ԵԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչների հետ Վարշավայում հանդիպմանը Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով օգնական Թոմաս Մելիան անդրադարձել է Ադրբեջանում համացանցի միջոցով «զրպարտություն տարածելու համար» քրեական պատասխանատվություն սահմանելու օրենսդրական փոփոխությանը, որն ուժի մեջ է մտել 2013թ. մայիսին:
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան հատկապես ընդգծել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից Խադիջե Իսմայիլովայի դեմ բռնությունները: Հիշեցնենք, որ Իսմայիլովան լրագրողական հետաքննություն էր անցկացրել իշխող ընտանիքի անդամների գույքի եւ ունեցվածքի հարցով, որից հետո ադրբեջանական հատուկ ծառայությունները համացանցում տարածել էին նրա ինտիմ կյանքին վերաբերող տեսահոլովակ, ապա մտացածին մեղադրանքով դատարանը լրագրողուհուն դատապարտել էր «200 ժամվա հանրօգուտ աշխատանքի»:
«Նույն վիճակում են նաեւ մի քանի բլոգերներ, եւ մենք իշխանություններին (Ադրբեջանի-Վ. Ա.) հետեւողականորեն կոչ ենք անում հետաքննելու բոլոր այդ փաստերը, ինչպես նաեւ այն խոչընդոտները, որ հարուցվել են Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման հարցում»,- ասել է Թոմաս Մելիան: Ավելորդ չէ նկատել, որ սեպտեմբերի սկզբին ադրբեջանական կողմը հրաժարվել էր նախագահական ընտրությունների հետ կապված իրավիճակը դիտարկելու նպատակով Բաքու Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակության այցն արտոնելուց, ինչը հարուցել էր Վաշինգտոնի դժգոհությունը:
Երեկ հայտնի է դարձել նաեւ, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում քվեարկության կդրվի «Կոռուպցիա. սպառնալիք օրենքի գերիշխանությանը» անվանումով բանաձեւ, որի հեղինակն էստոնացի պատգամավոր Մաիլիս Ռեպսն է: «Թուրան» գործակալության Ստրասբուրգի աղբյուրների փոխանցմամբ, «բանաձեւում Ադրբեջանի մասին առկա են չափազանց սուր ձեւակերպումներ»:
Այսպես, բանաձեւի հոդված 34-ը լիովին նվիրված է «գյուլարգեյթ» սկանդալային պատմությանը: Խոսքը վերաբերում է Ադրբեջանի միջազգային համալսարանի, որի գործունեությունը դադարեցված է, նախկին ռեկտոր, Ֆրանսիայում որպես քաղաքական վտարանդի բնակվող Էլշադ Աբդուլլաեւի անցյալ տարվա սեպտեմբերի 25-ին համացանցում տեղադրած հոլովակին, որը նրա եւ Միլլի մեջլիսի պատգամավոր Գյուլար Ահմեդովայի զրույցի տեսագրությունն է, ինչից պարզ է դառնում, որ Ահմեդովան Աբդուլլաեւին խոստանում է 1 մլն դոլար «փոխհատուցման» դիմաց նրան «դարձնել խորհրդարանի պատգամավոր»:
Նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ ԵԽԽՎ-ում այսպիսի ձեւակերպումներով բանաձեւի քննարկումն իսկ նախանշան է, թե Եվրոպայում առհասարակ ինչ «վստահություն» ունեն ադրբեջանական ընտրությունների հանդեպ: Բայց դա դեռ բոլորը չէ: Բանաձեւ հոդված 30-ը «լիովին կոռումպացված» է որակում Ադրբեջանի «ողջ իրավապահ համակարգը»: Իսկ հոդված 36-ն անդրադառնում է Եվրոպայում ադրբեջանական «խավիարային դիվանագիտությանը»:
Այս ընդգծումը հետաքրքրական է նրանով, որ ԵԽԽՎ բանաձեւի նախագծում հստակ ասված է, ինչպես «Թուրան»-ի աղբյուրներն են վստահեցրել, որ Ադրբեջանը «խավիարային դիվանագիտություն» է իրականացնում, «որպեսզի ԵԽ-ում եւ ԵԽԽՎ-ում ընդդիմանա (Ադրբեջանում) մարդու իրավունքների եւ քաղբանտարկյալների հետ կապված քննադատական հաշվետվություններին»:
Փաստորեն, ԵԽԽՎ բանաձեւի նախագծում արձանագրված է, որ ադրբեջանական կողմը սեփական կոռումպացվածությունը փորձում է տարածել նաեւ եվրոպական կառույցներում, որպեսզի խուսափի քննադատությունից կամ ընդունվեն իր տեսակետներին մոտ փաստաթղթեր:
Այնուհետեւ բանաձեւի նախագծում ընդգծված է, որ Ադրբեջանը չի միացել կոռուպցիոն հանցագործությունների համար պատասխանատվության միջազգային կոնվենցիային: Իսկ դա նշանակում է, որ այդ երկրում կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական նպատակադրվածությունը բացակայում է: Ուշագրավ է, որ նախօրեին ընդդիմության նախագահի թեկնածու Ջամիլ Հասանլին եւս մեկ անգամ Ադրբեջանի «թիվ մեկ կոռուպցիոներ» է անվանել Իլհամ Ալիեւին, որը «երկիրը կառավարում է ինչպես սեփական բիզնես-հոլդինգ»:
Ստացվում է, որ ԵԽԽՎ-ի եւ Ադրբեջանի նախագահի ընդդիմադիր թեկնածուի գնահատականները նույնական են: Սպասենք, թե նույն Եվրոպայի խորհուրդն ինչ գնահատական կտա Ադրբեջանի նախագահական «ընտրություններին», ինչպիսին կլինի նույն հարցում Սպիտակ տան վերաբերմունքը: Առայժմ Ադրբեջանի նախընտրական իրավիճակին «դրական գնահատական» տվել են այդ երկրի ԿԸՀ-ն եւ… ԱՊՀ դիտորդական առաքելությունը: