RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 17-11-2017



Տեղադրվել է` 2017-11-16 23:10:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 6754, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՑԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂՈՒՑ ՓԱՍՏ Է ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Պ. Ք.

Իսկ մյուսների՞

Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների կանոնավոր հանդիպումները երկկողմ ռազմավարական համագործակցության, ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին երկու երկրների մասնակցության վկայություններից են:

Սակայն հորիզոնում ի հայտ է եկել նոր նրբերանգ. նոյեմբերի վերջերին Բրյուսելում սպասվում է Եվրոմիության հետ Հայաստանի շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Ավելին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում արել է բարձրագոչ հայտարարություն, որի համաձայն Եվրոմիության հետ Հայաստանի համաձայնագրի ստորագրումից կախված կլինի ՀՀ ինքնիշխանության մակարդակը: Դա որոշ փորձագետների հիմք տվեց պնդելու, թե Երեւանը վերստին հայտնվել է իր զարգացման ճամփաբաժանում: ԻՆչպես 2013թ. հայտարարել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը , ԵԱՏՄ-ին անդամակցելը խոչընդոտում է Հայաստանի եւ Եվրոմիության միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքմանը: Թե հետո ինչ տեղի ունեցավ 2013-ին, ամենքին հայտնի է: Այնուհետեւ մշակվեց ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիր, որը չի պարունակում խիստ կտրական պայմաններ: Եթե համաձայնագրից հանենք դրա տնտեսական բաղադրիչը, ապա կուրվագծվի մի հետաքրքրական պատկեր, նշում է «Ռեգնում» գործակալությունը:

Դրա առաջին մասը հետեւյալն է: Բանն այն է, որ Եվրոմիության հետ բանակցություններ վարել է նաեւ Բաքուն: Բայց Եվրոմիությունը հրաժարվում է նախաբանում ներառել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանում» արտահայտությունը, ինչը միանգամայն ձեռնտու է Հայաստանին, քանի որ դա իրեն ապահովագրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տեսակետից: Ակնհայտ է, որ Հայաստանի հետ որոշակի ձեւակերպումներով համաձայնագիր ստորագրելովՙ Եվրոմիությունը չի կարող կամայականորեն այն փոխել Ադրբեջանի դեպքում: «Ենի Ազերբայջան» կուսակցության 25-ամյակի առթիվ օրերս ելույթ ունենալովՙ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ իր երկիրը մտադիր չէ սկզբունքային փոփոխություն կատարել ԼՂ հարցում իր որդեգրած դիրքորոշման մեջ: Խոսելով Եվրոպայի մասին, նա ընդգծեց, որ Ադրբեջան-ԵՄ հարաբերությունները ապրել են արհեստական ճգնաժամ, եւ եթե այդ ճգնաժամը խորանա, ապա Ադրբեջանն իրավասու կլինի կատարելու իր ընտրությունը: Բայց գլխավորը Ալիեւի այն պնդումն է, թե Ադրբեջանը թույլ չի տա հայկական երկրորդ պետության ստեղծում, թեեւ Արցախի Հանրապետությունը փաստորեն արդեն գոյություն ունի:

Ինտրիգի երկրորդ մասն այն է, որ Ադրբեջանը հասկացնել է տալիս, թե Արեւմուտքն է առաջ մղում հայկական երկրորդ պետության նախագիծը: Եվ եթե նախագահ Սարգսյանը հրաժարվի Եվրոմիության հետ ստորագրել համաձայնագիրը, ապա Հայաստանում որոշակի շրջանակներ նրան կմեղադրեն դավաճանության մեջ, որի պատճառով Հայաստանը «դադարում է լինել ինքնիշխան պետություն»:

Ինտրիգի երրորդ մասն այն է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձել են Ռուսաստանի միջոցով առաջ տանել ԼՂ հակամարտության կարգավորման իրենց տարբերակը, որի մանրամասնություները հայտնի չեն: Սոչիում ՌԴ նախագահ Պուտինի հետ բանակցելուց առաջ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու անգամ բարձրացրեց այդ հարցըՙ ակնարկելով, որ այդտեղ շատ բան կախված է Ռուսաստանից եւ անձամբ Պուտինից: Տվյալ դատողությունների հիմքը հակաարեւմտյան Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան ենթադրյալ դաշինքն է, ինչը, «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի կարծիքով, ընկալվում է որպես յուրատեսակ դիվանագտական խաղ, որի հետեւում նկատվում է Արցախի հակամարտությանն ակտիվորեն մասնակցելու եւ Անդրկովկասում սեփական դիրքերն ամրապնդելու Թուրքիայի ձգտումը: Պատահական չեն տեղեկությունների այն արտահոսքերը, որոնց համաձայն Երեւանն իբր պարտավորվում է կարճ ժամկետում Բաքվին վերադարձնել հինգ կամ յոթ շրջաններ: Սակայն Սոչիի Պուտին-Էրդողան բանակցություններում Ղարաբաղի հարցը նշված չէր օրակարգում: Նախ եւ առաջ այն պատճառով, որ դա չի վերաբերում ռուս-թուրքական երկկողմ հարաբերություններին:

Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը օրերս հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Բանակցություններին մասնակցում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Ստացված տեղեկությունների համաձայն, կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում ընդունված որոշումների կենսագործմանն առնչվող հարցեր: Համանման բանակցությունների վարման նպատակով Մոսկվա կժամանի նաեւ Ադրբեջանի արգործնախարար Էլմար Մամեդյարովը : Եվ ահա հաղորդվում է այն մասին, որ առաջիկա շաբաթվա սկզբներին Երեւան եւ Բաքու է ժամանելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը : Տարբերակներից մեկի համաձայն, Լավրովը մտադիր է համաձայնեցնել Մամեդյարով-Նալբանդյան առաջիկա հանդիպման օրակարգը, որի կենտրոնում կլինեն Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Մեկ այլ տարբերակի համաձայն, Լավրովը կառաջարկի հակամարտության կարգավորման նոր ծրագիր:

Ըստ երրորդ տարբերակի, Մոսկվան Բաքվին եւ Անկարային թույլ է տվել օգտագործել իրեն, բայց ժամանակն է, որ «դաշտը մաքրվի եւ իրավիճակը սառեցվի մինչեւ ավելի լավ ժամանակներ»: Այնպես որ ՌԴ արտգործնախարարին սպասվում են լարված բանակցություններ, եւ հնարավոր է, որ ամեն ինչ սկսվի նորից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 17-11-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ