ՍՐԲՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Էկո-փորձաքննության խորհրդատու
Մոտենում է ձմեռն իր սառնամանիքով, ձյունածածկ լանջերով ու անհյուրընկալ բնությունով: Մարդու անհեռանկար գործունեության պատճառով համարյա ոչինչ չի մնացել, որ կենդանական աշխարհն էլ ձմռանը դիմանա: Բնական տարածքները կրճատելովՙ մարդը նվազեցրել ու վերացրել է կենսաբազմազանության գոյության պայմաններըՙ հանգեցնելով բնական հավասարակշռության բազմաթիվ խախտումների: Անցյալի սկյուռիկներով ու նապաստակներով լեցուն անտառներն այլեւս չկան, եղնիկներն ու քարայծերը հազվագյուտ են նույնիսկ մարդուն անհասանելի տարածքներում: Իսկ նախկինում ոհմակներով որս անող գայլերից հատ ու կենտ ներկայացուցիչներ են մնացել: Այնուամենայնիվ….. Հայաստանում այդ հատ ու կենտ գայլերին եւս ոչնչացնում են:
Գայլերը կարգին սպառնալիք են դարձել հայ գյուղացու համար: Հատկապես ձմեռայինՙ սնունդից զուրկ բնությանը չդիմանալով, գայլերը բնազդաբար հարձակվում են մարդկային բնակատեղիների վրաՙ որեւէ կերպ քաղցը հագեցնելու մեծագույն ցանկությամբ ու մահացու վճռականությամբ: Բայց այդ կենաց ու մահու կռիվը, նույնիսկ հասցրած վնասներն ի զորու չեն դադարեցնելու մարդու կործանարար քայլերը: Ողջամտության փոխարեն մարդը կրկին ոչնչացնում է: Չվնասելու, էլ չեմ ասումՙ վերականգնելու փոխարեն, մարդը կրակում ու ոչնչացնում է: Իսկ դրանից գայլերն ավելի վճռական են հարձակվումՙ կյանքի գնով մի կտոր ոչխարով քաղցը կոտրելու խնդիր պետք է լուծեն: Ուստի ամենայն դաժանությամբ գայլերը հարձակվում են նաեւ այն մարդկանց վրա, ովքեր փորձում են խանգարել իրենց, ովքեր սպառնալք են իրենց գոյությանը:
Հայաստանի բնապահպանության նախարարությունը պետական բյուջեից (հարկատուների հաշվից) ֆինանսավորվում է բնությունըՙ բնական տարածքները, կենսաբազմազանությունը պահպանելու համար: Բայց իրականում կանաչ ուղեգրեր է շնորհում այն նախաձեռնություններին, որոնց իրականացմամբ նվազում, վերանում են կենսաբազմազանության գոյության պայմանները: Ուստի մեծ է ռիսկը, որ ողջամտորեն բնություն պահպանելու փոխարեն այս ձմռանը եւս այդ «բնապահպան» նախարարությունում կրկին ֆինանսներ կծախսեն գայլերին ոչնչացնելու նպատակով, անտեսելով դառը փորձըՙ չէ որ այդ ծախսերը միեւնույն է` չեն արդարանում, խնդիրը չի լուծվում:
Գուցե փորձեք որեւէ կերպ վերադարձնել այն բնության պարտքը, որի պահպանության նպատակով ֆինանսավորվում եք, գուցե գայլերի ոչնչացման փոխարեն ֆինանսավորեք նրանց գոյության պայմանները վերականգնելու, նրանց բնական սնունդը պահպանելու ջանքերը: Միթե հնարավոր չէ որսորդների առատ խրախուսման փոխարեն գումարները բուծարանների ֆինանսավորմանն ուղղել, հրացանազարկերի փոխարեն ճագարներ բազմացնել ու վերադարձնել բնությանը: Գայլերի գոյության պայմանները մի վնասեք, գայլերի բնական սնունդն ապահովեք եւ նրանք վարձահատույց կլինեն: Ահա թե ինչպես.
1995 թ. Յելլոուսթոուն ազգային պարկում գիտնականները 14 գայլեր բաց թողեցին բնություն, չկասկածելով թե ինչ արմատական փոփոխություններով արագորեն կվերականգնվի արգելոցային ամբողջ էկո-համակարգը:
70 տարի արգելոցում գայլ չի եղել եւ այդ ամբողջ ընթացքում այնտեղ եղջերուներն են թագավորելՙ անվերահսկելի բազմանալով ու մեծագույն վնասներ հասցնելով տեղի բուսականությանը (եղջերուների պոպուլյացիան վերահսկելու մարդկանց բոլոր ջանքերն ապարդյուն էին):
Իհարկե 14 գայլերը բոլոր եղջերուներին ուտել չկարողացան, բայց ստիպեցին նրանցՙ զգույշ ընտրել իրենց արոտավայրերը եւ խուսափել արգելոցի որոշակի տեղամասերից: Այդ տարածքներում էլ սկսվեց բուսականության վերածնունդըՙ 6 տարվա ընթացքում ծառերն ավելացան 5 անգամ: Հայտնվեցին կուղբերը, որոնք ծառերն օգտագործում են պատվարներ, թմբեր կառուցելու համար, գետերի, լճախորշերում բազմացան մշկամկները, բադերն ու ձկները:
Գայլերը նաեւ շնագայլերի պոպուլյացիան նվազեցրին, որի շնորհիվ ավելացան նապաստակները, որոնք դեպի պարկ հրապուրեցին նաեւ բազեներին, կզաքիսներին ու աղվեսներին: Հայտնվեցին արջեր, որոնք կարողացան գայլերին իրենց որսից քշել կամ նրանց թողած կերի մնացորդը վերջացնել:
Արգելոցում շատացան հատապտուղները: Բայց ամենազարմանալին այն է, որ գայլերը կարողացան կանոնավորել գետերի հոսքը: Գայլերի ազդեցությունը եղջերուների վրա խթանեց գետափերի բուսականությանՙ ծառերի, խոտերի առատ աճը, որի արդյունքում նվազեց գետափերի էրոզիան, ափերն ամրացան, գետահուներն ուղղվեցին ու կայունացան:
Ընդամենը տասնյակ տարվա ընթացքում 14 գայլերի «գործունեության» շնորհիվ փոխվեց արգելոցի աշխարհագրությունը: Ահա այսպես գայլերը բնության գործերն են կարգավորում, որից նաեւ մարդն է օգտվում: Իսկ Հայաստանում հայ մարդը ոչնչացնում է գայլի գոյության միջավայրըՙ վնասելով ինքն իրեն: