու ու գլուխ գովելու: Ես համոզված եմ, որ նրանք, ինչպես եւ հազարավոր մեր ազատամարտիկները, չէին մեծամտանա բոլորին պատմելով իրենց սխրանքների մասին, գունազարդելով իրենց անցած ռազմական ուղին: Ես համոզված եմ, որ նրանք կուլ չէին գնա ոսկու փայլին ու չէին զբաղվի պետության ու հատկապես բանակի թալանով: Ես համոզված եմ, որ նրանք նաեւ կուլ չէին գնա սեփական բացառիկության ու փառամոլության մասին կարծիքին ու իրենց ձեռքերը չէին ներկի հայի արյունով:

Վազգենը հազար անգամ ճիշտ էր. Ազգային հերոսը բացառիկ կոչում է եւ դրա համար միայն մարտական գործողությունների մասնակցությունը քիչ է, մարդը մնացած իր ողջ կյանքում, իր գործով ու ապրելակերպով պետք է ապացուցի, որ իրեն այդ կոչումը իզուր չի տրված: Հետեւաբար ինչ որ մեկի մասին հերոս բառը գործածելիս մտածեքՙ արդյոք նա իր քաղաքացիական կյանքով, իր համեստությամբ ու վաստակով կարող է արժանի լինել այդ կոչմանը ու արդյոք նա չի վարկաբեկել Արցախյան ազատամարտի մասնակցի իր կոչումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018

AZG Daily #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ