Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Թալիբները դրական են գնահատել իրենց պատվիրակությունների այցերը ՌԴ, Քաթար և Ուզբեկստան

Արմատական ​​թալիբան շարժումը դրական է գնահատում իր պատվիրակությունների այցերը Ռուսաստան, Քաթար և Ուզբեկստան։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին շաբաթ օրը հայտարարել է թալիբների ներկայացուցիչ, Աֆղանստանի նախարարների ժամանակավոր կաբինետում տեղեկատվության և մշակույթի փոխնախարար Զաբիհուլլա Մուջահիդը։

«Մոսկվայում ուշադրություն է հրավիրվել Աֆղանստանում կայունության պահպանմանը, աֆղանական ակտիվների ապասառեցմանը: Ուզբեկստանում քննարկվել են սահմանների անվտանգության, տարանցման և մաքսային ոլորտում համագործակցության հարցեր: Քաթարում արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մոթաքիի և Չինաստանի արտաքին գործերի նախարարի [Վան Ի] հանդիպման ժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկու երկրների միջև առևտրի ընդլայնման, մասնավորապես, ՉԺՀ-ին սոճու ընկույզ մատակարարելու վերաբերյալ», ասել է Մուջահիդը։