Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ամեն անգամ, երբ որեւէ հայտարարությամբ է հանդես գալիս խորհրդարանի շենքի միջանցքներում, լրագրողների հետ զրույցի ժամանակ, այդ հայտարարությունները ստացվում ենՙ ցնցող: Անցնող շաբաթ, օրինակ, պարոն Սահակյանը ԱԺ-ի միջանցքում, պատասխանելով լրագրողների հարցերին հայտարարել է. «Ընտրակաշառք չի բաժանվում», ու շեշտել էՙ «Այս պահին. դեռեւս քարոզչությունն էլ չի սկսվել»: Թե հետո ի՞նչ կլինի, Աստված գիտի, ամեն դեպքում պարոն Սահակյանը չգիտի:
Ի դեպ, երբ քարոզչությունը սկսվիՙ կարելի՞ է ընտրակաշառք բաժանել: Սա շատ կարեւոր է, քանի որ եթե ԱԺ նախագահն անձամբ հայտարարում է, որ ընտրակաշառք չի բաժանվում եւ շեշտում էՙ «այս պահին, դեռեւս քարոզչությունն էլ չի սկսվել», կնշանակի երբ սկսվի, այդ պահին էլ հնարավոր է բաժանվի՞: Հակառակ պարագայում պարոն Սահակյանը կարող էր ուղղակի ասել, որ ընտրակաշառք առհասարակ չի բաժանվում եւ ինքը, որպես Հանրապետության երկրորդ դեմք, թույլ չի տալու, որ բաժանվիՙ օգտագործելով իր ունեցած լիազորությունները, դեռ մի բան էլ ավելի: Իսկ, երբ շեշտվում է, որ ընտրակաշառքն այս պահին չի բաժանվում, եւ դեռ քարոզարշավն էլ չի սկսվել, կնշանակի` այս պահն ու քարոզարշավի սկսված չլինելը կարեւոր են ընտրակաշառքի բաժանման համար:
Բայց ուրիշ կարեւոր բան էլ կա: Բանն այն է, որ ԱԺ նախագահը նաեւ նշել է, որ այս պահին մարդիկ, որոնք ուզում են ընտրվել, պարզապես հանդիպում են մարդկանց հետ, ինչ-որ խոստումներ են տալիս… Այսինքն, ենթադրենք ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Բազմասեր Առաքելյանն իր հայրենի Արագածոտնի մարզում հանդիպում է մարդկանց հետ եւ ոչ թե ընտրակաշառք է տալիս, այլ խոստումներ, ինչը ըստ ԱԺ նախագահի, նորմալ է: Ճիշտ է, հնարավոր է պարոն Սահակյանը չգիտի, թե իր կուսակից Բազմասեր Առաքելյանը մարդկանց հանդիպելիս կոնկրետ ծեծ է տալիս, իսկ, օրինակ Սամվել Ալեքսանյանըՙ լավաշ, բայց դա ոչ այնքան պարոն Սահակյանի, որքան պարոն Բազմասերի եւ պարոն Ալեքսանյանի խնդիրներն են: Ինչեւէ:
Փաստորեն ստացվում է, որ մարդկանց հետ հանդիպելն ու նրանց խոստումներ տալն այս պահին նորմալ է: Այս պահից հետո, երբ կսկսվի քարոզարշավը, գուցե նորմալ լինի նաեւ մարդկանց հանդիպելն ու ընտրակաշառք տալը: Ընտրություններից հետո հնարավոր է նորմալ լինի մարդկանց չհանդիպելը, մանավանդ մարզերից ռեյտինգային կարգով ընտրվածների պարագայում, որոնք, փաստորեն, պետք է աշխատեն Երեւանում եւ չեն կարող, այն էլ վատ եղանակին, պարբերաբար գնալ իրենց ընտրած մարդկանց հետ հանդիպումների: Մի խոսքով, մեր երկրում այնքան աննորմալ բաներ կան եւ նորմալ բաների մեծ պահանջմունք, որ աննորմալ բաներից շատերը նորմալ ենք կոչում, ինքնապաշտպանության պես մի բան է:
Ամեն դեպքում հույս ունենք, որ «այս պահը» հնարավորինս երկար կձգվի, ասենք `մի 25-30 տարի, եւ նրանք, ովքեր ընտրվում են, ընտրակաշառք չեն բաժանի: Ավելին, հորդորում ենք ԱԺ-ի մեծարգո նախագահին, որ գործող խորհրդարանը, մինչ լիազորությունները վայր կդնիՙ ընդունի մի օրենք կամ օրենքի փոփոխություն, ըստ որիՙ «այս պահը տեւում է մինչեւ 40 տարի եւ բոլոր նրանք, ովքեր այս պահին ընտրակաշառք կտան` կհամարվեն աննորմալներ»:
Հուսամՙ վիրավորվողներ չեն լինի: