Պարզապես այլընտրանք չունենք, քան կրկին արդյունաբերական երկիր դառնալը
Հայաստանի արդյունաբերությունում այս տարվա առաջին կեսին արձանագրվել է 8,9 տոկոս աճ: Պատկերացում կազմելու համար, թե շա՞տ է սա, թե՞ քիչ, հարկ է ներկայացնել, թե գումարային առումով դա ի՞նչ է նշանակում, համեմատություններ անցկացնել նախորդող ժամանակների եւ համադրություններՙ տնտեսության մյուս ճյուղերի վիճակի հետ:
Այն, որ հենց արդյունաբերությամբ է պայմանավորված տնտեսական ակտիվության 4,7 տոկոս աճը տարվա առաջին կեսին, խոսում է մեր տնտեսության մեջ այս ճյուղի ունեցած լուրջ դերակատարման մասին: Իհարկե, ներկայիս Հայաստանի արդյունաբերությունը ո՛չ ծավալային առումով, ո՛չ կառուցվածքով համեմատելու եզրեր անգամ չունի Խորհրդային Հայաստանի հզոր արդյունաբերության հետ, որի շնորհիվ Հայաստանն անվանում էին արդյունաբերական երկիր, բայց փաստ է նաեւ, որ այն ներկայումս զարգացման փուլում է գտնվում:
Գումարային առումով արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016-ի հունվար-հունիս ամիսներին հասել է մոտ 659 մլրդ դրամի: Սա երկրորդ ցուցանիշն է առեւտրի շրջանառության ծավալներից հետո: Ցավոք, վերջինս դեռ մոտ մեկ երրոդով ավելի մեծ ծավալներ ունի, քան արդյունաբերությունը: Այդուհանդերձ, արդյունաբերությունը կայուն քայլերով մեծացնում է իր ծավալները եւ հավանական է, որ մի քանի տարի հետո Հայաստանի տնտեսության մեջ ամենամեծ ծավալներն ունեցող ճյուղը դառնա:
Մյուս ճյուղերից բարձր աճ արձանագրվել է միայն ծառայությունների ոլորտում, գյուղատնտեսությունում աճը բարձր չի եղել, իսկ շինարարությունում եւ մանրածախ առեւտրի ոլորտներում արձանագրվել է անկում: Ընդ որում, կարեւոր է նաեւ, որ հաստատուն աճ է արձանագրվում արդյունաբերության ամենախոշոր ճյուղումՙ մշակող արդյունաբերությունում: Այս տարվա վեց ամիսներին արտադրանքի ծավալներն այստեղ կազմել են մոտ 394 մլրդ դրամՙ 5,1 տոկոսով աճելով նախորդ տարվա առաջին կեսի համեմատ: Աճել են սննդամթերքի արտադրությունըՙ 5,4 տոկոսով, խմիչքներինըՙ 14,9 տոկոսով, ծխախոտինըՙ 21,1 տոկոսով, հագուստի արտադրությունըՙ 37,5 տոկոսով, ռետինե եւ պլաստմասսայե արտադրատեսակների արտադրությունըՙ 10,5 տոկոսով, ոսկերչական արտադրատեսակների արտադրությունըՙ 2,7 անգամ եւ այլն:
Երկրորդ խոշոր ճյուղումՙ հանքարդյունաբերությունում աճը կազմել է 18,8 տոկոսՙ հիմնականում պայմանավորված մետաղական հանքաքարի արդյունահանման նույն չափի աճով: Գումարային առումով արտադրանքի ծավալներն այստեղ կազմել են մոտ 122 մլրդ դրամ: Երրորդ խոշոր ճյուղըՙ էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարումն ունեցել է 11,4 տոկոս աճ, հիմնականում էլեկտրաէներգիայի արտադրության 15,8 տոկոս աճի շնորհիվ: Գումարային առումով ծավալը կազմել է մոտ 132 մլրդ դրամ: Եվ վերջապես ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում եւ վերամշակում ճյուղում, որի ծավալները ընդամենը 10,5 մլրդ դրամ են, արձանագրվել է 8,2 տոկոս աճ:
Ինչ վերաբերում է նախորդ ժամանակահատվածի հետ համեմատություններին, ապա այս պահին մեր արդյունաբերությունում հետաքրքրական մեկ ցուցանիշ է արձանագրվել եւ մեկն էլ, ամենայն հավանականությամբ, արձանագրվելու է տարվերջին:
Արդեն արձանագրվածն այն է, որ տարվա առաջին կեսին արդյունաբերական արտադրանքի ծավալներն Հայաստանում (659 մլրդ դրամ) գրեթե այնքան են եղել, որքան ճգնաժամային 2009-ինՙ ողջ տարվա ընթացքում (669 մլրդ դրամ):
Մյուսըՙ աճի ներկայիսՙ 8-9 տոկոս տեմպը պահպանելու դեպքում, տարեկան արդյունքներով, 2016-ին մեր արդյունաբերության ծավալները կրկնակի կգերազանցեն նախաճգնաժամային 2008-ի 739 մլրդ դրամ ծավալներին: Նախորդ տարի արդյունաբերության արտադրանքի ծավալները կազմել էին 1 տրլն 327 մլրդ դրամ:
Ամփոփելով, կարող ենք փաստել, որ Հայաստանի արդյունաբերության աճի տեմպերը բավարար են, բայց արդյունքներն ավելի ակնառու կլինեն, եթե այդ տեմպը գոնե պահպանվի առաջիկա տարիներին: Մենք պարզապես այլընտրանք չունենք, քան կրկին արդյունաբերական երկիր դառնալը: