RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 25-05-2018



Տեղադրվել է` 2018-05-26 20:49:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 3534, Տպվել է` 394, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱԶՈՒՍՆԵՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մենք մինչեւ այժմ կառուցել ենք սարսափելի պետություն, որտեղ շատ բան հիմնված է եղել խաբելու եւ ստելու վրա: Նայել են աչքերիդ ու անամոթ ստել: Նայել են աչքերիդ` ասել մի բան, եւ արել հակառակը: Մենք բաժանել ենք հեռուստաընկերությունները, ԶԼՄ-ներըՙ քաղաքական եւ տնտեսական խմբերի միջեւ, եւ դրա անունը դրել ազատ խոսքի իրավունք: Իսկ հիմա ազգովին դարձել ենք կոտորակված լրատվադաշտի իրարարմերժ տեղեկատվության զոհը: Մենք ասել ենք` ազատ կամարտահայտությամբ ընտրություն, եւ հասկացել ենք փողով գնված կամարտահայտություն, մենք ասել ենք` ազատ մրցակցային շուկա, իսկ սուպերմարկետների շրջակայքից ապամոնտաժել ենք բոլոր մանր խանութները, դեմպինգով շուկայից դուրս ենք մղել մյուս մասնակիցներին, իսկ պետության ունեցվածքն ու ապրելու հնարավորությունը նվիրել մի քանի մարդու: Մենք ասել ենք կոռուպցիայի դեմ պայքար, ու զոռ տվել կոռուպցիային: Մենք տարիներ շարունակ գտնվել ենք ծուռ հայելիների թագավորությունում, իսկ շուրթերի վրա պտտեցրել ենք արդարության ու ազնվության մասին բառերի կույտ: Մենք ի պաշտոնե սուրբ ենք ձեւացել ու խոսել բարոյականությունից, իսկ իրականում ապրել անբարո կյանքով: Մենք քրիստոնյա ենք ձեւացել, իրականում ապրել ոչ քրիստոնեաբար: Այս բոլորն անցել է մեր արյան մեջ, ինչպես մի բացիլ, որի դեմն առնելու պատվաստանյութը դեռ չենք գտել: Մինչդեռ ժողովրդական ալիքով իշխանության եկած մարդուց ու նրա թիմից պահանջում ենք մեկ հարվածով եւ անհապաղ փոխել այս ամենը, քիչ է, դեռ բացիլակիրների բանակն էլ տարբեր զինատեսակներով, գաղտնի եւ ափաշկարա հարձակվում եւ պաշտպանվում է վերջին մարտին նետվողի պես, անգամ փորձում բացիլով վարակել դեռ չվարակվածներին: Հինը` հիվանդությունները խորացրած, չի նահանջում, նորը` բացիլի հարձակումից տատանվում եւ երկմտում է:

Ծրարով պետություն

Նախկին կառավարության` սեփական դիմումների հիման վրա ազատված նախարարների վերաբերյալ մտածել, որ բոլոր դեպքերում գործել է թիմով հեռանալու հաստատակամությունը, երբ նրանցից շատերն ուղղակի մենեջերներ են եղել, մի փոքր արդարացի չէ: Սա ասում ենք այն պատճառով, որ լուրեր կային, թե նրանցից երկու-երեքին առաջարկել են մնալ եւ աշխատել, ու նրանք մերժել են:

Իրականում պատասխանը պետք է փնտրել այլ տեղ: Վերեւում ասել ենք, որ կառուցել ենք աղավաղված մոտեցումներով պետություն: Դրանցից մեկն էլ այն պրակտիկան է, որ գործել է պաշտոնյաներին վարձատրելիս, երբ ոչ այնքան բարձր աշխատավարձին զուգահեռ` նրանք ծրարով կանխիկ գումարներ են ստացել: Դա գործել է շատ առանցքային պաշտոնյաների դեպքում, երբ, ասենք, 3-4 հարյուր հազար դրամ աշխատավարձերին զուգահեռ` մեկ կամ մեկից ավելի միլիոն դրամանոց ծրարային վճարներ են տրվել: Ու հիմա դրան սովորած պաշտոնյաներին նոր կառավարությունն առաջարկում է պաշտոններ` բնականաբար առանց այդ ծրարների: Փափուկ կյանքի սովորած մեր պաշտոնյաները մի՞թե կհամաձայնեին: Այս սովորույթը, որի իրական անունը կոռուպցիոն մեխանիզմ է, արդեն իսկ կասկածի տակ է դրել այն ֆինանսական աղբյուրների օրինականությունը, որոնք հավաքվել եւ այդպիսի նպատակների համար օգտագործվել են: Սպասել, որ այդպիսի աղբյուրներից սնվող նախարարը կամ միջին պաշտոնյան պետք է պայքարեին կոռուպցիայի դեմ` անիմաստ էր: Ահա այս պատճառով էլ հավանաբար շատ պրոֆեսիոնալներ, սովորած այդպիսի աստղաբաշխական վճարումների, հազիվ թե ուզենային փոքր աշխատավարձերով աշխատել, այդ պատճառով է, որ վարչապետ Փաշինյանը հաճախ ցայտնոտի մեջ է ընկնում` այս կամ այն պաշտոնի համար համապատասխան թեկնածու որոնելիս: Այս գործելակերպը խորը մտած է եղել բոլոր մակարդակներում, հավանաբար հիմք դառնալով, որ պաշտոնյա վարձողները մի շահութաբեր ոլորտից ստվերային գումարներ վերցնեին եւ ուղղեին այլ ոլորտներ: Ստվերը դրված է եղել ակունքներում: Եթե մաքսավորից ու հարկայինից այդպիսի գումարներ ես վերցնում` բացում ես դուռը, որ նա էլ անձամբ իր համար ձախ գումարների գործելակերպին զարկ տա: Իսկ սա ծանրացնում եւ ուռճացնում էր բոլորիս հարկերը: Չկան այդ լրացուցիչ ծախսերը` թեթեւանում են մեզանից գանձվող հարկերը, նաեւ ապրանքների գների նվազան տեսքով:

Դատավորներ եւ դատախազներ, այս ու այն կառույցի աշխատակազմեր նշանակվել-հավաքվել են նույն արատավոր պայմանավորվածությունների հիման վրա` «ես քեզ-դու` ինձ»: Ու դրանից հետո պահանջել այդպիսի դատավորներից ինքնուրույն վճիռներ կայացնել` երեւի անիրատեսական պիտի դիտվեր: Կամ` դատական համակարգում եղած կաշառքների գնացուցակները դատավորները հո իրենք չե՞ն որոշել, դրանք ինչ-որ կառույցում նստել ու հաշվարկել-սահմանել են: Այդքանից հետո գլխավոր դատախազը ասում է, թե հրաժարական չի տալու, Ազգային ժողովում հաշվետվություն է տալիս ու խոսում դատախազության անկախության մասին: Ո՞վ է հավատում:

Դատավորները Բաղրամյան 26-ից այլեւս հրահանգ չեն ստանալու, ասում է Փաշինյանը, իրենց վճիռների պատասխանատվությունը դատավորներն են կրելու: Արդյոք դա կարո՞ղ է նշանակել, որ այդ դատավորները մի այլ տեղից, դիցուք` նախկին նշանակողներից ցուցում չեն ստանալու: Այնպես որ` առնվազն դատավորների կոռումպացված շերտին, գլխավոր դատախազին, ԿԸՀ նախագահին փոխելու խնդիրը առաջնահերթ է` ընտրական օրենսգրքի փոփոխությանը եւ նոր ընտրություններին նախապատրաստությանը զուգահեռ:

Վերմակի ծայրերը քաշքշելու սինդրոմ

Ամեն ինչից երեւում է, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ եւ նրա թիմը պատրաստ չեն եղել այն մտքին, որ կառավարման համակարգն արագորեն կարող են իրենց ձեռքը վերցնել: Դա հատկապես պարզ երեւաց Փաշինյանի նշանակումներից, որոնց շատերի դեպքում նշանակյալների որակները պրոֆեսիոնալ քննության կարող են չդիմանալ: Մեր տիպի պետությունում, որտեղ ամեն ինչ մինչեւ խորքերը քայքայված ու ձեւախեղված է եղել, իշխանափոխությունը կարող է իր նպատակներին հասնել, եթե տեւաբար ու դետալ առ դետալ, մանրամասնորեն նախապատրաստված է, եկողները գիտեն ինչ, երբ եւ ումով են անելու: Սակայն եթե մարդիկ իշխանության են գալիս տարերայնորեն, նույն մտայնությամբ, ինչ որ մի քանի անգամ եղել է, այսինքն` ոչ թե պետություն սարքելու, այլ իշխելու, ամբիցիաներն ու կարողությունները սնելու համար, ապա շատ արագ վրա է հասնում հանրության հիասթափությունը: Եթե մարդիկ երեսուն տարի առաջվա նույն անպատրաստությամբ են հեղափոխություն անում, ու այդ երեսուն տարին չի աճեցրել խնդիրներին հեռահար նայելու ու պատասխանատվությունը ստանձնելու պատրաստ սերունդ, ուրեմն ազգովին պրոբլեմ ունենք: Ամեն ինչից պարզ երեւում է, որ Փաշինյանը կադրեր չունի, եւ չէր էլ կարող ունենալ, եթե աջակիցների մի փոքրիկ խմբով մեկ ամսում իշխանության է եկել: Էլ չասած, որ նրա թիմում եղած անձանցից շատերը եւս սովորական հայ մարդիկ են, որոնք տարիներով երազել են անձնական կարիերայի ու բարեկեցության մասին:

Նոր կառավարության ամենադրական կադրը, մի փոքր այս կողմ-այն կողմ` հենց ինքը Նիկոլ Փաշինյանն է: Սակայն այս երկու օրը նկատեցինք նրա մենակությունն ու հոգնածությունը: Անելիքն այնքան շատ է, որ նա երբեմն չի հասցնում ամեն ինչ նկատել անգամ իր թիմում, եւ հարկ է լինում անդրադարձ անել, երբ արդեն ինքնագործունեությունը տեղի է ունեցել: Ասենք Ալեն Սիմոնյանի հետ կապված խնդիրը, եթե դա հենց նախապես պլանավորված չի եղել որպես իբր ապակենտրոն քայլ (Տարոն Մարգարյանի ընտրովի պաշտոնի վերաբերյալ վարչապետի միջամտության անհարկիության պատճառով), ապա դա կարելի է վերմակն իր վրա քաշելու հարթույթում դիտարկել, որին Փաշինյանի պատասխանը պետք է լինի կոշտ եւ անհանդուրժող: Ինչ է նշանակում` «ես պատրաստ եմ քաղաքապետի պաշտոն ստանձնել»: Դե գիտեք` ես էլ պատրաստ եմ Անգլիայի թագուհի լինել: Երեւանի քաղաքապետի պաշտոնը վարչապետից հետո գործադիր նշանակությամբ երկրորդ պաշտոնն է, հաճախ այդ պաշտոնն երկայնաձեռք է անգամ վարչապետի պաշտոնից, այնտեղ շատ փող եւ հնարավորություններ կան: Իսկ այդպիսի պաշտոնի հանդեպ իր թիմակցի կողմից կոմսոմոլական նկրտումներ դրսեւորելը, առանց համաձայնեցնելու վարչապետի հետ, հենց Փաշինյանին է խփում: Կամ ի՞նչ հատկանիշներ ունի Ալեն Սիմոնյանը, որ վարչապետի պաշտոնի հետ մրցակցող պաշտոնի հավակնորդ լինի, այստեղ ոչ թե լրատվադաշտի եւ շոուբիզնեսի թեթեւ քաշային է պետք` մեշչանական հակումներով, այլ իրոք բանիմաց, սրտացավ պրոֆեսիոնալ, հենց ունենաք այդպիսի թեկնածու, պարոն Փաշինյան, ձայն հանեք (որ ասում եք, թե երբ ես պահաջեմ Մարգարյանի հրաժարականը, նա ստիպված կլինի հրաժարվել): Թե չէ` կարելի է մրից դուրս գալ ու մրջուրն ընկնել: Ի դեպ այս տողերը գրելու ընթացքում լուր ստացվեց, որ Տարոն Մարգարյանը դիմել է ԿԸՀ` «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի մանդատը վաղաժամ դադարեցնելու արձանագրությամբ: Դա նշանակում է, որ Ալեն Սիմոնյանի, որպես ավագանու անդամի, լիազորությունները դադարեցված են: Ալեն Սիմոնյանն էլ ավելի վաղ դիմել էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին` ընդամենը մեկ օր ստացած իր պատգամավորական մանդատը վայր դնելու հայտարարությամբ, Երեւանի ավագանի վերադառնալու մտադրություն ունենալով, այդպիսով Տարոն Մարգարյանին սպառնալով իր քաղաքապետ դառնալու հավակնությամբ: Սիմոնյանը ստիպված չի կրկնելու իր պատգամավորական մանդատից հրաժարվելու ցանկությունը եւ մնալու է ԱԺ պատգամավոր` թող դեռ դրսեւորվի, մենք էլ տեսնենք` ով է, համ էլ կպարզվի, թե ինչի է ընդունակ: Իսկ նրա կուսակիցներ վարչապետն ու փոխվարչապետը դեռ վաղ են համարում Երեւանի քաղաքապետի թեկնածուի մասին խոսելը:

Եթե ՀՀԿ-ն պրագմատիկ լիներ

Ամեն ինչից երեւում է, որ ներիշխանական իրական դիմակայությունը նոր է լինելու: Անգամ ՍԴ անդամի թափուր տեղի համար իրական պրոֆեսիոնալ Վահե Գրիգորյանի առաջադրման ճանապարհին են հները խոչընդոտ ստեղծում` սեփական նկարագիր ունեցող այս թեկնածուին դիմակա առաջադրելով իրենց ոչնչով աչքի չընկած թեկնածուին: Իրավապահ համակարգում դատախազության եւ դատավորների` նախկին վարչակազմի կողմից նշանակված լինելու պարագան արտացոլվում է նրանում, որ անգամ Վահե Գրիգորյանին ՍԴ անդամ առաջադրելու ստորագրահավաքին մասակցած 213 փաստաբաններին են սկսել հին մեթոդներով սպառնալ, թե` հետ վերցրեք ձեր ստորագրությունները: Սա, եւ այս օրերին առկա բազմաթիվ այլ նշաններ խոսում են այն մասին, որ հին մեթոդներով ունեցվածք դիզած մարդիկ հազիվ թե հրաժարվեն իրենց ունեցվածքից, այդ ունեցվածքն ապահոված իշխանությունից, դեռ ատամներով պաշտպանվելու են:

Իսկ Հայաստանում դասական երկիշխանություն է` օրենսդիր, դատական, ընտրական մարմիններում լայնորեն ներկայացված է նախկին իշխանությունը, իսկ գործադիրում` նորը: Գործադիրը խոսում է ապօրինի հարստացածներին օրենքի դաշտ բերելուց, հանքերում ստուգումներից, իսկ Մոնումենտի դղյակներում վարչակազմի նախկին ու ներկա կարկառուններն են նստած: Ո՞վ առանց մարտի կհանձնի ունեցվածքը: Իսկը ժամանակն է շքեղության հարկի մասին օրենքի:

Կառավարությունը գրոհում է

Կառավարությունն ու նրա ղեկավարը բռնել են գլխից` երեկվա նիստում վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ստուգումներ սկսել հանքարդյունահանմամբ զբաղվող 28 կազմակերպություններում: Հայաստանի ընդերքը վերջին տարիներին պարզապես մեջ-մեջ է արվել իշխանությանը սերտաճած մի քանի անձանց կողմից, ընդ որում` տարիների ընթացքում Ազգային ժողովն այդ անձանց սպասարկող այնպիսի օրենքներ է ընդունել, որ նրանք կարողացել են Հայաստանի ընդերքի հարստությունը, պարզապես խորհրդանշանական հարկային մուծումներ անելով բյուջեին, արտահանել երկրից եւ աստղաբաշխական շահույթներ ստանալ: Դա պետք է վերացվի, քանի որ ընդերքը պետությանն ու նրա ժողովրդինն են, իսկ դրանից ստացված գերշահույթներն անհատների չպետք է հարստացնեն: Առայժմ սկսվելու են թափանցիկ ստուգումներ, հետագա միջոցառումներն ըստ այդ ստուգումների արդյունքների կլինեն. «Կոմպրոմիս չի լինելու», խոստացավ վարչապետը` նշելով, որ անհանդուրժելի է այն վիճակը, երբ այս ոլորտը օրենսդրությանն անհամապատասխան է գործում: Մի ուրիշ հարցի առթիվ էլ արձագանքելիս վարչապետը նշեց, թե Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն կա, որ պետք է բերվի հարկման ոլորտ, այսինքն` երկրում փող կա, ու այդ փողը պետք է լինի այնտեղ, որտեղ իր տեղն է` բյուջեում:

Հայտնի դարձավ նաեւ, որ առկա է վարչական տուգանքների համաներման օրենքի նախագիծ, որով տեսանկարահանող սարքերի հիման վրա քաղաքացիներին ներկայացվող ճանապարհային խախտումների տուգանքները կարող են ներվել, համաներումը վերաբերելու է այս տարվա սկզբից մինչեւ ապրիլյան իրադարձությունների օրերը ներառող տուգանքներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 25-05-2018

AZG Daily #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ