RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 16-03-2018



Տեղադրվել է` 2018-03-19 17:42:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 3913, Տպվել է` 403, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՔՅԱՆ. «ՄԵՆՔ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՊԱԿԱՍ ԲԱՆ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԶԻՆՎՈՐԻ ԱՐԱԾԻՑ»

Զրուցեց ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Անցած տարվա հունվարի 1-ից գործում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը: Այս 14 ամսվա ընթացքում հիմնադրամը հավաքագրած միջոցներից կատարել է 39 հատուցում` 425 մլն դրամի չափով, որից 360 մլն-ը միանվագ հատուցումներն են, մնացածն` ամսական վճարները: Հիմնադրամը զոհված զինվորի ընտանիքներին եւ վիրավոր զինվորներին միանվագ փոխհատուցումներից բացի` 2 մլրդ դրամի պարտավորություն է վերցրել` 20 տարվա ամսավճարների հատուցման վերաբերյալ:

Օրերս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հիմնադրամի խորհրդի անդամների, Պաշտպանության նախարարի, ԿԲ նախագահի, հիմնադրամի գործադիր տնօրենի մասնակցությամբ խորհրդակցություն էր անցկացրել` ամփոփելով եւ գնահատելով հիմնադրամի տարուց ավելի աշխատանքը: Նախագահը հիմնադրամի աշխատանքը պետական, մասնավոր եւ հասարակական հատվածների արդյունավետ համագործակցության շատ լավ օրինակ էր համարել երկրի անվտանգության ոլորտում ՙ ընդգծելով, որ զինվորականների ապահովագրությունը, իր համոզմամբ, սերտորեն կապված է անվտանգության հետ: Հայտնի է , որ Կենտրոնական բանկի աշխատակիցներն են հասարակական հիմունքներով իրականացնում հիմնադրամի իրավական, հաշվապահական, աուդիտորական, ակտուարական, ակտիվների ու պարտավորությունների կառավարման, հասարակայնության հետ կապերի, ծառայությունների զարգացման հետ կապված ծավալուն աշխատանքները:

«Ազգի» հարցազրույցը հիմնադրամի գործադիր տնօրեն, ԿԲ իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանի հետ:


- Հիմնադրամի աշխատանքի ու աշխատաոճի վերաբերյալ ի՞նչ առաջարկներ արեց նախագահը:

- Առաջարկը միակն է` շարունակել աշխատել: Ինձ համար հանրապետության նախագահի երկու ուղերձն էին կարեւոր. առաջինն այն էր, որ մեր զինծառայողները պետք է իմանան` եթե նրանց հետ, Աստված չանի, որեւէ դժբախտ դեպք պատահի, հասարակությունը կանգնած է նրանց ու նրանց ընտանիքների կողքին: Դա բարձրագույն արժեք է իմ կարծիքով, եւ հասարակության` զինծառայողի կողքին կանգնած լինելը երաշխավորում է առաջին հերթին Հայաստանի անվտանգությունն ու անկախությունը: Եւ նաեւ այն գիտակցումն է կարեւոր, որ մենք բոլո՛րս ենք պաշտպանում մեր սահմանը, ոչ միայն զինծառայողն ու նրա ընտանիքն են պաշտպանում, այլեւ բոլորս: Հիմնադրամի աշխատանքով այս գաղափարն է նյութականանում: Սա կարեւորագույն մեսիջ է, ես սա եմ ընկալել: Երկրորդն այն է, որ հասարակական կարծիքը, նախագահի գնահատականով, ընդհանուր առմամբ դրական է այս նախաձեռնության նկատմամբ, եթե նույնիսկ կան հասարակությունում փոքր խմբեր (նաեւ` հաճախ ագրեսիվ), որոնք այս կամ այն կերպ բացասաբար են անդրադառնում հիմնադրամի գաղափարին, պետք է հաշվի առնել նաեւ նրանց կարծիքը, բայց ընդհանուր առմամբ` հասարակությունը մեր աշխատանքը կարեւոր ու գնահատելի է համարում, նախագահն այդպես գնահատեց եւ կոչ արեց շարունակել աշխատանքը:

- Իսկ Դուք անձամբ ի՞նչ խնդիրներ եք տեսնում, ի՞նչ կուզեիք փոխել հիմնադրամի աշխատանքում այս մեկ տարվա փորձառությունից հետո:

- Կան մտորումներ աշխատանքն ավելի բարելավելու ուղղությամբ, դրանք դեռեւս խորհրդում չենք քննարկել, ու ճիշտ չէ առանց քննարկման դրանց մասին խոսելը: Բոլոր մտորումները մեր ստեղծման օրից մեզ ներկայացած թիվ մեկ մարտահրավերին` մեր գործունեության թափանցիկությանն ու հրապարակայնության ապահովմանն են վերաբերում, մեր հիմնադրամի հեղինակության բարձրացմանը, որը կբերի նաեւ նվիրաբերությունների աճին, ու հայությունը ոչ միայն Հայաստանից, այլեւ Սփյուռքից եւ Արցախից նվիրաբերություններ կանի: Հիմա նվիրաբերությունների գումարը կազմում է 102 մլն դրամ` աշխարհի 20 երկրից, որի առյուծի բաժինը Հայաստանից է:

Այս 14 ամիսների ընթացքում 7 մլրդ դրամից մի փոքր ավելի ենք հավաքագրել, որի 6,8 մլրդ դրամը մեր քաղաքացիների վճարած 1000-ական դրամներից է գոյացել, իսկ նվիրաբերությունները, որոնց ընդհանուր գումարն արդեն նշեցի, 1 դոլարից մինչեւ 15 հազ. դոլարի սահմաններում են եղել, եւ դրանց գերակշիռ մասը նույնպես Հայաստանի նվիրատուներն են կատարել: Միջոցները մենք կառավարում ենք` ներդնելով արժեթղթերում, ավանդներում, պարտատոմսերում, եւ այդ ներդրումներից ստացել ենք 156 մլն դրամ եկամուտ, որը նույնպես կուտակվել է հիմնադրամի հաշվին: Ասեմ, որ այն հենանիշները, որ սահմանել է խորհուրդը` ներդրումների միջոցով եւս եկամուտ հավաքագրելու, դրանցից զգալիորեն ավելի բարձր ցուցանիշներ ենք ապահովել:

Եւ մեր հիմնական մարտահրավերը` վստահության, թափանցիկության, հեղինակության բարձրացման առումով` իմ կարծիքով իրագործել ենք, դրա ցուցիչն է նվիրաբերությունների ոչ վատ ցուցանիշն այդքան կարճ ժամկետում: Ընդ որում` ցանկացած տեղեկատվություն` նվիրաբերողների եւ մնացած բոլոր գումարների վերաբերյալ մեր կայքում (1000plus.am) կգտնեք` հրապարակային է: Այդ մարտահրավերի ուղղությամբ անընդհատ պետք է աշխատենք` հասարակությանը մշտապես հասանելի դարձնելով մեր գործունեության արդյունքները:

- Այս առումով միգուցե ավելի ճիշտ է որոշ ծառայություններ անվճար չիրականացնել` ջանքերը գուցե կրկնապատիկ կլինեն: Թե այդ մոդելն, այնուամենայնիվ, աշխատող մոդել է` գոնե հայության համար զգայուն հարցերում:

- Հիմնադրամի անձնակազմը եւ խորհուրդը բացառապես անվճար են աշխատում, ավելին` հիմնադրամն իր հավաքագրած գումարից որեւէ այլ ծախս չի իրականացնում: Գաղափարի շուրջ հավաքվել են հասարակության տարբեր ներկայացուցիչներ, որոնք բոլորը կամավորության սկզբունքով են աշխատում, ԿԲ-ի աշխատակիցները հանձնառել են անվճար աշխատել, մյուս կողմից` առեւտրային բանկերն են անվճար սպասարկում, ՀԿ-ների ներկայացուցիչներն են կամավորության սկզբունքով խորհրդում աշխատում: Այս բոլորը ցույց է տալիս, որ հասարակության տարբեր շերտեր կարող են համախմբվել մի գաղափարի շուրջ, աշխատել ի բարօրություն սահմանը պահող մեր զինվորների եւ նրանց ընտանիքների: Սա կարեւոր ձեռքբերում է, որը ցույց է տալիս, որ եթե լինեն համազգային այլ նախագծեր, այդ մոդելը կիրառելի կարելի է դարձնել նաեւ այլ ոլորտներում:

- Չեն դադարում քննադատություններն առ այն, որ այդ խնդիրները կարելի էր իրականացնել Հայաստանի բյուջեի համապատասխան հատկացումներով, նաեւ հասցեական պետական տուրքի հավաքագրման գաղափար իրականացնելով, առանց հիմնադրամ ստեղծելու...

- Տեսեք` ամենակարեւոր արգումնենտներից մեկն ինչ է` որ սա պետք է լինի հարկային մուտքերից առանձնացված հավաքագրում, հիմնադրամում կուտակվի, կարողանանք պրոֆեսիոնալ կառավարում իրականացնել եւ դրանից առավելագույն եկամտաբերություն ապահովելով` ավելացնել ու մեծացնել հիմնադրամի միջոցները: Այդ անում ենք` համագործակցելով մասնավոր կառույցների, օրինակ` առետրային բանկերի հետ, ինչը պետական կառուցվածքում հազիվ թե հնարավոր լիներ:

- Իսկ ինչո՞վ են մոտիվացվում անվճար աշխատողները...

- Գաղափարո՛վ: Որ իրենք զինվորի կողքին են կանգնած: Երկրի սահմանը պաշտպանողի շարժառիթն էլ գաղափարն է, չէ՞: Այսպես մտածող մարդիկ շատ են, հավատացեք: Մենք շատ ավելի պակաս բան ենք անում սահմանին կանգնած զինվորի արածից: Մենք 14 ամսվա ընթացքում 39 հատուցում ենք արել, գրեթե բոլորին այցելել ենք, բոլոր մարզերում, նաեւ` Արցախի հանրապետությունում: Տեսել ենք, որ մարդիկ զգում են, որ հասարակությունը, պետությունն իրենց կողքին կանգնած են. սա է գերագույն երախտիքը, երբ զգում ես, որ զինվորն ու իր ընտանիքն իրեն պաշտպանված են զգում: Այսօր ժամը չորսին ունենք հիմնադրամի խորհրդի նիստ (հարցազրույցը տեղի է ունեցել մարտի 14-ին-Մ.Խ.), ու պաշտպանության նախարարության փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում` եւս վեց հատուցման որոշում ենք այսօր ընդունելու: Ի դեպ` մենք եռօրյա ժամկետում արձագանքում ենք փաստաթղթերով ամրապնդված հայտերին, օրենքով է այդ կարգը սահմանված, հատուցումների վերաբերյալ բոլոր որոշումները հրապարակված են մեր կայքում: Որոշման կայացման օրը անվճար սպասարկող մեր երեք գործընկեր բանկերը («Կոնվերս», «Հայբիզնեսբանկ», «Արցախ» բանկերը), նայած որն է ըստ բնակավայրի մոտիկ գտնվում հատուցման հասցեատիրոջը, հասցեատիրոջ համար բացած հաշվեհամարներով փոխանցումներ են անում:

Առաջին կարգի հաշմանդամներին եւ զոհված զինծառայողների ընտանիքներին մենք միանվագ փոխանցում ենք 10 միլիոն դրամ, երկրորդ կարգի հաշմանդամներին` 5 միլիոն դրամ, ինչպես նաեւ փոխանցում ենք առաջին ամսվա ամսական վճարը, որը առաջին կարգի հաշմանդամի եւ զոհված զինծառայողի համար տատանվում է 200-300 հազար դրամի սահմաններում, եթե երեք եւ ավելի երեխաներ ունի` լրացուցիչ 100 հազար դրամ, երկրորդ կարգի հաշմանդամի պարագայում այդ գումարը 100-200 հազարի սահմաններում է: Եւ դրանից հետո այդ մարդիկ քսան տարի ամեն ամիս այդ ամսական գումարը ստանալու են: Զոհված զինծառայողի ընտանիքի համաձայնությամբ գումարը կարող է բաժանվել մի քանի հաշվեհամարների, կամ մեկ հաշվեհամարի` իրենց ներքին համաձայնության խնդիրն է: Եթե մարդիկ չեն կարող այցելել բանկ, ապա բանկն է մարդկանց այցելում-գումարները տալիս: Այս պաին մենք արդեն արել ենք 425 մլն դրամի հատուցում, որից 360 մլն միանվագ հատուցումներն են, մնացածն` ամսական վճարները: Բայց նաեւ մենք ունենք 2 մլրդ դրամի պարտավորություն` քսան տարվա ամսավճարների համար:

- Հետագայում, երբ հիմնադրամի միջոցներն առավել ստվարանան, հնարավորություն կլինի՞ վերանայել օրենքը` թեկուզ 2016 թվականի ապրիլին զոհվածների ու վիրավորների համար փոխհատուցման պատուհան բացելով:

- Մեր խորհրդի վերջին նիստում մենք հատուցման 4 որոշում ենք կայացրել, որոնք վերաբերում են 2016 դեկտեմբերի 29-ին եւ 30-ին վիրավորված, բայց արդեն անցած տարվա հունվարին մահացած զինծառայողներին: Հիմնադրամի խորհուրդը նախորդ նիստերից մեկում արդեն իսկ որոշել էր, որ եթե տարին ամփոփելիս միջոցներ գտնվեն` ապա այդ դեպքերի համար էլ փոխհատուցում կարվի, եւ այժմ այդ հնարավորությունը կար, հատուցումներն արվեցին: Ասենք, որ այդ ընտանիքները գումարներ ստացել են նաեւ այլ հիմնադրամների հաշվին, մենք միայն ամսական վճարները պետք է անենք առաջիկա տարիների: Ինչու եք 2016 թվականի ապրիլի դեպքերի մասին խոսում միայն, վերջին մի քանի տարին նույնպես վիրավորներ ու զոհեր ենք ունեցել: Օրենքով կարգավորում ունենք, որ երբ հավաքագրված միջոցները հնարավորություն տան խորհրդին` անրդրադառնալ նաեւ նախորդ դեպքերին` դա հնարավոր լինելու է հետագայում: Ֆինանսական հզորությունից է կախված լինելու, հատկացումների չափն էլ դրանից է կախված լինելու:Դրան անդրադառնալը ֆինանսական առումով դեռ վաղ է, միգուցե եկող տարի հնարավոր կլինի այդ հարցին անդրադառնալ: Ֆինանսական հնարավորությունը, առաջին հայացքից, սուբյեկտիվ բան է` օբյեկտիվություն ապահովելու համար մաթեմատիկական հաշվարկներ են պետք:

- Հանրության մեջ անվստահությունը բոլոր տեսակի հիմնադամների նկատմամբ, այնուամենայնիվ կա, ինչպե՞ս անել, որ մեր 10 միլիոնանոց Սփյուռքը այս մի հարցում գոնե ավելի ակտիվ լինի: 100 միլիոն դրամ նվիրատվությունն, իհարկե, վատ չէ, բայց սահմանը պաշտպանող զինվորին աջակցելու գաղափարի առումով եւ Սփյուռքի ներուժի համեմատությամբ` չնչին է: Միգուցե իրազեկման պակաս ունի Սփյուռքը, կամ ուղղակի իշխանության հանդեպ անվստահությունը նաեւ հիմնադրամի վրա է տարածվում:

- Որ մեզ չեն վստահում` միգուցե ճիշտ են անում, այդ չվստահելը մեզ համար դառնում է ավելի լավ աշխատելու ռեսուրս: Եթե չհաշվենք բանսարկությունների եւ բամբասանքի մակարդակը` առողջ քննադատությունն ու հարցադրումները, որ ստանում ենք, մեզ մղում են, որ լրացուցիչ ջանք գործադրենք իրազեկման բարձրացման ու վստահության ամրապնդման գործիքներն ընդլայնելու առումով: Մեր կայքը թափանցիկ է, մեր գործունեության յուրաքանչյուր մանրամասն կգտնեք այնտեղ` չորս լեզվով: Երկրորդը` որպես հիմնադրամի տնօրեն կարծում եմ, եւ մեզ համար դա շատ կարեւոր է, որ մարդը թեկուզ շատ փոքր նվիրաբերություն անի, մեր մշտական նվիրատուն դառնա: Մենք ունենք նվիրատուների 35 տոկոսանոց կրկնություն, երբ նույն մարդիկ ամեն ամիս են նվիրատվություն անում: Մենք թիրախ ունենք հասնելու 60 տոկոսի, որը սովորաբար աշխարհի լավագույն բրենդների մակարդակն է: Եթե այդ տեսակետից նայեք` մշտական նվիրատուների ներկա պատկերը հուսադրող է:

- Իսկ մեծահարուստներն ակտի՞վ են:

- Մեծահարուստներն էլ են նվիրատվություններ անում: Օրինակ` Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը որոշեց պատգամավորական մեկ տարվա աշխատավարձը նվիրել հիմնադրամին: Առեւտրային բանկերի բաժնետերերն են նվիրատվություններ անում: 102 միլիոնից 86 միլիոնը Հայաստանից է, մենք ունենք Կիպրոսից մեկ մեծ նվիրատվություն` 10 հազար դոլարի, երկու նվիրաբերություն Ֆրանսիայից, էլի մեկ անձից, դրանք անհատական նվիրաբերություն են: Նայեք ցանկը, հրապարակված է: Սփյուռքի ներուժը ավելին է, Սփյուռքը պետք է ակտիվանա: Մենք համենայնդեպս այդ ուղղությամբ իրազեկման հարցերը լուծում ենք` կայքով, սոցիալական ցանցերում, հարցազրույցներ ենք տալիս Սփյուռքի ԶԼՄ-ներին, Armenian Mirror-Spectator-ը մեկ տարի է, ինչ մեր գովազդն ամեն շաբաթ տպագրում է: Մենք աշխատում ենք հայաստանյան եւ սփյուռքյան բազմաթիվ կառույցների հետ, որոնք նվիրաբերություններ են հավաքագրում: Սփյուռքից շատ գումարներ, իհարկե, տարբեր հիմնադրամների գալիս են, մենք նաեւ այդ առումով ենք մրցակցության մեջ:

- ՊՆ-ն հոսքերը համակարգելու խնդիր չի դնո՞ւմ:

- Դե նախարարը բազմիցս դա հայտարարել է, զինծառայողներին ու նրանց ընտանիքներին օգնել ցանկացողներին բազմիցս մատնացույց է արել բոլորին հավասար, արդար սկզբունքով օգնող մեր հիմանդրամը, բայց ուղղակի, այսինքն առանց հիմնադրամի, ընտանիքներին օգնել ցանկացողներին ոչ ոք չի կարող սահմանափակել: Մեր հիմնադրամն այդպիսի պատվեր չի կատարում` նվիրատուների կոնկրետ հասցեական ցանկություններն իրականացնելու: Առիթն օգտագործեմ ու ասեմ, որ հիմնադրամի ամենակարեւոր սկզբունքներից մեկն է, որ բոլորը հավասար հատուցում ստանան: Երբ օրենքն ընդունվում էր` ասում էին հավաքագրումը պարտադիր մի արեք, թողեք կամավորության սկզբունքով լինի: Ապրիլյան պատերազմից հետո ամբողջ աշխարհից այդ ժամանակ զոհված եւ վիրավորված զինծառայողների համար տասնմեկ, թե տասներկու միլիոն դոլար հավաքագրվեց, հիմա մենք մի տարում տասներկու միլիոն դոլար ենք հավաքում պարտադիր հավաքագրումների հաշվին: Կամավորության սկզբունքով մարդիկ, այո, տալիս են, գլուխ ենք խոնարհում ամեն նվիրատուի առաջ, բայց պետք է հիշել, որ հիմնադրամը քսան տարվա խոստում է ստանձնել զոհված զինծառայողների եւ նրանց ընտանիքների առջեւ, պարտավոր ենք այդ գումարը տալ: Աստված տա` հատուցման անհրաժեշտության ենթակա անձանց թիվն այլեւս չմեծանա:

Մենք հաշվարկել էինք, որ ամսական կես միլիարդ դրամ պարտադիր հավաքագրումներից ստանալու ենք, միջինում դա ստանում ենք:

- Ի՞նչ նոր գործիքներ պետք է ներդնեք հիմնադրամի աշխատանքում:

- Մի շատ լավ ծրագիր է հաստատել մեր խորհուրդը, կոչվում է «Հիմնադրամի դեսպաններ» ծրագիր: Փաթեթը պատրաստ է վեց-յոթ լեզուներով: Իմաստն այն է, որ Սփյուռքում գտնենք մարդիկ, ովքեր պատրաստ են իրենց համայնքներում իրականացնել հիմնադրամի քարոզչություն` կամավորության սկզբունքով: Այդ մարդիկ կկոչվեն հիմնադրամի դեսպաններ: Նրանց համար տեղեկությունների, հաճախ տրվող հարցերի պատասխանների փաթեթը պատրաստ է, շուտով կլինի կայքում: Այդ մարդկանց պետք է գտնենք, կապ հաստատենք, որ նրանք իրազեկեն, դասախոսություններ կարդան հիմնադրամի մասին, իսկ նրանց մասին էլ մենք կպատմենք մեր կայքում:

- Ամփոփելով...

- Կուզեի ընդգծել այն միտքը, որ մերը ապահովագրական հատուցում է, ոչ թե օգնություն, հավասար ու արդար ապահովագրումն ենք իրականացնում` անկախ նրանից, հարուստ են, թե՞ աղքատ, Երեւանում են ապրում, թե՞ գյուղում` նույն չափով ենք հատուցում: Մենք բարեգործական հիմնադրամ չենք, այլ զինվորին ու նրա ընտանիքին ապահովագրող կառույց: Օգնության մեջ սուբյեկտիվիզմ կա, ապրիլյան պատերազմից հետո շատերն են օգնություն ստացել, տարբեր ասեկոսեներ կան, որ ընտանիք է եղել` մինչեւ հարյուր հազար դոլար օգնություն է ստացել, իսկ ընտանիք է եղել` ոչինչ էլ չի ստացել, ասենք` հեռավոր գյուղում ապրող ընտանիք, եւ մամուլը նրա մասին չի գրել: Մենք այս խնդիրը լուծել ենք, անկախ նրանից` ո՞վ է զինծառայողը, հարուստ է, աղքատ է, ինչ ազգի է` եթե սահման է պահել ու վիրավորվել է, մենք նրա կողքին կանգնած ենք հավասարության սկզբունքով: Սա ամենակարեւր սկզբունքն է ապահովագրական հատուցումների:

Պետությունը ստեղծել է մի խողովակ, ներգրավել պրոֆեսիոնալների, եւ թափանցիկ, հավասարություն ապահովող համակարգով երաշխավորում է, որ նվիրաբերված հարյուր դրամն անգամ կգնա-կհասնի հասցեատիրոջը: Եթե ուզում եք օգնել հայրենիքի պաշտպանությանը մասնակցած զինծառայողներին ու նրանց ընտանիքներին, սա ամենահուսալի խողովակն է, որը երաշխավորում է, որ ձեր նվիրաբերած մեկ դոլարն անգամ կհասնի անգամ ամենահեռավոր գյուղը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 16-03-2018

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ