RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 23-03-2018



ԸՆԴԴԻՄԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՄՈԹՆԵՐԻՆ

Տեղադրվել է` 2018-03-22 23:26:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 4215, Տպվել է` 416, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. ՀԱՅՐԵՆԱՍԵՐ, ԲԱՅՑ ՈՉ ՆԱՑԻՍՏ

ՎԱՐԴԳԵՍ ԱՐԾՐՈՒՆԻ, Մոսկվա, ՌԴ վաստակավոր շինարար, Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի Քաղաքական եւ սոցիալ հետազոտությունների ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի նախագահ

Վերջին ամիսներին ռուսաստանցի մի խումբ հրապարակախոսներ, քաղաքագետներ եւ քաղաքական գործիչներ սկսել են չափազանց մեծ հետաքրքրություն հանդես բերել ժողովրդական հերոս Գարեգին Տեր-Հարությունյանի (ով ավելի շատ հայտի է Նժդեհ «պանդուխտ» կեղծանունով) հիշատակը հավերժացնելու Հայաստանի ջանքերի հանդեպ: 2016 թ. մայիսի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Նժդեհի հուշարձանի կանգնեցումը քննադատություն առաջացրեց ռուսաստանյան մի շարք ԶԼՄ-ներում: 2016 թ. հունվարի 26-ին «Արդար Ռուսաստան» կուսակցության հովանու ներքո Պետդումայում տեղի ունեցավ Կլոր սեղանՙ «Պայքար ֆաշիզմի հերոսականացման եւ նեոնացիզմի վերածնման դեմ. օրենսդրական կողմեր» թեմայով:

Սկզբունքային իմաստով նացիզմի դեմ մղվող պայքարը կարեւորագույն գործ է. դա անվիճելի է: Վերջերս ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովը ընդունեց բանաձեւ «Պայքար նացիզմի, նեոնացիզմի եւ մյուս դրսեւորումների հերոսականացման դեմ, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության եւ անհանդուրժողականության մյուս արդիական ձեւերի տարածմանը», որի օգտին հավասարապես քվեարկեցին Ռուսաստանը եւ Հայաստանը: Սակայն, ինչպես ցույց են տալիս իրադարձությունները եւ Պետդումայի Կլոր սեղանի ժամանակ խնդիրը քննարկելիս դեպքերի բուն ընթացքը, «նացիզմի հերոսականացման» մեկնաբանության հարցում մասնակիցների մեջ զարմանալի միահամուռություն ի հայտ եկավ միայն մեկ պատմական անձիՙ Գարեգին Նժդեհի նկատմամբ:

Նրա կերպարը բազմակողմանի է, իսկ գործերը որքան մեծ, նույնքան էլ հակասական են, ուստի կարոտ են հանգիստ եւ անաչառ դիտարկման:

Գեներալ Նժդեհը ճանաչված է Հայաստանի ազգային հերոս: Նրա կյանքի գլխավոր սխրանքը (իսկ դրանք քիչ չէին) այն է, որ նա օգնեց Հայաստանի կազմում պահպանել երկրի ներկայիս տարածքի զգալի մասը, ինչը Թուրքիայի այն ժամանակվա իշխանություններին հնարավորություն չտվեց վերաձեւել Կովկասի քարտեզը ըստ իրենց սեփական շահերի: Ըստ էության, Նժդեհը անօրինակ աշխարհաքաղաքական սխրանք գործեց:

20-րդ դարի առաջին տասնամյակները հայ ժողովրդի համար ծանրագույն ժամանակաշրջան էին: Օսմանյան կայսրությունում հայերը, հույները, ասորիները, եզդիները Ռուսաստանի եւ Անտանտի պետությունների դեմ կռվող օսմանյան հայրենիքի հանդեպ անհավատարմության պատրվակով գազանաբար մորթվեցին իրենց պատմական հայրենիքիՙ Արեւմտահայաստանի ամբողջ տարածքում: Միայն բնաջնջված հայերի թիվը մոտ մեկուկես միլիոն էր:

1917 թվականին Ռուսաստանում տապալվեցին նախ միապետությունը, իսկ հետո նաեւ բուրժուական հանրապետությունը: Բոլշեւիկները հոկտեմբերյան հեղափոխությունը իրականացրին համաշխարհայինի հույսով: Բայց բավական շուտ ակնհայտ դարձավ, որ Արեւմուտքում դա տեղապտույտ է տալիս, ուստի Մոսկվան ստիպված եղավ հայացքը հառել Արեւելքին: Հենց այստեղ բոլշեւիկները տեսան համաշխարհային հեղափոխության իրականացման հնարավորություններ:

Բացի դրանից, Թուրքիայում զանգվածային շարժում ծավալվեց Մուստաֆա Քեմալ-փաշայի ղեկավարությամբ, որն ավելի ուշ ստացավ «Աթաթուրք»ՙ «Թուրքերի հայր», ազգանունը: Երկու երկրների հարաբերությունները զարգանում էին բուռն եւ արդյունավետ կերպով: Քեմալը բավարար չափով հաց, զենք եւ փող չուներ ի դեմս Հունաստանի Անտանտին հաղթելու համար: Համաշխարհային եւ քաղաքացիական պատերազմների մի քանի տարիներից հետո Ռուսաստանը սաստիկ ավերված էր, մի շարք տարածքների, եւ առաջին հերթին Պովոլժիեի բնակիչները տառապում էին սովից: Սակայն համաշխարհային հեղափոխության խելահեղ ծրագրերը պահանջում էին նորանոր ջանքեր ու զոհեր: Եվ Խորհրդային Ռուսաստանի իշխանությունը դիմեց այդ քայլին, առաջին հերթինՙ սեփական ժողովրդի հաշվին: Քրեստոմատիական օրինակ դարձավ այն, թե ինչպես կրեմլյան առաջնորդները սովյալ ու մահամերձ հայրենակիցներից խլված մի քանի փութ հացահատիկը ուղարկեցին Թուրքիա: Այստեղի հեղափոխականները Ռուսաստանից ստացան նաեւ հարյուրավոր հրանոթներ, հազարավոր գնդացիրներ, տասնյակ հազարավոր հրացաններ եւ բազմապիսի այլ հանդերձանք: Ֆինանսական օգնությունը կազմեց այն ժամանակվա հաշվարկով տասը միլիոն ռուբլի ոսկովՙ հսկայական գումար ուղարկվեց քեմալականներին: Ֆրունզեն, Արալովը, Մդվիդանին, Խորհրդային Ռուսաստանի ուրիշ զորապետեր, որոնք քաղաքացիական պատերազմի ռազմաճակատներում մեծ փորձ էին կուտակել, այդ ամենը հաջողությամբ հանձնում էին թուրք ասկյարներին, մասնակցում հույների դեմ ուղղված ռազմական գործողություններին:

Տրոցկու «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» գաղափարական ձեւակերպումը հանգեցրեց Ռուսաստանի վրա գերմանական զորքերի հարձակմանը եւ 1918 թ. հուվարին Կովկասյան ռազմաճակատի կազմացրման մասին հրամանի հրապարակմանը: Ռուսական բանակը հեռացավ, հայկական կամավորական խմբերը կասեցնում էին թուրքական կանոնավոր բանակի հարձակումը:

Այդ ժամանակ Հայաստանում իշխում էր Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը: Դրա առաջնորդները կողմնակից չէին համաշխարհային հեղափոխության գաղափարին: Նրանց մտահոգում էր Հայաստանի եւ հայ ժողովրդի ճակատագիրը, որի մի մասը սպանվեց 1915 թ. ցեղասպանության ժամանակ: Ողջ մնացածները տեղափոխվեցին Արեւելահայաստան եւ բնավ չէին գտնվում Թուրքիայի հետ եղբայրացած «համաշխարհային պրոլետարիատի» առաջին շարքերում: Հայ ազգայնականության գաղափարներին հետամուտ ՀՅ Դաշնակցությանը խիստ «լկտիացած» էր համարում Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմիսար Չիչերինը, առաջին հերթինՙ այն պատճառով, որ կուսակցության մարտիկները հմտորեն հարվածում էին թուրքերին:

1921 թ. մարտին ստորագրված խորհրդա-թուրքական «Բարեկամության ու եղբայրության պայմանագիրը» էապես փոխեց տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրադրությունը: Ռուսական կայսրության կազմում հայերի ավանդական բնակության երկրամասերըՙ Կարսը, Արդահանը եւ այլն, ըստ պայմանագրի հանձնվեցին «հեղափոխական Թուրքիային», Նախիջեւանըՙ «հեղափոխական Ադրբեջանին»ՙ Թուրքիայի հովանու ներքո: Պատմության մեջ առաջին անգամ հաղթող երկիրը կորցրեց սեփական տարածքը, իսկ պարտություն կրած Թուրքիան ձեռք բերեց Ռուսական կայսրության մեջ եղած տարածքներ:

Բոլշեւիկների 11-րդ բանակը, որն ամբողջովին կազմված էր թուրքերից, արդեն խորհրդային իշխանություն էր հաստատել Ադրբեջանում, եւ հիմա Հայաստանի հերթն էր, որտեղ դաշնակցականները համառորեն պահում էին իշխանությունը եւ պաշտպանում Զանգեզուրը (Սյունիք)ՙ Ադրբեջանին հանձնելու փոխարեն: Ահա այստեղ էլ ի հայտ եկավ գեներալ Նժդեհի գլխավոր «հանցանքը» խորհրդային իշխանության հանդեպ:

1920 թ. հոկտեմբերին 33-ամյա Նժդեհը նշանակվեց Զանգեզուրի հարավարեւելյան ճակատի հրամանատար: [1] 1920 թ. հոկտեմբերի սկզբներին Զանգեզուրում զանգվածային ապստամբություն սկսվեց խորհրդային իշխանության դեմ: Մինչեւ նոյեմբերի 21-ը, 11-րդ Կարմիր բանակի երկու բրիգադներ եւ դրանց դաշնակից Զավալ փաշայի մի քանի գումարտակներ ջախջախվեցին Տաթեւի վանքի մոտ ապստամբների հետ տեղի ունեցած մարտերում, եւ նոյեմբերի 22-ին Նժդեհը մտավ Գորիս: Խորհրդային ուժերը հեռացան զանգեզուրից [2]: 1920 թ. դեկտեմբերի 25-ին Տաթեւի վանքում տեղի ունեցած համագումարը հռչակեց «Ինքնավար Սյունիքի հանրապետությունը», որի փաստական ղեկավարը դարձավ Նժդեհը: Հանրապետությունը կես տարի հաջողությամբ հետ էր մղում թուրքերի, ադրբեջանցիների եւ խորհրդային զորքերի գրոհները:

Միայն 1921 թ. հուլիսին Սյունիքը Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ Հեղկոմի որոշման հրապարակումից հետո եւ Հայաստանի կազմում Սյունիքի մնալու համապատասխան երաշխիքներ ստանալուց հետո Նժդեհը իր զինակիցների հետ լքեց հայրենիքը եւ հեռացավ Պարսկաստան: Տարբեր երկրներում դեգերելուց նժդեհը հաստատվեց Բուլղարիայում:

Նժդեհը ինչո՞ւ ապաստան ստացավ Բուլղարիայում: Նա 1912 թ. Բալկանյան առաջին պատերազմում բուլղարների կողմից կռվել էր որպես հայկական վաշտի հրամանատար: Յավեր-փաշայի կորպուսի ջախջախմանը մասնակցելու համար ստացել էր բուլղարական եւ հունական շքանշաններ եւ «Բալկանյան ժողովուրդներիի հերոսի» կոչում: Առաջին աշխահամարտի ժամանակ նա ռուսական բանակի կազմում երկրորդ հայկական կամավորական ջոկատի հրամանատարի տեղակալն էր: Նա սբ. Վլադիմիրի, սբ. Աննայի շքանշանների եւ Գեորգիեւյան երկու խաչի ասպետ է: Հենց իր վաստակի շնորհիվ նա ստացավ Բուլղարիայի քաղաքացիություն:

1944 թ. գեներալ Նժդեհի ձերբակալությունից հետո նրան խորհրդային իշխանությունների ներկայացրած գլխավոր մեղադրանքը կարմիրբանակայինների, ավելի ճիշտՙ կարմիրբանակայինի համագեստով թուրք զինվորների մահապատիժն էր: Ըստ որում, ինքըՙ Նժդեհը, կտրականապես ժխտում էր, թե ինքը նրանց մահապատժի ենթարկելու հրաման է տվել: Դրան վերաբերող փաստաթղթեր էլ որեւէ մեկը մինչեւ օրս չի ներկայացրել: Ընդհակառակը, նրա հրամանների համաձայն, գերիների հանդեպ հարկավոր էր ցուցաբերել մարդասիրություն:

Տեր-Հարությունյանի քրեական գործին համապատասխանՙ նրան ամբաստանում էին նաեւ գերմանական հետախուզության օգտին աշխատելու, «Վերմախտի» կազմում «Հայկական լեգեոն » ստեղծելու եւ հակախորհրդային քարոզչությամբ զբաղվելու մեջ:

Հայկական լեգեոն (11 գումարտակ) իրոք ստեղծվեց Լեհաստանում 1942 թ. մարտին: Սակայն, ինչպես հայտարարեց Հիտլերը արեւելյան օկուպացված տարածքների ռայխնախարար Ռոզենբերգին, ինքը վստահում է միայն մահմեդականներին, իսկ վրացիներին ու հայերին չի հավատում: Ըստ այդմ, լինելով անբարեհույս, լեգեոնը ուղարկվեց Հոլանդիա, այլ ոչ թե Արեւելյան ռազմաճակատ: Կարմիր բանակի դեմ Ղրիմ ուղարկվեց միայն մեկ գումարտակ: Ըստ որում, գումարտակի մարտիկները առաջին իսկ հարմար առիթի դեպքում փախչում էին խորհրդային բանակ: Այդ գումարտակի հիմքի վրա Ֆրանսիայում ստեղծվեց պարտիզանական ջոկատ, որը նույնպես ղեկավարում էին նախկին լեգեոներներ:

Դրա արդյունքում Հայկական լեգեոնը շոշափելի վնաս չպատճառեց ո՛չ Արեւմտյան, ո՛չ էլ մանավանդ Արեւելյան ռազմաճակատում, ինչը, սակայն դրա մարտիկներին չի ազատում հայրենիքին դավաճանելու պատասխանատվությունից: Ի դեպ, հարկավոր է հաշվի առնել, որ, լեգեոնի ղեկավարների հայտարարությունների համաձայն, իրենք փորձել են այդ ձեւով գերմանական համակենտրոնացման ճամբարներից ազատել հայ ռազմագերներին:

Համեմատենք:

1944 թ. վերջերին գերմանացիների կողմում կռվում էր 38 հազար ադրբեջանցի կամավոր: Վերմախտից եւ հհ-ից զատ, Աբվերը հետախուզական-դիվերսիոն ջոկատներ էր կազմակերպում ադրբեջանցիներից: Այսպես, 1942 թ., «Ցեպելին» Աբվեր-դպրոցում ձեւավորվեց «Զեթ» հետախուզական-դիվերսիոն խումբը, որը կազմված էր ադրբեջանցիներից: Բացի «Զեթ» խմբից, 1941 թ. Աբվերի շեֆ ծովակալ Կանարիսի հրամանով ստեղծվեց հատուկ նշանակության «Բերգման» ջոկատը, որի կազմում ադրբեջանցիներից կազմվեց առանձին վաշտ: Վերջինս Կովկասի վրա գերմանացիների հարձակման ժամանակ օգտագործվում էր Կարմիր բանակի թիկունքումՙ կամուրջներ, զինամթերքի պահեստներ պայթեցնելու եւ սպաներին ոչնչացնելու համար: Ինչպես քանիցս հիշատակել են գերմանացի հրամանատարները, «Բերգմանի» ադրբեջանական վաշտը իրեն արտակարգ լավ դրսեւորեց, ինչի շնորհիվ ստեղծվեց «Բերգման-2» ադրբեջանական գումարտակ: 1944 թ. Ղրիմի մարտերից հետո ադրբեջանական հատուկ նշանակության գումարտակը ուղարկվեց Լեհաստան, իսկ 1944 թ. օգոստոսին ադրբեջանական մեկ ուրիշ I./111 գումարտակի հետ («Դյոնմեկ» ) մասնակցեց Վարշավայի ապստամբության ճնշմանը: Դրանք ամենածանր եւ արյունալի օրերն էին Լեհաստանի նորագույն պատմության մեջ:

1944 թ. օգոստոսի 5-ի դրությամբ ադրբեջանական «Դիրլեվանգեր» եւ «Կամիմսկու բրիգադի» զինվորները գազանաբար սպանել էին ավելի քան տասը հազար խաղաղ բնակիչների, հիմնականում ծերերի, կանանց եւ երեխաների:

Վերադառնանք Նժդեհի պատմությանը:

Ի հաստատումն նացիստների հետ նրա համագործակցությանը վեաբերող պնդումների, չի հայտնաբերվել որեւէ նյութ բացի հակախորհրդային քարոզչությունից: Դե, գեներալը չէր սիրում խորհրդային իշխանությունը: Իսկ վիճահարույց Հայկական լեգեոնի ստեղծմանը եւ հրամանատարությանը նրա մասնակցությանը վերաբերող պնդումները չեն հաստատվել:

Սակայն Նժդեհը ունեցել է առնչություններ երրորդ ռայխի առաջնորդների հետ: Եվ ահա թե ինչ պատճառով: Երկրորդ աշխարհամարտն սկսվելուց հետո թուրք պանթյուրքիստների մատուցմամբ մամուլում սկսվեց այնպիսի նյութերի հրապարակումը, որոնցում նացիստները կոչ էին անում բնաջնջել հայերին որպես սեմական ժողովրդի: Հալածանքներ ձեռնարկվեցին Ռումինիայի, Հունգարիայի եւ Բուլղարիայի հայ համայնքների դեմ [3]: Նժդեհը բացահայտեց պանթյուրքիստների ծրագրերը եւ կարողացավ գերմանացիներին համոզել, որ թուրքերը միայն բեռ կլինեն գերմանացիների համար, իսկ կովկասցի ազգայնականներին համոզեց, որ նրանց վտանգ է սպառնում Թուրքիայի եւ պանթյուրքիստների կողմից: Նա կարողացավ ստեղծել Կովկասի յուրօրինակ հակապանթյուրքական բլոկՙ կովկասցի տարագիրների միություն: Հետաքրքրական է, որ նրանց մեջ էին ադրբեջանական լեգեոնի հիմնադիրներից մեկըՙ Ռասուլզադեն, եւ վրացի տարագիրների ներկայացուցիչները: Նժդեհը կարողացավ համաձայնության հասնել Ռասուլզադեի հետ, որը թեեւ պանթյուրքիստների հետեւորդ էր, բայց դարձավ ոչ պակաս հետեւողական ազգայնական, երբ հասկացավ, որ պանթյուրքիզմը կոչնչացնի եւ կուլ կտա Ադրբեջանը [4]: Ի դեպ, Մամեդ Էմին Ռասուլզադեի հուշարձաններն ու կիսանդրիները կանգնեցված են Ադրբեջանի մի քանի շրջաններում: Ըստ որում, Նժդեհի ռուսաստանցի քննադատների կողմից որեւէ դիտողություն չի կատարվել:

Նժդեհը կարո՞ղ էր արդյոք հենվել Խորհրդային Միության օգնության վրաՙ ձգտելով Հայաստանին վերադարձնել նրա պատմական տարածքները: Դատելով ըստ ամենայնի, նա հենց 1944 թվականին նման փորձ է ձեռնարկել: Նա ճշմարիտ հայ հայրենասեր եւ ազգայնական էր մնում նաեւ 1944 թվականին, երբ խորհրդային բանակը արդեն մտել էր Բուլղարիա: Նա հրաժարվեց հեռանալ երկրից, մնաց Սոֆիայում եւ խորհրդային իշխանությանը իր օգնությունն առաջարկեց «ֆեոդալական Թուրքիայի» դեմ պայքարելու համար: Նժդեհը վստահ էր, որ 1920-ականներին Թուրքիայից խաբված Խորհուրդները չեն մոռացել պանթյուրքիստների երկակի խաղը, եւ որ հիմա կոմունիստները կփորձեն իր ամբողջ փորձառությունը եւ հայկական Սփյուքում իր լայն կապերն օգտագործել Թուրքիայի դեմ հասունացող պատերազմում: ծԽԹԺ-ին նաեւ լավ հայտնի էր, որ նախապատերազմյան ժամանակաշրջանում նա մերժել էր հակախորհրդային քարոզչությամբ զբաղվել:

Սակայն 1944 թ. հոկտեմբերի վերջերին «СМЕРШ»-ը ձերբակալեց Նժդեհին եւ հասցրեց Մոսկվա: Սկզբնական շրջանում նրա հույսերն արդարանում էին: Թուրքերը ստիպված եղան Կովկասից հետ կանչել կես միլիոնանոց բանակը, որը ԽՍՀՄ ներխուժելուց հետ էր պահել գերմանացիների պարտությունը Ստալինգրադի մոտ, խզեց դիվանագիտական հարաբերությունները Գերմանիայի հետ եւ դադարեցրեց Գերմանիայի համար կենսականորեն կարեւոր քրոմի եւ պարենի մատակարարումը: Նաեւ սկսվեցին պանթյուրքիստական կազմակերպությունների դատավարություններ: Չնայած դրան, խորհրդային ղեկավարությունը պատրաստ էր ուխտադրուժ հարեւանին պատժել Գերմանիայի հետ համագործակցության համար եւ ռազմական գործողություն սկսել Թուրքիայի դեմ, եւ այդ նպատակով ներգրավվում էին բոլոր նրանք, ովքեր պատրաստ էին մասնակցել տվյալ նպատակի իրականացմանը:

Ի. Ստալինի հրամանով նշանակվեցին կուսակցության շրջկոմների եւ քաղկոմների առաջին քարտուղարներ: Մարտական պատրաստության վիճակի բերվեցին Հայաստանում գտնվող Անդրկովկասյան բանակը եւ Պարսկաստանում գտնվող դիվիզիաները:

Սակայն քաղաքական իրավիճակը կտրուկ փոխվեց 1945 թ. ամռանը ԱՄՆ-ի նախագահ Ռուզվելտի մահից եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլի հրաժարականից հետո: 1945 թ. օգոստոսին ԱՄՆ-ը միջուկային հարվածներ հասցրեց Ճապոնիային: Հենց այդ իրադարձության հետ է կապվում Թուրքիային հարվածելուց Ստալինի հրաժարումը:

Այդ դեպքերը խիստ բացասաբար ազդեցին Գարեգին Նժդեհի ճակատագրի վրա: 1948 թվականին նա դատապարտվեց 25 տարվա բանտարկության եւ մինչեւ 1952 թվականն անցկացրեց Վլադիմիրի բանտում: Ծանր հիվանդացած Նժդեհը այդ բանտում մահացավ 1955 թվականին:

1983 թ. օգոստսի 31-ին ԽՍՀՄ-ում գլխավոր քարտուղար Յուրի Անդրոպովի կառավարման օրոք Գարեգին Նժդեհի աճյունը տեղափոխվեց Հայաստան: 1987 թվականին հայ ժողովրդի մեծ զավակի մասունքները իրենց վերջին հանգրվանը գտան Գլաձորի սբ. Սպիտակավոր եկեղեցու բակում: Սակայն Նժդեհը իր կտակում ցանկություն էր հայտնել թաղվելու Կապանի մերձակա Խուստուփ լեռան ստորոտում: Այդ ցանկությունն իրականացվեց միայն 2005 թվականի ապրիլին [5]:

1992 թվականին նրա անունով կոչվեցին Երեւանի մի փողոց եւ մետրոյի կայաններից մեկը:

2016 թվականին բացվեց նրա հուշարձանը:

Եվ այստեղ հիստերիա սկսվեց ռուսական որոշ ԶԼՄ-ներում, որոնք պնդում էին, թե Հայաստանում իբր գլուխ է բարձրացնում նացիզմը:

Ինչպե՞ս կարելի է նման ամոթալի բաներ ասել այն երկրի մասին, որը Հայրենական Մեծ պատերազմի ժամանակաշրջանում հիրավի պատմական ներդրում կատարեց ֆաշիզմի ջախջախման գործում:

Ռազմաճակատներում մարտնչում էին ավելի քան 600 հազար հայեր: Զինվորների կեսը տուն չվերադարձավ: Հայ ժողովուրդը հայրենիքին տվեց չորս մարշալՙ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խանփերյանց), Աղանով, եւ ԽՍՀՄ նավատորմի մեկ ծովակալՙ Իսակով: Պատմությունը վավերացրել է հայկական Չարդախլու գյուղի ռազմական սխրանքը, որտեղից 1250 մարդ մեկնեց ռազմաճակատ: 853-ը պարգեւատրվեց շքանշաններով ու մեդալներով, 452-ը հերոսի մահով ընկավ մարտադաշտում: Այդ գյուղը հայրենիքին տվեց երկու մարշալՙ Բաղրամյան եւ Բաբաջանյան, Խորհրդային Միության չորս հերոս, ավագ սպայակազմի բազմաթիվ սպաներ: Ժողովրդի սխրանքը, հաղթանակի մարշալների անունները սրբորեն մեծարում են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, կանգնեցված են հերոսների հուշարձանները, իսկ նրանց անունները շնորհված են փողոցների եւ ուսումնական հաստատությունների: Քանի որ խոսք բացվեց այդ մասին, նշենք որ մարշալ Բաղրամյանի հուշարձանը 1988 թ. ոչնչացվեց Ադրբեջանում: Այդ կապակցությամբ ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա բողոքի ձայներ չենք լսել ռուսաստանի քաղաքագետների եւ քաղաքական գործիչների այն խմբից, որը վիճարկում է հուշարձան ունենալու գեներալ Նժդեհի իրավունքը:

Գարեգին Նժդեհը բարդ եւ հակասական կերպար է: Սակայն հայերը նրա հիշատակը հարգում են հայրենիքին անսահման նվիրվածության, Ազատության, Անկախության եւ Տարածքային ամբողջականության գաղափարների համար:

Նժդեհը գտնում էր, որ հայերի գլխավոր թշնամին Թուրքիան է, եւ այդ գաղափարը պաշտպանում էր մինչեւ իր օրերի վերջը:

Այդ ժամանակվանից ի վեր անցած տարիները ոչինչ չեն փոխել տվյալ համոզմունքի մեջ: Ամեն մի հայ հայրենասեր գիտե, թե որտեղից պետք է սպասել գլխավոր սպառնալիքը: Ես այդ մասին հերթական անգամ հիշեցրի 2016 թ. հունիսին Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հատուկ գիտաժողովում:

Նժդեհը Հայաստանի մեծ հայրենասեր է, բայց ոչ նացիստ:

Ժամանակն է վերջ դնել այս վեճին:

[1] Нжде, Гарегин / http://ru.sansursuzwikipedia.org/wiki/Гарегин-Нжде

[2] Նույն տեղում:

[3] Гарегин Егишевич Тер-Арутюнян (Нжде) Армянские фидаины. / Май 2, 2017 / http://vstrokax.net/istoriya/garegin-egishevich-ter-arutyunyan-nzhde-armyanskie-fidainyi/

[4] Նույն տեղում:

[5] ГАРЕГИН НЖДЕ (ТЕР-АРУТЮНЯН) / http://artaramis.ucoz.com/forum/28-122-1

Ռուս. թարգմ. Պ.Ք.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 23-03-2018

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ