RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 25-11-2016



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2016-11-24 22:51:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 5276, Տպվել է` 486, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՙ ԼԱՎ ՉԵՆՔ ԱՊՐԵԼՈՒ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Իսկ հարուստներ, պարզվում է, Հայաստանում չկան

Հայաստանի բնակչության կեսից ավելինՙ 58,5 տոկոսը մտադիր չէ ոչինչ անել իր կենսամակարդակի բարելավման համար: Սա հիասթափեցնող ցուցանիշ է, ինչի մանրամասներին կանդրադառնանք փոքր-ինչ հետո:

Սովորաբար, աղքատության ցուցանիշի մասին մեր հասարակության մի զգալի մասին մոտ գործում է ավանդական դարձած «չհավատալու» սինդրոմը: Ընդհանրապես, «չեմ հավատում»-ը դարձել է մեր հասարակական-քաղաքական կյանքի ամենատարածված բրենդը, իսկ չհավատացողները, որպես կանոն, չեն էլ ցանկանում պարզելՙ իսկ հնարավո՞ր է ինչ-որ բանի, այնուամենայնիվ, հավատալ: Ասենք, եթե դա հիմնավորված լինի կամ փաստարկված: Ոչ, ավելի հեշտ է ասելՙ «չեմ հավատում» եւ հմայվել սեփական անպարտելիության մասին ինքնագնահատականով: Սա որպես նախաբան:

«Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» ամենամյա ուսումնասիրությունը իրականացվում էՙ պարզելու համար աղքատության ցուցանիշը, դրան առնչվող բազմաթիվ այլ գործոններ: Այդ նպատակով հարցումներ են կատարվում տնային տնտեսություններում, եւ արդյունքները ամփոփվում ու ներկայացվում: Ինչպես արդեն նշեցինք, «չհավատալու» ցանկի մեջ են հայտնվում նաեւ այդ արդյունքները: Սակայն, չգիտես ինչու, հարցվողների պատասխանների անկեղծությունը ոչ ոք կասկածի չի ենթարկում, ոչ ոք դրանով չի պայմանավորում ստացված արդյունքների իրական կամ ոչ իրական լինելը: Օրինակ, դժվար է հավատալ, որ աղքատությունն ավելի բարձր է Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում եւ ավելի ցածրՙ Վայոց Ձորի, Արագածոտնի եւ Սյունիքի մարզերում: Բնական է, որ այստեղ գործ ունենք ավելի անկեղծ եւ պակաս անկեղծ պատասխաններից բխող արդյունքների հետ: Կամՙ անհասկանալի է, որ աղքատության մակարդակը Հայաստանում 29,8 տոկոս է, իսկ իրենց աղքատ համարողներըՙ 15,6 տոկոսը (ներառյալ 1,9 տոկոս իրենց ծայրահեղ աղքատ համարողները): Այս հարցերին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակման մեջ («Որքա՞ն է, ի վերջո, նվազել աղքատությունը Հայաստանում», ԱԶԳ, 10.11.2016): Առավել հետաքրքրական են 15,6 տոկոս աղքատության սուբյեկտիվ գնահատականի մասին հետազոտության հատվածի ցուցանիշներըՙ նաեւ նրանց արժանահավատության մասին պատկերացում կազմելու համար:

Միայն 14,1 տոկոսն է առաջնային խնդիր համարում սննդի ապահովումը

Տնային տնտեսությունների 16 եւ բարձր տարիքի անդամներին հարց է ուղղվել, թե որո՞նք են նրանց կենսամակարդակի առաջնային խնդիրները: Միայն 14,1 տոկոսն է առաջնային խնդիր համարել սննդի ապահովման խնդիրը: Այս ցուցանիշը մոտ է աղքատության վերաբերյալ սուբյեկտիվ ընկալման 15,6 տոկոսին: Այսինքն, իրենց աղքատ համարողները գրեթե այնքան են, որքան իրենց կենսամակարդակի առաջնային խնդիրը սննդի ապահովումը համարողները: Նկատելի է, որ այս տվյալների միմյանց մոտ լինելը վկայում է նրանց արժանահավատ լինելու մասին:

Ոչ պարենային կարիքներից բավարարվածությունը կարեւոր հիմնախնդիր է համարել հարցվածների մեծ մասըՙ 39,9 տոկոսը:

20,1 տոկոսը առաջնային հիմնահարց են համարել բնակարանային հիմնահարցը: Այսինքն, տվյալ պատասխանը տվողները առաջին երկու պատճառները չեն համարում իրենց կենսամակարդակի հիմնահարցը: Նշանակում է, նրանք աղքատ համարել չի կարելի: Միաժամանակ, ակնհայտ է, որ բնակարանային հարցն իսկապես լուրջ հիմնախնդիր է բնակչության անգամ ոչ աղքատ խավի զգալի մասի համար, եւ այս խնդիր լուծման ուղղությամբ պետական լուրջ մոտեցման կարիքը կա:

Մնացած պատասխաններից են առողջական խնդիրներըՙ 8,4 տոկոս եւ երեխաներին բավարար կրթություն ապահովելըՙ 2,2 տոկոս եւ այլ պատասխաններՙ 15,3 տոկոս:

Միջին, միջինից ցածր, բարձր, աղքատներ, իսկ հարուստներ... չկա՞ն

Բավականին ուշագրավ են հարցվողների պատասխանները, թե ո՞ր սոցիալական խմբի մեջ են իրենց տեսնում, ինչպես են գնահատում իրենց կենսամակարդակը: Այսպեսՙ

- 1,9 տոկոսն իրեն համարում է ծայրահեղ աղքատ,

- 13,7 տոկոսըՙ աղքատ,

- 45,1 տոկոսըՙ միջինից ցածր,

- 36,1 տոկոսըՙ միջին,

- 3,2 տոկոսըՙ միջինից բարձր

- հարուստ ...ՙ 0 տոկոսը, այսինքնՙ ոչ ոք:

Փաստորեն, դատելով հարցվողների պատասխաններից, Հայաստանում հարուստներ չկան, ինչը պարզապես ծիծաղելի է:

Նկատի ունենալով ազգային մտածելակերպը եւ հոգեբանությունը տվյալ պատասխաններից կարելի է հետեւյալ եզրակացություններն անել: Հարուստները եւ միջինից բարձր ապրողները ավելի շատ ձգտում են թաքցնել դա, հետեւաբար իրենց վիճակի մասին դժվար է նրանց պատասխաններին հավատալ: Այս առումով ավելի հավաստի եւ իրականությանը մոտ են միջին եւ միջինից ցածր ապրողների պատասխանները: Մի շարք ցուցանիշների (ավանդների աճ, մեքենաների առկայություն, արտերկրում եւ Հայաստանում հանգստի անցկացում եւ այլն) համահավաք դիտարկումները վկայում են, որ մեր երկրի բնակչության մոտ 40-45 տոկոսը միջին եւ միջինից բարձր (ներառյալ իրենց հարստությունը թաքցնող հարուստները) կենսամակարդակ ունեցողներն են: Մնացածըՙ միջինից ցածր կենսամակարդակ ունեցողներն ու աղքատներն են: Սա, թերեւս, մեր բնակչության իրական սոցիալական պատկերն է:

Գիտեն լավ ապրելու գինը, բայց մտադիր չեն ոչինչ անել դրա համար

Այժմՙ ավելի լավ ապրելու համար անհարժեշտ գումարի եւ դրան հասնելու մեր բնակչության պատկերացումների մասին, ինչի մասին նշել էինք հրապարակման սկզբում:

Հարցին, թե ամսական որքա՞ն գումար է անհրաժեշտ 1 շնչին լավ, շատ լավ ապրելու եւ գոյատեւելու համար, ստացվել են հետեւյալ պատասխանները.

Շատ լավ ապրելու համար568 հազար դրամ
Լավ ապրելու համար 250 հազար դրամ
Գոյատեւելու համար95 հազար դրամ

Ստացված պատասխանները իրենց մեջ կասկածելի ոչինչ չեն պարունակում: Այլ բան է, որ շատերը 1 շնչի հաշվով 95 հազար դրամը (4 հոգիանոց ընտանիքի դեպքում 380 հազար դրամ), կարող են գնահատել որպես լավ ապրելու համար անհրաժեշտ գումար: Դրան հակառակՙ իբր թե գոյություն չունեցող, բայց շատ կամ քիչ հայտնի հարուստներից շատերն էլ 568 հազար դրամը քիչ կհամարեն շատ լավ ապրելու համար: Տարբեր ընկալումներ կան լավ ապրելու մասին տարբեր խավերի, բնավորության, ունակությունների եւ ցանկությունների տեր մարդկանց համար: Վերոնշյալ ցուցանիշները ընդունենք որպես միջինացված ցուցանիշ կենսամակարդակի մասին մեր պատկերացումների վերաբերյալ:

Լավ, շատ լավ կամ դժվարությամբ ապրելու մասին կարծես թե կարողանում ենք որոշակի պատկերացումներ ունենալ, բայց ահա թե ի՞նչ ենք անում ավելի լավ ապրելու համար, մեղմ ասած, անհասկանալի է:

Իրենց կենսամակարդակը բարձրացնելու ակնկալիքների վերաբերյալ հարցման մասնակիցներից 38,5 տոկոսը պատասխանել է, որ իրենից ոչինչ կախված չէ եւ կառավարությունը պետք է ապահովի աշխատանքով ու լավ պայմաններով, 20 տոկոսն էլ նշել է, որ այդ ուղղությամբ պլաններ չունի: Այսինքն, մեր բնակչության 58,5 տոկոսը, իմանալով, թե որքան է անհրաժեշտ լավ ապրելու համար, մտադիր չէ ոչինչ անել այդ ուղղությամբ: Այսինքն, արձանագրենք, որ «աշխատասեր եւ ստեղծագործ» հայ ժողովուրդը, որ այդպիսին եղել է դարերի ընթացքում, չնայած բոլոր արհավիրքներին, աղետներին եւ տառապանքներին, հիմա դարձել է ծույլ եւ բողոքավոր: Սրա պատճառներից մեկը մեր խորհրդային անցյալն է, որ շատերին սովորեցրել էր քիչ աշխատելով եւ «գլուխ պահելով» աշխատավարձ ստանալ: Պետք չի մտածել, թե դա անցյալում է մնացել: Ավելին, դրան ավելացել է մտայնությունը, որ լավ կարելի է ապրել ոչ թե աշխատելով եւ ստեղծելով, այլ բողոքելով, պահանջելով հայտնի չէ թե ո՞ւմից եւ ի՞նչ, որ սեփական ծուլության համար մշտապես իդեալական բացատրություն կաՙ «կառավարությունը պետք է անի, ինձանից ոչինչ կախված չի», որ «100 հազար դրամն ի՞նչ փողա, որ դրա համար աշխատեմ», որ դրա փոխարեն կարելի է ոչինչ չանելով ապրել, ուտելով արտերկրում աշխատող հարազատի ուղարկած դրամական փոխանցումները: Հավելենք միայն, որ հարցվածների միայն 12,4 տոկոսն է նշել, որ փնտրում է եկամտաբեր աշխատանք, եւ միայն 1,1 տոկոսն է ասել, որ ցանկանում է սեփական գործ սկսել:

Պատկերացումներ ապագայի բարեկեցության մասին

Ապագայի մասին պատկերացումները շատ չեն տարբերվում ներկայում իրենց կյանքում ինչ-որ բան փոխելու ցանկության հետ կապված պատկերացումներից: Հարցվածների ընդամենը 22,8 տոկոսի կարծիքով նոր սերունդն ավելի լավ կապրի, 23,8 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին, 33,6 տոկոսի կարծիքով նոր սերունդն ավելի վատ կապրի, իսկ մնացած 19,8 տոկոսի կարծիքով` նրանք կապրեն նույն ձեւով: Ենթադրելի է, որ եթե 58,5 տոկոսը մտադիր չէ ոչինչ անել կենսամակարդակի բարձրացման համար, ապա նրանց մեծ մասի պատկերացումները ապագայի մասին կլինեն նույն տրամաբանության շրջանակում:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ աղքատության սուբյեկտիվ գնահատականի մասին հետազոտության արդյունքները հավելյալ հստակեցում են մտցնում աղքատության իրական կացության, բնակչության սոցիալական դասակարգման պատկերի մասին, ցույց տալիս բնակչության սուբյեկտիվ ընկալումներն ու գնահատականները այդ հարցերի առնչությամբ, հնարավորություն տալիս եզրակացություններ անել հարցման արդյունքների արժանահավատության վերաբերյալ: Այդ եզրակացություններից հիմնականը եւ թերեւս ամենացավալին այն է, որ մեր երկրի բնակչության մեծ մասը չի անելու ոչինչ իր կյանքը բարելավելու համար, ինչը նշանակում է, որ լավ չի ապրելուՙ անկախ նրանից, թե ո՛ր կառավարությունը կամ վարչապետը ի՛նչ ծրագրեր ունի կամ կցանկանա իրականացնել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 25-11-2016

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ