RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 06-04-2018



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2018-04-09 14:06:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 3899, Տպվել է` 389, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՙ ԱՆԿԱՅՈՒՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հավանաբար երբեք չենք իմանաՙ տարածաշրջանային իր կարեւոր նախաձեռնություններից ու քայլերից առաջ Մոսկվան տեղեկացնո՞ւմ է մեր իշխանություններին այդ մասին: Այնինչ դաշնակցային հարաբերություններում դա պարտադիր է, գոնե մեզ անմիջականորեն շահագրգռող հարցերում: Հետեւաբար, անհրաժեշտ տեղեկությունների պակասը, ավելինՙ չգոյությունը, գոնե հասարակական մակարդակով, ազատ է թողնում մեզ ենթադրելու, որ մեր դաշնակիցը շարունակում է մեզ շրջանցելու իր ավանդական քաղաքականությունըՙ Արաքս գետի այս կողմը համարելով իր սեփական ետնաբակը, ուր իրեն զգում է ամբողջովին ազատՙ անելու այն, ինչը համարում է իրեն հարմար ու շահավետ:

Այս տպավորությունը եւս մեկ անգամ շեշտվեց վերջին օրերին, ճշգրիտՙ մարտի 3-4-ին, երբ Անկարայում կայացան Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռակողմ ու երկկողմ բանակցությունները, որոնք պաշտոնապես նվիրված էին սիրիական տագնապի լուծման հարցերին: Թվում է, հատկապես եթե իրականանա Սիրիայից իր զորքերը քաշելու նախագահ Թրամփի ցանկությունը, վերոհիշյալ եռյակի առջեւ ասպարեզը ավելի լայն կբացվիՙ իրենց ուզած ձեւով ձեւել-կարելու Սիրիա կոչված պետությունը, որի ժողովուրդն արդեն սպառել է իր վերջին ուժերը:

Սակայն անկասկած է, որ տարածաշրջանային մյուսՙ ոչ պակաս կարեւոր հարցերը այդ օրերին նույնպես քննարկվել են եռակողմ ու երկկողմ բանակցություններում- քրդական գործոնի ճակատագիրը, տնտեսական հարցերը, տարածաշրջանային հակամարտությունները, որոնց թվումՙ հայ-ադրբեջանականը:

Ներկա պարագայում բնականաբար մեզ ամենամտահոգող հարցը մնում է, նույնիսկ հասարակ ժողովրդական մակարդակներում, Մոսկվա-Անկարա աննախադեպ մերձեցման երեւույթը: Աննախադեպՙ առնվազն վերջին 98 տարվա կտրվածքով, Լենին-Քեմալ համագործակցության ճակատագրական օրերից ի վեր: Դա խանդից ծնված մտահոգություն չէ բնա՛վ: Այլՙ պատմական կործանարար շրջադարձի հիշողության հաճախանք:

Ճիշտ է, եթե մեկ դար առաջ նման մերձեցումը «պատճառաբանվում» էր համաշխարհային սոցիալիստական հեղափոխության ուտոպիստական գաղափարով, ապա այժմյան մերձեցումն ունի իրական, շոշափելի հիմքերՙ տնտեսական փոխադարձ շահերը, ինչպեսՙ Մերսինի մոտ գտնվող Աքքույու բնակավայրում Ռոսատոմի կողմից 20 մլրդ դոլար արժեցող ատոմակայանի կառուցումը, ինչպեսՙ «Թյուրքստրիմ» գազամուղի շինարարության համաձայնությունը, որը նախատեսում է ռուսական գազը հասցնել Թուրքիա եւ այնտեղիցՙ Բալկանյան թերակղզի: Իսկապես տնտեսական տարողունակ գործարքներ, որոնք դուրս գալով իրենց պարունակիցՙ ընդգրկում են նաեւ ռազմավարական համագործակցությունը, որի հիմքը դրվել էր դեռեւս անցյալ դեկտեմբերին, երբ մեր դաշնակից Ռուսաստանը համաձայնվել էր թուրքական բանակը զինել S-4000 հրթիռային պաշտպանության համակարգով, դժգոհություն առաջացնելով ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցների մոտ: Իսկ մեզ մո՞տՙ ոչ մի ծպտուն: Կարծեք հայերիս մոտ իմունիտետ է առաջացրել մեր հակառակորդներին զինելու մեր դաշնակցի գործելաձեւը: Մինչդեռ այս պարագայում բնավ չի գործում արաբական հանրածանոթ իմաստնությունըՙ «Բարեկամիս բարեկամը իմ բարեկամն է»:

Այստեղ ավելորդ է բացատրել, որ ռազմական, նույնիսկ զուտ տնտեսական գործարքը ենթադրում է զիջումներ եւ փոխզիջումներ, որոնց արժեքն ու քաշը ուղիղ համեմատական են ակնկալվող շահույթի ծավալով ու մեծության հետ: Եվ սովորաբար մեծ խաղացողները այդ զիջումները ձգտում են կատարել ոչ թե իրենց հաշվից ու գրպանից, այլ տկար հարեւանից կամ մոտիկ ընկերոջից: Ու բնավ էլ ավելորդ չէ մեր կասկածամտությունը, մանավանդ երբ խնդիրը վերաբերում է ազգային, պետական, սուվերենության հարցերին: Նամանավանդ երբ բարեկամն ու դաշնակիցը սովորություն չունեն իրենց քայլերը համաձայնեցնելու մեզ հետ: Հատկապես ներկա պայմաններում, երբ խնդրո առարկա Եռյակի երկրները Արեւմուտքի կողմից օտարված, մեկուսացված կամ պատժամիջոցների ենթարկվածներ են: Այսինքնՙ համաշխարհային տարատեսակ ճնշումների ենթակա, միշտ պատրաստՙ իրենց մեկուսացվածությունը որպես արդարացում-պատճառաբանություն ներկայացնելու, ինչպես ժամանակին բոլշեւիկյան պատմաբաններն էին արդարացնում-պատճառաբանում Լենինի ու նրա զինակիցների զիջումները մեր ժողովրդի հաշվին:

Վտանգավոր ժամանակներ են, որոնք պարտադրում են զգոնություն եւ ճկունություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 06-04-2018

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ