Ադրբեջանական մամուլում վերստին աշխուժացել է ԼՂ կարգավորման «Պուտինի պլանի» թեման: Ընդ որումՙ ռուսական փորձագետների եւ վերլուծաբանների օգնությամբ: Պաշտոնական Մոսկվայի թիվ մեկ քարոզիչ Դմիտրի Կիսելյովն արդեն հասցրել է ողջունել հայ-ադրբեջանական «երկխոսության հարթակի ստեղծումը», որին անդամակցել են Վահան Մարտիրոսյանը, Վահե Ավետյանը եւ Սյուզան Ջաղինյանը:
Ուշագրավն այն է, որ հիշյալ անձինք հրապարակային հանդես են գալիս Ռուսաստանի քննադատությամբՙ համարելով, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը «սահմանափակում է նրա ինքնիշխանությունը», որ իշխանությունները «Մոսկվային են հանձնում անկախությունը եւ ինքնուրույն որոշումներ ընդունելու իրավունքը»:
Տրամաբանորեն պարոն Կիսելյովը պետք է որ չպաշտպաներ Ադրբեջանի հետ «երկխոսություն սկսելու» նախաձեռնության հեղինակներին, քանի որ նրանք ունեն հակառուսական տրամադրություններ: Բայց փաստացի տեսնում ենք հակառակը, ինչը բավական խորքային վերլուծությունների թեմա կարող է դառնալ:
Մանավանդ որ Մարտիրոսյան-Ավետյան-Ջաղինյան եռյակը Բաքվում միացել է մի «հռչակագրի», որը ԼՂ կարգավորման ադրբեջանական տեսլականն է, իսկ ռուս քաղաքագետները գրեթե նույնն են ասում:
Այսպես, ԶԼՄ-ների աջակցության «Պրեսսա» հիմնադրամի փորձագետ Իգոր Դմիտրեւը համարում է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում ԼՂ հարցի ներառումը թույլ է տալիս հուսալ, որ դա նշանակում է այդ ուղղությամբ գործուն աշխատանքի անոնսավորում:
Նա ավելացնում է, որ Սանկտ-Պետերբուրգի եռակողմ հանդիպմանը ՌԴ նախագահ Պուտինը պնդել է, որպեսզի «կարգավորման փաթեթն ընդունվի կարճ ժամկետումՙ մինչեւ տարեվերջ»: Դմիտրեւը մանրամասնում է. «Այդ պլանը նախատեսում է սկզբից Ադրբեջանին վերադարձնել Հայաստանի կողմից օկուպացված յոթ շրջաններից հինգը: Հետո Ռուսաստանը հակամարտության գոտի կմտցներ իր խաղաղապահներինՙ ՀԱՊԿ հովանու ներքո եւ կապահովեր փախստականների անվտանգ վերադարձը: Եւ միայն վերջին փուլում կքննարկվեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Այդ նախագծից դժգոհ լինելովՙ Սարգսյանն այն ժամանակ հրապարակային Պուտինին «շնորհակալություն էր հայտնել «Սանկտ-Պետերբուրգում լավ եղանակի համար»:Նուրբ ակնարկ էր, ըստ երեւույթին, այլ բանի համար շնորհակալություն հայտնելու պատճառ չկար»: http://www.vesti.az/news/316111
Տվյալ դեպքում այնքան էլ կարեւոր չէՙ փորձագետն իրազեկվա՞ծ է Սանկտ-Պետերբուրգի բանակցություններից, թե՞ ոչ: Էական է, որ ադրբեջանական մամուլում ռուս քաղաքագետը խոսում է, որ ԼՂ հարցում Պուտինը «հօգուտ Բաքվի հրաժարվել է չեզոքությունից», որ Ադրբեջանի «տնտեսական հնարավորություններն ավելի մեծ են», որ ադրբեջանական «բանակը զինված է չորրորդ սերնդի սպառազինություններով, իսկ Հայաստանըՙՙ երկրորդ, լավագույն դեպքումՙ երրորդ»:
Նման դեպքերում կարեւորը շեշտադրումներ են, խոսքի տոնայնությունը, ենթատեքստը: Ռուսաստանն այն երկիրը չէ, որտեղ փորձագետները կամ քաղաքագետներն իրենց կարող են թույլ տալ կամայական տեսակետներ արտահայտել: Առհասարակ չկա երկիր, որի փորձագիտական հանրությունը գործի պետական քաղաքականությանը հակառակ:
Այս նկատառմամբ ավելի խնդրահարույց են Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի միջազգային քաղաքականության ամբիոնի դոցենտ Ալեքսեյ Ֆենենկոյի դիտարկումները: Նրա հայացքովՙ «Հայաստանում ձեւավորվել է լուրջ մտավորականների եւ էլիտայի խումբ, որը կողմնորոշված է Ռուսաստանից հեռանալու եւ դեպի Արեւմուտք շարժվելու ուղղությամբ: Ինչպես Վրաստանի եւ Ուկրաինայի պարագայում, այդ շարժման գնի հարցը դեռ առայժմ անտեսվում է: Այդ տրամադրությունները սնվում են արեւմտյան ոչ կառավարական կազմակերպություններից: Ամբողջության մեջ Ռուսաստանից հիասթափվածությունը եւ մտավորականության շրջապատում արեւմտամետ տրամադրությունների աճը կարող են հանգեցնել Հայաստանի համար անցանկալի հետեւանքների»: http://haqqin.az/news/87333
Ինչպես տեսնում ենք, խոսքը ոչ թե իշխանությունների, այլ Հայաստանի, հայկական պետականության համար անցանկալի հետեւանքների մասին է, որը հնչում է վատ թաքցված սպառնալիքի պես: Ընդ որում, ռուս քաղաքագետն այդ ամենի մասին ադրբեջանական լրատվամիջոցին պատմել է որպես Հայաստան կատարած ուղեւորությունից տպավորություն: Սա արդեն բոլորովին այլ իմաստ է տալիս նրա խոսքին: Փաստորեն նա ադրբեջանցիներին ուղղորդում է, թե ինչպես աշխատեն, որ Հայաստանի համար «անցանկալի հետեւանքների» հավանականությունը գնալով մեծանա:
Նման վերաբերմունքը, գուցե, քաղաքական չէ: Բայց այդքան հետեւողականությունն էլ ինչ-որ բան անպայման նշանակում է: Ի՞նչ: Մնում է ենթադրել եւ որդեգրել տեղեկատվա-քարոզչական համարժեք պահվածք: