RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#132, 2013-08-01 > #133, 2013-08-02 > #134, 2013-08-03 > #135, 2013-08-20 > #136, 2013-08-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #134, 03-08-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-08-02 23:34:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 2176, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 39

ԳԻՏԱԿՑԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Արտագաղթ կամ օտարացում, մի՞թե նույնը չեն...

Մի 20 տարի առաջ պարադոքսալ էր թվում, նույնիսկ անհեթեթՙ երկրիցդ գնալու, մի ուրիշ տեղ բնակություն հաստատելու հարցը, մտածելու բան իսկ չէր: Որովհետեւ երբ սիրում ես մի բան, դժվար է դառնում լքել-հեռանալը: 20 տարի առաջ մեր մտածողությունը, չասենքՙ կուսական, բայց վստահաբար այնքան կնճռոտված չէր, այսքան անկյուններ չուներ, ինչպես հիմա, եւ որովհետեւ փորձը, փորձառությունն էր բացակայում, եւ դեռ համոզմունքը, հավատը կարՙ ապահով երկիր ունենալու:

«Ազգի» էջերում տպագրված արտագաղթը հայրենասիրության հետ կապող հրապարակումը վերջին օրերին արձագանք ունեցավ: Երկու հեղինակներն էլ մեր աշխատակիցներն են, մեր այս օրերը ապրող, իրականությանըՙ իրազեկ: Բայց ովՙ ինչպես:

Անհնար է պատկերացնել, որ ժամանակակից կյանքի այս գերզարգացումների, աշխարհիՙ տեղեկատվականՙ նախկինում անգամ խիստ գաղտնի համարվող բազմաթիվ երեւույթների այսչափ բաց համապատկերի եւ դրանց յուրաքանչյուրին հասանելի լինելու իրողությունների պարագայում հնարավոր է գաղափարական առումով օրինակելի համարել հայրենասիրության հին կարծրատիպըՙ այն էլՙ խորհրդային շրջանի մեթոդի, այսինքնՙ մանկապարտեզադպրոցական շրջանից սկսվող պրոպագանդայի ձեւերով:

Ժամանակիՙ ներկա գերիրողությունըՙ տեխնոլոգիապես մոնոպոլիզացված մեր դարի ֆենոմենը կյանքի է կոչում բոլորովին նոր մտածողությամբ, նոր հոգեբանությամբ սերնդի, եւ ուղղակի չես կարող հաշվի չնստել ժամանակի հետ, Չարենցի ասածի պեսՙ չես կարող ժամանակի շունչը չդառնալ: Ընդամենը 10 տարվա տարբերությամբ անսպասելի հեղաշրջումների այս պայմաններում կարծրատիպային, հին, սպառված մեթոդներին դիմելու ամեն փորձ դատապարտված է: Արդեն այդ կեղծ, սին քարոզների արդյունքն է ներկա մեր հասարակությունը, երբ դրա կրող երիտասարդներն այդ կեղծ հոգեբանությամբ ներծծված հայտնվում էին իրական կյանքի դեմ հանդիմանՙ այնքան տարբեր դպրոցներում ու համալսարաններում լսած քարոզներից եւ տապալվում: Այդ ծայր հակադրությունն էլ հենց ծնում էր ամեն այլասերություն եւ կործանում: Որովհետեւ կեղծիքի վրա շինած ամեն բան, ասված է արդեն, նման է ավազի վրա սարքած տանը: Խախուտ է, դատապարտված ի սկզբանե: Այդպիսի հայրենասիրությունը շինծու զգացում էր, որովհետեւ սնունդ չէր առել համամարդկային արժեքների ճշմարիտ արմատներից: Դա կեղծ գրականության, դպրոցական դասատուի տաղտուկ բառերի թյուր ազդեցությունն էր, իմիտացիա, որ հօդս է ցնդում էժան օծանելիքի պես շատ արագ:

Ահա ներկա մեր հասարակության բարոյազրկումը դրա հետեւանքն է, երբ նույնիսկ ընդունված պարզ մակարդակներում չեն կարողանում, չեն ուզում հարգել մարդկային փոխհարաբերությունների (աշխատանքային, ընտանեկան, հասարակական) տարրական նորմերը: Որովհետեւ այդ փոխհարաբերությունները կարգավորող մեքենան հիմնված է բոլորովին այլ արժեքային համակարգիՙ կեղծիքի, թալանի, շահագործման, խաբեության, անվստահության, նենգության հասնող ատելության վրա: Սրանք միանգամայն բավարար գործոններ ենՙ որեւէ հասարակության հիմքերը խարխլելու: Եվ արդեն հայտնի մեթոդներով ու ձեւերով (հոգեւոր, մշակութային, կրթական, տնտեսական, լրատվական եւ այլ) քայքայել են հասարակության բարոյական հիմքերը, ստեղծել անվստահության ու կասկածի համատարած ցանցը, որտեղից վաղուց արդեն նույն ձայներն են լսվումՙ աշխատավայրերում գործող այսպես ասած զանազանակերպ «լրտեսների», հացկատակների, շողոքորթների, սեթեւեթող տիկնիկ-տիկինների «ընտիր» զանգվածի գոյության մասին, որոնք օրինակելի են, գնահատված են եւ ձեւավորում են իշխող մտայնությունն ու մթնոլորտը, ուստի եւ բավարարված են երկրից ու տիրող իրականությունից. տեր են ու տիրական, այսինքն:

Ես երկրորդում եմ մեր աշխատակցուհունՙ երբ նա հայրենասիրությունը կապում է մարդու ապրած կյանքի հետ, կենսակերպիՙ այսինքն: Այո, հայրենասիրությունը հենց կենսակերպն է տվյալ անձի, որեւէ տեղ, որեւէ ժամանակ դա այդպե՛ս է: Այսինքնՙ մարդկային բարոյականությանՙ վաղուց անտի հաստատված արժեքներով ապրող անհատն է դրա կրողըՙ պարկեշտ ու խոնարհ, որ գիտակցում է ե՛ւ իր արժեքը, ե՛ւ հարգանք ունի շրջապատի հանդեպ, նաեւՙ անտարբեր չի ու կարեկից է, ուստիՙ ճշմարիտ: Այդպիսինը գիտակցում է իր դերի կարեւորությունը հասարակության ընդհանուր զարգացումներում.- այն էՙ իր աշխատանքի, տված արտադրանքի որակի անհրաժեշտությանՙ ի գին պրոֆեսիոնալիզմի, պատասխանատվության, ինչու չէ նաեւ նվիրումի: Այսինքնՙ երկրի օրինակելի քաղաքացին: Այլ բան չկա, չի կարող լինել, սուտ է, ֆիկցիա, սա է իրական հայրենասիրություն կոչվածը:

Ավա՜ղ: Այսպիսիները ոչ միայն անտեսված են, ոչ միայն տեղ չունեն, նրանք օտար են, ժողովրդական լեզվովՙ աչքի փուշ: Եվ ծնվում է ահա այդ անհուսությունը, դիմադրելու անկարողությունը, որին հետեւում են երկրից հեռանալու միտքն ու գործողությունը: (Իհարկե, ասվածը բոլորովին չի նշանակում, թե հեռացողները, արտագաղթողները հենց այս շերտն է, հակառակըՙ շատ ավելի մեծ բանակ կազմում է ամենատարբեր ճանապարհներով երկիրը լքած այն շերտը, որն անցնող տարիներին իր վատահամբավ գործունեությամբ (գողություն, մեքենայություններ, մարմնավաճառություն) վարկաբեկում է մեր ժողովրդին ու երկիրը: Եվ մտածե՞լ, թե այստեղ մնացածներս, այս 2,5 միլիոնը, թե քանիսը, բոլորս հայրենասերնե՞ր ենք... Ու դրա՞ համար մեր հայրենիքն այսպես բզկտված ու անօգնական է, եւ դեգրադացիան հասարակության (նույնիսկ մտավորականության) հասել է այս աստիճանի՞:

Սակայն փաստ է, որ ներկա գերիշխող մտայնությամբ ձեւավորված հասարակությունը իրենից վտարում է ուսյալ ու բարեկիրթ անհատինՙ որպես Օտարականի:

Ու հիմա, երբ մեր զավակները ոտքը դրսի ճամփին են դրել, արցունքը մեջդ խեղդելով, ինքդ քեզ հարց ես տալիսՙ ընդդիմանա՞լ, ինչո՞ւ: Երբ նա կրում է արժեքային այն համակարգը, որով դու տանուլ տվեցիր մի ամբողջ կյանք...

Ուրեմն ի՞նչ: Եթե հայ երիտասարդը կարողանում է արտերկրում իր մասնագիտությամբ գիտության, արվեստի, թե ինֆորմացիոն տեխնոլոգիաների, սպորտի կամ այլ բնագավառում հաջողել, առավել եւս նվաճումներ ունենալ, դրանով իսկ պատիվ բերել նաեւ իր երկրին, պետք է բավարարված զգալ ընդամենը: Որովհետեւ... որովհետեւ նման երիտասարդներըՙ վստահաբար ամենքը, առաջընթացի նման ճանապարհ իրենց երկրում չեն գտնում, չեն կարողանում գտնել: Որովհետեւ, ինչպես ժողովուրդն է ասումՙ «թիկունք չունեն»: Իսկ այդ թիկունքը ոչ թե սա կամ նա պիտի լինեն (բարձրաստիճան չինովնիկ, ինչ-որ պատգամավոր, մի մեծահարուստ, ինչը գործում է մեզանում), այլՙ գիտելիքը, պրոֆեսիոնալիզը, պատասխանատվությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #134, 03-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ