RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2016



Տեղադրվել է` 2016-02-05 00:36:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1903, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՁՎԵՐԸ` ՏԱՐԲԵՐ ԶԱՄԲՅՈՒՂՆԵՐՈՒՄ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Շրջապատիս սովորական, քաղաքական գործընթացներից հեռու մարդիկ հաճախ են հարցնում` ի՞նչ է տեղի ունենում, էդ ի՞նչ բանակցություններ են իշխանական վերին օթյակներում, ու ես չեմ կարող նրանց պատասխանելիս քաղաքական տերմիններ կիրառել, առավել եւս այնպիսի բարձր բառեր գործածել, որ հայերը սովորաբար կենացի ժամանակ են ասում` հայրենիքի, պետության ու ազգի փրկության մոտիվներով: Ու դրա համար դիմում եմ սովորական պատկերավորության. կաթսայի մեջ եղած ջուրը կեղտոտվել ու պղտորվել է, կաթսայի տերը որոշել է պարունակության կեսից հրաժարվել, թափում է պղտոր ջրի կեսը, որ աղբյուրից նոր ջուր լցնելով` գոնե խմելու համար պիտանի թափանցիկ ջուր ստանա: Անմիջապես հետեւում են հարցերը` բայց մի՞թե մաքուր ջուր է մնացել, ողջ եղածն է պղտոր, ես էլ պատասխանում եմ` ինչ կա, սրանով էլ լցնելու է կաթսան, մենք` մեր ջուրը, այդ է, ուրիշ ջուր չկա: Հիմա եթե համագործակցության մասին խոսող ՀՀԿ եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչներից մեկն ասում է` մենք լավն ենք, դուք վատը, մենք չենք հեղինակազրկվածը, այլ դուք, կամ սկսում են արդարանալ ասածի համար, դրանից ոչ ջուրը թափանցիկ կդառնա, ոչ էլ` մեր կյանքը տանելի: Հա, քանի պարբերությունը չեմ փոխել, ժողովրդի լեզվով մեր քաղաքականներին հարցնեմ` եթե բոլորդ էլ ԱՅԴՔԱՆ սիրուն, ազնիվ, ճաշակով, բոյով, ժողովրդին ու երկրին նվիրյալ մարդիկ եք` ապա մեր կյանքն ինչո՞ւ է այսքան վատ, ինչո՞ւ ենք ամեն օր խուճապի մատնված ելքեր որոնում` երկրի փրկությունից մինչեւ մեկ օրվա հոգսը հոգալու դժվարին խնդիր, չէ՞ որ ձեր նվիրումի, աշխատանքի, ազնվության չափի միավորը մեր կյանքն է:

Իսկ եթե անցնենք մի փոքր քաղաքականին մոտ բացատրության` ապա պետք է արձանագրենք, որ մեկ կուսակցության իշխանությամբ ենք եկել-հասել այս կետին, իսկ ով չի տեսնում, որ պետք է այս վիճակը փոխել, ուրեմն կա՛մ ակնոցի կարիք ունի, կա՛մ ուրիշ մասնագետի, ինչպես հայտնի անձնավորությունն էր ասում: Նոր բան մտածել չեն կարող, ուրեմն եղածի համար պատասխանատուների թիվն ավելացնելու հայտնի միջոցն է գործի դրվում, մեկ ուժի փոխարեն` հավասարապես երկու-երեք ուժի վրա են հենվելու: Այս պարագայում ամեն ինչ մեկ կուսակցության մեջ բաժանածները պետք է զսպեն իրենց լայնածավալ ախորժակը, կամ ընդհանրապես դիետայի անցնեն, քանի որ շատակերությունը ոչ միայն կազմվածքն է փչացնում, այլեւ ճարպով է լցնում նաեւ ուղեղը, իսկ ժողովրդին էս վիճակից դուրս բերելու համար անճարպ, թթվածնով հարուստ, լավ շրջանառվող արյունով սնվող ուղեղներ են պետք: Թե հավան չեք ոչ միայն իշխող, այլեւ հարակից (հարակիցը լավ ասացի՞նք) ուժերին` ոչնչով օգնել չենք կարող, սա է երկրի պատկերը, այդ պատկերը ստանալուն օգնեցիր նաեւ դու, հարգելի ժողովուրդ, չբռնելով քո մեջ եղած այն ստվար հատվածի ձեռքը, որն ընտրության գնալուց, մինչեւ գրիչ վերցնելը, միշտ մեկնում է այդ ձեռքը նախ մի այլ բան վերցնելու:

Իսկ մեր բաժան-բաժան եղած, տարբեր ապարանքների ներքո բացվող պատուհաններից ծիկրակող ԶԼՄ-ներին նույնպես հասկանում եմ, նրանք էլ, «քաղաքական» սիլուետին հար եւ նման, ամեն մեկը ոչ թե երկրի վիճակով մտահոգ է կրակ կտրել, այլ սեփական տիրոջ վնասված, վնասվող, կամ ուռճացող շահերին համապատասխան է կայծակ ու որոտ թափում, որը պարզապես երբեմն հիշեցնում է իրենց տների պատուհաններից միմյանց դեմ հիշոցներ արձակող հարեւանների անպտուղ կռիվը:

Վերադառնալով բուն քաղաքականությանը` նկատենք, որ այս պահին ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը կամ կոալիցիային (ինչպես էլ կոչվի դա) դեմ են, կամ, այսպես ասենք, ուրախ չեն ոչ միայն ՀՀԿ-ի ներսում, որտեղ ստիպված են որոշ մարդկանց դուրս թողնել` ՀՅԴ-ին տեղավորելու համար, այլեւ ուշացող եւ ընդդիմադիր հատվածը լցնել հավակնող այն միավորները, որոնք ծրագրում են նոր խորհրդարանում լինել եւ իրենք եւս մաս ստանալ իշխանական տորթից: Ասենք` վաղուց հայտնի է, որ ԲՀԿ-ն թեւերի է բաժանվել, ու այդ թեւերում հայտնված մարդիկ նույնքան հակոտնյա են իրար, որքան նույն խմբակցության մեջ իբր գտնվող Նիկոլ Փաշինյանն ու Լեւոն Զուրաբյանը: ԲՀԿ-ի օսկանյանական-քոչարյանական թեւն ուշանում է ռեալիզացվել, չնայած այդ մասին շշուկներն անընդհատ առկա են ու հիմա էլ ինտենսիվացել են, թե էս է-էս է` Օսկանյանը կհայտարարի նոր կուսակցություն հիմնադրելու մասին: Բայց դե` Սերժ Սարգսյանն, ինչպես միշտ, էլի փորձում է առաջ ընկնել մյուսներից` կոալիցիայով եւ նախարարապաշտոնեական պատասխանատվությունը կիսելով նոր ընդդիմության ուրվագծմանը խփելով, չնայած ամեն ինչից երեւում է , որ օսկանյանական բարգավաճականները եւս քնած չեն: Իսկ ԲՀԿ-ի զոհրաբյանական թեւը, որ հիմա պաշտոնապես հենց ԲՀԿ-ն է ներկայացնում, նույնպես տեւական մտմտուքի մեջ էր, այստեղ եւս չէին կողմնորոշվում իրենց մոտակա գործելակերպի վերաբերյալ, այս թեւում մարդիկ կան, որոնք ուզում են համագործակցել իշխանությունների հետ (օրինակ` Միքայել Մելքումյանը, որ սովորաբար խորհրդարանում միշտ չափավոր է), կան նաեւ այնպիսիք, նրանց հետ եւ ԲՀԿ նախագահ Ն. Զոհրաբյանը, որ կարծում են, թե պետք է ընդդիմություն մնան: Համենայնդեպս` ԲՀԿ որոշումից էր կախված, թե ինչ առաջարկ կանի իշխանությունն այս ուժին: ԲՀԿ-ն հակվեց ընդդիմություն մնալուն: Մեկ օր առաջ ներկուսակցական քննարկումների արդյունքում, իսկ որոշ մամուլային լուրերով` ԲՀԿ ստվերային ղեկավարի որոշմամբ` ԲՀԿ-ն կշարունակի որդեգրել ընդդիմադիր կեցվածքը, մեկ տարվա կոալիցիան անիմաստ համարելով : Հետաքրքրական է դեռ, թե ով կլինի դոմինանտ ուժը ընդդիմության`այժմ ցրիվ միավորների մեջ: Համենայնդեպս` երեւում է, որ մյուս ուժերը փորձում են հասնել գործընթացների հետեւից, այդ համատեքստում կարելի է դիտարկել նաեւ Հեղինե Բիշարյանի այն հայտարարությունը, թե այս ամսվա վերջին օրը կկայանա «Հայկական վերածնունդ» միավորման հիմնադիր համագումարը: Սա նշանակում է, որ եթե այլ ուժեր կան, որոնք ուզում են մասնակից լինել գործընթացներին, եւս չպետք է ուշանան եւ այդ մասին առնվազն պետք է հայտարարեն այս ամսվա վերջին-մարտի սկզբին, այլապես գործընթացի պոչից քարշ կգան կամ անգամ` դուրս կմնան նրանից:

Բոլոր դեպքերում` տորթը փոքր է, հիմա մանավանդ, երբ հնարավոր է ապագա խորհրդարանը 130-ից էականորեն նվազ թվով պատգամավորներ ունենա: Իսկ կոնկրետ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն մինչ այդ ընտրություն են կատարել երկու սկզբունքի միջեւ` ընտրություններից առաջ իշխանության հետ համագործակցելով եւ ենթակառուցվածքների տեր դառնալով ապագա խորհրդարանական ընտրություններում ցանկալի ներկայություն ապահովելու սկզբունքի եւ իշխանությունների հետ չհամագործակցելով, ընդդմադիր ձայները վերցնելուն հավակնելով ծանրակշիռ քվեն խորհրդարանում ապահովելու սկզբունքի: Մինչեւ հիմա Հայաստանում իրեն արդարացրել է առաջին սկզբունքը, որ ՀՅԴ-ն է ընտրում, բայց դե հիմա Սահմանադրություն է փոխվում, Ընտրական օրենսգիրքը կփոխվի` ինչ իմանա՞ս: Իսկ իշխանությունը, ավելի շուտ իշխող ուժն ու նրա լիդերը իրենց համար պահում են ձվերը տարբեր զամբյուղներում պահպանելու սկզբունքը, թող որ իշխանության տարբեր բեւեռներ ու տարբեր ֆիգուրներ են այս անգամ այդ սկզբունքի պատասխանատուները:

Ամենահետաքրքրականն ուրիշ բան է: Մի հինգ տարի առաջ հնարավոր էր ընդամենը Սարգսյան- Քոչարյան մրցակցություն (Քոչարյանը` Ծառուկյանի տեսքով), հիմա արդեն Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան մրցակցություն է կարծես միայն, մանավանդ` երեկ վարչապետը, ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության քաղաքական քայլին ի պատասխան միգուցե, իր տնտեսական (քաղաքական նշանակությա՛մբ) քայլն արեց` Հայաստան մատակարարվող գազի խելամիտ գնագոյացման պահանջ ներկայացնելով «Գազպրոմ-Արմենիային», ինչը տեւական ժամանակ պահանջում էին քաղհասարակության ակտիվիստները նաեւ:

Այլ ֆիգուրներ կարծես թե չեն ուրվագծվում մոտակա ընտրական մրցակցությունում` ով ինչ կուսակցություն էլ ստեղծի, եթե, իհարկե, Սերժ Սարգսյանի` ժամանակին արված ակնարկը նախագահի թեկնածու ունենալու մասին այժմ ԵՏՄ փոխվարչապետ Տիգրան Սարգսյանին չի վերաբերել, եւ նա, որեւէ կուսակցության վրա խաղադրույք կատարելով, չի մտնի խաղի մեջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2016

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ