RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #017, 2016-05-06 > #018, 2016-05-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 29-04-2016



Տեղադրվել է` 2016-04-29 13:25:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 4764, Տպվել է` 464, Ուղարկվել է էլ.փոստով` 454

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ, ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ 2016Թ. ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ

«Մրցանակաբաշխություն -2016»-ի Կազմկոմիտե

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Համաշխարհային հայկական կոնգրեսը (ՀՀԿ), Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ), ՀՀ Սփյուռքի նախարարության (ՀՀՍՆ) հետ համատեղ հայտարարում ենՙ «Համազգային միասնությունը հավաքական ուժի եւ հզորության գրավական» նշանաբանով գիտական եւ ստեղծագործական լավագույն աշխատանքների համահայկական հերթական մրցանակաբաշխություն: «Մրցանակաբաշխություն-2016»-ը նվիրվում է Հայաստանի անկախության 25-ամյա հոբելյանին:

Այսօր աշխարհում տեղի ունեցող բուռն տեղաշարժերն ու զարգացումները, դրանցից բխող մարտահրավերները շոշափում են նաեւ համայն հայության, նրա առանձին հատվածների (Հայաստան, Արցախ, Սփյուռք) կենսական շահերը: Ուստի խիստ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի անկախության 25-ամյա հոբելյանին նվիրված մրցանակաբաշխության ներկայացվող աշխատանքները քննարկվեն ներկա մարտահրավերների համատեքստում, այն հաշվով, որ դրանք իրենց առանձնահատկություններով կարողանան ընդհանրացնել եւ հարստացնել համահայկական պայքարի նորօրյա փորձը, գործնականորեն խթանեն այդ մարտահրավերներին դիմակայելու գործում համազգային միասնության ապահովման գործընթացները:

Ներկա իրավիճակում համայն հայության բացառիկ գերակայություն ունեցող խնդիրը անկախ Հայաստանի եւ Հայոց պետականության անվտանգության ու ամրապնդման ապահովումն է: Տնտեսապես ու սոցիալապես բարգավաճ Հայաստանը կարող է հանդես գալ որպես համազգային միասնության ապահովման շարժիչ ուժ: Համայն հայության Հայրենիք` Հայաստանի նյութական եւ բարոյական բարգավաճման, դարի մարտահրավերներին դիմակայելու համար վճռորոշ նշանակություն ունեն գիտությունը, գրականությունն ու մշակույթը: Մտավոր սեփականությունը մեր երկրի համար կարող է դառնալ հզորության, հարստության աղբյուր: Ուստի «Մրցանակաբաշխություն-2016»-ին ներկայացվող աշխատանքները, որպես պարտադիր պայման, պետք է արտացոլեն Հայաստանի անկախացման պատմական նշանակությունը, հայ ժողովրդի ձեռքբերումներն ու առաջիկա խնդիրները, համայն հայության միասնականությունն ու միաբանությունը` Հայոց պետականության կայացման, հզորացման, համազգային նվիրական նպատակների շուրջ համայն հայության համախմբման ապահովման հետ առնչվող խնդիրները:

Համազգային նորօրյա կյանքի կարեւորագույն ուղղություններից է Հայրենիք-Սփյուռք բազմաշերտ ու բազմաբնույթ, որակական նոր մակարդակի գործակցությունը, որը եւս կարող է դառնալ ներկայացվող աշխատանքների քննարկման թեմա:

«Մրցանակաբաշխություն-2016»-ն անց է կացվում ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի, Հայաստանի գրողների, ժուռնալիստների, նկարիչների, կոմպոզիտորների, կինեմատոգրաֆիստների միությունների հետ համատեղ:

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ հիմնական նպատակն է նպաստել 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու գործում գիտության, գրականության եւ մշակույթի դերի բարձրացմանը, Հայաստանի գիտական եւ ստեղծագործական մտավորականության գործունեության ակտիվացմանը, աջակցել երկրի մտավոր կյանքի աշխուժացմանը:

Ինչպես նախկին մրցանակաբաշխությունները, այնպես էլ «Մրցանակաբաշխություն-2016»-ը ֆինանսավորում է Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանը:

Մրցանակաբաշխությունը համահայկական նշանակություն ունեցող միջոցառում է, որին կարող են մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ), ինչպես նաեւ հայկական սփյուռքի մտավորականության ներկայացուցիչները: Այն անց է կացվում ՀՀ Կրթության եւ գիտության, ՀՀ Մշակույթի նախարարությունների հետ համագործակցությամբ եւ նրանց աջակցությամբ:

«Մրցանակաբաշխություն-2016»-ը կմեկնարկի սույն թվականի փետրվարին, իսկ արդյունքները կամփոփվեն ընթացիկ տարում` մրցանակաբաշխությանը մասնակցող կազմակերպությունների եւ միությունների կողմից սահմանված ժամկետներում:

Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 42 մլն դրամ:

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Գիտնականների համար

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ՀՀԿ, ՌՀՄ եւ ՀՀՍՆ հետ համատեղ հայտարարում են 2016թ. լավագույն գիտական աշխատանքների մրցանակաբաշություն` նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին` «Համազգային միասնականությունը որպես մեր ուժի, հզորության գրավական» թեմայով:

Մրցույթի հիմնական նպատակն էՙ իմի բերել Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ Հայկական Սփյուռքի գիտնականների մոտեցումները ներկա դարի մարտահրավերներին դիմակայելու գործում համազգային միասնության դերի, նրա արժեհամակարգի եւ առանձնահատկությունների նկատմամբ եւ այդ ամենի արդյունքում ստանալ միասնության ապահովման համար առաջադրված խնդիրների լուծմանը նպատակաուղղված, կիրառական նշանակություն ունեցող գիտական աշխատանքներ:

Մրցույթին ներկայացվող նյութերը պետք է արտացոլեն Հայաստանի անկախացման պատմական նշանակությունը, մեր հերոսական ժողովրդի ձեռքբերումները, համայն հայության միասնականությունն ու միաբանությունը` հայոց պետականության կայացման, համազգային նվիրական նպատակների իրականացման համար:

Մրցութային աշխատանքներին ներկայացվող հիմնական պահանջը հետեւյալն էՙ արտացոլել 21-րդ դարի մարտահրավերների պայմաններում համազգային շահերի շուրջ հայության տարբեր հատվածների համախմբման համար անհրաժեշտ խնդիրների վերլուծությունն ու դրանց լուծման եղանակների գիտական հիմնավորումները:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության խնդիրը, որպես համազգային միասնության առանցքային արժեք ու առաջնահերթություն, պետք է առանձնահատուկ տեղ զբաղեցնի մրցութային աշխատանքներում:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ Սփյուռքի գիտնականները:

Մրցանակային ֆոնդը կազմում է 10 միլիոն դրամ:

Նախատեսված է վեց անվանակարգ, յուրաքանչյուր անվանակարգի մրցանակային ֆոնդը կկազմի 1.600.000 դրամ:

Մրցանակները սահմանվում են հետեւյալ անվանակարգերում.

1.Հայաստանի Հանրապետությունը եւ 21-րդ դարի մարտահրավերները;

2.Հայաստանի եւ համայն հայության անելիքները Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման, հատուցման հասնելու խնդրում;

3.Արցախի հիմնահարցը եւ խնդրի վերջնական լուծման հեռանկարները` համազգային միասնության համատեքստում;

4. Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունները;

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության խնդիրը որպես համազգային միասնության առանցքային արժեք եւ առաջնահերթություն;

6. Հայաստանի Հանրապետության տնտեսական եւ քաղաքական զարգացման հեռանկարները` համազգային միասնության համատեքստում:

Մրցանակը տրվում է վերոնշյալ անվանակարգերով վերջին երեք տարում տպագրած գիտական մենագրության (մենագրությունների) կամ հոդվածաշարի համար:

Մրցութային աշխատաքները ներկայացնել մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-ը: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն 2016թ. հոկտեմբերին:

Աշխատանքների ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեւերը կարելի է ստանալ ՀՀ ԳԱԱ «Գիտության զարգացման հիմնադրամի» գրասենյակից կամ Հիմնադրամի կայքի միջոցով http://sdfund.sci.am.

Հասցե: 0019, Մարշալ Բաղրամյանի պող. 24, Երեւան, Հայաստանի Հանրապետություն:

Հեռ. +(37410) 527530, +(37410) 527031:

Գրողների համար

Հայաստանի գրողների միությունը ՀՀԿ, ՌՀՄ եւ ՀՀՍՆ հետ համատեղ հայտարարում են Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ 2016թ. «Գրական մրցանակաբաշխություն-21-րդ դար» խորագրով համահայկական հերթական մրցանակաբաշխություն` «Հայ ժողովրդի միասնությունը նրա պատմական հաջողությունների եւ հաղթանակների աղբյուրն է ու գրավականը» նշանաբանով, հետեւյալ անվանակարգերում.

- Արձակ

- Պոեզիա

- Դրամատուրգիա

- Մանկապատանեկան գրականություն

Մրցույթին առաջարկվող երկերը գնահատվում են գեղարվեստական մակարդակի, հարցադրումների ու թեմաների այժմեականության եւ ինքնատիպության, ինչպես նաեւ բարոյափիլիսոփայական եւ հոգեւոր արժեհամակարգի տեսանկյունից:

Բոլոր տեքստերը պետք է լինեն անտիպ եւ ներկայացվեն ծածկանունով:

Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի գրողները:

Նախատեսված են հետեւյալ մրցանակները.

Արձակ (նվազագույն ծավալըՙ 80 համակարգչ. էջ) - 1.850.000 դրամ

Պոեզիա (նվազագույն ծավալըՙ 700 տող) - 1.850.000 դրամ

Դրամատուրգիա (1 պիես) - 975.000 դրամ

Մանկապատանեկան գրականություն (արձակՙ 40 էջ, չափածոՙ 700 տող) - 975.000 դրամ

Մեկ մրցանակ երիտասարդ գրողների ստեղծագործությունների համար` 600.000 դրամ

Մրցանակային ֆոնդը կազմում է 7 միլիոն դրամ:

Մրցանակաբաշխության նյութերը ներկայացնել մինչեւ 2016 թ. սեպտեմբերի 30-ը, Գրողների միության աշխատակազմի ղեկավարին:

Մրցանակաբաշխության արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2016 թ. հոկտեմբերին:

Հասցե` Երեւան, Բաղրամյան 3

Հեռախոսՙ 56-45-70

Նկարիչների համար

Հայաստանի նկարիչների միությունը ՀՀԿ, ՌՀՄ եւ ՀՀՍՆ հետ համատեղ հայտարարում են Հայ կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների 2016թ. մրցանակաբաշխություն` նվիրված ՀՀ անկախության 25-ամյա հոբելյանին, հետեւյալ անվանակարգերում.

1. Գեղանկար - 4 մրցանակ, յուրաքանչյուրը` 450.000 դրամ

2. Քանդակ - 2 մրցանակ յուրաքանչյուրը` 400.000 դրամ

3. Գրաֆիկա- 2 մրցանակ - յուրաքանչյուրը` 250.000 դրամ

4. Դեկորատիվ կիրառական արվեստ - 1 մրցանակ` 250.000 դրամ:

Մրցանակային ֆոնդը կազմում է 5,5 միլիոն դրամ:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի նկարիչների միության անդամները` Հայաստանից եւ Արցախից, ինչպես նաեւ սփյուռքահայ նկարիչները:

Մրցանակները կտրվեն միայն Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված թեմատիկ աշխատանքներին:

Հանձնաժողովն իրավասու է փոփոխել անվանակարգերի քանակը եւ մրցանակների գումարների չափը` ըստ փաստացի ներկայացված ստեղծագործությունների, սակայն միայն ընդհանուր մրցանակային ֆոնդի սահմաններում:

Աշխատանքները ներկայացնել Հայաստանի նկարիչների միություն` 2016թ. սեպտեմբերի 1-ից 10-ը: Սփյուռքահայ նկարիչները մինչեւ սեպտեմբերի 1-ը` էլեկտրոնային տարբերակով artunion75@yahoo.com հասցեով: Մրցանակաբաշխության արդյունքները կհրապարակվեն ընթացիկ տարվա հոկտեմբերին:

Հասցե` Երեւան, Աբովյան 16

Հեռախոս` 56-47-24, 56-48-53

Կոմպոզիտորների համար

Հայաստանի կոմպոզիտորների միությունը ՀՀԿ, ՌՀՄ եւ ՀՀՍՆ հետ համատեղ հայտարարում են Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված Էստրադային/հայրենասիրական երգի 2016թ. մրցանակաբաշխություն` «Համազգային միասնությունը հավաքական ուժի եւ հզորության գրավական» նշանաբանով: Մրցույթի նպատակն է աջակցել, խրախուսել հայ պրոֆեսիոնալ երգարվեսի զարգացմանն ու պրոպագանդմանը:

Մրցանակաբաշխության պայմանները`

Էստրադային/հայրենասիրական երգի մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել միայն Հայաստանի կոմպոզիտորների միության անդամներըՙ Հայաստանից, Արցախից եւ հայկական սփյուռքից, առանց տարիքային սահմանափակումների:

Մրցույթն անց է կացվելու երկու փուլով:

Մրցույթին ներկայացվող աշխատանքները չպետք է երբեւէ հնչած լինեն ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցում:

Երգի տեքստի ընտրությունն ազատ է` ըստ կոմպոզիտորի հայեցողության:

Մրցույթին ներկայացվող աշխատանքները պետք է լինեն համակարգչային նոտագրությամբ:

Ժյուրիի որոշմամբ կարող է լինել մրցանակային ֆոնդի վերաբաշխում:

Մրցանակաբաշխության առաջին փուլի հայտերն ընդունվում են մինչեւ 2016 թ. հունիսի 15-ը: Առաջին փուլի արդյունքները կհրապարակվեն 2016 թ. հուլիսին: Առաջին փուլում ընտրված 20 երգերը կանցնեն 2-րդ փուլ:

Մրցանակաբաշխության երկրորդ փուլում համերգային կատարմամբ կներկայացվեն առաջին փուլում ընտրված 20 երգ, որոնցից լավագույն 6 երգերի հեղինակները կարժանանան դրամական պարգեւների:

Երկրորդ փուլը կկայանա 2016 թ-ի հոկտեմբերին` Արամ Խաչատրյան համերգասրահում, Հայաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության սիմֆոնիկ-էստրադային նվագախմբի մասնակցությամբ:

Սահմանված են հետեւյալ մրցանակները.

Էստրադային/Հայրենասիրական երգի մեկ 1-ին կարգի մրցանակ -մեկ մլն դրամ

Էստրադային/Հայրենասիրական երգի երկու 2-րդ կարգի մրցանակ, յուրաքանչյուրը` 750 հազարական դրամ

Էստրադային/Հայրենասիրական երգի երկու 3-րդ կարգի մրցանակ, յուրաքանչյուրը` 500 հազարական դրամ

Էստրադային/Հայրենասիրական երգի երկու խրախուսական մրցանակ, յուրաքանչյուրը` 300 հազարական դրամ մեկ մրցանակ երիտասարդ ստեղծագործողի համար - 500 հազար դրամ

Մրցանակային ֆոնդը կազմում է 7 միլիոն դրամ:

Ստեղծագործությունները ներկայացնել Կոմպոզիտորների միություն:

Հասցեՙ Երեւան, Դեմիրճյան 25

Հեռախոս` 52 42 92

Լրագրողների համար

Հայաստանի ժուռնալիստների միությունը ՀՀԿ, ՌՀՄ եւ ՀՀՍՆ հետ համատեղ հայտարարում են 2016թ. ժուռնալիստական լավագույն հրապարակումների մրցույթ` նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին` «Համազգային միասնականությունը որպես մեր ուժի, հզորության գրավական» թեմայով:

Մրցանակաբաշխությանը ներկայացվող նյութերը պետք է արտացոլեն Հայաստանի անկախացման պատմական նշանակությունը, մեր հերոսական ժողովրդի ձեռքբերումները, համայն հայության միասնականությունն ու միաբանությունը` հայոց պետականության կայացման, համազգային նվիրական նպատակների իրականացման համար:

Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի զանգվածային լրատվամիջոցները, Հայաստանի ժուռնալիստների միության անդամները:

Մրցանակային ֆոնդը կազմում է 5.5 միլիոն դրամ:

Սահմանվում են հետեւյալ մրցանակները.

Պարբերական մամուլ- երկու մրցանակ` 750.000-ական դրամ

Սփյուռքահայ մամուլ- մեկ մրցանակ` 350.000 դրամ

Ամսագիր- մեկ մրցանակ` 350.000 դրամ

Մարզային մամուլ- երկու մրցանակ` 300.000-ական դրամ

Հեռուստահաղորդումներ- երկու մրցանակ` 550.000-ական դրամ

Մարզային հեռուստահաղորդումներ- մեկ մրցանակ` 480.000 դրամ

Ռադիոհաղորդումներ- երկու մրցանակ` 350.000-ական դրամ

Ցանցային ԶԼՄ-ներ- մեկ մրցանակ` 300.000 դրամ

Մրցանակաբաշխության նյութերը ներկայացնել անձամբ կամ ուղարկել Հայաստանի ժուռնալիստների միություն մինչեւ 2016թ. սեպտեմբերի 20-ը, Երեւան, Պուշկինի 3/1, հեռ. 56-12-76. Մրցանակաբաշխության արդյունքները կամփոփվեն 2016 թ. հոկտեմբերին:

Կինեմատոգրաֆիստների համար

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը ՀՀԿ, ՌՀՄ եւ ՀՀՍՆ հետ համատեղ հայտարարում են «Համազգային միասնությունը հավաքական ուժի եւ հզորության գրավական» թեմայով, Հայաստանի անկախության 25-ամյա հոբելյանին նվիրված 2016 թ. լավագույն վավերագրական ֆիլմերի մրցանակաբաշխություն:

Վավերագրական ֆիլմերի մրցանակաբաշխության թեման ծավալուն է եւ կարող է ընդգրկել հայ ժողովրդի համար վճռորոշ իրադարձություններ: Ցանկալի է, որպեսզի մրցանակաբաշխությանը ներկայացված ֆիլմերն արծարծեն անկախության 25 տարիների ընթացքում` համազգային շահերի շուրջ հայ ժողովրդի միասնության ապահովման ուղղությամբ ձեռք բերված նվաճումները, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հետ առնչվող հիմնախնդիրները: Մրցանակաբաշխության համար արդյունավետ նյութ կարող են դառնալ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան իրադարձությունները:

Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել ինչպես պետական, այնպես էլ անկախ ստուդիաները, որոնց ղեկավարները (կամ ներկայացուցիչները) կինեմատոգրաֆիստների միության անդամներ են:

Ֆիլմերի համար սահմանված են հետեւյալ մրցանակները

ա) մեկ առաջին կարգի մրցանակՙ 3 մլն. դրամ:

բ) մեկ երկրորդ կարգի մրցանակՙ 2 մլն. դրամ:

գ) երկու խրախուսական մրցանակՙ մեկական մլն.դրամ:

Մրցանակային ֆոնդը կազմում է 7 միլիոն դրամ:

Պահպանելով մրցանակաբաշխության համար սահմանված 7 միլիոնանոց մրցանակային ֆոնդը, մրցութային հանձնաժողովին իրավունք է վերապահվում, ելնելով ներկայացված ֆիլմերի թեմատիկայից, բովանդակությունից, կատարել մրցանակային ընդհանուր ֆոնդի 10% չգերազանցող գումարային տեղաշարժ:

Մրցութային ֆիլմերը պետք է ներկայացնել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն, Երեւան, Վարդանանց 18 հասցեով մինչեւ 2016 թվականի օգոստոսի 1-ը:

Արդյունքները կհրապարակվեն 2016 թվականի սեպտեմբերին:

Հասցե` Երեւան, Վարդանանց 18

Հեռ. 010 54 05 28

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.

Մրցանակաբաշխությունն անցկացնող կազմակերպությունները կարող են կազմակերպչական ծախսերի համար օգտագործել մրցանակային ֆոնդի մինչեւ 10 տոկոսը, իսկ Կոմպոզիտորների միությունը, Նկարիչների միությունը, ելնելով մրցույթի կազմակերպման հետ առնչվող ոլորտի առանձնահատկություններից, մինչեւ` 35 տոկոսը:

Նկար 1. ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայակական կոնգրեսի նախագահ Արա Աբրամյանի մասնակցությամբ քննարկվում են գիտական եւ ստեղծագործական լավագույն աշխատանքների հերթական` «Մրցանակաբաշխություն-2016»-ի հետ առնչվող հարցերն ու խնդիրները:

Նկար 2, 3, 4. Մրցանակաբաշխությունների հաղթողներին դիպլոմներ են հանձնում Արա Աբրամյանը եւ Ռադիկ Մարտիրոսյանը

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 29-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ