Մեր քաղաքական դասը, մանրիկ ցնցումների դեռ երբեմն ենթարկվելով, սահուն անցավ արձակուրդային շրջանին: Սեպտեմբերը, ամեն ինչից երեւում է, ոչ միայն նոր իրողությունների ժանամակ է լինելուՙ քաղաքական հայտերն իրացնելու տեսանկյունից, այլեւ Ադրբեջանի շարունակական անհամության ֆոնին եւ Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպման նախապատրաստման փուլին ընդառաջՙ բազմաթիվ անհանգստության առիթներ է պարունակելու շփման գծում, թարմ օրինակը Չինարիի գնդակոծումն էր ու Ադրբեջանի ՊՆ եւ ԱԳՆ անկապ հայտարարությունը: Այսինքնՙ շփման գծի մշտական լարվածությունը եւս լրացուցիչ առիթ է լինելու քաղաքական ջերմաստիճանի բարձր ֆոնի համար:
Քաղաքական դասի վերջին մանրիկ ցնցումների իմպուլսներն էլ անգամ գալիս էին իշխող կուսակցությունիցՙ մեկ ՀՀԿ ներսում սովորաբար քննադատական կեցվածքով հայտնի Սամվել Ֆարմանյանի ՙ փոփոխություններ պահանջող հայտարարությունն էր շրջանառվում վերջին շրջանում, մեկՙ նախկին գլխավոր դատախազ ու վերին շրջանակներին շատ մոտ կանգնած Գեւորգ Կոստանյանն էր այն տեսակետը ներմուծում, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ուր դիմումների քանակով Հայաստանն առաջատար է ԵԽ անդամ երկրների թվում, վճիռների համար պատասխանատվություն պետք է կրեն մեր այն դատավորները, որոնց վճիռների արդյունքում Հայաստանի քաղաքացիները դիմում են Եվրոպական դատարան: Մեր տեղեկություններովՙ այս մոտեցումն առաջացրել է դատավորների դժգոհությունը, որոնք իրենց վճիռներում շատ հաճախ վերեւից ցուցումներով կամ այլ շահագրգռիչներով են առաջնորդվում, բայց ոչ երբեք ինքագլուխ: Ուրեմնՙ ինչ նպատակով է շոշափվում դատավորների հակազդեցության աստիճանըՙ Գեւորգ Կոստանյանի արտահայտած տեսակետով, սա է դատավորներին անհանգստացրել, կամ միգուցե նրանցից շատերին այս պատրվակն օգտագործելով կարելի կլինի ավելի վերահսկելի դարձնե՞լ: Ասենք, որ, իսկապես, ե՛ւ նյութական առումով, ե՛ւ երկրի հեղինակության տեսակետից ՄԻԵԴ-ի վճիռների պարագայում Հայաստանում վճիռներ կայացրած դատավորների պատասխանատվության աստիճանը զրոյական է եւ նրանց պատասխանատվության խնդիրը հասունացել է: Բայց այս կարգի շոշափումները միայն վկայում են մաեւ Հայաստանի ներքին քաղաքական կյանքում խորքային գործընթացների մասին, որոնք մինչեւ տարեվերջ ավելի տեսանելի կդառնան: Կպարզվի՞ աշնանը, թե ի վերջո ի՞նչ գույն ու բովանդակություն ունի իշխանությունըՙ նոր խորհրդարանական զգեստ հագնելուց հետո: Առայժմ ՄԵՆՔ եւ ՆՐԱՆՔ գնում ենք արձակուրդ:
Տուրիստներ
Էս ընդհանուր արձակուրդային տրամադրությունը կազմալուծող է, չնայած կան բաներ, որ արձակուրդ չունենՙ բարոյականությունը, երկրի անվտանգությունը, մարդկային հիշողությունը, ծնող ու զավակ լինելու պարտավորությունը եւ դրանց նման մի շարք բաներ: Արձակուրդում գտնվես, թե ոչ, արտերկրում գտնվես, թե հայրենիքում, մարդ լինելու ներսիդ գեներատորը պիտի միացած պահես, առավել եւսՙ հայ լինելու գեներատորը: Հայերիս դեպքում երբեմն փոխակերպումներ լինում են, բայց դա էլ ընդհանուր օրինաչափության մեջ էՙ տանելի, կարելի է ասել, քանի որ մենք սովոր ենք ե՛ւ մեր լավ, ապրեցնող տեսակին, ե՛ւ անորակին, ե՛ւ զանազան այլակերպումների ենթարկվածներին, ու հավասարապես մերն են բոլորն էլ. ոչ մեկս սուրբ չենք ու հայերիս համար արդեն նեղ այս մոլորակում ստիպված ենք տանել մեկս մյուսին թե՛ այստեղՙ հայրենիքում, թե՛ այնտեղՙ արտերկրում: Այնպես որՙ ատելության եւ անհանդուրժողականության բարձր դոզաներից ստիպված ենք հրաժարվել: Այս ենքՙ մի քիչ սնապարծ, մի քիչ ավելի հավակնոտ, քան իրականում ընդունակ ենք, տաղանդներով ու անտաղանդությամբ հավասարապես շաղախված, միաժամանակՙ շնորհալիներին ու տաղանդավորներին երբեմն չգնահատող, երբեմն թացը չորի հետ խառնող, երբեմն միջակությանը պանծացնող, իսկ տաղանդավորինՙ չնկատող, երբեմն միմյանց ոտք պահող ու իրար տեղ նեղացնող: Բայց, փառք Աստծո, միշտ կան նրանք, որոնք բոլոր տեսակի մանրախնդրությունները չնկատելովՙ մեր եւ բոլորի գործն առաջ են տանում, ա՛յդ է նրանց կոչումը, ու այդ պատճառով ե՛ւ հայրենիքում, ե՛ւ արտերկրում, չնայած ընդհանուր գորշությանը, պայծառ անունների, աշխարհը շարժող մարդկանց պակաս չունենք:
Բայց երբեմն միջակություններն այնքան են երես առնում, որ մեր երկաթյա համբերությունն էլ կարող է փխրվել, քանի որ հայ եւ մարդ մնալու ընդհանուր հոգեբանությունը, որը ներծծված է նաեւ հայ հասարակության մեջ, երբեմն թույլ է տալիս միջակություններին մեր երեսներին թռնելՙ բավական վնասներ հասցնելով թե՛ հանրային հոգեբանությանը, թե՛ հայ մարդու համեստ ու կարողունակ տեսակին:
Այս դեպքում խոսքս Հայաստանից արտերկիր գաղթած մի շերտի մասին է, որի որոշ ներկայացուցիչներ հայրենիքում առանձնապես իրենցից բան չեն ներկայացրել ոչ իրենց մասնագիտության մեջ, ոչ էլ մարդկային արժանիքներով: Բայց բախտը ժպտացել է նրանց արտերկրում, մի քանի դրամ են վաստակել, ու մի օգտակար գործի մեջ ներդնելու փոխարեն այդ մի քանի դրամը վերածում են իրենց անձը պանծացնող հոսքագծիՙ մանկության վարդագույն երազներն իրականացնելով. ասենքՙ հիմարություններ են գրոտում ու դրանք որպես գեղեցիկ կազմերով գրքեր թեւերի տակ դրածՙ ժամանում են հայրենիք, մի քիչ փող ծախսում ու շնորհանդեսներ կազմակերպում, իրենց փաթաթում հանրության վզին, հարցազրույցներ եւ դիֆերամբներ պատվիրում ԶԼՄ-ներում, ուր, չափ չճանաչելովՙ գրում են, թե հայտնի հրապարակախոս, հայտնի արձակագիր, հայտնի բանաստեղծ, հայտնի հայրենասեր է էսինչը, գիտեք ի՞նչ գործ է անում հայրենիքի համար, ինչպե՞ս է հայրենիքի սարն ու քարը Սփյուռքում գովերգում:
Նայում ես գիրքըՙ աղբ, բանաստեղծությունը բանաստեղծություն չի, արձակն էլՙ դպրոցական շարադրություն: Դեռ մեծ-մեծ էլ հարցազրույցներ է տալիս, թե հայրենիքն ինձ համար սրբություն է, իմ ամեն ինչն է, իմ..իմ…իմ…Եղբայր, մի ուրիշ գործով զբաղվեիր, ինչու ես ընկնում նախարարությունների, հանրության, հայ մարդու ջանին, դեռ գործ անելու համար էլ մեդալ ես ուզում նախարարություններից… ու ստանում ես: Լավ, հասկացանք, մարդ գիրք չի կարդում, կազմի տեսքից արդեն ու մի քանի արտերկրյա կանաչից մերոնց ծնկների դողը բռնում է, հա, բայց դու ինքդ հո գիտես, որ քեզ, քո հնարավորություններն ու արժանիքները քեզանից լավ գիտենք ու դեռ չենք հասցրել մոռանալ, բա ներսումդ անհարմար չե՞ս զգում, որ իսկապես արժանիներին ես ստվերում, քեզ անընդհատ մեջ ես գցում որ ինչ: Թե՞ քո տեսակին անընդհատ, ամեն առիթով եւ ամեն վերթռնոցիի ժամանակ պետք հիշեցնել, թե ում վերջին հանգրվանն է հայրենիքը: Չանձնավորեցի, ամեն մեկս գիտենք այդպիսի մարդկանց, երեւույթը գոյություն ունի, որին զանազան իրավասուներն ու ԶԼՄ-ները պետք է ճիշտ ժամանակին կարողանան «ոչ» ասել, թե չէ ազգովին պրծում չենք ունենա էդ ինքնակոչ միջակություններից:
«Ազատության» հրապակում արջեր են զբոսնում
Օպերայի բակի եռաչափ պատկերի պատրանքը տեղանքը վերածում է արջաձորի. Արջաձոր, Մթնաձոր, Արքայաձոր: Ձոր մի խոսքով: Ծմակ, էլի, մոտակա ուտելարաններից արջերին կնայենք ու մի լաաաավ հաց կուտենք, քյաբաբով-խորովածով- բանով: Ասենքՙ եթե օպերային մի ներկայացումն որեւէ տեսարան եռաչափ ներկայացված լիներՙ հիշեցնելով վայրի իմաստն ու նշանակությունը, ու նաեւ կարոտ արթնացներ հին-բարի հայկական օպերային ներկայացումների հանդեպՙ քյաբաբ-ֆրի ուտողների ախորժակը փակվելու էր, համ էլՙ զբոսաշրջիկները հիմա ավելի շատ իրանցի, արաբ, անգլիացի ու գերմանացի են, «Անուշից» ինչ պետք է հասկանան: Եթե անգամ Արամ Խաչատրյանը եռաչափ կանգներ, դիրիժորի փայտիկը ձեռքին, աչքերը հեռուՙ Արարատին հառած, էլի մոտակա ուտելարանների հաց ուտողների ախորժակը փակվելու էրՙ դեՙ իբր դուք մեծ- մեծ բաներից քիչ խոսեք, կամ դասական երաժշտության ակնարկ մի արեք քյաբաբի սոխահոտի մեջ, մեր կերածին արջերն ու Արմենչիկը հերիք են: Դե, համ էլ ՙ արջերըՙ անշառ արարածներ են, մրանց շրջակա անտառից էլ անտառային հովի պատրանք կունենաքՙ էս 40 աստիճան շոգի մեջ, դեռ մեր հարեւան մեծ եղբորն ուղղված բարեկամական ակնարկ կկազմակերպենք, թե արջերը միշտ մեր գլխի վրա ու քաղաքի սրտում տեղ ունեն: Տուրիստների ախորժակն էլ, էն որ վարչապետը տուրիզմը զարգացնելու ցավով է բռնված, էս շոգին պատրանքային արջերի պատրանքային անտառից փչող պատրանքային հովի ազդեցությամբ կբացվի, մեկի փոխարեն տուրիստները զույգ քյաբաբ կուտեն, իսկ դուք ասում եքՙ արջերն օպերայի բակի մթնոլորտին հարիր չեն, ու մի վրա եք տվել ԶԼՄ-ներով ու սոցիալական ցանցերով: 3D-ին էլ հավան չեք, նոր տեխնոլոգիաներ էլ ենք հրամցնումՙ չեք ուզում:
Վերեւինը չուզողների եւ քաղաքապետարանի պատասխանատուների զրույցի փոխադրում կարելի է համարել: Դե, քաղաքապետարան է, որոշել է սիրունացնել քաղաքը, հրապուրիչ դարձնել տուրիստների համար ու օպերայյի բակում 3D պատկեր է տեղադրել, ի՞նչ վատ բան է: Իհարկե, վատ բան չէ, սակայն ամեն լավ գաղափար կարելի է փչացնել անհարկի տեղում, անհարկի ժամանակ եւ անհարկի բովանդակությամբ կիրառելով: Օպերան արջերի համար չէ: