Խաղողագործության ոլորտում հետընթացը խորանում է: Նախկինում էլ չէին ցանկանում խնդիրները լուծել, այժմ չեն ցանկանում, ըստ երեւույթին, քանի որ ձեռնտու չէ, որ ֆերմերները զբաղվեն խաղողագործությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը:
«Իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ նախկինները չէին ուզում, որ ոլորտը զարգանա, իսկ ահա մենք ուզում ենք, հեքիաթի ժանրից չէին: Մարդկանց հետ նախապես պայմանագրեր չեն կնքվում, ֆերմերները չգիտեն ոչ գները, ոչ էլ ժամկետները, երբ է անհրաժեշտ դրանք հանձնել: Ամբողջ երկրում միակ բացառությունը Երեւանի կոնյակի գործարանն է, որը պայմանագրեր է կնքում խաղողագործների հետ, այդ թվում՝ երկարաժամկետ, որտեղ բերքահավաքի սկզբի եւ ավարտի օրերին 1 կիլոգրամի գինն ամրագրված է: Սա թույլ է տալիս խուսափել հերթերից եւ նորմալ աշխատանք անել: Այլ ձեռնարկություններում այս մշակույթը բացակայում է, իբր՝ տեսնենք տարին ինչպիսին կլինի, ինչպես կարող ենք այս անգամ էլ խաբել խաղողագործներին, այս անգամ ինչպես կարող ենք գինը իջեցնել 50%-ով, ինչպես կարող ենք վճարումները հետաձգել: Կան ձեռնարկություններ, որոնք փող չեն վճարել անցած տարի մթերած խաղողի դիմաց: Եթե մի քանի տարվա ընթացքում գնման գինը ցածր է ինքնարժեքից, եւ վճարումները իրականացվում են հսկայական ուշացումներով, ապա կարելի է պատկերացնել ամբողջ պատկերը»,- ասաց նա:
Նրա խոսքով, Հայաստանում գյուղատնտեսության համար ոռոգման ավանդական խնդրից բացի, կեղծվում են խաղողի արտադրության, շրջանառության եւ բոլոր այլ վիճակագրությունները: «Մեր երկրում չի աճեցվում այնքան խաղող, որքան տարեվերջին ներկայացվում է ձեռնարկությունների կողմից գնված ապրանքի տեսքով: Իսկ դա արվում է տնտեսական աճը «ապահովելու», ինչպես նաեւ անհայտ ծագման ալկոհոլային խմիչքների արտադրության եւ հսկայական «ստվերային» շրջանառության նպատակով: Անցյալ տարի իշխանությունները հայտարարեցին, որ արտադրվել է 235 000 տոննա խաղող, մինչդեռ մեր տվյալներով այդ ցուցանիշը կազմում էր մոտ 160 000 տոննա: Եւ այսպես ամեն տարի, այդ պատճառով էլ ոլորտը Հայաստանում չի զարգանում: Պոպուլիզմի, ստի ու կեղծիքի պայմաններում ոչ մի ոլորտ չի կարող զարգանալ:
Հայաստանում գյուղատնտեսությունն անտեսված է, մինչդեռ այստեղ անհրաժեշտ է ապահովել քաղաքականության շարունակականությունը՝ անկախ երկրում իշխանության փոխփոխությունից, անհրաժեշտ է իրականացնել պարզունակ բարեփոխումներ, որոնք կօգնեն լուծել առկա խնդիրները ,- հավելել է Սարգսյանը: