Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և ԱՄՆ-ն չեն կատարել Սիրիայի հյուսիսը քրդական զինված կազմավորումներից ազատելու իրենց պարտավորությունները:
«Վերջերս մենք ականատես եղանք Քրդստանի աշխատավորական կուսակցության և Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի կողմից հարձակումների աճին: Ահաբեկիչները մեր տարածքի ուղղությամբ կրակում են մոտ 30 կիլոմետր հեռավորությունից: Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություն կա, որ նրանք ահաբեկիչներին կհեռացնեն մեր սահմաններից առնվազն 30 կիլոմետր: Բայց նրանք չեն պահել իրենց խոսքը», – լրագրողներին ասել է Չավուշօղլուն:
Նա հավելել է, որ միևնույն ժամանակ ԱՄՆ-ն զենք է մատակարարում ահաբեկիչներին, և քրդական կազմավորումների հարձակումների վերաբերյալ ամերիկյան իշխանությունների մտահոգության մասին նրանց հայտարարություններն անկեղծ չեն:
«Ի՞նչ պետք է անենք․ ինքներս լուծենք մեր խնդիրները: Մենք հանուն մեր անվտանգության ամեն ինչ կանենք այս տարածքն ահաբեկիչներից մաքրելու համար», – թուրք նախարարի խոսքերը մեջբերում է ՌԻԱ գործակալությունը:







