Ազգային զարթոնքի, հայ ազգագրության զարգացման գործում անփոխարինելի է Երվանդ Լալայանի դերը:
Նա մեծ բարեխղճությամբ է ուսումնասիրել մեր ժողովրդի միտքը՝ նրա անգիր գրականությունը, միջնադարյան մատենագիտության եզակի նմուշները` մեր ժողովրդի հոգևոր մշակույթի վերաբերյալ հսկայածավալ նյութեր հավաքելով:
1895 թ. Երավանդ Լալայանը Շուշիում հիմնում է մեր իրականության մեջ առաջին, նմանը չունեցող ազգագրական պարբերականը` «Ազգագրական հանդեսը»: Այս գիտական ազգրագրական հանդեսը 26 հատորով լույս տեսավ շուրջ քսան տարի. «Րոպեական ազդեցության տակ չենք վճռել մի այդպիսի հանդեսի հրատարակության ձեռնամուխ լինել, ոչ էլ պատահմամբ ենք ընտրել այս. մեզ ճանաչողները գիտեն, թե որքան ժամանակից ի վեր փայփայել ենք այս միտքը և որքա՜ն արգելքների ենք հաղթել փոքր ի շատե նախապատրաստվելու այս գործի համար…Մեր կոչումն այժմ միայն նյութեր հավաքելն է, որովհետև դրանց պակասության պատճառով գիտական ուսումնասիրություններն անհնարին են, և մեկ էլ` դրանց համար ժամանակ չի պակասիլ: Մենք կը կրենք քարերը և երանի նրան, ով կըգա այդ քարերով ազգային ինքնուրույնության շենքը կառուցանելու և համամարդկային էվոլյուսիոնի օրենքները գծելու»[1]-գրում է Երվանդ Լալայանը:
Հանդեսը հրատարակելու ժամանակ նա նյութական մեծ դժվարությունների է հանդիպում, բայց համառորեն հաղթահարելով դրանք՝ մեծ ջանասիրությամբ շարունակում է իր սկսած կարևոր գործը։
«Ազգագրական հանդեսի» հրատարակման գործը ավելի հաջող վարելու նպատակով կազմվում է խմբագրական հանձնաժողով, որի կազմում էին ազգագրական և առհասարակ բանասիրական կարողություններ ունեցող գործիչներ, պարբերականի շուրջ համախմբվում են ականավոր մտավորականներ Մանուկ Աբեղյանը, Թ. Թորամանյանը, Հ. Աճառյանը, Լեոն, Բենսեն (Սահակ Մովսիսյանը):
Հասարակական, գիտական գործունեության շրջանակը ընդլայնելու, ինչպես նաև,ընդհանրապես, տպագրության, հանդեսի տարածման գործը դյուրացնելու նպատակով 1900 թ. հիմնվում է Հայոց ազգրագրական հրատարակչական ընկերությունը, որին իրենց ակտիվ աջակցությունն են ցույց տալիս Հովհաննես Թումանյանն ու Պերճ Պռոշյանը:
Թումանյանը կոչ էր անում հասարակ ժողովրդին գրի առնել հայոց ազգագրությանը վերաբերող թեկուզ փոքրիկ պատառիկներ, իսկ հայ մեծահարուստներին ՝ օգնել գործը կազմակերպելու և հանդեսը տարածելու գործում.«…և մեր աշխարհքը, որը մի լիքը թանգարան է ամեն տեսակ կենցաղագիտական, պատմական, կրոնական, բանահյուսական և այլ մեծարժեք նյութերի, տակավին մնում է խավարի մեջ, իրենց փառքերը ավերակների ու հողի տակ, իրենց պարծանքները մոռացության և անհայտության մեջ: Իրար հետևից, անընդհատ կորչում կամ փչանում են այդ ամենը նոր կյանքի հոսանքների տակ ու նորանոր աղետների մեջ: Սրա համար էլ մեր աչքում մի առանձին նշանակություն է առնում Թիֆլիսի Հայոց ազգագրական ընկերությունը իր թանգարանով ու հանդեսով, որն հիմնել է պ. Եր. Լալայանը և իր անդուլ աշխատանքով ճգնում է ծավալել ու ճոխացնել»:[2]
Երավանդ Լալայանը բարձր է գնահատել Պերճ Պռոշյանին, որովհետև ինքը Պռոշյանը իր վեպերով անսպառ աղբյուր էր հայ կյանքի, կենցաղի, նրա գործերը Աշտարակի բուն կյանքի հարազատ պատկերներն են. «Հետևելով իւր անզուգական ուսուցիչ Խաչատուր Աբովեանին, նա իւր բազմաթիւ վեպէրի մէջ աշխատել է լուսանկարել հայ գեղջկական տունը իւր բոլոր առանձնահատկութեամբ և ամենայն մանրամասնութեամբ»:
1899 թ. մայիսի 16-ին Թիֆլիսում տոնվում է Պերճ Պռոշյանի գրական գործունեության քառասուն տարին :
Երվանդ Լալայանը գրողին շնորհավորում և մեծարանքի է արժանացնում գրախոսականով, որը ընթերցողին ենք ներկայացնում ամբողջությամբ.
«Անցեալ մայիս ամսի 16-ին Թիֆլիսում տօնուեց պ. Պ. Պռօշեանի գրականական գործունեութեան քառասնամեակը:
Հայ հասարակութիւնը սրանով ցոյց տուեց, որ գիտէ գնահատել իւր գրական արդիւնաւէտ մշակին, և ապահովացնել նրան ծերութեան հասակում:
Պ.Պռօշեան բազմաթիւ ուղղերձներից, շնորհաւորական նամակներից և հեռագիրներից զատ ստացավ նաև մօտ 9000 րուբլի նուէր:
Պ.Պռօշեան իւր քառասնամեայ գրական գործունէութէան ընթացքում զգալի օգուտ է տուել առաւելապէս հայ ազգագրութէան:
Հետևելով իւր անզուգական ուսուցիչ Խաչատուր Աբովեանին, նա իւր բազմաթիւ վեպէրի մէջ աշխատել է լուսանկարել հայ գեղջկական տունը իւր բոլոր առանձնահատկութեամբ և ամենայն մանրամասնութեամբ և ամենայն մանրամասնութեամբ:
Նրա «Սօս և Վարդիթերը», «Կռուածաղիկը»,և միւս վէպերը մի ամբողջական, կատարեալ պատկեր են տալիս Աշտարակ գիւղի: Այստեղ րէալական ճշտութեամբ դուրս են բերուած հայ գիւղացիների գրէթէ բոլոր տիպերը-գիւղացին, տէր-տէրը,վաշխառուն, երիտասարդը, գեղջկուհին և այլն, այստեղ կայ հարսանիքի,ընտանեական կեանքի,թաղման նշանաւոր տօների, պարապմունքի, նիստ ու կացի և այլն նկարագրութիւնը. մոռացուած չէ նաև բազմաթիւ նախապաշարմունքները, աւանդութիւները, ժողովրդական երգերը և այլն: Մի խօսքով՝ այստեղ նկարագրուած է կեանքը իւր բոլոր մանրամասնութիւններով, իւր լավ ու վատ կողմերով:
Այսպիսով ՝ վէպը պ. Պռօշեանի համար իբր միջոց է ծառայել հայ ազգագրութեան վերաբերեալ նիւթեր տալու, ուստի տեղ-տեղ նա մեղանչել է վիպական գեղարուեստի դէմ, առաջ բերելով գիւղացիների երկար ու ձանձրացուցիչ խօսակցութիւններ, զանազան, անմիջական կապ չունեցող ծէսերի և նախապաշարմունքների նկարագրութիւններ և այլն:
Միւս կողմից հայ ազգագրութիւնն էլ մասամբ վնասուէլ է, որովհետև նիւթերը ոչ թե մի որոշ սիստեմով դասակարգուած և պարզաբանուած են, այլ հարամարացնելով վէպի պահանջներին, ցրուել և տեղ տեղ բանաստեղծական գոյն են ստացել, որով և կորցրել են իրենց բուն, գիտական նշանակութիւնը:
Արդ ՝ առանց նուազեցնելու պ. Պռօշեանի այս բեղմնաւոր գործունէութեան մասնաւորապէս հայ ազգագրութեան համար ունեցած մէծ արժէքը՝ անհրաժեշտ ենք համարում նրա բոլոր վէպերի միջից հանել ազգագրութեան վերաբերեալ բոլոր նիւթերը և նրանց որոշ սիստեմով դասակարգելով հրատարակել: Այն ժամանակ հայ ազգագրութիւնը կը հարստանայ և մի աշախատութեամբ, որ գիտական նշանակութիւն կունենայ:
Այս գեղեցիկ գործը մենք խնդրում ենք կատարել իրեն, յարգլեի վիպասան- ազգագրագետին, որովհետև նա միայն կարող է լրացնել իւր աշախատութիւնը այն բոլոր մանրամասնութիւներով, ինչ որ վէպի պահանջները թոյլ չեն տուել մտցնելու իւր գրուածքների մէջ»[3]:
[1] «Ազգրագրական հանդես», գիրք Ա, էջ՝ 5-6:
[2] Հ. Թումանյան, Երկերի ժողովածու, հ. 4 , Երևան, 1959, էջ 146-147:
[3] Երվանդ Լալայան, Գրախօսութիւն. Պերճ Պռօշեան. Նրա քառասնամեայ յօբելեանի առիթով. Ազգագրական հանդէս, 5 (1). Էջ` 407-408: